Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ լսողության խնդիրները կապված են մեծ տարիքում դեմենցիայի զարգացման հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Alzheimer's & Dementia: The Journal of the Alzheimer's Association ամսագրում: Գրում է Gazeta.ru-ն։
Հետազոտողները վերլուծել են Մեծ Բրիտանիայի բնակիչների առողջության վերաբերյալ անանուն տվյալների բրիտանական պահոց UK BioBank-ի տվյալները: Հետազոտողները օգտագործել են 60-ն անց դեմենցիայի հետ կապված խնդիրներ չունեցող 82000 անձանց տվյալներ, ովքեր հետազոտության սկզբում ենթարկվել են լսողության գնահատման՝ սպիտակ աղմուկի ֆոնին ասված թվերը ճանաչելու համար:
Մոտ 11 տարի անց 1285 մասնակիցների մոտ դեմենցիա է սկսվել: Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր չեն կարողանում լսել զրուցակցին աղմկոտ միջավայրում, երկու անգամ ավելի մեծ է թուլամտության զարգացման վտանգը։ Գիտնականների կարծիքով՝ լսողության խնդիրները ոչ միայն դեմենցիայի ախտանիշ են, այլ ռիսկի գործոն։
Գիտնականների կարծիքով՝ լսողության խնդիրներ ունեցող մարդիկ պետք է մտածեն դեմենցիայի կանխարգելման մասին։ Բացի այդ, փորձագետների բացահայտումը կօգնի բժիշկներին ավելի վաղ փուլում ախտորոշել հիվանդությունը։