Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է, որ կորոնավիրուսի արհեստական ծագման վարկածը քիչ հավանական է։ Գրում է Gazeta.ru-ն։
«ԱՀԿ-ն մեծ հանձնաժողով է հավաքել <…> Վիրուսի ծագման վերաբերյալ չորս վարկած է հայտնաբերվել, բայց դրանցից ոչ մեկը չի ասում, որ ի սկզբանե ինչ-որ մեկը ինչ-որ տեղ արհեստականորեն ստեղծել է վիրուսը», - ասել է նա:
Նրա խոսքով, ոչ մի մասնագետ չի համարձակվի դիտմամբ նման վիրուս սարքել, քանի որ հասկանում է, որ այն հնարավոր չէ կառավարել։
Վույնովիչը, հղում անելով ուսումնասիրություններին, նշել է, որ վիրուսի անցում է տեղի ունեցել կենդանիներից մարդուն մի քանի հյուրընկալողների միջոցով:
Բացի այդ, հարցազրույցներից մեկում Վույնովիչն ասել է, որ COVID-19-ը դեռ չի կարելի համարել սեզոնային հիվանդություն, այն դեռ պանդեմիայի փուլում է։