Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը խոսել է առողջական խնդիրների մասին, որոնք վերջին շրջանում իրեն շատ են անհանգստացնում։ Երգչուհին իր սոցցանցերի բաժանորդների հետ կիսվել է անկեղծ գրառումով։ Գրում է Gazeta.ru-ն։
40-ամյա երգչուհին երկրպագուներին խոստովանել է, որ տառապում է նյարդի վնասվածքից, որը ցավ ու թմրություն է առաջացնում իր մարմնի աջ մասում։ Բրիթնին չի հստակեցրել՝ արդյոք այս խնդրով դիմել է բժիշկներին, սակայն ասել է, որ իրեն «բուժել է» պարի օգնությամբ։
«Երբեմն նյարդերի վնասը տեղի է ունենում, քանի որ թթվածինը չի հասնում ուղեղ: Շաբաթը երեք անգամ արթնանում էի ու ձեռքերս թմրածության պատճառով չէի զգում։ Նաև հաճախ եմ ունենում գլխացավեր և պարանոցի թմրություն։ Ծիծաղելի է, բայց երբ պարում եմ, ցավ չեմ զգում»,- բաժանորդներին խոստովանել է երգչուհին։
Զգացմունքային խոստովանության վերջում Բրիթնին հանգստացրել է հետևորդներին՝ ասելով, որ իր առողջական վիճակը վերջին շրջանում «շատ ավելի լավ» է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրիթնի Սփիրսը փոխնակ մայր է փնտրում։