f

Անկախ

Օտարերկրյա գործընկերները վաղուց հասկացել են՝ ՀՀ իշխանությունների բոլոր հայտարարությունների հիմքում սուտ է, կեղծիք և աճպարարություն․ Տիգրան Թորոսյան․ «Հրապարակ»


 

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանի հետ։

- Սոչիի հանդիպումից հետո հերթական եռակողմ հայտարարությունը հրապարակվեց։ Ինչի՞ մասին էր այն, ինչո՞վ էր տարբերվում նախորդներից, ի՞նչ գործընթացներ են հետեւելու դրան։

- Հարցին լիարժեք պատասխանելու համար հարկ է անդրադառնալ ոչ միայն այդ հայտարարությանը, այլեւ առնվազն Ռուսաստանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրություններին՝ նույն օրը տեղի ունեցած Պուտին-Ալիեւ, Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումների վերաբերյալ, ինչպես նաեւ դրանից 4 օր առաջ «Վալդայ» բանավիճային ակումբի «Աշխարհը հեգեմոնիայից հետո. արդարություն եւ անվտանգություն բոլորի համար» ֆորումում հնչած հարցերից մեկին Վ․Պուտինի պատասխանին։ Սոչիի եռակողմ հայտարարությունը որեւէ նոր էական ձեռքբերում կամ պայմանավորվածություն չի արձանագրում, պարզապես հիշեցնում է Ռուսաստանի մասնակցությունը գործընթացին, ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային դերակատարումը եւ Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու «փոխադարձ ընդունելի հանգուցալուծումներին, … Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացմանը, Հարավային Կովկասում կայունության եւ բարգավաճման ապահովմանը»։ Սակայն շատ ավելի կարեւոր են այն հետեւությունները, որոնք կարելի է անել վերոհիշյալ ավելի լայն դիտարկման հիման վրա։ Ըստ այդմ, Ադրբեջանն ունեցել է մի քանի ձեռքբերում։ Հայտարարությունում որեւէ ձեւով չի հիշատակվել Լեռնային Ղարաբաղը՝ անգամ որպես խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր։ Չկա ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ որեւէ խոսք։ Ակնհայտ է, որ երկուսն էլ Ալիեւի պահանջով է արվել, որը, ըստ Պուտինի հետ երկկողմ հանդիպման հաղորդագրության, այդ հանդիպման ժամանակ 2 անգամ արձանագրել է, որ 2 տարի առաջ խնդիրը լուծվել է, եւ անդրադարձի կարիք չկա։ Բաքվի հաջորդ ձեռքբերումը հայտարարության մեջ 4-րդ պարբերության ներառումն է, որով կողմերը պայմանավորվել են «բոլոր խնդրահարույց հարցերը լուծել բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա-Աթայի 1991թ․ հռչակագրի հիման վրա»։ Իհարկե, այս պարտավորությունը կողմերն առանց այս արձանագրման էլ ունեն՝ որպես ՄԱԿ անդամ երկրներ, եւ այդ պարբերությունը որեւէ նոր իրավական բաղադրիչ չի ավելացնում երկկողմ հարաբերություններին։ Սակայն այն կարեւոր է 2 պատճառով՝ նախ, որ ներառվել է Ալիեւի պահանջով, եւ՝ որ Հայաստանի ներկայացուցիչը չի առարկել դրան այն ակնհայտ եւ անառարկելի պնդմամբ, որ այդ սկզբունքների մասին Ադրբեջանի հետ կարող է պայմանավորվածություն լինել միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը կվերացնի այդ սկզբունքների խախտման հետեւանքները՝ Հայաստանի սահմաններից դուրս կբերի իր զինված ստորաբաժանումները, կամ գոնե տեքստում կարձանագրվի, որ Ադրբեջանը դա կանի նշված ժամկետում։ Մինչդեռ այդ պարբերության ներառմամբ եւ հայտարարության ընդունմամբ Հայաստանի ներկայացուցիչը նվաստացվել է։ Սակայն պատկերն ավելի ողբերգական է դառնում ՌԴ նախագահի եւ ՀՀ գործող վարչապետի երկկողմ հանդիպման վերաբերյալ վերոհիշյալ պաշտոնական հաղորդագրության  դիտարկման արդյունքում։ Պարզվում է՝ Փաշինյանը 5 առաջարկություն է ներկայացրել հայտարարությունում ներառելու համար։ Նախ, խնդրել է պաշտպանել իր առաջարկությունը՝ խնդրի կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկություններին հայտարարությունում անդրադառնալու մասին՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ հայկական կողմի համար դրանք լիովին ընդունելի են, ապա, որպես կարեւոր հարց, ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո գտնվող գոտուց ադրբեջանական զորքերի դուրսբերումը»։ Երրորդը՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի նոր տարածքների օկուպացիան, եւ ակնկալել ռուսական կողմի հստակ դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերը 2021թ. մայիսի 11-ի դիրքեր վերադարձնելու ձեւակերպումով, ապա առաջարկել, որ արձանագրվի, որ ՀՀ տարածքով անցնող հաղորդակցության ուղիները պետք է լինեն Հայաստանի վերահսկողության ներքո եւ օգտագործվեն Հայաստանի օրենսդրության հիման վրա։ Եվ, վերջապես, արծարծել է գերիների վերադարձման հարցը։ Առաջադրված 5 հարցերից որեւէ մեկը տեղ չի գտել եռակողմ հայտարարությունում։ Դա ցույց է տալիս ներկայիս հայկական դիվանագիտության ողջ թշվառությունն ու եւս մեկ անգամ հաստատում է, որ նման հանդիպումների ընթացքում հայկական կողմը մասնակցում է սոսկ դիտորդի կարգավիճակով։ Այլ բան չի էլ կարող լինել, երբ բանակցությունների գնալուց առաջ Հայաստանի ներկայացուցիչը հայտարարում է, որ համաձայն է Ռուսաստանի ներկայացրած բոլոր առաջարկություններին, ու դա եւս մեկ անգամ կրկնում է երկկողմ հանդիպման ժամանակ։ Եթե անգամ այդ բոլոր առաջարկությունները բխեին ՀՀ շահերից, էլի նման անվերապահ ձեւակերպում չպետք է օգտագործվեր՝ հնարավոր չէ միջազգային հարաբերություններում նշել նման այլ դեպք, որը որեւէ տեղ չի թողնում առաջարկություններ ներկայացնելու եւ դրանք առաջ մղելու համար։ Ոմանք կարող են նման արդյունքները վերագրել ՌԴ նախագահի կողմնակալ վերաբերմունքին, սակայն դա կլինի ինքնախաբեություն, քանի որ յուրաքանչյուր երկրի ղեկավար ինքն է պատասխանատու բանակցությունների ընթացքում իր ձեռքբերումների կամ դրանց բացակայության համար։ Կա մեկ այլ հանգամանք եւս։ Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ «Վալդայի» ֆորումում Ռուսաստանի նախագահն անդրադարձավ խնդրին։ Ակնհայտ է, որ հարցը պատրաստված էր, եւ Պուտինի համար անակնկալ չէր, անգամ ցանկալի էր։ Ինչո՞ւ էր դա պետք ռուսական կողմին՝ եռակողմ հանդիպումից ընդամենը 4 օր առաջ, ի՞նչ ուղերձ կար փոխանցելու։ Դա պարզելու համար անդրադառնանք ՌԴ նախագահի պատասխանին։ Նախ նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ իրենք, այդ թվում՝ եւ ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները, առաջարկել են հայկական կողմին՝ վերադարձնել 5 շրջանները, պահելով ԼՂՀ-ն ՀՀ-ին միացնող Քարվաճառի եւ Քաշաթաղի մեծ շրջանները եւ անել մյուս քայլերը (այդ թվում՝ անկախության հանրաքվեն Արցախում եւ դրա արդյունքների անվերապահ ճանաչումը բոլորի կողմից), «ինչը կլիներ արդար»։ Բայց հայկական ղեկավարությունը գնաց այլ՝ ամեն ինչ 0-ական կետից սկսելու ճանապարհով։ Ինչո՞ւ էր Պուտինը հիշեցնում այսօրվա աղետալի իրավիճակի ստեղծման բոլորին հայտնի հանգամանքները։ Նախ, Սոչի մեկնելուց մի քանի օր առաջ ԱԺ-ում Փաշինյանը կրկին ներկայացրեց հայտնի հերյուրանքները ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի ու Մադրիդյան սկզբունքների մասին։ Վստահությամբ կարելի է պնդել, որ դա սթափության կոչ էր Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ։ Դրանից հետո Ռուսաստանի նախագահն անդրադարձել է «խաղաղության պայմանագրի հարցին», նշելով, որ վաշինգտոնյան տարբերակը նախատեսում է «Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի վրա», նա ներկայացնում է Մոսկվայի դիրքորոշումը․ «Եթե հայ ժողովուրդը եւ հայկական ղեկավարությունը համարում է, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որ պետք է դրանք հաշվի առնել եւ ինչ-որ ձեւով պետք է պայմանավորվել ապագա խաղաղության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է։ Մենք կպաշտպանենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Սակայն, անկասկած, պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ»։ Ավելի պարզ դժվար է ասել, որ եթե «հայկական ղեկավարությունն» արծարծի ԼՂ խնդիրը, ապա իրենք կպաշտպանեն այդ մոտեցումը։ Ընդ որում, հատկանշական է, որ մի քանի անգամ «հայկական ղեկավարություն» բառակապակցությունն օգտագործելով՝ ՌԴ նախագահն ամեն անգամ հիշատակում է նաեւ «հայ ժողովուրդը»։ Ակնհայտ է, որ ազդեցիկ պետությունների ղեկավարների խոսքում, հատկապես՝ երբ այն նախօրոք է պատրաստված, որեւէ բառ պատահականորեն չի օգտագործվում, այն էլ՝ նման հետեւողականությամբ։ Դա նախ ընդգծում է, որ հայ ժողովրդի ու հայկական ղեկավարության մոտեցումներն առնվազն միշտ չէ, որ համընկնում են, եւ հետագա աղետներից զգուշացնում է ինչպես հայկական ղեկավարությանը, այնպես էլ հայ ժողովրդին։ Այսպիսով, եռակողմ հայտարարությունը, պաշտոնական հաղորդագրություններն ու ՌԴ նախագահի խոսքը «Վալդայի» ֆորումի ժամանակ արձանագրում են, որ ՀՀ իշխանությունների կապիտուլյացիան շարունակվում է, եւ դա կարող է հանգեցնել նոր աղետների։  

- Այսօր կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ իշխանությունները կողմնորոշվել են դեպի Ռուսաստան, եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի միջնորդությամբ է տեղի ունենալու։

- Իհարկե՝ ոչ, քանի որ նման պարզունակ միջոցներով հնարավոր չէ շահել ազդեցիկ պետությունների ղեկավարների վստահությունը։ Վաղուց հայտնի է, որ Հայաստանի իշխանությունները, չունենալով սկզբունքներ ու անհրաժեշտ գիտելիքներ, միջազգային հարաբերությունները «կառուցում» են նույն պարզունակ պատկերացումների հիման վրա, որոնք օգտագործում են ներքաղաքական կյանքում։ Ցավալի է, բայց վստահաբար կարելի է պնդել, որ օտարերկրյա գործընկերները վաղուց հասկացել են՝ բոլոր հայտարարությունների հիմքում սուտ է, կեղծիք եւ աճպարարություն։ Միաժամանակ, Հայաստանի ղեկավարությունը բացահայտորեն շարունակում է «եռատվել» Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգտոնի միջեւ՝ առանց որեւէ տեղից իրական արդյունքի։ Վերջին փաստը՝ սահմանազատման հանձնաժողովի նիստը Բրյուսելում։ Պատահական չէ, որ միջազգային ասպարեզում ոչ ոք վաղուց լուրջ չի ընդունում Հայաստանի ղեկավարությանը, ու ամեն մեկը փորձում է Հայաստանի հաշվին լուծել իր խնդիրները։ Լիակատար 0-ական կետ։  Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի միջնորդության ներքո շարունակվելուն, ապա նկատենք, որ Ռուսաստանն ինքը դեռեւս վստահություն չունի դրա նկատմամբ։ Եռակողմ հայտարարությունն արձանագրում է միայն Ռուսաստանի «ըստ ամենայնի աջակցությունը»։ Կարելի է ենթադրել, որ մյուս կողմերը կամ նրանցից որեւէ մեկն ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն չեն դրսեւորել»։

Հայաստան Տիգրան Թորոսյան մամուլի տեսություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին