ԱՄՆ լրացուցիչ զորքերը, որոնք տեղակայվել են Լեհաստանում և ՆԱՏՕ-ի այլ երկրներում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի հետ կապված, այնտեղ կմնան դեռ երկար ժամանակ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Նրանք այնտեղ դեռ երկար կմնան»,- ասել է Բայդենը։
Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նա նշել էր, որ ԱՄՆ շատ լուրջ է վերաբերվում արևելյան ճակատի անվտանգությանը, այդ պատճառով նախագահ Բայդենը լրացուցիչ 20,000 ամերիկացի զինծառայող է ուղարկել Եվրոպա։
Հավելենք, որ ՆԱՏՕ-ն Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Սլովակիայում գումարտակային մարտավարական խմբեր է ստեղծել։ Մայիսին հայտարարվել էր, որ արևելյան թևի զորքերի թիվը գրեթե 10 անգամ ավելացել է՝ 4․650-ից հասնելով 40․000-ի։