f

Անկախ

3 բուհերի միավորմամբ խնդիրը չի լուծվում, այն նույնությամբ մնում է․ Սերոբ Խաչատրյան


«Եթե մենք Բելառուսի նման երկիր լինեինք, կառավարությունը  կարող էր միանձնյա որոշում կայացնել բուհերի միավորման մասին։ Բայց եթե մենք ասում ենք, որ մենք ժողովրդավարական երկիր ենք, չենք կարող բուհերին այդպես արհամարհել  ու իրենց փոխարեն նման որոշում կայացնել»,- «Անկախի» հետ զրույցում  ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ մեկնաբանելով Բրյուսովի անվան  պետական համալսարանի (ԲՊՀ), Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի  պետական ինստիտուտի (ՀՖՍԿՊԻ) և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) միավորման շուրջ տեղի ունեցող աղմկալի գործընթացը։

Կրթության փորձագետը նշում է, որ բուհերի միավորման մասին խոսվում է արդեն տասը տարի։ Դեռ 2016-ին Կրթության և գիտության նախարարության կայքում հրապարակվել է Քեմբրիջի համալսարանի մի պրոֆեսորի կողմից անցկացված հետազոտություն, որտեղ նշվում էր, որ Հայաստանում ուսանողների թվի համեմատությամբ բուհերի թիվը մեծ է՝ խորհուրդ տալով միավորել բուհերը։ 

«Այսինքն այս գաղափարը վաղուց կար։ Ավելին, ես տեղյակ եմ, որ 2016-2017թթ․ դրսից հրավիրվել են հայտնի մասնագետներ, որոնք նախարարությանը միավորման որոշակի մոդելներ են առաջարկել։ Բայց, ցավոք,  տեղյակ չեմ, թե ինչ մոդելներ էին, քանի որ փաստաթուղթը  չի հանրայնացվել»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ տեղյակ չէ՝ միավորման ներկայիս գործընթացի հիմքում այդ մոդելներից մեկն է ընկած, թե նոր մոդելի հիման վրա է գործընթացը կազմակերպվում։

Որ տարբերակն էլ լինի, կրթության փորձագետը կարծում է, որ ԿԳՄՍ նախարարությունը նախ գործընթացի անմիջական շահակիցների՝ բուհերի հետ պետք է գաղափարն ու ծրագիրը քննարկեր և  կոնսենսուսի հասնելուց հետո միայն սկսեր իրագործել։

«ԿԳՄՍՆ-ն պետք է մատնանշեր առկա խնդիրները և հրապարակեր ճանապարհային քարտեզ, որտեղ ցույց կտար, թե ինչպես է լուծելու այդ խնդիրները, նաև ինչպես է լուծելու միավորման արդյունքում առաջացող խնդիրները։ Այդ ամենը պետք է քննարկեր բուհերի հոգաբարձուների խորհուրդների, ռեկտորների, գիտխորհուրդների հետ, համաձայնության հասնեին, հետո նոր գործընթացը  հրապարակային դաշտ բերեր»,- ասում է Խաչատրյանը։

Անդրադառնալով նախարարի հավաստիացումներին, թե միավորման արդյունքում բացի ռեկտորի երկու պաշտոններից այլ կրճատումներ չեն լինելու, Խաչատրյանն ասում է, որ կրճատումներն անխուսափելի են և առնչվելու են թե վարչական, թե դասախոսական կազմին։ 

«Բուհը չի կարող ունենալ 3 գլխավոր հաշվապահ, որակի ապահովման կենտրոնի 3 տնօրեն։ Այսօր որակի ապահովման կենտրոններն ունեն 3-4 աշխատող, չեմ կարծում, որ միավորումից հետո թույլ կտան, որ այդ կենտրոնում 10-12 աշխատող լինի։Այսինքն բոլոր վարչական օղակներում, նաև դասախոսների շրջանում կրճատումներ կլինեն։ Օրինակ՝ եթե միավորվեն Բյրուսովի և Մանկավարժականի գերմաներենի ֆակուլտետները,  անխուսափելիորեն  դասախոսների կրճատման հարց էլ է առաջ գալու։ Ինչպե՞ս է ԿԳՄՍՆ-ն այս հարցը լուծելու՝ վերաորակավորելու է մասնագետներին, թե՞ պարզապես համակարգից դուրս է թողնելու,- ասում է Խաչատրյանը։- Նույն անունով ամբիոններ կան, որոնք, բնականաբար, միավորվելու են։ Այստեղ էլ շատ մեծ ամբիցիաներ են առաջ գալու․ ո՞վ է լինելու այդ միավորված ամբիոնի վարիչը։ Այս ամենը հաշվի առնելով՝ նախարարությունը պետք է շատ լուրջ պլանավորեր այս պրոցեսը և բուհերի ղեկավարների հետ գար համաձայնության։ Մինչդեռ չկա այդ համաձայնությանը»։

Կրթության փորձագետը նաև հարց է բարձրացնում՝ արդյոք այս երեք բուհերի միավորմամբ լուծվելո՞ւ են այն խնդիրները, որոնք ճգնաժամի և միավորման գործընթացի պատճառ են դարձել։  «Մենք այսօր արդեն ունենք որոշ բուհեր, որոնք ծանրագույն վիճակում են։ Նույն մանկավարժական համալսարանի  բնագիտական բլոկի  4-5 ֆակուլտետներում կատաստրոֆիկ վիճակ է՝ բոլոր մասնագիտություններով այս տարի ընդհանուր 10-15  ուսանող է ընդունվել։  Սա նշանակում է, որ բուհն ունի ֆինանսական խնդիրներ, քանի որ  չես կարող 15 հոգու վարձավճարներով պահել մի քանի տասնյակ դասախոս, հսկայական շենք, վարչական աշխատողներ և հոգալ  կոմունալ ծախսերը։ Բացի այդ,  եթե բնագիտական կրթություն  ես մատուցում, պետք  են լրացուցիչ ծախսեր արշավների, դիդակտիկ նյութերի, լաբորատոր փորձերի համար։ Այսինքն այս  բուհը խնդիր ունի միավորման,- ասում է Խաչատրյանը։- Հիմա եկեք տեսնենք, թե այս մոդելը, որ առաջարկվում է, ինչ կտա։ Ենթադրենք Բրյուսովն ու Ֆիզկուլտինստիտուտը միացան Մանկավարժականին։ Ոչ Բրյուսովում, ոչ Ֆիզկուլտինստիտուտում բնագիտական ֆակուլտետներ չկան, Մանկավարժականի այդ բլոկում առկա կատաստրոֆիկ վիճակն ինչպե՞ս ենք լուծելու։ Այսինքն 3 բուհերի միավորման արդյունքում  ունենում եք 7-8 հազար ուսանողով բուհ, որի  4-5 ֆակուլտետում կրկին սովորող չկա։ Այսինքն խնդիրը չենք լուծում, այն նույնությամբ մնում է»։

Կրթության փորձագետի կարծիքով  ավելի ճիշտ կլիներ, որ ՀՊՄՀ բնագիտական ֆակուլտետները միացնեին ԵՊՀ-ին, որն ունի բնագիտական բլոկ և այսպիսով այդ հարցը կլուծվեր․  «Ես չեմ հավատում, որ կարելի է 1-4 հոգանոց կուրսում որակյալ կրթություն ապահովել։  Այսինքն՝ այս փուլում պետք է ֆակուլտետների միավորման գործընթաց իրականացնել։ Մինչդեռ  այսպես կոչված Կրթական գիտությունների ինստիտուտում  բնագիտական ֆակուլտետների վիճակն  ինչպե՞ս է բարելավվելու։ Ոչ մի ձևով։ Հասարակագիտական առարկաների վիճակն էլ լավ չէ։ Այս տարվա ընդունելությանը եթե նայենք, Հասարակագիտություն, Պատմություն մասնագիտություններով էլ շատ քիչ են ընդունվել։  Լավագույն դեպքում բարելավվելու են օտար լեզուների մասնագիտությունները, քանի որ Բրյուսովն  այդ ուղղությամբ մեծ թվով ուսանողներ ունի»։

Խաչատրյանը նշում է, որ միավորման հետևանքով բացառված չեն նաև կորուստները  կրթության որակի առումով։ Միակ դրականն այն է, որ կլինեն որոշակի ֆինանսական խնայողություններ, սակայն կրճատումների հաշվին։ 

Նրա կարծիքով՝ միավորվող բուհերից երկուսի աշխատակազմի վարձատրությունը կբարձրացվի՝ որպես հիմք ընդունելով երրորդի աշխատավարձերի չափը, որն ավելի բարձր է, քան մյուս երկու բուհերում։ «Դրա գինն էլ այն է, որ մի քանի տասնյակ կամ անգամ մի քանի հարյուր մասնագետ կկրճատվի»,- ասում է նա։

Հիշեցնենք՝ վերջերս պատահաբար հայտնի  դարձավ, որ ԿԳՄՍՆ-ն երեք բուհերի միավորման գաղտնի փաստաթուղթ է շրջանառում։ Միավորմաան արդյունքում ստեղծված ուսումնական հաստատությունը կկոչվի Կրթական գիտությունների ինստիտուտ։

Միավորման գաղափարին դեմ են ԲՊՀ և ՀՖՍԿՊԻ ղեկավարությունը և ուսանողները։ Միավորման նախագծին կողմ է ՀՊՄՀ-ն։ Ըստ ԿԳՄՍ նախարարի հայտարարության՝ երեք բուհերի միավորման հիմքում այն է, որ երեքն էլ մանկավարժներ են պատրաստում։ Մինդեռ ԲՊՀ և ՀՖՍԿՊԻ ներկայացուցիչները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ իրենք բազմապրոֆիլային բուհեր են և մանկավարժներ իրենց բազմաթիվ ֆակուլտետներից միայն մեկն է պատրաստում։ 


 

Սերոբ Խաչատրյան Բրյուսովի անվան համալսարան Մանկավարժական համալսարան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ԿԳՄՍ նախարարություն խմբագրի ընտրանի բուհերի միավորում

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին