Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով Իրանում զորավարժություններ են մեկնարկել, որ արժանի են առանձնահատուկ ուշադրության:
Զորավարժությունների պլանով նախատեսված են գետանցման պարապմունքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես ծածկագրված ուղերձ-զգուշացում ադրբեջանական իշխանություններին: Խնդիրն այն է, սակայն, որ իրանական զինվորական հրամանատարությունը այսօր արդեն հանդես է եկել այդպիսի հրապարակային հայտարարությամբ՝ առանց դիվանագիտական ձևականությունների և այլևայլությունների: Իրանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալի մակարդակով արձանագրել է, որ «սիոնիստական ռեժիմի ներկայությունը տարածաշրջանում իրենից լուրջ սպառնալիք է ներկայացնում: Սիոնիստների սերտ համագործակցությունը տարածաշրջանային պետությունների զինված ուժերի հետ սպառնալիք է, որին չի կարելի վերաբերվել թեթևամտորեն:
... Մեր զորավարժություններն այս տարի տարբերվում են նախորդներից: Որոշ իրադարձություններ Արաքսից այն կողմ, սպառնալիք են: Տարածաշրջանի սահմանները չպետք է փոխվեն»: Տարածաշրջանի միակ պետությունը, որ զարգացնում է ռազմական համագործակցություն Իսրայելի հետ, Ադրբեջանն է, և այդ հայտնի է: Սահմանների փոփոխության ձգտում է Ադրբեջանը՝ փաթեթավորելով իր նկրտումները Զանգեզուրի միջանցքի մասին բանակցային պահանջով, այդ ևս հայտնի է: