f

Անկախ

«Մեր խնդիրն է, որ կարողանանք ուժ հավաքել ու ոչ ասել այն ամենին, ինչ հիմա մեզ հետ կատարվում է»․ Կարինե Մովսեսյան


«Երբևէ չեմ զղջացել Արցախ տեղափոխվելու որոշմանս համար։ Եթե կյանքս նորից ապրելու հնարավորություն ունենայի, նորից նույն որոշումը կկայացնեի և Բերձորում կհաստատվեի։ Բայց այս անգամ այնպես կանեի, որ Երևան վերադառնալու տեղ ունենայի,- ասում է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի բնակիչ, 54-ամյա Կարինե Մովսեսյանը։-Էլի կգնայի Արցախ, որովհետև ես այնտեղ ապրել եմ հրաշալի տարիներ,  ձեռք եմ բերել հրաշալի ընկերներ, այնտեղ ես կյանք եմ սովորել, հայրենիք գնահատել եմ սովորել, ունեցել եմ հրաշալի աշակերտեր»։

Ասում է՝ ափսոսում է միայն այն վերաբերմունքի համար, որ քաշաթաղցիներն արժանանում են թե ՀՀ, թե Արցախի իշխանությունների կողմից։ «Հիմա մենք անտուն, անգործ և անապագա վիճակում ենք։ Ու ոչ ոք չի գնահատում այն ամենը, ինչ մենք արել ենք։ Այդ վերաբերմունքից եմ ինձ վատ զգում,- ասում է նա։- Շատերն ասում են՝  չգնայիք, չգիտեի՞ք, որ պետք է հետ տային այդ հողերը։  Չէ, չգիտեինք։ Չգիտեինք, որ մեր աշակերտները, ջահել, նոր դպրոցն ավարտած երեխեքը պետք է զոհվեին, որ հետո ամբողջը տանք ու դուրս գանք այնտեղից»։

Մովսեսյանի կարծիքով՝ Արցախի կորսված տարածքների ու տեղահանվածների հանդեպ նման վերաբերմունքի պատճառը տգիտությունը և հայրենիքը չճանաչելն է։ «Մենք մեր երկիրը չենք ճանաչում։ Օրինակ՝ Քաշաթաղի շրջանից ինֆորմացիա չունեին թե Արցախի բնակիչները, թե Հայաստանի։ Ոչ մեկ ոչ գալիս էր, ոչ գնում էր, ոնց որ մենք երրորդ հանրապետություն լինեինք։ Այն հետաքրքրությունը, որ մարդկանց մեջ պետք է առաջանար մեր ազատագրված տարածքների նկատմամբ, չկար։ Լաչինը բոլորի մոտ ասոցացվում էր միջանցքի հետ, որով գնում ես դեպի Ստեփանակերտ։ Վերջ»,- ասում է նա՝ հավելելով, որ Քաշաթաղը երբևէ բավարար պետական հոգածության չի արժանացել, շրջանի զարգացումը եղել է դժվար ու դանդաղ։

«30 տարվա ընթացքում այդպես էլ չհասանք նրանք, որ Բերձորում ունենանք առանձին արվեստի դպրոց, դահլիճ մարզադպրոցում․  Բերձորում թիվ 1 դպրոցի դահլիճում և միջանցքում էին պարապում մեր սաները։  Բայց անգամ այդ պայմաններում մեր սաները մրցույթների էին մասնակցում և  լավ ցուցանիշներ էին արձանագրում։,- ասում է նա։-Գուցե պատճառն այն էր, որ անընդհատ խոսվում էր տարածքներ հանձնելու մասին։ Դրան միայն Քաշաթաղի բնակիչներս չէինք հավատում։ Մարդիկ կպել էին այդ հողին, էլ չէին կարող թողնել այն, շատերն անգամ  ՀՀ-ում իրենց ունեցվածքը վաճառում էին ու ներդրում այնտեղ»։

 «Մեզ պահում էր այն միտքը, որ բոլորս շատ կարևոր գործ ենք անում, որի պտուղները հետո են երևալու»

Կարինե Մովսեսյանը հոր հետ Երևանից Բերձոր է տեղափոխվել 1997-ին՝ իրենց հարևանի և ընտանիքի ընկերոջ խորհրդով։ «Փետրվարի 11-ն էր, որ գնացինք։ 11 ժամ ճանապարհ ենք անցել։ Գիշեր էր, որ հասանք։ Շրջադարձի վրա մի վարդագույն շենք կար։ Հորս այնտեղ մի սենյակ ցույց տվեցին, որտեղ մենք պետք է ապրեինք։ Հայրս վախեցած իջավ, նստեց ավտոբուս ու ասաց, որ առավոտյան Երևան ենք վերադառնալու»,- հիշում է Մովսեսյանը։ 

Հիշում է՝ հաջորդ օրն առավոտյան հայրը հանդիպել է վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի հետ, որից հետո մտափոխվել է, ու մնացել են Բերձորում։ «Չգիտեմ, թե ինչ խոսեցին, բայց նա հորս համոզեց, որ մնանք։ Այդ գիշեր մենք մնացել էինք Ռոբերտ Մատինյանի տանը։ Հրաշալի մարդիկ էին։ Դա էլ մեծ դեր խաղաց մեր մնալու հարցում։ Մենք մոտ 1,5 ամիս նրանց տանն ենք ապրել, մինչև մեզ բնակարան  հատկացրեցին»,- ասում է Մովսեսյանը։

Խոսելով Բերձորում հաստատվելու դժվարությունների մասին՝ նա պատմում  է, որ անմիջապես աշխատանքի է անցել կրթության բաժնում, ապա ռուսերեն է դասավանդել Բերձորի թիվ 1 դպրոցում։ Որոշ ժամանակ համատեղել է աշխատանքը դպրոցում և կրթության բաժնում։ Իսկ վերջին տարիներին արդեն եղել է Մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը։

«Դրականն այն էր, որ մասնագետներին պահում էին, չէին թողնում, որ  շրջանից հեռանան։Իսկ վատն այն էր, որ հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ դժվար էր։

Փոստում ժամերով հերթ էինք կանգնում, որ զանգի պատվեր կատարեինք։ Այդ ամենն այնքան երկար էր տևում, որ երբեմն հոգնում ու գնում էիր տուն, էլ չէիր սպասում։ Այդ պատճառով մեր շատ բարեկամների հետ կապը կտրվեց»,- հիշում է նա։

Հարցին, թե ինչն է իրեն Բերձորում պահել, Մովսեսյանը պատասխանում է․ «Մարդկային հարաբերություններն այնտեղ այլ էին։ Մեկի ցավն ու խնդիրը բոլորինն էին։ Մեկն իր ուրախությունը բոլորի հետ կիսում էր։ Այն ժամանակ Բերձորում խանութներ քիչ կային։ Ամիսը մեկ անգամ բնակիչներից մեկը դժվարությամբ Գորիս էր հասնում՝ մթերք գնելու համար։ Անգամ կարտոֆիլը դեֆիցիտ էր։ Միայն վերմիշել ունեինք, որ կատակով կոչում էինք բերձորյան խաշլամա։ Եվ այդ մի աման փլավով կարող էինք բոլորով ուրախանալ կամ տխրել»,- պատմում է Մովսեսյանը։ 

Ասում է՝ գիտակցում էին, որ պատերազմից հետո դժվարությունները բնականոն են, որ պետք է կարողանան դիմանալ և հաղթահարել այդ դժվարությունները՝ պատերազմում կերտած հաղթանակն ամրապնդելու համար։ «Մեզ պահում էր այն միտքը, որ բոլորս շատ կարևոր գործ ենք անում, որի պտուղները հետո են երևալու»,- ասում է նա՝ հավելելով, որ այն ժամանակ երիտասարդ էին և դրա շնորհիվ դժվարություններին  թեթև էին նայում։

«Սկզբնական տարիներին Քաշաթաղ շատ մարդիկ էին գալիս, բայց քչերն էին կարողանում դիմանալ այդ պայմաններին։ Կրթության բաժնում աշխատելիս տեսչական այցերով ողջ շրջանն անցել եմ ու  անգիր գիտեմ։  Գյուղերում  իրավիճակն էլ ավելի անտանելի էր։ Մինչև 2020-ը կային գյուղեր, որտեղ  անգամ էլեկտրականություն չկար, ճանապարհների մասին չեմ էլ խոսում,- ասում է նա։- Երբ երիտասարդ էինք, հասկանում էինք, որ այդ հողի համար թափված արյունը  պետք է իզուր չկորի, պետք է ապրենք ու բնակեցնենք այդ հողերը, բայց հետո արդեն, երբ ժամանակ էր անցնում ու տեսնում էիր, որ ակնկալիքներդ շատ ավելի դանդաղ են իրագործվում, քան պետք է  իրագործվեին, այդ հանգամանքը սկսում էր նյարդայնացնել»։

Այդուհանդերձ, Քաշաթաղը որոշակի զարգացում էր ապրել։ Վրա էր հասել այն պահը, երբ մարդիկ պետք է վայելեին իրենց տասնամյակների աշխատանքի արդյունքը, բայց չհասցրեցին։ «Սկզբում համատարած աղքատություն էր։ Եթե սկզբնական տարիներին ողջ շրջանում 4-5 մեքենա կար, ապա վերջին տարիներին կարող էիր փողոցում այնպիսի մեքենա տեսնել, որ անգամ Երևանի փողոցներում չես տեսնի։Մարդիկ իրենց քրտինքով արդեն կարողանում էին  գումար  աշխատել ու ապրել։ Եկել էր տարիների ներդրումների պտուղները վայելելու պահը։ Բայց չհասցրեցինք։ Հիմա այդ նույն մարդիկ վերադարձել են Հայաստան՝ դատարկաձեռն ու առանց հնարավորությունների, և սպասում են, թե իշխանությունները երբ իրենց համար մի բան կանեն։ Ի դեպ, եթե քաշաթաղցիներն այստեղ ապրելու տեղ ունենան, տուն ունենան, իրենք ստեղծող են, երբեք չեն նայի, թե պետությունն ինչ կտա կամ չի տա»,- ասում է նա։ 

 «Մեզ ազգային գաղափար չունենալն է խանգարում»

Հիշում է՝ երբեմն իր ազգականները, ծանոթները հարցնում էին՝ վտանգավոր չէ արդյոք Քաշաթաղում ապրելը։ Իսկ ինքը պատասխանում էր, որ Քաշաթաղն ամենաապահով վայրն է․ «Քաշաթաղի շրջանը միշտ այնքան հեռու է եղել ռազմական գործողություններից, մեր մտքով անգամ չի անցել, որ մի օր կարող է  Բերձորը կամ հարակից գյուղերը ռմբակոծվեն։ Իսկ այս պատերազմի ժամանակ հենց առաջին օրվանից Բերձորը, Սուսը, Աղավնոն ռմբակոծվել են։ Այս պատերազմը ցույց տվեց, որ ապահով տեղ չկա»։ 

Ասում է՝ բոլորն էլ գիտեին, որ մի օր պատերազմ է լինելու։ Բայց չէին պատկերացնում, որ նման մասշատբներ կկրի այն։ Իսկ պարտությունը և հայրենիքի կորուստը մինչև վերջին պահն անսպասելի է եղել։ 

«Վերջին մեկ տարին ամուսնուս հետ ապրում էինք Սուսում, մեր բնակարանը վերանորոգման մեջ էր։ Սեփական տուն էինք վերցրել, այգեգործությամբ էինք զբաղվում, առաջին անգամ հող էինք մշակում։ Ամսի 27-ին ամուսինս պոպոք էր հավաքում, ես քնած էի, ԱՄՆ-ից եղբայս զանգեց ու  ասաց, որ պատերազմ է սկսվել։ Դուրս եկա, որ ամուսնուս տեղեկացնեմ, այդ պահին անօդաչուն հարվածեց Աղավնո գյուղին,- հիշում է նա։-Երբ Բերձորին հարվածեցին, հասկացանք, որ սովորական պատերազմ չէ, բայց որ պարտվելու ենք, որ ամեն ինչ կորցնելու ենք, երբևէ չենք մտածել, վստահ էինք, որ հետ ենք գնալու»։

«Հորեղբորս աղջիկն ԱՄՆ-ից տաք հագուստ էր ուղարկել զինվորների համար։ Հոկտեմբերի կեսն էր, եկա Երևան ծանրոցները ստանալու,  որ սահման ուղարկեմ։ Դեռ Երևանում էի, երբ  լուր ստացա, որ ամուսինս դիրքեր օգնություն տանելիս սմերչի հարվածից վիրավորվել է։ Երկու օր անց եղբորս տղան վիրավորվեց, նրանց բերեցին Երևան։ Մնացինք մինչև իրենք կլավանային։ Նոյեմբերի 9-ին արդեն պայմանագիրը կնեքեցին»,- պատմում է Մովսեսյանը։

Ասում է՝ մինչև կարողացել են Բերձոր վերադառնալ, արդեն թե տունը, թե դպրոցը թալանված ու քարուքանդ վիճակում էին։ «Տնից գրեթե ոչինչ չենք կարողացել վերցնել»,- ասում է  նա՝ հավելելով, որ սկզբնական շրջանում հույս ուներ, թե ժամանակավոր են լքում Բերձորը, և մի օր նորից այն հայկական կլինի։ Բայց պատերազմից երկու տարի անց Մովսեսյանն այլևս հույս չունի, որ Քաշաթաղը երբևէ կրկին հայկական կլինի։ Ասում է՝ միգուցե ինչ-որ կերպ կարողանանք Շուշին ու Հադրութը վերադարձնել, բայց մնացած տարածքների առումով նման հույս չունի։

«Մենք 100 տարի  խոսել ենք Արևմտյան Հայաստանն ազատագրելու մասին ու ոչինչ չենք արել։ Հիմա ավելի քիչ եմ համարում հավանականությունը, որ կկարողանանք վերադարձնել մեր հողերը։ Երբ Քաշաթաղն ազատագրել էինք, այն ժամանակ պետք է դողայինք այդ հողերը պահելու համար։ Եթե 30 տարի ոչ մի բան չարեցինք, որ պահենք, հիմա ի՞նչ պետք է անենք։ Ամենատխուրն այն է,  որ հաղթանակած երկիրն իրեն այդքան ապաշնորհը պահեց այդ  30 տարվա ընթացքում»,- ասում է նա։ Մովսեսյանը վստահ է՝ մեր կորուստների շղթան կշարունակվի, քանի դեռ չենք ուժեղացել և չենք համախմբվել ազգային գաղափարի շուրջ։ 

«Հրեաները  մեզանից լավը չեն, բայց մարդիկ ունեցել են ազգային գաղափար, դրա համար էլ կարողացել են պետություն կառուցել, որն աշխարհի հզորներից է։ Մեզ ազգային գաղափար չունենալն է խանգարում»,- ասում է նա։

Մովսեսյանը չի հավատում նաև ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությանը։

«Եթե  տարածքներ պետք է հանձնենք, թող միանգամից ողջ Հայաստանը նվիրեն, պրծնեն։ Եթե այսօր մի բաժակ ջուր ուզեցին  ու հանգիստ տվեցիր, դրանով չեն բավարարվի, վաղը երկրորդ բաժակն էլ են ուզելու»,- ասում է Մովսեսյանը՝ ուշադրություն հրավիրելով իրողության վրա, որ Քաշաթաղը և Քարվաճառը հանձնելով Հայաստանը զրկվել է իր անվտանգության գոտուց։

«Հայաստանի բնակիչները վերջին 30 տարիներին թուրք չէին տեսել իրենց սահմանին կանգնած, հիմա տեսնում են։ Նման բան չլինելու համար չպետք է 30 տարի միայն գրպանի մասին մտածեին,- ասում է նա։-Երկու կարծիք չի կարող լինել, միանշանակ է, որ տարածք զիջելով չենք կարող հանգիստ ապրել, մեր ազգը պետք է պատրաստ լինի մեծ պատերազմի։ Մենք պետք է  պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելու։ Եթե անգամ մի միլիմետր զիջելու ենք, ավելի լավ է միանգամից նվիրեն Հայաստանն ու պրծնեն»։

Խոսելով ապագայի ակնկալիքներից՝ Մովսեսյանն ասում է, որ ներկա պահին ապագան շատ մշուշոտ է, և նրա հետ կապված որևէ հույս կամ ակնկալիք չունի։ Բայց, այդուհանդերձ, հույս ունի, որ հայությունը կկարողանա փրկել իր մի բուռ հայրենիքն ու պետականությունը․ 

«Ճիշտ է, մեզանից  էլ հին ազգեր են վերացել, կամ չունեն պետականություն։Բայց թևաթափ լինել չի կարելի։ Ամեն պատերազմից հետո, անգամ հաղթական պատերազմից հետո,  ամեն պետություն անկում է  ապրում։ Իսկ պարտված պատերազմից հետո առավել ևս։ Մեր խնդիրն է, որ կարողանանք ուժ հավաքել ու ոչ ասել այն ամենին, ինչ հիմա մեզ հետ կատարվում է։ Բոլորս պետք է պատրաստ լինենք զենք վերցնելու ու մեզ  պաշտպանելու։ Իսկ կառավարության առաջնային խնդիրը պետք է լինի երկիրը, բանակը զինելը, ինչ ճանապարհով ուզում է լինի»։

 

կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Արցախ Քաշաթաղ Բերձոր 44-օրյա պատերազմ

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին