f

Անկախ

Նա, ով հանձնի Արցախը, կկորցնի ողջ Կովկասը. ИА Реалист


Բաքուն դժվար թե ցանկանա իր տարածքում ռուսական զորքերի գոյությունը, այլապես դեռ 1990-2000- ական թթ. Ադրբեջանի ղեկավարները (Աբուլֆազ Էլչիբեյից մինչև Հեյդար և Իլհամ Ալիևներ) դուրս չէին մղի ռուս զինվորներին հանրապետությունից, հիշեցնում է պրոֆեսոր Ալեքսանդր Սվարանցը:

<…> Արդարացի կլինի նշել, որ իրավիճակը հետխորհրդային տարածության այս կամ այն տարածաշրջանում, անկախ տեղական առանձնահատկություններից (աշխարհագրություն, տնտեսություն, աշխարհաքաղաքականություն ևն) այսօր սերտորեն կապված է ռուս-ուկրաինական հարաբերությունների վիճակից: Եվ Ղարաբաղը բացառություն չէ:

Մոսկվան չկարողացավ (կամ աննպատակահարմար համարեց) մեկուսացնել երկրորդ ղարաբաղյան պատերազմը և պահպանել ՌԴ-ի մասնակցությամբ 1994 թ. հաստատված ստատուս քվոն Արցախում: 2000 թ. իշխանության գալով՝ Վլադիմիր Պուտինը սկսեց աստիճանաբար, բայց հետևողականորեն փոխել անդրկովկասյան ռազմավարությունը՝ Հայաստանի հետ դաշինքից թեքվելով դեպի հավասարակշռությունը՝  հօգուտ Ադրբեջանի: Տվյալ փոփոխությունները տեղի էին ունենում այն պայմաններում, երբ Բաքուն արդեն 1999 թ. փաստացի իրականացրել էր արևմտամետ և թուրքամետ ռազմավարությունը՝ Կասպյան (նավթի և գազի) ադրբեջանական հատվածի էներգետիկ ռեսուրսները, Ռուսաստանին շրջանցելով, Վրաստանով Թուրքիա և ապա Եվրոպա փոխադրելով: Ռուսաստանը սկսեց զինել Ադրբեջանին ավելի քան 5 մլրդ դոլարով ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ, ընդլայնել Բաքվի հետ տնտեսական և հումանիտար կապերը, իսկ ռուսական ԶԼՄ-ները և քաղաքական վերնախավի զգալի մասը սկսեցին բացահայտ աջակցել Ի. Ալիևի վարչակարգին: Նման քաղաքականության շրջանակներում դասավորվեց նաև նոր դաշինք (գործընկերություն) Թուրքիայի հետ, ինչը դրականորեն անդրադարձավ Մոսկվայի և Անկարայի առևտրա-տնտեսական ու ռազմական կապերի վրա:

Պնդումներն այն մասին, թե զենքի առևտուրն Ադրբեջանի հետ ընդամենը բիզնես է և ոչ ավելին, հազիվ թե համապատասխանեին իրականությանը, քանի որ նախ՝ զենքը լոլիկ չէ և միշտ էլ քաղաքական նպատակներ ու շահեր է հետապնդում (Թուրքիան չվաճառեց, չէ՞, «բայրաքթարները» Ուկրաինայի իրավիճակում), երկրորդ՝ այդ զենքը լիովին օգտագործվեց նույն այն 2020 թ. ղարաբաղյան պատերազմում Հայաստանի դեմ:

2020 թ. աշնանը հայկական կողմի ռազմական պարտության հետևանքով Հայաստանին հարկադրելով փաստացի կապիտուլյացիայի (թեպետ պաշտոնապես Հայաստանը պատերազմի մեջ չէր մտել Ղարաբաղում, իսկ ՌԴ-ն ՀԱՊԿ-ի հետ դրանով պատճառաբանեց Երևանին ռազմական օգնություն ցույց տալուց հրաժարվելը), Ռուսաստանը խաղաղապահների փոքրաթիվ զորակազմ մտցրեց Ղարաբաղից մնացած հատվածում և ավելի քան երկու հարյուրամյակ անց թույլ տվեց Թուրքիային վերադառնալ Անդրկովկաս: Աղդամում ստեղծվեց համատեղ ռուս-թուրքական դիտորդական կենտրոն հրադադարի ռեժիմը պահպանելու և Ղարաբաղի օդում անթռիչք գոտին հսկելու համար: Սակայն 2022 թ. օգոստոսի 3-ին Ադրբեջանը Մարդակերտի շրջանում խախտեց տվյալ ռեժիմը և «Բայրաքթար ТВ2» անօդաչու կիրառեց Ղարաբաղի հայության դեմ: Այսուհանդերձ դա Ադրբեջանի համար որևէ հետևանք չունեցավ: Ակնհայտ է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է հղում անի իր լիազորությունների և գործառույթների հստակ իրավաբանական ձևակերպումների բացակայությանը, քանզի Ադրբեջանը չի ստորագրում Ղարաբաղում խաղաղապահների օրինականացման փաստաթուղթը:

Ես չեմ նկարագրի 2020 թ. դեկտեմբերից ի վեր Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ փաստերը, քանի որ դրանք քաջ հայտնի են բոլոր շահագրգիռ կողմերին (ներառյալ ռուսական խաղաղապահ զորակազմը): Ստանիսլավ Տարասովը համարում է, որ նախագահ Ի. Ալիևի կողմից նման խիստ ճնշման դիրքորոշումը միանգամայն բացատրելի է, քանզի Բաքուն ջանում է ռազմական հաղթանակից հետո կարճաժամկետ հեռանկարում քամել առավելագույնը, հարկադրել Հայաստանին վերջնական կապիտուլյացիայի, հրաժարվել Ղարաբաղից, ստորագրել խաղաղության պայմանագիր և բացել «Զանգեզուրի միջանցքը» Նախիջևան և Թուրքիա ելք ունենալու համար: Թե ինչ է ուզում Բաքուն, կարծես առանց Տարասովի էլ պարզ է, բայց թե ինչ է ուզում դրանից ստանալ Մոսկվան, ոչ բոլորին է հասկանալի:

Այդ կապակցությամբ փորձագետ Ս. Տարասովն այժմ Ղարաբաղի կարգավիճակի կարգավորման որևէ հեռանկար չի տեսնում, թեպետ չի բացառում հեռանկարում նոր աշխարհաքաղաքական փոխակերպումների հնարավորությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում գործընթացների փոթորկոտ բնույթը:  Ընդ որում, վերջերս РусАрмИнфо-ին տված հարցազրույցում ռուս քաղաքագետը հաստատում է «զանգեզուրյան միջանցքի» ճակատագրի շուրջ ռուս-թուրքական անմիջական բանակցությունների առկայությունը:

Եթե հավատանք Տարասովին, ապա ստացվում է, որ Հայաստանը չի որոշում «զանգեզուրյան միջանցքի» ճակատագիրը, քանի որ Անկարան և Բաքուն ամեն ինչ քննարկում են Մոսկվայի հետ: Հայաստանը փաստացի 2020 թ.նոյեմբերի 9-ից հետո կորցրել է իր սուբյեկտայնությունը նաև Ղարաբաղի անվտանգության երաշխավորի մասով՝ այդ գործառույթը զիջելով Ռուսաստանին: Ուկրաինայի իրավիճակի պատճառով Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև ստեղծված հակասությունների հետևանքով ղարաբաղյան խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես դե ֆակտո դադարեցրեց իր գոյությունը, թեպետ դե յուրե տվյալ ինստիտուտը ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Համապատասխանաբար Ռուսաստանը մտադիր է Ղարաբաղի թեման հնարավորինս ձգձգել, քննարկել հարցեր՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների հաշտեցման հետ եռյակ առաջնորդների հարթակում, բայց չլուծել այս փուլում տվյալ ծայրագավառի մնացած հայկական հատվածի կարգավիճակի հարցը: Արանքում Ռուսաստանը իր նախագահ Վ.Վ. Պուտինի շուրթերով Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս:

Ստացվում է, որ եթե Մոսկվան հիմա Ղարաբաղը ադրբեջանական է համարում, ապա կարգավիճակի հարցն էլ այս կամ այն կերպ (լինի դա մշակութային թե քաղաքական ինքնավարություն) կդիտարկվի Ադրբեջանի սահմաններում: Իհարկե, Ռուսաստանն այժմ, համաձայն Ս. Տարասովի կարծիքի, շահագրգռված է «զանգեզուրյան միջանցքի» բացումով իր սահմանապահների հսկողության տակ, ինչը պատճառաբանվում է իբր «ռուսական պանթյուրքիզմի» գաղափարով: Տարասովը սակավաթիվ փորձագետներից մեկն է (եթե առհասարակ ոչ միակը՝ ռուսական ու ոչ ռուսական), որ հղում անելով XIX-XX դդ. ցարական հետախուզության արխիվային նյութերին՝ պնդում է ռուսների առաջատար մասնակցությունը պանթյուրքիզմի գաղափարախոսության և ռազմավարության ձևավորմանը իբրև թե Օսմանյան կայսրության փլուզման նպատակով: Այդ կապակցությամբ նա նույնիսկ բացահայտում է այն ժամանակվա ռուսական հետախուզության  ազդեցիկ գործակալներից մեկին՝ ի դեմս ոչ անհայտ ռազմական նախարար Էնվեր փաշայի (Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը):

Իսկապես, ինչն էր Ռուսական կայսրության շահը պանթյուրքիզմի (այսինքն՝ Ստամբուլի գլխավորությամբ նոր թուրքական կայսրության՝ բոլոր թուրքական ժողովուրդների միավորումով, ներառյալ ռուսաստանյան թուրքերը) դրույթների իրականացման հարցում: Ս. Տարասովի նման պնդումը, առանց փաստական ապացույցների, այսինքն՝ հղումների բացակայությամբ  ցարական ռազմական հետախուզության բացված արխիվային նյութերին, կարող է վիճելի լինել և քննադատության ալիք բարձրացնել:

Ավաղ, թուրքերը նախկինում էլ չէին պատրաստվում և հետագայում էլ չեն դիտի իրենց որպես Ռուսաստանին ենթակա ժողովուրդ և պետություն: Ռուս-թուրքական հարաբերությունների հայտնի «ռենեսանսը» խորհրդային իշխանության սկզբնական ժամանակաշրջանում՝ 1918-1923 թթ., չարդարացրեց բոլշևիկների հույսերը, քանզի Աթաթուրքը (Մուստաֆա Քեմալ փաշա), Լենինից ստանալով անհրաժեշտ ռազմա-քաղաքական և ֆինանսական օգնություն Թուրքիայի ռազմավարական տարածքները պահպանելու համար Արևմուտքի դեմ պայքարում (ներառյալ հայկական, հունական և քրդական հարցերը), Լոզանի խորհրդաժողովի ընթացքում թիկունքով շրջվեց ՌՍՖՍՌ-ի կողմը և բռնեց Անգլիայի հետ դաշնակցելու ուղին: Նույնպիսի հակառուսական քաղաքականությանը հետևեց Թուրքիան Երկրորդ համաշխարհայի պատերազմի և «սառը պատերազմի» ժամանակ՝ մերթ ընդ մերթ արևմտյան խաղադրույքները փոփոխելով, Անգլիայից անցնելով Գերմանիային և հակառակը: Եվ այդ բոլոր փուլերում պանթյուրքիզմն աշխույժ օգտագործվել է որպես ԽՍՀՄ-ի դեմ Թուրքիայի և Արևմուտքի երկրների քայքայիչ գործունեության գաղափարա-քաղաքական գործիքակազմ:

Ներկայիս շարժընթացում՝ Խորհրդային Միության անկումից հետո, Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի թեպետ ոչ հարմար, բայց կարևոր անդամ: XX-XXI դդ. սահմանագծում Ռուսաստանի թուլացումը Թուրքիան ընկալում է որպես սեփական կայսերական հավակնությունների վերածնման պատմական շանս «տարածաշրջանային գերտերություն» և «թուրքական աշխարհի առաջնորդ»  բանաձևով նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի նախագծերի շրջանակներում: Բնական է, որ Թուրքիայի մուտքը պատմական Թուրան (Կենտրոնական Ասիա) որոշվում է ոչ միայն, իսկ ավելի ճիշտ՝ ոչ այնքան լեզվական և էթնիկական արմատներով, որքան  հաշվենկատ պրագմատիզմով տնտեսության, տրանսպորտի, անվտանգության, պաշտպանության և քաղաքականության ոլորտներում:

Ադրբեջանի հաջողությունը Ղարաբաղում Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Անկարայի համար բացում է պանթյուրքիզմի դարավոր ռազմավարության փուլային իրագործման նոր հնարավորություններ: Ընդ որում, Անկարայի նախնական քաղաքականությունը տվյալ ուղղությամբ Թուրքիան վերածել է կարևորագույն հաբի եղբայրական Ադրբեջանի էներգառեսուրսների  փոխադրման ճանապարհին դեպի նույն Եվրոպա: Ռուս-եվրոպական հարաբերությունների պայմաններում էլ Թուրքիան չի բացառում մուտքն Ասիա նույն Թուրքմենստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի ռազմավարական ռեսուրսները, Ռուսաստանին շրջանցելով, Ադրբեջանով և իր տարածքով Եվրոպա հասցելու համար: Միաժամանակ փորձառու և պրագմատիկ Ռ. Էրդողանը չի հերքում գործընկերությունը Ռուսաստանի հետ, չի միանում արևմտյան պատժամիջոցներին, մտադիր է Թուրքիան դարձնել առանցքային պատուհան դեպի արտաքին աշխարհ Ռուսաստանի համար և մեծացնել թուրք-ռուսական առևտրի շրջանառությունը մինչև 100 մլրդ դոլար: Բայց ամեն ինչ իր գինն ունի, և տվյալ դեպքում Էրդողանը  պահանջում է Ռուսաստանից Հայաստանի կապիտուլյացիան, ճանապարհ հայկական Զանգեզուրով և ելք թյուրքական աշխարհ:

Ռուսաստանը, քանի դեռ զբաղված է ուկրաինական ուղղությամբ, չի կարող գոհ լինել ԵՄ-ի անդրկովկասյան դիվանագիտությունից բրյուսելյան հարթակում: Դրա համար մեղադրել միայն Նիկոլ Փաշինյանի՞ն: Բանն այն է, որ եթե նախագահ Ի. Ալիևը պաշտոնապես ստորագրում է նույն ԵՄ-ի հետ համաձայնագիր գազի մատակարարումը մեծացնելու և տարանցիկ նոր հնարավորությունների որոնման մասին, ինչը ներկայիս պայմաններում հազիվ թե համապատասխանի Ռուսաստանի շահերին, ապա ինչպե՞ս կարող է Ադրբեջանի ղեկավարը հրաժարվել Արևմուտքի դիվանագիտական նախաձեռնություններից Հայաստանի հետ հարաբերությունների առնչությամբ: Եթե Ն. Փաշինյանին հարկադրում են խաղաղության Ի. Ալիևի և Ռ. Էրդողանի հետ (ներառյալ Ռուսաստանի կողմից էլ), ապա ի՞նչ ճար ունի Հայաստանի ղեկավարը և կարո՞ղ է նա հրաժարվել բրյուսելյան հանդիպումներից: Գուցեև Հայաստանի առաջնորդը կարող էր հրաժարվել նման անօգուտ բանակցություններից Ալիևի հետ (Բրյուսելում թե ուրիշ մայրաքաղաքներում), եթե նրա անունը Նիկոլ Փաշինյան չլիներ:

Այս ամենից բխում է, որ բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը, ի դեմս Ռուսաստանի, չի կարող սահմանափակվել ակտիվ աշխարհաքաղաքականության լոկ մեկ թատրոնով: Ուժեղ տերությունը թույլերից տարբերվում է նրանով, որ ստիպված է զուգահեռ մասնակցել բոլոր ուղղություններին, որտեղ ներկայացված են իր շահերը:

Սակայն Ս. Տարասովն ապշեցրեց РусАрм Инфо-ի իր հայ զրուցակցին հայկական (ռուսական) Կարսը վերադարձնելու և Սև ծովում «քրիստոնեական միջանցքի» բացման (պետք է հասկանալ Տրապիզոնի շրջանում) գաղափարով: Ի՞նչ կերպ կարող է Ռուսաստանը վերադարձնել կորսված հայկական քաղաք Կարսը Թուրքիայից՝ թուրքերի համար բացելով «զանգեզուրյան միջանցքը»: Այդ հարցին Ս. Տարասովը չի պատասխանում կամ առայժմ չի պատասխանում՝ հաշվի առնելով ժամանակի գործոնը: 

Հասկանալի է, որ «զանգեզուրյան միջանցքը» ապրանքների միջազգային առևտրի աշխուժացում կբերի տարբեր ուղղություններով, ինչը ժամանակի հետ տվյալ երթուղուց մեծ կախվածության մեջ կդնի դրա հետ կապված երկրները (ներառյալ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Իսրայելը, Չինաստանը, ԵՄ երկրները և Կենտրոնական Ասիան):Հետևաբար նա, ով հսկում է այդ միջանցքը (տվյալ դեպքում ենթադրվում է՝ Ռուսաստանը՝ ի դեմս իր սահմանապահ զորքերի), նա էլ կարող է ժամանակի հետ թելադրել իր պայմանները մնացած մասնակիցներին:

Հնարավո՞ր է արդյոք որ մի որևէ փուլում, հատկապես Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հաջողությունից հետո, Մոսկվան Անկարային նախկինում անընդունելի պայմաններ առաջադրի նույն այն Կարսի մասով և այլն: Տեսականորեն դա ոչ ոք չի կարող բացառել (ներառյալ ինքը՝ Ս. Տարասովը): Սակայն դժվար է դրան հավատալ, քանի որ Թուրքիան դրանից հետո էլ շարունակելու է ուժեղանալ, դժվար թե դուրս գա ՆԱՏՕ-ի կազմից և կտարածի իր գործուն  ազդեցությունը  հետխորհրդային տարածության  թուրքական երկրների վրա: Ավելի հավանական է, որ հենց Անկարան նոր անընդունելի պայմաններ առաջադրի Մոսկվային (օրինակ՝ բուն ՌԴ-ի թուրքական և լեռնային ձևավորումների անկախության մասով):

Ընդ որում, եթե Ղարաբաղը ճանաչվի Ադրբեջանի մաս, ինչը կհանգեցնի հայերի դուրսմղմանը իրենց պատմական Հայրենիքից, ապա ի՞նչ երաշխիք կա, որ ռուսական խաղաղապահները կմնան Ղարաբաղում: Բաքուն դժվար թե ցանկանա իր տարածքում ռուսական զորքերի գոյությունը, այլապես դեռ 1990-2000- ական թթ. Ադրբեջանի ղեկավարները (Աբուլֆազ Էլչիբեյից մինչև Հեյդար և Իլհամ Ալիևներ) դուրս չէին մղի ռուս զինվորներին հանրապետությունից: Եթե Ղարաբաղում հայեր և ռուս խաղաղապահներ չմնան, իսկ Հայաստանին ինքը՝ Ռուսաստանն է այսօր հարկադրում կապիտուլյացիայի Ադրբեջանի և Թուրքիայի առջև, ապա ի՞նչ երաշիք կա, որ նույն Անկարան և նրա ՆԱՏՕ-ական դաշնակիցները չեն պահանջի Հայաստանի տարածքից հանել ռուսական բազան և սահմանապաներին:

Ինչպես տեսնում ենք, իրավիճակի զարգացման անբարենպաստ տարբերակները քիչ չեն, իսկ վստահել փորձագետի կամ նույնիսկ բարձր ռանգի քաղաքական գործչի ինտուիցիային՝ առանց հարցի պատմության և դինամիկայի մանրազնին ուսումնասիրության, դժվար թե արդարացված է: Թուրքերը կարող են պատասխանել մի կարճ-կտրուկ դարձվածքով. «Ղարաբաղը հանձնողը չի կարող հավակնել Կարսին»: Ի դեպ, 1920 թ. հայկական Կարս բերդի կորստյան  դառը պատմական հեգնանքը զարմանալիորեն կրկնվեց հարյուր տարի անց հենց Ղարաբաղում 2020 թ. հայկական Շուշիի իրավիճակով: Վերջապես, Ռուսաստանը չի կարող հավակնել Կարսին Մոսկվայի պայմանագիրը* հետ չկանչելու և 1921 թ. Կարսի պայմանագրի** պահպանման պարագայում:

Այնինչ ինձ վիճակվել է քանիցս տարբեր աղբյուրներից լսել Կարսի և Արարատի հայկական տարածքների վերադարձի մասին: Ամենից զարմանալին 2020 թ. նման բան լսելն էր ոչ թե հայ փորձագետներից կամ զինվորականներից, այլ ռուս գործընկերներից: Թե 2021 թ. մայիսին նոր գործողություն է սկսվելու: Ինչպես տեսնում ենք, 2020 թ. դեկտեմբերը փոխարինվեց 2021 թ. մայիսով և 2022 թ. մայիսով առանց որևէ գործողության Հայկական լեռնաշխարհում: Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը տեղի է ունենում բոլորովին ուրիշ թատրոնում: Բայց 2021 թ. մայիսին ռուսական ռազմական գործողությունների փոխարեն աշխարհը հետևում էր Ադրբեջանի հերթական ագրեսիային Հայաստանի դեմ՝ Սյունիքի մարզի Սև լճի շրջանի տարածքի բռնակցումով:

Թե որքան կերկարի ռուս-թուրքական միությունը, այսօր ոչ ոք ինչ-որ ճգրտությամբ չի կարող ասել: Կպահպանվի՞ արդյոք տվյալ տանդեմը Էրդողանից հետո: Ամենայն հավանականությամբ՝ այո, քանզի ներկայիս գործընկերությունն առայժմ ձեռնտու է Անկարային Ռուսաստանին չեզոքացնելու համար Թուրքիայի (և նրա ուսերին՝ ՆԱՏՕ-ի) ճանապարհին դեպի Թուրան (հետխորհրդային Կենտրոնական Ասիա՝ հարուստ ռեսուրսներով): Կպահպանվի՞ արդյոք տվյալ միությունը Պուտինից հետո: Ամենայն հավանականությամբ՝ ոչ, քանի որ Ռուսաստանը կբախվի տապալված ռազմավարության բացասական հետևանքներին: Սակայն թե ինչպես կծավալվեն ռուս-թուրքական հարաբերությունները կարճաժամկետ հեռանկարում, Հայաստանի համար կարող են որևէ հետաքրքրություն չունենալ, քանի որ այսօր (թեպետ դա երեկ էլ պարզ էր) տվյալ տանդեմն արդեն նշանակալի վնաս է հասցրել (նախ և առաջ՝ Ղարաբաղում):

Քանի որ հայկական Զանգեզուրը տարբեր շահերի բախման շատ զգայուն վայր է դառնում, Հայաստանը դեռ գործընկերների ընտրության այլընտրանքներ ունի: Բայց հարց է՝ արժի որ ինքը՝ Ռուսաստանը կորցնի Հայաստանը և նրա հետ Կովկասն ու Կենտրոնական Ասիան: Դա արդեն Ռուսաստանի որոշելիքն է:

Ալեքսանդր Սվարանց

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, հատուկ ИА Реалист-ի համար

* ՌԽՖՍՀ կառավարության և  Թուրքիայի կառավարության միջև 1921 թ. մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիր», որը նախապատրաստվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի - 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։ Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք հանդիսացող Սուրմալուի գավառը։

** Կարսի պայմանագիրը 1921 թ. հոկտեմբերի 13-ին ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։ Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չեր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ։

 

Հայաստան Տարածաշրջան Թուրքիա Ադրբեջան Ռուսաստան Արցախյան հիմնախնդիր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին