f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Անցնող շաբաթը եղանակային անակնկալ մատուցեց: Ապրիլի 23-24-ը Գեղարքունիքում, Շիրակում և Լոռիում և այլ վայրերում ձմեռը վերադարձավ, առատ ձյուն էր տեղում:  

Նախորդ շաբաթվա վերջում՝ ապրիլի 19-ին, գրանցված էր կորոնավիրուսով վարակման ընդհանուր 1291 դեպք, ապաքինման՝ 545, մահվան՝ 20, բացասական արդյունք էր գրանցվել 12 650 թեստավորման դեպքում: Անցնող շաբաթվա վերջում՝ ապրիլի 26-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1746-ի, ապաքինվածներինը՝ 833-ի, մահվան դեպքերինը՝ 28-ի: Բացասական արդյունք է արձանագրվել 17931 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 589):

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ ապրիլի 20-ին, հայտնաբերվել էր 48 նոր դեպք, ապրիլի 21-ին ՝ 62, ապրիլի 22-ին՝ 72, ապրիլի 23-ին՝ 50, ապրիլի 24-ին՝ 73, ապրիլի 25-ին՝ 81, ապրիլի 26-ին՝ 69: Այսպիսով մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 455 նոր դեպք է բացահայտվել:  

Ապրիլի 23-ին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ վիրուսի տարածման տեմպերը վերահսկելի են, և եթե այսպես շարունակվի, պարետատունն էլ կշարունակի հանել գործունեության տարբեր տեսակների նկատմամբ սահմանափակումները: Սակայն դեռևս կպահպանվեն անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մյուս սահմանափակումները:

Արցախում, ապրիլի 25-ի տվյալներով,  վարակվածների թիվը հասել է 8-ի: Նրանցից չորսն արդեն ապաքինվել են: Մեկուսացված է 17 մարդ, թեստավորում են անցել 195-ը:

Երկուշաբթի գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից ախտահանման պատրվակով դուրս արեցին այնտեղ գիշերող հայերին, իրենց չվեթին սպասող հայերը ստիպված էին  օրն ու գիշերն անցկացնել դրսում: Եվ միայն ապրիլի 22-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնեց, որ Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով անվճար Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Ապրիլի 24-ին էլ Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթով հայրենիք վերադարձավ Հայաստանի ավելի քան 230 քաղաքացի։ Երկու դեպքում էլ օդանավով տեղափոփվում էին նաև ռուսական կողմից տրամադրված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, մեր հայրենակիցների հավաքած առաջին անհրաժեշտության պարագաները՝ դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ և այլն։ Երկու դեպքում էլ սպասող հայերին ավիատոմսերով ապահովել էր  «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Մինչ այդ էլ՝ շաբաթվա սկզբին, հատուկ չվերթներով Հայաստան էր վերադարձել ևս 200 հայրենակից Կրասնոդարից և Դոնի Ռոստովից:

«Հայաստանի ավելի քան 2 հազար քաղաքացի շարունակում է մնալ հերթագրված և ազգականների  մոտ կամ դեսպանության  տրամադրած կացարաններում սպասում է մեկնելու իր հերթին»,- ֆեյսբուքում գրեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը՝ հիշեցնելով, որ այս ամսվա ընթացքում կազմակերպվել է 7 չարտերային չվերթ՝ ապահովելով մոտ 1500 քաղաքացու վերադարձը Հայաստան:

Հինգշաբթի հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը, որի նպատակը օժանդակելն է բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սահմանադրական բարեփոխումները հետաձգվեցին: Բարեփոխումների հայեցակարգի ներկայացման վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 31-ից հետաձգվեց մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

 

Շաբաթվա գլխավոր հարցը

Արդեն օրինաչափություն է դարձել, որ վարչապետ Փաշինյանը կիրակի երեկոյան իր հերթական «փիլիսոփայական» մտքերով ու արտառոց բառապաշարով հանդես գա ուղիղ եթերով և եկող ամբողջ շաբաթվա ընթացքում լրատվամիջոցներն ու սոցցանցերը զբաղվեն այդ «գոհարների» անպտուղ քննարկումներով: Այդ ուղիղ եթերները նմանվում են արդեն երբեմնի «Բարի գիշեր երեխաներ» հաղորդմանը: Սակայն անցնող շաբաթում տվյալ օրինաչափությունը չգործեց: Շաբաթվա հերոս դարձավ ոչ թե Փաշինյանը, այլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Երեքշաբթի, պատասխանելով «Գորչակով» հիմնադրամում անցկացվող առցանց կլոր սեղանի ժամանակ բարձրաձայնվող հարցերին, Լավրովը փաստացի հայտարարեց, որ անցած տարվա ապրիլից ակտիվ բանակցություններ են վարվում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման շուրջ և սեղանին դրված է դրա փուլային տարբերակը:  «Կան մադրիդյան սկզբունքները, կա Կազանյան փաստաթուղթը, և այդ փաստաթղթերը փուլային մոտեցման հիման վրա կարգավորմանը հասնել են նշանակում` առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ կողմերը կհանգեն այդ փաստաթղթերը ստորագրելու որոշմանը և ամենաապշեցուցիչը՝ հիշատակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք ընդունվել են դեռևս Արցախյան պատերազմի ընթացքում, երբ հայկական կողմը դեռ հաղթանակ չէր տարել և հաշտության պայմանագիրը չէր կնքվել երեք կողների ստորագրությամբ:

Սա իսկական ապտակ էր, ավելի շուտ՝ այս համաճարակային օրերին կորոնավիրուսով լի փռշտոց հայ հասարակության երեսին, ինչը զանգվածային խուճապ առաջացրեց: Ինչո՞ւ: Չէ՞ որ անցած տարվա ընթացքում քաղաքագետների ու քաղաքական գործիչների մի ստվար զանգված անընդմեջ, բարձր մակարդակով, յուրաքանչյուր հանդիպումից առաջ և հետո գրեթե աղաղակում էր, որ իրականում բանակցություններ են ընթանում կասկածելի բովանդակությամբ, հանրությանը աղաչում էր սթափվել: Բայց այդ հանրությանը, ըստ երևույթին, ավելի հարմար էր հավատալ պաշտելի առաջնորդի ու նրա արտգործնախարարի խոստումներին ու հավաստիացումներին, թե առանց ժողովրդի համաձայնության ոչ մի որոշում չի կայացվի, թե դրանք բանակցություններ չեն, այլ հանդիպումներ, որտեղ քննարկվում են ընդամենը «կարգավորման տարրեր»: Լավրովի հայտարարությունը, ըստ էության, գաղտնիք չէր, այլ ուղերձ Հայաստանի Հանրապետության բնակչությանը առերեսվելու անողոք իրականությանը և հասկանալու վերջապես, որ իր իշխանությունը մի տարի շարունակ խաբում է իրեն:

Լավրովի հայտարարությունից հետո հանդես եկավ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որը ամեն ինչ ասաց, սկսած իրենց փայփայած անվտանգության փաստարկից, երևակայական տարրերից մինչև առանց Արցախի համաձայնության որևէ տարբերակի անհնարինությունը, սակայն ըստ էության չհերքեց Լավրովին, չասաց, որ սեղանին փաստաթուղթ չկա: «2014-ին առաջարկված տարբերակը բանակցությունների սեղանին չէ»,- ասաց նա, որ բնավ չի նշանակում, որ սեղանին 2019 թվականին առաջարկված փաստաթուղթ չկա:

Նույն օրը՝ ապրիլի 21-ին, տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի տեսախորհրդակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ և մասնակցությամբ, ավարտին հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որ նման էր նախորդ բոլոր հայտարարություններին և չպատասխանեց օրվա գլխավոր հարցին:

Միակ ճիշտ պատասխանը, որ Զոհրաբ Մնացականյանը կարող էր տալ ոչ թե Լավրովին, այլ հայ հասարակությանը, հրաժարականը կլիներ արտաքին քաղաքականությունը տապալելու և այն մինչև 90-ականների վերջը գլորելու համար, որը նա, ավաղ, չարեց: Եվ այս ամբողջ իրարանցման մեջ քար լռություն պահպանեց գլխավոր անձը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ամեն չնչին առիթով անմիջապես հայտնվում է տեսախցիկի առաջ: Գլխավոր հարցը մնացել է առկախ:

Ապրիլի 24-ը

Ուրբաթ՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էր, որ համաճարակի և արտակարգ դրությանպատճառով նշվեց ոչ այնպես, ինչպես միշտ: Եղեռնի հուշարձան տանող բոլոր ճանապարհները փակ էին, և այդ մասին հայտարարվել էր դեռ մի քանի օր առաջ:  

Ապրիլի 23-ի երեկոյան՝ ուղիղ ժամը 21-ին, 3 րոպե ղողանջեցին Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը, այնուհետև անջատվեցին Երևանի և մարզերի բոլոր փողոցների ու հրապարակների լույսերը: Քաղաքացիներն անջատեցին բնակարանների լույսերը և պատուհանների մոտ մոմեր վառեցին կամ միացրին հեռախոսի լույսը՝ այդպիսով միանալով հայտարարված «Լուսավառ ոգեկոչման րոպեին»: Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ անմար կրակի մոտ հնչեց «Արի իմ սոխակ» երգը:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքը մատչելի էր միայն աշխարհիկ և հոգևոր առաջնորդների համար:  

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ պատարագ մատուցվեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների: Ժամը 12-ին ղողանջեցին բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կառավարության՝ այդ օրվա կապակցությամբ  գործադրված ջանքերը, ցավոք, ավարտվեցին մի ծերուկի՝ Արտուշ պապիկի վերաբերյալ էժանագին գովազդային պատմությամբ, որը ցանկացել էր Ծիծեռնակաբերդ բարձրանալ, բայց չէին թողել:  

Իրադրությունն առաջնագծում

Անցած շաբաթ (ապրիլի 19-25-ը) արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց:

Իսկ երեքշաբթի՝ ապրիլի 21-ին, Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են մարտական պատրաստականության և խոցել են այն: Արցախի պաշտպանության նախարարությունը դարձյալ հորդորել է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից ու հավաստիացրել, որ ցանկացած նախահարձակ գործողություն ստանալու է արժանի պատասխան:

«Արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ ե՞րբ ենք նման մեծ թիվ ունեցել, միանշանակ է, որ անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը կտրուկ աճել է,- գրեց Արցախի Հանրապետության նախագահի անվտանգտության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում:- Եթե նկատի ունենանք նաև շաբաթվա ընթացքում հակառակորդի ԱԹՍ-ի ակտիվությունն ու դրանցից մեկի՝ մեր ՀՕՊ ուժերի կողմից խոցման միջադեպը, ինչպես նաև՝ հակառակորդի ավիացիայի ակտիվ թռիչքները առաջնագծի մերձակա հատվածներում, ապա Ադրբեջանի ակտիվության ընդհանուր պատկերն առավել խոսուն է դառնում: Սրան կարելի է ավելացնել նաև Ադրբեջանի ակտիվությունն առաջնագծում՝ նոր ինժեներական ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ, որոնք ևս առկա իրավիճակին սրություն են հաղորդում»:

 

Հասարակություն գլխավոր իրադարձություններ

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին