Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը չի պաշտպանի չեմպիոնական տիտղոսը Յան Նեպոմնյաշչիի հետ մրցախաղում:
Կարլսենը մասնավորապես նշել է․ «Ես մոտիվացված չեմ ևս մեկ մրցախաղ անցկացնելու: Պարզապես հասկացել եմ, որ ինձ այդքան էլ դուր չի գալիս դա, թեպետ պատմական տեսանկյունից այն իսկապես կարող է հետաքրքրաշարժ լինել: Հանդիպել եմ ՖԻԴԵ-ի նախագահի և նրան փոխանցել, որ չեմ պաշտպանելու չեմպիոնական տիտղոսս հաջորդ մրցախաղում»,-ասել է նորվեգացին:
Մագնուս Կարլսենն աշխարհի չեմպիոն է 2013 թվականից: Այս ընթացքում նորվեգացին իր տիտղոսը պաշտպանել է 4 անգամ: Նա 31 տարեկան է:
Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին արձագանքելով Կարլսենի հայտարարությանն, ասել է․ «Ինձ համար վիրավորական է, որ Կարլսենը հրաժարվում է մրցամարտից։ Գուցե, նա իրեն զգում է պատանդ այս ամբողջ իրավիճակում»։
Նեպոմնյաշչին երկրորդ անգամ անընդմեջ է նվաճել հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումը։ 2021 թվականին Կարլսենը պաշտպանեց տիտղոսը՝ հաղթելով Նեպոմնյաշչուն։
Այժմ սպասվում է, որ Նեպոմնյաշչին տիտղոսը կվիճարկի հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը գրաված, չինացի Դին Լիրենի հետ։