Հետխորհրդային տարածքի երկրները պետք է ավելի մոտենան Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը, եթե ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունը, հայտարարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին նա տեսաուղերձի շրջանակներում խոսել է Բելառուսի և Ռուսաստանի տարածաշրջանների 9-րդ ֆորումի լիագումար նիստում։ Նրա խոսքերը մեջբերում է BelTA գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը։ Մենք համոզված ենք, որ միայն միասին կարող ենք դիմակայել գլոբալ մարտահրավերներին»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նրա խոսքով, «դեռևս կասկածող» երկրները պետք է հասկանան, որ առանց միասնության, միջպետական կապերի ամրապնդման և «պարզապես նորմալ մարդկային հարաբերությունների» երկրները կարող են էկզիստենցիալ խնդիրների առաջ կանգնել։
«Մենք կարող ենք վաղը այստեղ չլինել», - ասել է Լուկաշենկոն:
Բելառուսցի քաղաքական գործիչը ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան և Մինսկը պետք է պատասխան միջոցներ ձեռնարկեն միջուկային զենք կրելու ընդունակ արևմտյան ավիացիայի վարժանքների դեմ։