f

Անկախ

Ուսուցիչները՝ համ նալին, համ մեխին խփելու քաղաքականության զոհ


Ուսուցիչներին ծեծում ու նվաստացնում ենք, իսկ հետո մեղադրում, որ իրենց առաքելությունը լավ չեն իրականացնում։ Օրերս տեղի ունեցած միջադեպը, երբ ծնողը դասարանում աշակերտների ներկայությամբ հարվածել ու քաշքշել էր իր երեխայի ուսուցչին, հասարակությունում առկա տրամադրությունների ու ուսուցիչների խոցելի ու անպաշտպան վիճակի լավագույն դրսևորումն է։  Հասարակության անտարբեր արձագանքը միջադեպին ևս։ 

Չգիտես թե ինչպես, բայց անպես է ստացվել, որ մարդիկ, որոնք պնդում են, թե դպրոցահասակ  տարիներին իրենց ուսուցչին գերմարդկային էակ են համարել և անգամ չեն իմացել, որ  ուսուցիչն,  օրինակ՝ հաց է ուտում կա զուգարան գնում, այսօր զարմանալիորեն չունեն տարրական հարգանք ուսուցչի հանդեպ։ 

Ո՞վ է ուսուցիչը, մարդ, որը կրթում ու դաստիարակում է սերունդներ, իր վարքով ու կերպարով օրինակ դառնում շատերի համար։ Մութ ու ցուրտ տարիներին, երբ կրթությունը միանգամից արժեզրկվեց ու շատերի աչքին դարձավ անիմաստ մի բան, արժեզրկվեց նաև ուսուցչի գործը։ Հետո եկավ պահ, որ իրենց երեխայի «լավը ցանկացող» և նրան կյանքի ամեն դժվարությունից հեռու պահելու մոլուցքով տարված ծնողները հասկացան՝ երեխային խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի տեղավորելու համար կրթությունն էական չէ, բայց էական է կրթության մասին վկայող թղթի կտորը՝ դիպլոմը։ Եվ այստեղից էլ սկսվեց և թափ հավաքեց միտումը, թե «ուսուցիչն ով է, որ․․․» և «ես ավելի լավ գիտեմ, թե իմ երեխային ինչ է պետք»։ 

Սրան զուգահեռ անցած 30 տարիներին պետական համակարգը ջանք ու եռանդ չխնայեց ուսուցչին հեղինակազրկելու համար։ Խեղճ մանկավարժներին սարքեցին էլ ընտրակեղծարար, էլ կաշառակեր։ Բանն այնտեղ է հասել, որ շատ դպրոցներում արգելված է ուսուցչին անգամ ծաղիկ նվիրելը, քանի որ դա կարող է դիտարկվել որպես կաշառք։ Եվ ուսուցչի հեղինակազրկմանը զուգահեռ ուսուցչին զրկել են նաև ամեն իրավունքից։ Ուսուցիչը Հայաստանում ունի միայն պարտականություններ և չունի իրավունքներ։ Այս խնդրին անդրադարձել ենք դեռ նախորդ տարի, երբ ուսուցիչների էթիկայի վարքականոնն էր քննարկվում։ 

Արդյունքում ո՞վ է ուսուցիչը Հայաստանում։ Մարդ, որն օրական 8 և անգամ 10 ժամ աշխատելու դիմաց ստանում է գրոշներ․ պետական համակարգի ամենացածր վարձատրվողներից են մանկավարժները։ Ի տարբերություն տարեկան տասնյակ հազարավոր դոլարներ հավելավճարներ ստացող նախարարների և պատգամավորների, ուսուցիչը չունի հավելավճար, չունի արտոնություններ և շնորհիվ պետական հետևողական քաղաքականության, չունի անգամ հարգանք հասարակության մեջ, որով կփոխհատուցեր նյութական զրկանքները։ 

Ուսուցիչը դարձել է ձայնազուրկ, իրավազուրկ մեկը, որին թե պետական համակարգը, թե ծնողները դարձրել են քավության նոխազ։ Որպես լրագրող ուսուցիչների հետ շփման տասը տարվա փորձ ունեմ։ Այս տարիներին մեկ անգամ չէ, որ լսել եմ նրանց դժգոհությունը՝ չես կարող աշակերտին մի բան սովորեցնել, եթե ծնողը դեմ է դրան, իսկ ծնողները հաճախ են իրենք իրենց որոշում, թե դպրոցական որ առարկան է ավելորդ և անպետքական իրենց երեխայի համար։ Եթե ամփոփեմ մանկավարժների պատմածները, ստացվում է հետևյալ պատկերը․ մոտավորապես 7-8-րդ դասարաններից շատ ծնողներ որոշում են, թե  որ  առարկաներն իրենց երեխային  այլևս պետք չեն։ Այդ պահից սկսած, ունենալով ծնողի թույլտվությունը, երեխաներն «անպետքական առարկաներին» մատների արանքով են նայում, չեն սովորում, այդ դասաժամերին այլ բաներով են զբաղվում։ Երբ ուսուցիչը փորձում է ծնողի հետ խոսել իրավիճակի մասին կամ երեխային նկատողություն է տալիս կամ անբավարար նշանակում դասին  անպատրաստ ներկայանալու համար, դառնում է ծնողի հարձակման թիրախ։ Ծնողները որպես կանոն սպառնում են դիմում-բողոք գրել և ուսուցչին ազատել տալ, եթե համարձակվի իրենց երեխային «նեղել» (օրերս տեղի ունեցած միջադեպի հիմքում էլ նման մի պատմություն է՝ ուսուցիչը նկատողություն է արել երեխային շատ բացակայելու պատճառով)։ Հիմնավորումը մեկն է՝ «ծնողը ես եմ, ես ավելի լավ գիտեմ, թե ինչ է պետք իմ երեխային»։ 

Ուսուցիչն էլ, չունենալով պաշտպանության որևէ մեխանիզմ,  հաշվի առնելով իր կոչմանը կպցրած զանազան պիտակները և իր խոցելիությունը համակարգի առջև,  վախենալով մնալ առանց գրոշների, որ որպես վարձատրություն ստանում է, ստիպված կուլ է գնում իրավիճակին՝ էլ ավելի նվաստանալով ու հեղինակազրկվելով։ 

Ստեղծվել է արատավոր փակ շղթա, որ ավելի ու ավելի է խորացնում խնդիրը։ 

Հաճախ մեր հանրակրթական  համակարգը համեմատում ենք Ֆինլանդիայի հետ՝ նշելով, որ նրանցից ընդօրինակելու շատ բան ունենք։ Այո, ունենք։ Հատկապես ուսուցչի կարգավիճակի առումով։ Ֆինլանդիայում ուսուցչի պատասխանատվությունը մեծ է։ Բայց փոխարենը նա ստանում է ամենաբարձր աշխատավարձը պետական համակարգում։ Ավելին, կրթելու պատասխանատվություն ստանձնած անձը հասարակությունում հարգված է, ակնածանքի արժանի։ Արդյունքում այդ երկրում լավագույնները ձգտում են դառնալ ուսուցիչ՝ ապահովելով բարձր մրցակություն թափուր յուրքանչյուր տեղի համար։ 

Երբ  մեր հասարակությունում էլ ուսուցիչը դադարի լինել բոլորի ձախողումների քավության նոխազը և մի քիչ հարգանքի արժանանա, այնժամ գուցե տեղին կլինի ուսուցիչներից ինչ-որ բան պահանջելը։ Իսկ քանի դեռ թե պետական այրերը, թե ծնողները ուսուցչից «լավ» գիտեն նրա գործը, իսկ ուսուցիչը երկուսի իրավազուրկ կամակատարն է, ուսուցչին ծեծելու դեպքերն ավելի ու ավելի հաճախակի դրսևորում կունենան։ 

Եվ չնայած խոսեցինք միայն ուսուցիչների մասին, բայց խնդիրն ավելի լայն է։ Պետական շատ  ոլորտներում ենք մեր հեղինակազրկել մասնագետներին, զրկել նրանց պաշտպանության ամեն մեխանիզմից և հիմա արդյունք ենք պահանջում։ Ուսուցչի նման  քավության նոխազի վիճակում են սպաները, ոստիկանները և ոչ միայն։ 

 

 

մանկավարժ ուսուցիչ էսսե կրթություն դպրոց Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Տարօրինակ զույգեր
Ուրբաթ մարտի 27-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բեդախշան Զոհուրիին
Դեռ ուշ չէ սանձել ‹‹հրեշին››.Խոսրով Հարությունյան
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ
ՄԱԿ-ը 250000 բժշկական դիմակ կփոխանցի Նյու Յորքին
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են ներկայացրել
Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 407 է. Փաշինյանը նոր տվյալներ է ներկայացրել
Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Թոքաբորբով 13 պացիենտից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Առցանց քննարկում` «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով:
Դիմացեք, ժողովուրդ ջան․ Արթուր Վանեցյան
Գյումրիում ծանրոցներ են հատկացնելու օրվա հացից զրկվածներին
Ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին,որոնք չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին
ԱՄՆ Ջոնս Հոփքինս համալսարանի գրությունը կորոնավիրուսից պաշտպանվելու մասին
29-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վարդ գողացողներին ոստիկանները բռնել են
Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց
«Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետևանքները՝ անխուսափելի ծանր»․ Ա․ Ղազինյան
Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից
Ավելին
Ավելին