f

Անկախ

Մեզ պետք է միավորվել և  պահանջել, որ մենք էլ լսելի լինենք և մեզ հետ հաշվի նստեն․ մանկավարժ


Վերջերս Երևանի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպին (ուսուցիչը դասագրքով հարվածել էր աշակերտին) հաջորդած հանրային արձագանքը և մինչև իսկ ՄԻՊ մակարդակով անդրադարձը թեմային տեղիք տվեց մտածելու՝ որքանով է ուսուցիչը պաշտպանված մեր երկրում,  ինչու են նման միջադեպեր տեղի ունենում և արդյոք նման միջադեպերում մեղքը և պատասխանատվությունը միայն ուսուցչինն են։

Թեմայի շուրջ «Անկախը» զրուցել է «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող, մանկավարժ Շողակաթ Բաբայանի հետ։

-Տիկին Բաբայան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են նման միջադեպեր տեղի ունենում։ 

-Միանշանակ, ուսուցիչների պաշտպանվածության խնդիր կա։ Հստակ է՝  չկա պաշտպանված ուսուցիչ։ Այո, աշակերտները, նաև ծնողները,  կարող են սադրել, ստեղծել իրավիճակ, որն  ուսուցիչներին կհանի հունից։ Այստեղ խնդիրը ոչ միայն ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մեջ է, այլ կա  նաև դպրոցի կառավարման խնդիր։  Տնօրենի և փոխտնօրենի հարաբերություններն ուսուցիչների, ծնողների և աշակերտների հետ շատ կարևոր են։ Եթե դրվածքը ճիշտ է, այդ դպրոցներում նման սադրանքներ լինել չեն կարող։ Բայց եթե դրվածքը ճիշտ չէ, տնօրինության կողմից  շատ արտոնություններ են տրվում  ծնողներին և աշակերտներին, այս դեպքում շատ անպաշտպան են ուսուցիչները։ 

Տեսեք, դասարանում ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում շատ կարևոր մաս է կազմում գնահատականը։ Ուսուցիչը տարվա ընթացքում աշխատում է աշակերտի  հետ, կառավարում գնահատման պրոցեսը։ Հանկարծ գալիս է մի պահ, երբ տնօրենը կանչում է այդ ուսուցչին և  ասում՝ գիտես, այս աշակերտը  իմ ծանոթն է, իմ բարեկամն է, նրա գնահատումն այսպես պետք է արվի։ Դա ազդում է ուսուցչի հեղինակության վրա։ 

Աշակերտն ու ծնողը գիտեն, որ այդ հարցով դիմել են տնօրենին։ Եվ իրենք դա տարածում են որպես ինֆորմացիա։ Այս ինֆորմացիան միանշանակ ազդում է  ուսուցչի հեղինակության վրա, ոչ թե տնօրենի կամ փոխտնօրենի, ովքեր դիմել են ուսուցչին։ Հետո աշակերտները դա դարձնում են կարգախոս, որ ինչ ուզենք, անենք, այս ուսուցիչը վերջում միևնույնն է, մեր ուզած գնահատականն է նշանակելու։ Եվ առաջանում է սանձարձակության մթնոլորտ դասարանում կամ դպրոցում։ 

Ուստի կոչ եմ անում բոլոր տնօրեններին ու փոխտնօրեններին, ովքեր այսկերպ կարող են ազդել ուսուցչի հեղինակության վրա և սանձարձակություններ թույլ տալ դպրոցում, հիշեք, որ դուք էլ ուսուցիչ եք եղել մինչ այդ պաշտոնին նշանակվելը։

Նման երևույթները ազդում են և դպրոցի հեղինակության վրա, և շղթայական էֆեկտով ողջ ուսուցչական համայնքի հեղինակության վրա։

Ուսուցիչների հեղինակության վրա ազդող մյուս գործոնը վերադասն է, այն է՝ նախարարության և կառավարության վերաբերմունքն ուսուցիչներին։ Օրինակ այն, որ իրենք կարող են հանրայնորեն, լրատվամիջոցներով ուսուցիչներին  ներկայացնել որպես անգրագետներ։  40 հազար ուսուցիչ ունենք, բոլորին նույնկերպ որակել  հնարավոր չէ և չի էլ կարելի։ Այդպես նաև  վնասում  և նսեմացնում ենք այն ուսուցիչներին, ովքեր իրոք քրտնաջան աշխատում են, նվիրված են իրենց գործին։

Այս հարցում ամենակարևոր խնդիրներից մեկը, միանշանակ,  պետական քաղաքականությունն է։ Այդտեղից է գալիս նաև տնօրեն-փոխտնօրենների անկազմակերպ վիճակը, որով  բացասաբար են ազդում ուսուցչի հեղինակության վրա։ Դա տեղի է ունենում վերևների թողտվությամբ։

Իհարկե, օրենսդրական բացերն էլ են շատ, որոնք նույնպես  ազդում են ուսուցչի հեղինակության վրա։ Ունենք խնդիր նաև ուսուցիչների մեջ։ Բայց սրանք մանրուքներ են։

Ոլորտի վրա գլոբալ ազդեցություն ունի  ոլորտի  պետական քաղաքականությունը, կառավարման  օղակներում նստած անձանց վերաբերմունքը ուսուցչին։ 

Այս առումով խնդիր է ուսուցիչների համախմբված չլինելը։ Եթե կարողանան համախմբվել,  իրենց մեջ կառաջանա որոշակի ուժ, որի շնորհիվ կկարողանան իրենց խնդիրները համարձակ բարձրաձայնել և պահանջել դրանց լուծումներ։ 

-Արդյոք արհիմիությունները չպե՞տք է լինեն ուսուցիչներին համախմբողը և նրանց շահերը պաշտպանողը։  Ինչո՞ւ մենք  գործող  մանկավարժական արհիմություն չունենք։

-Այո, արհիմութնունները պիտի  լինեին համախմբման միջոց։ Բայց այստեղ էլ պետական քաղաքականությունը ժամանակին իր դերն ունեցել է։ Արհիմիությունները ստեղծվել են որպես կաղապար՝  ցույց տալու, որ դրանք գոյություն ունեն։ Բայց  ներսում դրված է եղել  վերադասի կարծիքը և վերաբերմունքը, գործել է նրանց վերահսկողության ներքո։

Այս պահին դեռ չկան այնպիսի արհմիություններ, որոնք կկարողանային աճել և կկարողանային ուսուցիչների իրավունքների հետ կապված որոշակի գործառույթներ իրականացնել։ Հույս ունենք, որ ուսուցիչները դեռ կարթնանան, կմիավորվեն և կստեղծեն մեծ ուժ։ Այդ նպատակով էլ ստեղծվել է մեր նախաձեռնությունը, որ կարողանանք ստեղծել այդ մեծ ուժը, որպեսզի համարձակ բարձրաձայնենք մեր խնդիրները։ 

-Արդյոք բնականո՞ն եք համարում  հանրային արձագանքը։ Արդյոք նման իրավիճակներում պե՞տք է խնդիրը համակողմանի ուսումնասիրել, թե՞ ուսուցիչն  իսկապես պետք է գերմարդ լինի, որ որևէ պարագայում ինքնատիրապետումը չի կորցնում։

-Այստեղ էլ ամեն ինչ երկսայրի սուր է։ Դրա համար միանշանակ ասել չենք կարող։ Չի կարող ուսուցիչը լինել գերմարդ։ Ուսուցիչն այն նույն մարդն է, ինչ բոլոր ծնողները և աշակերտները։  Ուսուցիչն իրոք  պետք է ունենա պաշտպանվածություն։  Քանի դեռ չունի, նման խոսակցություններ  անընդհատ լինելու են, չի լինելու մեկը, որ կլինի պաշտպան ուսուցչին, ինչպես այս դեպքում չեղավ։ Այս արձագանքը մեր իրավիճակում կարծես նորմալ էր,  մենք այլ բան չէինք էլ սպասում ոչ հասարակությունից, ոչ վերադասներից։

 Շատ դպրոցներ կան, որտեղ  անհնար է նման իրավիճակ, որտեղ անհնար է, որ դասի ժամանակ աշակերտն իրեն թույլ տա անհարգալից վերաբերմունք ու ուսուցչին նման իրավիճակի հասցնի։ Ի պատիվ  այդ դպրոցների  տնօրենների՝  այդտեղ ուսուցիչները հանգիստ աշխատում և ստեղծագործում են։ Այդպիսին է նաև այն դպրոցը, որտեղ ես աշխատում եմ․ ես միշտ ազատ եմ եղել գնահատման հարցում, ինչի համար շնորհակալ եմ թե տնօրենից, թե ուսմասվարից։

 Եթե դպրոցում նման խնդիր, այդ խնդիրը ոչ թե ուսուցչինն է, այլ տնօրինությանը։  Բայց տեսեք, թիրախավորվեց և պատժվեց ուսուցիչը։ Ոչ մի ուսուցիչ չի ուզենա որևէ աշակերտի վրա ձայն բարձրացնել կամ որևէ պատժիչ միջոց կիրառել։

Կարծում եմ՝ այս պարագայում նկատողություն պետք է ստանար տնօրինությունը, ոչ թե ուսուցիչը։ Աշակերտը վստահ է, որ ինքն  անպատժելի է, դրա համար էլ գնում է սադրանքների։ 

-Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ստացվել, որ մեր  կրթական համակարգում ուսուցիչը կարծեք դարձել է քավության նոխազ՝ բոլոր խնդիրների դեպքում մեղավորությունն իրենն է։

-Խնդիրն ըստ իս շատ խորքային է։ Նախ տեսեք՝ հավանաբար կրթության որակի ցածրացման քաղաքականություն ենք ունեցել։ Չեմ ուզում սա վստահաբար ասել։ 

Բայց երբ ուսումնասիրություններ ենք անում, հասկանում ենք, որ կար քաղաքականություն կրթության մակարդակը նվազեցնելու, որպեսզի հասարակությունը լիներ ավելի կառավարելի։ Քանի որ այս ամեն ինչն  արվել է, ու կրթության պատասխանատուն ուսուցիչն է,  ստացվեց,  որ այս ամեն ինչի պատասխանատվությունն ընկավ ուսուցչի վրա։ Բայց իրականում ուսուցիչը չի ծրագրերը կազմել, ուսուցիչը  չի որոշել , թե ինչպիսին պետք է լինեն գնահատման մեթոդները,  չափորոշիչները և այլն։ Ուսուցիչն ընդամենը տրված գործիքներով աշխատում է։

Կրթական մակարդակի իջեցման գործընթացը,  ինչպես նախատեսվում էր, իրականացվել է։ Քանի որ իրենց ուզածին արդեն հասել են, հիմա էլ պետք է գտնեն մեկին, որ մեղավոր է։ Պարզ է, որ պետք է մեղավոր լիներ ուսուցչը, որը հիմնական կրթական գործառույթ կատարողն է։ Դրա համար էլ ստացվեց, որ ամեն ինչի համար ուսուցիչն է մեղավոր։

-Ի՞նչ քայլեր են հարկավոր ուսուցիչների պաշտպանվածությունն  ու իրավունքների իրացվելիությունն ապահովելու համար։

-Պիտի  լսեն ուսուցիչներին, աշխատեն դպրոց առ դպրոց, կոլեկտիվների մեջ փորձեն գտնել կենսենսուսը և այդպես ձևակերպեն խնդիրները և գտնեն լուծումներ։ Առանց ոսուցչին լսելու և առանց ուսուցչի խնդիրները հասկանալու նորից  օրենսդրական փոփոխություններ են անում, գործառույթներ են կազմակերպում, որոնք պետք է ուղարկեն դպրոց և որոնց կատարողը պետք է լինի ուսուցիչը, բայց ուսուցչի կարծիքը հաշվի չեն առնում։ Անընդհատ խնդիրներ ենք ունենալու, քանի  դեռ ուսուցչին հաշվի չեն առել։ 

Դրա համար ուսուցիչներն էլ պետք է փորձեն միավորվել, կարողանան ստեղծել իրենց իրական արհմիությունները՝ ապահովելու իրենց  իրավունքների պաշտպանությունը։Մեզ պետք է միավորվել և  պահանջել, որ մենք էլ լսելի լինենք և մեզ հետ հաշվի նստեն։ 

-Ձեր միության շրջանակներում փորձում եք միավորել ուսուցիչներին։ Ի՞նչ հաջողություններ ունեք։

-Փորձում ենք, մեր առաջին քայլը հենց այդ ուղղությամբ ենք տեսնում։ Մի քանի փոքր քայլեր արել ենք այդ ուղղությամբ և  դեռ կշարունակենք, արդյունքում միությունը կմեծանա  և մի օր կկարողանանք խնդիրներ բարձրաձայնել։


 

մանկավարժ ուսուցիչ արհմիություն իրավունք խմբագրի ընտրանի դպրոց ԿԳՄՍՆ հարցազրույց Հայաստանի ուսուցիչների միություն

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին