f

Անկախ

Ուսուցչի միջին աշխատավարձը պետք է լինի գոնե 200-250 հազար դրամ, որ մասնագիտությունը դառնա գրավիչ․ փորձագետ


 Հայաստանյան դպրոցներում տարեկան գրանցվում է ուսուցիչների  600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում, կամ դժվարությամբ են համալրվում։ 2021թ․ ԿԳՄՍՆ կայքում հրապարակվել է ուսուցչի թափուր տեղի մրցույթի 2219 հայտարարություն։ Այս տարվա հունվար-մարտ ամիսներին՝ 697 հայտարարություն։ Ներկա դրությամբ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատություններում առկա է ուսուցչի 218 թափուր հաստիք։

 Մանկավարժական բուհերն ամեն տարի հազարավոր շրջանավարտներ են ունենում, դրան զուգահեռ ունենք հարյուրավոր թափուր և չհամալրվող հաստիքներ դպրոցներում։ Ո՞րն է այս երևույթի պատճառը, ինչպե՞ս է դա անդրադառնում  կրթական գործընթացի վրա և ինչպե՞ս կարելի է ուսուցչի մասնագիտությունը նորից գրավիչ դարձնել․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե» ՀԿ ղեկավար, կրթության փորձագետ Արմինե Դավթյանի հետ։

 -Տիկին Դավթյան, ո՞րն է պատճառը, որ բազմաթիվ դպրոցներում ուսուցչի թափուր տեղը համալրելը խնդրահարույց է։

 -Կարող ենք նշել մի քանի գործոններ։ Առաջինը  սոցիալական գործոնն է։ Յուրաքանչյուր մասնագետ այսօր ձգտում է  ավելի բարձր աշխատավարձով  աշխատանքի, որպեսզի կարողանա իր սոցիալական կեցության խնդիրները լուծել։ Այս պահի դրությամբ ուսուցչի աշխատավարձը մրցունակ չէ։ Հիշում եմ, երբ 2001-ին ընդունվեցի դպրոց աշխատանքի, ուսուցիչը ստանում էր 7 հազար դրամ աշխատավարձ, հետո 6 ամսվա ընթացքում վարձատրությունը  սկսեց բարձրանալ, 2 տարվա մեջ հասավ գրեթե 70 հազար դրամի։ Կարելի է ասել՝  2003-2005թթ․ հետո   ուսուցչի աշխատավարձը շատ չնչին բարձրացումներ է ունեցել, ընդամենը 2-5 հազար դրամ, ինչը համեմատելի չէ միջին աշխատավարձի աճի տեմպերի հետ։ Օրինակ՝ պետական պաշտոնյաների  և ուսուցչի աշխատավարձի միջև  սարերի տարբերություն կա։ Նման բան չի եղել երբևէ։

 2005-ին, երբ ուսուցիչը  ստանում էր  70 հազար  դրամ աշխատավարձ, պատգամավորը մոտ 200 հազար դրամ էր ստանում։ Իսկ այսօր  ուսուցիչը ստանում է 100 հազար դրամ, պատգամավորը մոտ 800 հազար։ Այս պայմաններում բնական է, որ մեծ մասը ձգտում է թողնել ուսուցչի աշխատանքը։

  Երկրորդ՝ դպրոցն  այսօր դարձել է համընդհանուր փորձադաշտ` նորարարական մեթոդների ներմուծման առումով, դպրոցում պաշտոնի են նշանակվում մարդիկ, որոնք կարող է դպրոցից ընդհանրապես գաղափար չունենան, ուսուցիչն անընդհատ ենթարկվում է հոգեբանական ճնշման․ վերապատրաստումներ, փորձարարական փոփոխություններ, ավելի ու ավելի պահանջկոտ դարձող ծնողներ և աշակերտներ։ Շատերի համար սա հոգեբանական այրման պատճառ է դառնում։ Այս ամենի արդյունքում ուսուցիչներն անընդհատ բողոքում են իրենց աշխատանքից, ինչն էլ հասարակական հակակրանք է առաջացնում մասնագիտության հանդեպ։

 Երրորդը  ԶԼՄ կամ մշակութային գործոնն է, որի հետևանքով  ուսուցչի մասնագիտական հեղինակությունը կտրուկ անկում է ապրել։ Այսօր այնքա՜ն շատ են խոսում մանկավարժական մասնագիտությունների բացասական կողմերի  մասին և այնքա՜ն քիչ գովեստի խոսքեր հղում ուսուցչին։ Բացի այդ, մասնագիտական էթիկայի խնդիր կա։ Հաճախ եմ տեսնում, որ սոցցանցերի տիրույթում, մրցակցությամբ տարված, ուսուցիչները միմյանց վատաբանում են, նսեմացնում՝ մոռանալով, որ իրենց գրառումները հասանելի են նաև իրենց աշակերտներին։ Այս ամենն ազդում է մանկավարժի հեղինակության վրա։ Կարևոր է, որ բուհից սկսած մանկավարժական էթիկայի նորմերը խիստ հիմքի վրա դրվեն։

 Հաջորդը՝ սահմանամերձ և բարձրլեռնային փոքր գյուղերի դպրոցները քիչ աշակերտ ունենալու հետևանքով նաև քիչ ֆինանսավորում ունեն, ինչն էլ ուսուցիչ պահելու առումով խնդիրներ է ստեղծում։ Արդյունքում բազմակոմպլեկտ դասարաններ են ձևավորում, մի մասնագետը մի քանի առարկա  է դասավանդում։ Իսկ մենք նման ուսուցիչներ պատրաստող բուհեր չունենք։ Շատ բան մնում է ուսուցչի ինքնակրթության վրա, որի որակի մասին չենք կարող երաշիքներ ունենալ։

 -Մի կողմից մանկավարժական բուհերն ունենում են բազմաթիվ  շրջանավարտներ, որոնք աշխատանք գտելու խնդիր ունեն, մյուս կողմից կան հաստիքներ, որոնք չեն համալրվում։ Ո՞րն է առաջարկի և պահանջարկի անհամապատասխանության պատճառը։

 -Որակը։ Մանկավարժական կրթություն ստացած ուսանողների որակն այսօր հաճախ  չի համապատասխանում գործատուի պահանջներին։ Արդյունքում դպրոցը խուսափում է նորավարտին ընդունել աշխատանքի, որովհետև ընդունվածները ոչ միշտ են բավարարում  պահանջները գրագիտության, դասավանդման պատրաստվածության մակարդակով։

 -Եթե ունենք չհամալրվող հաստիքներ, նշանակում է, որ որոշ առարկաների դասավանդումն այդ դպրոցներում լավագույն դեպքում թերի է իրականացվում։ Դպրոցում մասնագետի տևական ժամանակով պակասն ինչպե՞ս է անդրադառնում կրթության որակի վրա։

 -Բնականաբար, չի կարող դրական անդրադառնալ։  Նաև օնլայն  կրթությունն է իր բացասական ազդեցությունն ունեցել։ Դրա հետևանքները մենք դեռ տարիներ հետո կտեսնենք։ Այս սերունդը, որ 2-3 տարի առցանց կրթություն է ստացել, կրթվածության, գիտելիքների, կարողությունների և  հմտությունների ձևավորվածության  առումով բոլորովին այլ է լինելու։ Առցանց դասավանդմամբ հնարավոր  չէ որակ ապահովել, որքան էլ ուսուցիչը ջանք թափի։

 -Ձեր կարծիքով ի՞նչ քայլեր են պետք ուսուցչի մասնագիտության գրավչությունը մեծացնելու համար։

 -Առաջին հերթին պետք է սկսել աշխատավարձի բարձրացումից, ընդ որում  համընդհանուր մակարդակում, ոչ թե պահանջելով ատեստավորում ու տարակարգ։ Համընդհանուր պետք է բարձրացվի, իսկ ատեստավորումով ու տարակարգով էլ ավելի բարձրացվի։ Ուսուցչի միջին աշխատավարձը պետք է լինի  գոնե  200-250 հազար դրամ, որ մասնագիտությունը դառնա գրավիչ։ Երկրորդ, պետք է վերանայվի կամ ավելի արդիականացվի մանկավարժական մասնագիտական կրթության որակը,  կրթական ծրագրերը, նոր մասնագիտացումներ ավելացվեն, օրինակ՝ կոմպլեկտավորված դասարաններում դասավանդող ուսուցիչ։ Եվ նման մասնագետներ պետք է պետության պատվերով պատրաստվեն ու գործուղվեն սահմանամերձ գյուղեր։

Նաև ուսանողներն  արդի աշխատանքային  պահանջներին համապատասխան միջավայրում պետք է կրթվեն։

Որոշակի աշխատանք պետք է տարվի մանկավարժների շրջանում՝ ամրապնդելու մասնագիտական էթիկայի նորմերը։ Դա կարող է ընդգրկվել նաև վերապատրաստումների ծրագրում։

 -Աշխատավարձի և հեղինակության բարձրացմանն ուղղված քայլերն արդյոք կնպաստե՞ն, որ դպրոցի լավագույն, տաղանդավոր աշակերտներն ընտրեն ուսուցչի մասնագիտությունը։

 -Մանկավարժական բուհը պետք է  անի այդ ֆիլտրացիան։  Բուհը չպետք է տնտեսական խնդիր լուծի, այն պետք է պետության կողմից  այնքան ապահովված լինի, որ ընդունի լավագույններին, որպեսզի նրանք էլ հետո  դառնան դպրոցի լավագույն ուսուցիչները։ Իսկ այսօր շատ ցածր գնահատականներով կարելի է ընդունվել մանկավարժական համալսարան, դրանից էլ որակն է տուժում։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև բուհը տնտեսական խնդիր է լուծում, ոչ թե կրթամշակութային և սոցիալական։

 Իսկ աշխատվարձերի  բարձրացումը մի քանի ոլորտում կարող է խնդիրներ  լուծել։ Օրինակ՝ պետությունը կարող է  ասել՝ աշխատավարձը բարձրացրել ենք, լավագույն որակ ենք պահանջում, այստեղ ուսուցիչներն արդեն չեն կարող տրտնջալ, թե չեք վճարում, բայց պահանջում եք։

 Նաև կարևոր է, որ պետությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի մանկավարժական գիտական ինստիտուտների կայացմանը, որովհետև այսօր այդ ոլորտում բավականին  լուրջ խնդիրներ կան  կրթական հետազոտությունների կազմակերպման, հետազոտական գործիքների արդիականացման առումով, այստեղ շատ թույլ է մեր ինստիտուցիոնալ համակարգը։  Եթե  պետությունը պատվեր չի իջեցնում հետազոտելու  կրթության ոլորտի հիմնախնդիրները և այդ հետազոտությունների  արդյունքների հիման վրա չի իրականացնում բարեփոխումներ, այստեղ ունենում ենք դիլետանտական մոտեցում։

  


 

հարցազրույց առցանց կրթություն կրթության որակ խմբագրի ընտրանի դպրոց ուսուցիչ մանկավարժ Արմինե Դավթյան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին