f

Անկախ

Թուրքիան կարող է օգտվել աշխարհաքաղաքական վիճակից և ամրապնդել իր ներկայությունն Իրաքի տարածքում․ արևելագետ


Թուրքիան արդեն մի քանի օր է, լայնածավալ ռազմական գործողություն է իրականացնում Իրաքի հյուսիսում՝ ուղղված Քրդստանի բանվորական  կուսակցության դեմ։ Քրդերի դեմ դուրս է բերվել մեծաքանակ զինուժ՝ F-16 կործանիչներից մինչև հարվածային ու հետախուզական ԱԹՍ-ներ, հրետանային դիվիզիոններ և հատուկ նշանակության ջոկատներ։ Ռուս-ուկրաինական պատերազմի դեպում իրար խառնված և Ռուսաստանի դեմ միմյանց հերթ չտվող պատժամիջոցներ կիրառող աշխարհը, սակայն, Իրաքի պարագայում անգործության է մատնված։ 

Ռազմական գործողության նպատակների, այդ գործողությանն աշխարհի և Իրաքի արձագանքի մասին է «Անկախը» զրուցել արևելագետ  Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, Թուրքիան հերթական անգամ ռազմական գործողություն է իրականացնում Իրաքի հյուսիսում։ Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում այս ռազմական գործողությամբ։

-Թուրքական զինված ուժերի ռազմագործողությունն   Իրաքի հյուսիսում եզակի չէ, այլ որոշակի պարբերականությամբ կրկնվում է արդեն մի քանի տարի։ Դրա հռչակված թիրախն Իրաքի հյուսիսում տեղակայված, Թուրքիայում և մի շարք այլ երկրներում ահաբեկչական ճանաչված Քրդստանի բանվորական կուսակցություն կոչվող ռազմաքաղաքական կազմակերպության  զինյալների դիրքերը, կայանատեղիները, զինապահեստներն են։ Իսկ  նպատակը տարածաշրջանում, այս դեպքում  Իրաքի հյուսիսում ՔԲԿ-ի դիրքերի թուլացումն է։ Թուրքական խորհրդարանն  ամեն  տարի մեկ տարով երկարաձգում է այդ երկրի ԶՈՒ-ի՝ Իրաքի տարածքում անդրսահմանային գործողություններ իրականացնելու  իրավունքը։ 

Այս տարվա գործողության գոնե մեկնարկը ինչ-որ առումով կարելի է պայմանավորել նաև ուկրաինական ճգնաժամով և այն հանգամանքով, որ աշխարհը զբաղված է շատ ավելի կարևոր հիմնախնդրով։ Մինչև այժմ Թուրքիայի գործողությունների վրա  որոշակի սահմանափակող դերակատարում ուներ ԱՄՆ-ն։ Նաև այս տեսանկյունից կարող ենք առանձնացնել գործողությունը, որ բավականին բարենպաստ պահ է Թուրքիայի համար՝  պայմանավորված աշխարհաքաղաքական լարվածությամբ։ 

Ինչն է հետաքրքիր, որ թուրքական կողմն այս գործողությունն անժամկետ է ներկայացնում, այսինքն՝ հնարավոր է, որ, օգտվելով հատկապես ԱՄՆ հետ նկատվող հարաբերությունների բարելավման գործընթացից,  ավելի խորքային գործողություն իրականացնեն Իրաքի տարածքում։ Այս պահին երեք հիմնական ուղղություն է նշված, բայց չի բացառվում, որ Թուրքիան ավելի ընդլայնի այս գործողությունը՝  պայմանավորված միջազգային լայն արձագանքի բացակայությամբ։

-Հնարավո՞ր է, որ բանը տարածքների օկուպացիայի հասնի, ինչպես Սիրաիայի Աֆրինի պարագայում եղավ։

-Հազիվ թե, որովհետև ի  տարբերություն Սիրիայի, որտեղ իրավիճակը գնահատվում է որպես միջազգային հակամարտություն, Իրաքում նման խնդիր չկա։ Ակնհայտ է, որ այս գործողությունն իրականացվում է ինքնիշխան պետության տարածքի դեմ, և ցանկացած նման գործողություն կարող  է գնահատվել որպես տարածքային օկուպացիա՝ դրան համարժեք, միջազգային իրավունքին  համապատասխան հակընդդեմ գործողություններով։

Հնարավոր է, որ թուրքական զինված ուժերի կողմից այս օպերացիան շատ ավելի ընդգրկուն լինի և,  օգտվելով առարկայական  զսպիչ մեխանիզմների բացակայությունից, թուրքական կողմը շատ ավելի խորքային գործողություն իրականացնի և բարելավի իր դիրքերը, ամրապնդի  իր ներկայությունն  Իրաքի տարածքում․ գիտենք՝ Թուրքիան ունի մի շարք ռազմական հենակետեր իրաքյան քրդստանի տարածքում, որոնց մասին իրաքյան կողմը մշտապես բարձրաձայնում է, բայց փաստացի առարկայական որևէ քայլ ոչ Իրաքի, ոչ  միջազգային հանրության կողմից չի ձեռնարկվում թուրքական այդ հենակետերը Իրաքի տարածքից դուրս բերելու ուղղությամբ։

-Իսկ աշխարհի լռությունն ինչո՞վ է պայմանավորված, արդյոք դեր ունի՞ այն  հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։

-Նման  գործողությունների  մեկնարկից հետո իրաքյան կողմը մշտապես արձագանքել է դիվանագիտական մակարդակում։ Այս տարի ևս և նախագահի մակարդակով, և խորհրդարանական ուժերի կոալիցիայի առաջնորդի մակարդակով քննադատական հայտարարություններ են հնչել, Իրաքում Թուրքիայի դեսպանն է հրավիրվել ԱԳՆ, խիստ ձևակերպումներով բողոքի նոտա է հղվել։ Թուրքիայի գործողությունները նաև դատապարտել է  Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը։ 

Որոշակի առումով Թուրքիայի գործողությունների  քննադատությունն ավելի սահմանափակ բնույթ է կրում։ Արձագանքը մշտապես  սահմանափակ է եղել։

Ուկրաինայի պարագայում ականատես ենք լայնամասշտաբ պատերազմի։ Իսկ Թուրքիան իր գործողությունները հռչակում է որպես հակաահաբեկչական, որը պարբերական բնույթ ունի և ժամանակային որոշակի սահմանափակումներ ունի։

Միայն ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը բավարար չէ։ Գործողությունն  իրականացվում է մի կազմակերպության դեմ, որը և Թուրքիայում, և արևմտյան մի շարք երկրներում հռչակված է որպես ահաբեկչական։ 

Հիշում ենք, որ հատկապես 21-րդ դարի սկզբից հակաահաբեկչական պայքարը միջազգային հարաբերություններում առանցքային ուղղվածություն էր, և բազմաթիվ երկրներ՝  ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՌԴ-ն մի շարք թեժ տարածաշրջաններում՝ Աֆղանստան, Սիրիա, Լիբիա և այլն, իրենց արտաքին ներխուժումը ներկայացրել են որպես միջազգային ահաբեկչության դեմ պայքար։  Թուրքիան էլ, բնականաբար, ներկա միտումների տրամաբանության մեջ մշտապես իր գործողություններն է իրականացրել Քրդական բանվորական կուսակցության դեմ և սեփական տարածքում, և Իրաքի ու Սիրիայի տարածքում։ 

Ասեմ ավելին, ՔԲԿ-ի գործոնը  Թուրքիայի կողմից բազմիցս օգտագործվել է նաև ՀՀ դեմ, հատկապես քարոզչական  հարթությունում։ Տարբեր լրատվամիջոցներ պարբերաբար հրապարակումներ են անում այն մասին, որ ՀՀ տարածքում,  մինչև 44-օրյա պատերազմը նաև Արցախի տարածքում եղել են  ՔԲԿ  ճամբարներ, որտեղ պատրաստել են ահաբեկիչներ և որոնք հադես են եկել  Թուրքիայի դեմ։ Նրանք  նաև Հայաստանն են ներկայացրել որպես ՔԲԿ  համար հենակետ։

-Իրաքն իր երկրի տարածքում այլ երկրի կողմից ռազմական  գործողություններին արձագանքում է ընդամենը դիվանագիտական մակարդակում՝ հայտարարություններով։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Անկարո՞ղ են այլ կերպ արձագանքել, թե՞ ․․․

- Տեսեք, Իրաքի արձագանքը մշտապես դիվանագիտական հարթությունում է  եղել, քանի որ այլ գործիքակազմ չունեն։ Իրաքը տևական ժամանակ՝ 2000-ականներից սկզբից մինչև այսօր  ճգնաժամի մեջ է գտնվում՝ և անվտանգային, և տնտեսական, և ներքաղաքական, այսօր էլ լրջագույն ճգնաժամ է կառավարության ձևավորման հետ կապված։ Դա է  պատճառը, որ ռազմական գործողությունների չեն դիմել։ Բացի այդ,  Իրաքը նաև երկրի ներսում Իսլամական պետության և այլ խմբավորումների դեմ գործողություններ իրականացնելու խնդիր է ունեցել, այդ իսկ պատճառով մեծ հաշվով չի միջամտել Թուրքիայի գործողություններին, այլ պատասանել է դիվանագիտական հարթակում։ Պարզապես նախկինում թուրքական կողմը  երբեմն նախազգուշացնում էր Իրաքի կառավարությանը նման գործողություն իրականացնելու մասին, իսկ այս վերջին դեպքում կարծես առանց նախազգուշացնելու են իրականացրել, և այս հանգամանքը նշվում է իրաքյան կողմի բոլոր արձագանքերում։

-Նշեցիք, որ Հայաստանի դեմ էլ է քրդական հարցն օգտագործվում։ Տեսական մակարդակում եթե քննարկենք, Հայաստանն էլ ճգնաժամային իրավիճակում է, հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի  այդ պատրվակով նաև ՀՀ-ում ռազմական  գործողություն իրականացնեն այդ նույն պատրվակով։ Այդպիսի հեռանկար տեսնո՞ւմ եք։ 

-Ներկայում նման հեռանկար չեմ տեսնում։ Բայց թուրքական կողմի համար այս  խնդրի պարբերական արծարծումը առնվազն հիմքեր է ստեղծում, որպեսզի  հեռանկարում նման գործողությունների անհրաժեշտության դեպքում  իրենք  ունենան  առնվազն  իրավական և քարոզչական հիմնավորում։

 Եթե դիտարկում ենք Թուրքիայի հնարավոր ներխուժում ՀՀ տարածք, ապա դա կարող է  լինել նաև այս հիմնավորմամբ։ Փորձագիտական գնահատականներում մշտապես նշում ենք, որ Սյունքում այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի տրամադրման դեպքում հաջորդ քայլը կարող է լինել Սյունիքի օկուպացիան։ Ահա, Սյունիքի օկուպացիայի իրականացման հարցում, օրինակ՝ թուրքական կողմը  շատ հանգիստ կարող  օգտագործել այս խնդիրը՝ նշելով, որ ենթադրյալ միջանցքի աշխարհագրական տարածքում առկա են ՔԲԿ  ահաբեկիչներ, և նրանց չեզոքացնելու ու  այդ կարևոր տարածաշրջանային տրանսպորտային կապուղու անվտանգությունն  ապահովելու համար Թուրքիան դիմում է նման գործողությունների։ Այսինքն՝ նման քայլերի հնարավորություն, իհարկե, կա, պարզապես այս պահին կամ կարճաժամկետ հեռանկարում դրա իրականացման  հնարավորութւունները կանխատեսելի չեն։

 

Արմեն Պետրոսյան Իրաք Թուրքիա ռազմական գործողություն Քրդական բանվորական կուսակցություն խմբագրի ընտրանի հարցազրույց

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին