ԳԱՂԹՕՋԱ՞Խ, ԹԵ՞ ԿՐԹՕՋԱԽ
Չեմ նայել 5-րդ ալիքի «Դեմ առ դեմ» հաղորդում-բանավեճը Սերժ Սրապիոնյանի և Աշոտ Բլեյանի միջև։ Սակայն իմացա, որ Աշոտ Բլեյանը Արցախն անվանել է հայկական գաղթօջախ։ Այն որ Աշոտ Բլեյանը և նրա համախոհները Արցախը համարում էին բեռ և երազում էին Արցախից ազատվելու ու «լավ» ապրելու մասին գիտեի։ Բայց Արցախը գաղթօջա՞խ․․․Հայկական գաղթօջախներ կան ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, այլ երկրներում։
Իսկ Արցախը պատմական Հայաստան է, իր բնիկ հայ ժողովրդով։ Ավելին, 17-րդ դարում Շահ Աբբասի կողմից Արևելյան Հայաստանից բռնագաղթի ենթարկվեց ողջ հայ ժողովուրդը, բացառությամբ Սյունիքի և Արցախի հայության։ 1828թ․ հետո նորից Արևելյան Հայաստանը վերաբնակեցվեց հայերով, այսօր հայության կողմից ատելի ռուսների կողմից։ Այսինքն, պարոն Բլեյան, Հայաստանի հանրապետությունն ավելի մոտ է գաղթօջախ անվանը, քան Արցախը։ Եվ այս անձնավորությունը ղեկավարում է գաղթօջա՞խ, ներեցեք՝ կրթօջախ։
Եվ վերջապես հարց Աշոտ Բլեյանին․ Պարոն Բլեյան, հայտնի է, որ1988թ․ «Ղարաբաղ» կոմիտեն ստեղծվել էր մեկ նպատակի համար՝ վերամիավորել Հայաստանն ու Արցախը։ 1989թ․ «Ղարաբաղ» կոմիտեի հիմքի վրա ստեղծվեց ՀՀՇ-ն, որի գաղափարական առանցքը նույնպես Արցախի վերամիավորումն էր։ Եթե դուք, որպես կոմկուսի անդամ դեմ էիք արցախյան շարժմանը, ապա ինչու՞ դարձաք ՀՀՇ ոչ միայն շարքային, այլև վարչության անդամ։