f

Անկախ

Արցախում  խիղճներս հանգիստ էինք ապրում․ Գևորգ Գևորգյան


Ազատամարտիկ, Արցախի Քաշաթաղի շրջանի Հիմնաշեն գյուղի հիմնադիր, 55-ամյա Գևորգ Գևորգյանը վստահ է՝ մի օր մեր կորսված հողերը հետ ենք բերելու, բայց դրա համար պետք է, որ բանակը հզորացնենք։

«Ինչ ուզում ես արա, թուրքը հանգստացող չէ, նա  միշտ տարածք է ուզելու, մինչև իսկ Երևանն էլ կուզի»,- ասում է Գևորգյանը և հավելում, որ չի հավատում հնարավոր խաղաղ գոյակցությանն ադրբեջանցիների հետ։ Հիշեցնում է՝ ադրբեջանցիները քիչ է մնում իրենց երեխաներին մանկապարտեզում հայ սպանել սովորեցնեն, այդ պայմաններում էլ ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել։ Վստահ  է՝ եթե ճանապարհները բացվեն, Ադրբեջանցիները Հայաստանի տարածքով հանգիստ կերթևեկեն, մինչդեռ որևէ հայ չի համարձակվի Ադրբեջանի տարածքով գնացքով անցնել։

«Եթե մենք փորձենք անգամ քարով խփել նրանց, կդատեն, իսկ Ադրբեջանում հայ սպանելը հերոսություն է, դրա համար հերոսի կոչում կշնորհեն նրանց իշխանությունները»,- ասում է Գևորգյանը։

Ազատամարտիկը նաև շեշտում է՝ ինքը դեմ չէ խաղաղությանը, ավելին, խաղաղություն է ուզում, բայց ոչ այն, ինչ այսօր ունենք՝ ամոթալի ու խոնարհված «խաղաղություն»։

Պատերազմից ու հայրենի դարձած գյուղը կորցնելուց հետո Գևորգյանն ընտանիքի հետ Երևան է տեղափոխվել։ Բայց անցած ժամանակահատվածում այդպես էլ չի համակերպվել նոր իրողության ու կյանքի հետ։ Ասում է՝ Արցախում մարդկային հարաբերություններն ու շփումն այլ էր, չկար իշխանավոր և շարքային քաղաքացի, բոլորը հավասարի պես մեկ սեղանի շուրջ նստում ու զրուցում էին։ «Այնտեղ խիղճներս հանգիստ էինք ապրում»,- ասում է նա՝ հավելելով, որ չնայած կրած բազում դժվարություններին՝ չի զղջում Արցախում ապրած 23 տարիների համար։ Ավելին, Գևորգյանը որոշել է տնտեսություն հիմնել Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղում։ Արդեն իսկ իր համայնքից երկու ընտանիքների օգնել է Բերդաձոր տեղափոխվելու հարցում։

«Մարդիկ վստահ էին իրենց ուժերին և ապրուստ էին ստեղծում»

Գևորգ Գևորգյանը մասնակցել է Արցախի համար մղված բոլոր երեք պատերազմներին։ Հիշում է՝ ազատամարտի հաղթական ավարտից հետո Արցախի առաջին վերաբնակներից են եղել Արաբո ջոկատի իր մարտական ընկերները։ Պատմում է՝ ինքն էլ, խուսափելով քաղաքական հետապնդումից, մեկ տարի Արցախում է ապրել, իսկ հետո այլևս Երևան վերադառնալ պարզապես չի ցանկացել և ընտանիքին էլ է Արցախ տեղափոխել։ Ասում է՝ Քաշաթաղի հյուսիսում գյուղ էր փնտրում, որը զրոյից կվերաբնակեցներ ու կշենացներ, բայց ջրին մոտ գտնվող բնակավայրերն արդեն բնակեցված էին։ Արդյունքում ընտրում է Հիմնաշենը, որից այն կողմ կիլոմետրերով անբնակ տարածքներ էին և դրանք հանգիստ կարելի էր որպես արոտավայր օգտագործել և որպես որսատեղի։ Ասում է, որ գյուղը գողտրիկ մի տեղանքում էր՝ ծովի մակերևույթից 1800 մետր բարձրության վրա,  լեռներով ու  անտառներով շրջապատված բացատի կենտրոնում։ 

Գևորգ Գևորգյանը գյուղի հիմնադիր գյուղապետն է, իսկ 2003-ից, երբ համայնքների խոշորացում տեղի ունեցավ Արցախում, նա ընտրվեց Շալուա համայնքի ղեկավար, որի մաս էր նաև Հիմնաշենը։

Գյուղի վերաբնակները Շիրակի մարզի Հայկաձոր և Ջրափի գյուղերից էին։ Գևորգյանը պատմում է, որ այդ գյուղերի բնակիչներին հավաքել ու պատմել է, թե Հիմնաշենում որքան բարենպաստ է բնությունը անասնապահության համար։ 15 ընտանիքների ներկայացուցիչներ գյուղ են եկել՝ ծանոթանալու տեղանքին, նրանցից 9-ը ընտանիքներով հաստատվել են գյուղում։ «Սկզբում մտայնություն կար՝ մի երկու տարի ապրուստ կստեղծեն, հետո կհեռանան, բայց այդ 2 տարին դարձավ 20 տարի։Եվ բոլորն էլ  շատ դժվարությամբ են գյուղը թողել ու մինչև հիմա չեն համակերպվում կորստին, մարդիկ լացում են, հենց հիշում են»,- ասում է Գևորգյանը։

Պատմում է, որ անասելի դժվարությունների միջով են անցել  գյուղը շենացնելու համար։ Մինչև 2011թ․ ապրել են առանց էլեկտրականության՝ աշխարհի անցուդարձից անտեղյակ։ Խմելու ջուր մինչև վերջ էլ չեն ունեցել․ նոր-նոր էին ջրագիծը կառուցում, երբ պատերազմը սկսվեց։ Հիշում է՝ սկզբնական տարիներին ողջ գյուղում կար մեկ «Նիվա» և մեկ բեռնատար։ Մոտակա խանութն էլ Բերձորում էր։ Ասում է՝ խանութ գնալիս առևտուր էին անում ողջ գյուղի համար․ պարկով ալյուր էին առնում ու տնտետուն անցնելով բաժանում։ Բարվոք չէին նաև բնակարանային պայմանները․ շրջակայքից ով ինչ գտել էր, դրանով էլ բնակելի վիճակի էր բերել իրեն բաժին հասած փլատակը։ Գևորգյանն ափսոսանքով  է նշում՝ 2020-ին նոր միայն պետական աջակցություն էին ստացել շինանյութի տեսքով։ Գյուղում մարդիկ բնակարանների վերանորոգման փուլում էին, երբ վրա հասավ պատերազմը՝ թույլ չտալով, որ հիմնաշենցիները վայելեն իրենց վերանոգորված տները։

Հիշում է՝ քաղաքից եկած մանկավարժները չհարմարվեցին Հիմնաշենի դժվարին պայմաններին ու հեռացան, արդյունքում թե Հիմնաշենի, թե հարակից մյուս գյուղերի աշակերտները հաճախում էին Շալուայի դպրոց։

Խոսելով գյուղի տնտեսության մասին՝ Գևորգյանն ասում է, որ Հիմնաշենի բնակիչները բոլորն էլ փորձառու անասնապահներ էին, նաև իրենց հետ որոշակի թվով կենդանիներ էին բերել, արդյունքում անասնապահությունը գյուղում մեծ տեմպերով է զարգացել։

«Պայմաններն այնպիսին էին, որ գյուղացին ծախս չէր անում, բայց եկամուտ էր ստանում։ Մարդիկ վստահ էին իրենց ուժերին և ապրուստ էին ստեղծում»,- ասում է նա։

«Հարևան բնակավայրերում բնակիչները հիմնականում քաղաքներից էին եկել, գյուղատնտեսությունից, անասնապահությունից տեղեկություններ չունեին, փորձ չունեին, նոր էին սովորում, իսկ իմ բնակիչները փորձ ունեին ու արագ ընտելացան նոր պայմաններին»,- ասում է Գևորգյանը՝ հավելելով, որ եկամուտների աճին զուգահեռ բնակիչները նաև գյուղտեխնիկա էին ձեռք բերել և անգամ հարևան գյուղերին էին օգնում խոտքաղի ժամանակ։

«Տարեկան մինչև 10 հազար հակ  խոտ էր վաճառվում Հիմնաշենից։ Մեզ մոտ նաև  արտակարգ սխտոր ու կարտոֆիլ էր աճում։ Միայն ես տարեկան մոտ 50 պարկ սխտոր էի ուղարկում վաճառքի, ոռոգման ջուր չկար, անձրևի հույսին էինք ցանում, բայց լավ բերք էինք ստանում։ Նաև այգիներ ունեինք՝ սալոր, խնձոր»,- ասում է Գևորգյանը։

Անդրադառնալով համայնքի ցուցանիշներին՝ Գևորգյանն ասում է, որ պատերազմից առաջ Շալուա համայնքն (Շալուա, Հիմնաշեն, Վերին Շեն, Քարուտ գյուղերը) ուներ 121 բնակիչ, որոնցից 40-ը Հիմնաշենում էին։ Ընդ որում, բազմազավակ ընտանիքներ էին։ Գևորգյանը կատակում է՝ ամենաքիչ երեխաներ ունեցողն ինքն էր․ ընդամենը 4 երեխա ունի։

Համայնքն ուներ ընդհանուր  370 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, շուրջ 500 գլուխ խոզ, 190 ածան հավ, չհաշված ընտանի թռչունների մյուս տեսակները։

Համայնքապետն ասում է, որ տարեկան 80-100 գլուխ անասուն էին գյուղից վաճառում։ Իսկ եթե իրենք էին անասուն մորթում, ապա միսն իրացնում էին Ստեփանակերտում։

Պատերազմը․․․

Պատերազմի մասին առաջիններից մեկն է եղել, որ տեղեկացել է։ Հիշում է՝ առավոտյան 6-ին խոտքաղի էին գնացել, դաշտում էին, երբ պայթյունների ձայնը լսեցին։ 

«Այս պատերազմը այլ էր նախորդներից։ Անհասկանալի բաներ շատ կային։ Սկզբնական օրերին՝ 10 օր, մարտական ոգին տեղն էր, բայց հետո անգամ օդային տագնապ չէին տալիս, որ մարդիկ պատսպարվեն։ Անպատասխան ավերում էր թշնամին։ Մեր գյուղի վրա  արդեն օրական 7-8 անօդաչու էր պտտվում, չէին խփում, բայց առաջ Վարդենիսից խփում էին»,- հիշում է Գևորգյանը։ Նա պատմում է, որ գյուղից կանանց ու երեխաներին լեռնային ճանապարհներով Սիսիան են հասցրել․ հիմնական ճանապարհը վտանգված էր։Իսկ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո էլ մինչև նոյեմբերի 30-ը տղամարդկանցով գյուղում են եղել․ չէին ուզում հավատալ, որ ի վերջո թողնելու են գյուղը։ 

«Քաշաթաղի հարավային  թևում թշնամուն կանգնեցնելու շատ հնարավորություններ կային։ Բայց մի ծրագիր մշակեցին՝ «Դժոխքի ձոր» անունով, թշնամուն բերին հասցրին ձոր, հետո արդեն հազիվ դեմն առանք, իրենք արդեն ֆոսֆորային արկեր կիրառեցին, էլ ի՞նչ բեկում, զորքը ցիրուցան էր եղել, տեսնում էի, ոնց են մարդիկ զենքը թողել ու գնում են։ Վերջում բանակի ոգին կոտրվել էր»,- հիշում է Գևորգյանը։

Չնայած այդ ամենին՝ Գևորգյանը վստահ է՝ կարող էինք Քաշաթաղը համաձայնագրով չհանձնել՝ հավելելով, որ ոչ ինքը, ոչ իր համագյուղացիները չեն համակերպվում նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ։


 

Արցախ Քաշաթաղ կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Գևորգ Գևորգյան Հիմնաշեն գյուղ Շալուա համայնք

«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Ավելին
Ավելին