Թուրքիան հավատարիմ իր մշտական գործելաոճին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում բանագնաց է նշանակել Հայոց ցեղասպանության ժխտման գործում մեծ աշխատանք իրականացրած Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի կողմից նշանակված բանագնացը լուրջ ազդակ պետք է լինի Հայաստանի իշխանությունների համար, քանի որ նա դեռեւս 2014-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նշանակվել էր ԱՄՆ-ում դեսպան՝ կանխելու Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված գործընթացները։
«Այսինքն, Թուրքիան բանագնաց է նշանակել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պրոֆեսինոալ պայքար մղած, ԱՄՆ-ում հակահայկական ցույցեր կազմակերպած, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչող բանաձեւերի ընդունման դեմ պայքարած եւ հակահայկական գործունեություն ծավալող ԱՄՆ Կոնգրեսի թուրք լոբբիստներին համակարգած դիվանագետին»,-նշեց Իսպիրյանը՝ շեշտելով, որ փաստացի Թուրքիան այս նշանակումով բացահայտ ցույց է տալիս, թե ինչ գծով է ընթանալու հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Նշենք, որ Սերդար Քըլըչը ծնվել է 1958 թվականին, Սեւծովի ափին գտնվող Սամսուն քաղաքում։ Աշխատել է Թուրքիայի տուրիզմի նախարարությունում, Ազգային անվտանգության խորհդում, արտաքին գործերի նախարարությունում, եղել տարբեր երկրներում Թուրքիայի դեսպան։ 2014-2021 թվականներին հանդիսացել է ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանը։ Հետ է կանչվել Անկարա 2021 թվականի փետրվարի 23–ին։ Ամուսնացած է, ունի 3 երեխա։