Պետությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համատեքստում քննարկում է տարբերակներ՝ միկրոձեռնարկություններին աջակցելու համար: Այս մասին այսօր մամուլիւ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:
«Կառավարության հաստատած 8-րդ միջոցառումը հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների, հանրային սննդի, զբոսաշրջության, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների և մանրածախ առևտրի ծառայությունների համար է: Մանրածախ առևտրի համար կա սահմանափակում. չեն կարող մասնակցել սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլ վաճառող մանրածախ կետերը: Ութերորդ միջոցառումը նախատեսված է միկրոտնտեսավարողների համար: Երրորդ միջոցառումը, ցավոք, այս պահին սահմանափակում ունի, և կարող են դիմել միայն 24 մլն և ավելի շրջանառություն ունեցած տնտեսավարողները: Բայց մենք ներկայում բոլոր հարցումների և ստացվող հայտերի դիմումների արդյունքում քննարկում ենք տարբեր միջոցառումներ՝ նաև միկրոձեռնարկությունների համար»,-ասաց Մարգարյանը:
Կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը միտված է փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցմանը: Կարող են օգտվել այն ՓՄՁ-ները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում: Դրանց 2019-ի շրջանառությունը պետք է լինի 24-500 մլն դրամի շրջանակում, և 2019-ի մեկ եռամսյակի շրջանառությունը ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելին պետք է լինի: