f

Անկախ

Ընկածին չեն խփում, բայց ոչ աշխարհաքաղաքական խաղերում․ Լիբանանը՝ նոր ճգնաժամի կիզակետում


Լիբանանի և Սաուդյան Արաբիայի ու Պարսից ծոցի նրա դաշնակից երկրների միջև առաջացած դիվանագիտական սկանդալը  հերթական գործոնն է, որ մղում է ցունգցվանգի մեջ գտնվող այդ երկրին հայտնվել անկառավարելի քաոսում։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Սաուդյան Արաբիա-Լիբանան դիվանագիտական սկանդալում և  ինչպե՞ս այդ ամենը կանդրադառնա Լիբանանում հայկական համայնքի վրա․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, այնուհետև նաև ԱՄԷ, Քուվեյթը, Բահրեյնը, Եմենը հետ են կանչել Լիբանանում իրենց դեսպաններին,  իրենց երկրից էլ դուրս են հրավիրել Լիբանանի դեսպանին և հայտարարել Լիբանանից ներկրումների արգելքի մասին  այն բանից հետո, երբ հրապարակվել էր տեսանյութ, որում Լիբանանի տեղեկատվության նախարարը քննադատում էր Սաուդյան Արաբիայի վարած քաղաքականությունը Եմենի պատերազմում։ 

-Պարոն Պետրոսյան, Համաշխարհային բանկի բնորոշմամբ Լիբանանն ապրում է համաշխարհային պատմության ամենածանր տնտեսական ճգնաժամերից մեկը։ Եվ սրան զուգահեռ դիվանագիտական  ճգնաժամ է առաջացել Պարսից ծոցի մի շարք երկրների՝ մասնավորապես Սաուդյան Արաբիայի և իր դաշնակիցների հետ։ Այս նոր ճգնաժամն ինչպե՞ս կանդրադառնա առանց այդ էլ ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանի վրա։

-Իրականում Լիբանանի համար դեռևս 2019-ի վերջից բավականաչափ բարդ ներքաղաքական ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։ Չնայած ներքաղաքական  որոշակի կայունացմանը, տնտեսական և արտաքին քաղաքականության հետ կապված անկայունությունը և խնդիրները շարունակում են խորանալ։ Պատճառները մի քանիսն են։ Առաջին հերթին պայմանավորված են Լիբանանի ներքաղաքական համակարգով, դրանում եղած բազմաբնույթ խնդիրներով, որոնք երկիրը նման խորքային ճգնաժամի են հասցրել։ Հաջորդը տարածաշրջանային մրցակցությունն է և դրա արտապատկերումը Լիբանանի ներքաղաքական կյանքում՝ հաշվի առնելով այդ երկրի համայնքային բնույթը։ Սաուդյան Արաբիա-Իրան, Իսրայել-Իրան, ԱՄՆ-Իրան հակասությունները, սիրիական հակամարտությունը իրենց ազդեցությունն ունեն Լիբանանի ներքաղաքական կյանքի վրա։ Անշուշտ, վերջին զարգացումները ևս իրենց բացասական հետևանքները կունենան Լիբանանի ներքաղաքական կյանքում և տնտեսական ճգնաժամում։

Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները լրջագույն գործոն են եղել  Լիբանանի տարածքում սունի ազգաբնակչության քաղաքական ուժերի հովանավորման հարցում։ Եվ այս դիվանագիտական ճգնաժամը, որի հետևանքով  գոնե առժամանակ  դադարեցվել են այդ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները, ուղերձ է Լիբանանի իշխանություններին, որ Սաուդյան Արաբիայի հեղինակությունը վնասելուն միտված ցանկացած քայլ հղի է բավականաչափ ծանր հետևանքներով Լիբանանի համար և որ այդ երկրի իշխանությունները պետք է հաշվի նստեն Սաուդյան Արաբիայի շահերի հետ Լիբանանի ներքին կյանքում։

Ընթացող զարգացումները նաև տարածաշրջանում  Սաուդյան Արաբիա-Իրան մրցակցության խորացման հետևանք են։ Այս համատեքստում Լիբանանի պես կարևոր երկրում, որտեղ երկու տարածաշրջանային դերակատարներն ունեն առնվազն հավասար դերակատարում, չնայած Իրանն ունի ավելի մեծ հնարավորություններ, Սաուդյան Արաբիան չի կարող հանդուրժել նման վերաբերմունք։ 

Նշեմ, որ Սաուդյան Արաբիայի և Լիբանանի միջև հարաբերությունների սառնությունը  նկատվում է դեռևս 2018 թվականից, երբ որոշակի խնդիրներ էին առաջացել այն ժամանակվա վարչապետ Սաադ ալ Հարիրիի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ  արքայազն Մուհամադ բին Սալմանի միջև։ Այս երկրների միջև հարաբերություններում  վերջին երկու տարիներին որևէ զարգացման դինամիկա չի արձանագրվել,  ի տարբերություն  Իրանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, որոնց  հետ հարաբերություններն անգամ այս ճգնաժամային իրավիճակում շատ ավելի սերտ են և միտված են Լիբանանը քաղաքական, տնտեսական և մարդասիրական լրջագույն ճգնաժամից դուրս բերելուն։ 

-Վերջին երկու տարիներին Լիբանանի մասին խոսելիս միշտ նշվում է, որ  այս երկիրը կարող է մտնել անդառնալի քաոսի փուլ, այսպես ասած՝ «անդունդի» եզրին է։ Այս նոր ճգնաժամն արդյոք երկիրն ավելի՞ է մոտեցնում անդառնալի քաոսում ընկղմվելու վտանգին։ 

-Ընդհանուր առմամբ՝  նմանատիպ գնահատականները բավականաչափ օբյեկտիվ են՝ հաշվի առնելով  այդ երկրի համայնքային  բնույթը և քաղաքական կառավարման համակարգի առանձնահատկությունները։  Ի՞նչ նոր բաղադրիչներ կարող են ավելացնել այս վերջին զարգացումները լիբանանյան ճգնաժամի խայտաբղետ պատկերին։Առաջինը՝ սունիական համայնքը զրկվում է  հիմնական արտաքին  հովանավորից։ Այսպիսով ստեղծում է զգալի բաց, ինչը կարող է փակվել այլ  խաղացողների՝ խաղի մեջ մտնելով։ Օրինակ՝ Կատարը և նրա աջակցությամբ Թուրքիան կարող են իրենց աջակցությունը հայտնել սունիական համայնքին։  Երկրորդը տնտեսական հնարավոր հետևանքն է, որովհետև Սաուդյան Արաբիան  և նրա դաշնակից  մյուս արաբական երկրները կարևորագույն տնտեսական գործընկերներ են Լիբանանի  համար։ Նրանք նաև որոշակի առումով ֆինանսատնտեսական դոնորներ են։ Եվ տնտեական հարաբերությունների խզումը կարող է շատ ավելի խորացնել առկա տնտեսական վատթարագույն վիճակը, որում հայտնվել է Լիբանանը։ Սա, իր հերթին, կարող է պատճառ դառնալ նոր բողոքի գործողությունների հասարակական լայն ալիքի։

Նշեմ, որ բողոքի վերջին գործողություններն ուղեկցվեցին զինված բախմամբ։ Հաջորդ միջադեպը կարող է  շատ ավելի լայնամասշտաբ լինել  և երկրում նոր քաղաքացիական պատերազմի հնարավորություն առաջացնել։

-Արդյո՞ք Լիբանանում տեղի ունեցողը նաև ավելի մեծ խաղի մի մասն է՝ այն է՝ Արևմուտքի և իր դաշնակիցների՝ Իրանի դեմ մղվող պայքարի մի բաղադրիչը։

-Տարածաշրջանում առկա  բոլոր հակամարտությունները որոշակիորեն իրենց ազդեցությունն են ունենում նաև Լիբանանի ներքաղաքական կյանքի վրա։ Միանշանակ է, որ ԱՄՆ-Իրան լարվածությունը, որը հատկապես խորացել էր Թրամփի կառավարման  շրջանում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող գործընթացները, որոնք դրսևորվում են Իրան-Իսրայել  հավելյալ լարվածությամբ, ուղղակիրոեն ազդում են նաև Լիբանանի ներքաղաքական կյանքի վրա, որովհետև Հիզբալահի զինաթափման հստակ խնդիր է դրված։ Նպատակն է Իրան-Իսրայել հնարավոր դիմակայության դեպքում Հիզբալահի աջակցությամբ Իսրայելի հնարավոր թիրախավորման չեզոքացումը։ 

Ասվածի հավաստումն է այն, որ  2019-ից, երբ Լիբանանում սկսվեց ներքաղաքական  լարվածությունը և տնտեսական ճգնաժամը, որը հատկապես խորացավ անցած տարի Բեյրութի  նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, բոլոր տեսակի միջազգային աջակցությունները Լիբանանին, հատկապես Արևմուտքի և միջազգային կառույցների կողմից, ստվերային  նախապայման  են  առաջ քաշում ՝ Հիզբալահի դիրքերի թուլացում։ 

Լիբանանն այնպիսի իրավիճակում է, որ  բավականին բարդ է առանց արտաքին ֆինանսական և տնտեսական աջակցության հաղթահարել այդ  ճգնաժամը, իսկ ցանկացած նման աջակցություն որպես առանցքային նախապայման դիտարկում է Հիզբալահի դերակատարման թուլացումը։ 

-Ստացվում է, որ  Հիզբալահի չեզոքացումը Լիբանանում ժամանակի հարց է, քանի որ դա է այդ երկրում  ճգնաժամի հաղթահարմանն ուղղված աջակցության «բանալին»։ 

-Նախապայմանը դա է, բայց հաշվի առնելով այդ կազմակերպության լրջագույն դերակատարությունը և հնարավորությունները, քաղաքական ճնշման միջոցով դրա իրագործումն անհնարին է։ Այդ կազմակեպությունն ունի  զգալի ռազմական հնարավորություններ, որոշակի տնտեսական ներուժ, նաև Իրանն է   շարունակում  տնտեսական աջակցություն ցուցաբերել,։ Իրանում քաջ գիտակցում են՝  եթե Թեհրանի հակառակորդներին հաջողվի խաղից դուրս թողնել Հիզբալահին, դա զգալի վնաս և հարված կլինի իրենց  դիրքերին, հետևաբար Իրանի կողմից  բոլոր հնարավոր հարթություններում փորձ է արվում աջակցել Հիզբալահին, որպեսզի նրա դիրքերը որևէ կերպ չթուլանան։ Մեծ հաշվով  Իրանն իր անվտանգային սահմանն այդ ուղղությամբ հասցրել է  Լիբանան և Հիզբալահի միջոցով փորձում է պաշտպանել իր անվտանգային սահմանները Արևմուտքից։

-Որպես միջնորդ փորձում է հանդես գալ Կատարը։  Գիտենք, որ Կատարը տարածաշրջանում Թուրքիայի գործընկերներից է , այս երկրում Թուրքիայի ազդեցությունը մեծ է։ Ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ Թուրքիայի ազդեցության մեծացման առումով Լիբանանում։

-Տեսեք, ներկայում Կատարի միջնորդությունը Սաուդյան Արաբիայի, Պարսից ծոցի արաբական մյուս երկրների  և Լիբանանի հարաբերությունների կարգավորմանն է միտված։ Չնայած բավականաչափ կարևոր է այդ միջնորդությունը, բայց դրա  արդյունավետության աստիճանը խիստ վիճարկելի է, որովհետև վերջին տարիների ընթացքում նաև լուրջ խնդիրներ էին առաջացել Կատարի և նշված արաբական երկրների միջև, և նրանց հարաբերությունները  մինչև այժմ ամբողջությամբ կարգավորված չեն։

Բայց եթե այս միջնորդությունը չի հաջողում,  Կատարն ունի սեփական աջակցությունն առաջարկելու այլ մեխանիզմ՝ Թուրքիայի հետ համագործակցությամբ Լիբանանին աջակցության ցուցաբերում Կատարի ֆինանսական միջոցներով և Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ։ Նման օրինակ տեսել ենք տարածաշրջանային մի քանի երկրներում, օրինակ՝ Կատարում, Լիբիայում, Սիրիայում և Աֆղանստանում։  Այսինքն Կատար-Թուրքիա համագործակցության ձևաչափը կարող է առարկայանալ նաև Լիբանանում։ Հաշվի առնենք նաև այն, որ  նախորդ երկու տասնամյակներում Թուրքիային հաջողվել է որոշակի ազդեցություն հաստատել Լիբանանի տարածքում՝ հատկապես հյուսիսային շրջաններում։ Այս ամենը կարող է որոշակի հիմք ծառայել Լիբանանում այս երկու դերակատարների դիրքերի  ամրապնդման, քանի որ այդ ուղղությամբ  օբյեկտիվ հիմքեր են ստեղծվել։

-Լիբանանում է Մերձավոր Արևելքի խոշորագույն հայկական համայնքը։ Սիրիայի և Իրաքի օրինակով տեսանք, որ այդ երկրներում  անկայությունից  առաջնային տուժում է հայկական համայնքը։  Տեղի ունեցող զարգացումները ինչո՞վ են վտանգավոր Լիբանանում հայկական համայնքի համար։

-Վերջին երկու տարիների ընթացքում տեղ գտած բոլոր  խնդիրները և ճգնաժամերն ուղիղ ազդեցություն են ունեցել նաև Լիբանանի հայ համայնքի վրա։Այդ ամենի հետևանքով  նկատվում է համայնքի զգալի  նոսրացում, այսինքն արտագաղթի միտումներ։ Վստահաբար, ճգնաժամի խորացումը միանշանակ բացասական ազդեցություն է ունենալու համայնքի վրա, և այն խնդիրները, որոնց բախվելու են Լիբանանի բոլոր քաղաքացիները, դրանց բախվելու է նաև լիբանանահայ համայնքը։ Եթե մյուս համայնքների պարագայում և թվային  գերակշռության առումով,  և  արտաքին շատ ավելի ազդեցիկ աջակցության պայմաններում մանևրելու, սեփական կենսունակությունն ապահովելու ավելի մեծ հնարավորություններ կան, ապա  լիբանանահայության դեպքում այդ հնարավորությունները խիստ սահմանափակ են՝ հաշվի առնելով  մի շարք օբյեկտիվ խնդիրներ․ համայնքի փոքրաքանակ լինելը , արտաքին հովանավոր Հայաստանի համար ստեղծված խնդրահարույց իրավիճակը, համահայկական տարաբնույթ խնդիրները, որոնք բարդացնում են  լիբանանահայությանը զգալի աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

 Միանշանակ է, որ մեր համայնքն ունենալու է զգալի կորուստներ, իսկ հնարավոր քաղաքացիական պատերազմի պարագայում մենք կարող ենք բախվել այս կարևորագույն համայնքն  ընդհանրապես կորցնելու խնդրին։ Սա կարող է լինել լուրջ մարտահրավեր  համահայկական մակարդակում, քանի որ այս համայնքը առանցքային նշանակություն ունի Սփյուռքի համակարգում և քաղաքական, և կրթամշակութային, և հոգևոր առումով, չմոռանանք, որ այս երկրում է գտնվում երկրորդ կաթողիկոսությունը, այս երկրում է գտնվում Հայկազյան համալսարանը, այս երկրում սահմանադրությամբ հայ համայնքն ունի  իրավունք մասնակցելու երկրի կառավարման գործին։ Լիբանանահայ  համայնքի կորուստը փաստացի կարելի է գնահատել  որպես համահայկական զգալի կորուստ և դիրքերի թուլացում  այս կարևորագույն տարածաշրջանում։

-Հայաստանն այս իրավիճակում անելիքներ և դրանք իրագործելու հնարավորություններ ունի՞։

-Հայաստանի ազդեցության հնարավորությունները խիստ սահմանափակ են՝ հաշվի առնելով այդ երկրում բախվող բազմաշերտ շահերը։ Բայց,  բնականաբար, ազդելու հնարավորությունների որոշակի մեխանիզմներ առկա են։ Առաջին հերթին  մեր համայնքին ուղիղ տնտեսական աջակցության  ցուցաբերման խողովակն է,  դրա շատ ավելի լայն հնարավորություն կա համահայկական մակարդակով։ Երկրորդը քաղաքական աջակցության ցուցաբերումն է, որը կարող է իրականացվել Հայաստան-Լիբանան հարաբերությունների տիրույթում  մի կողմից և մյուս կողմից Լիբանանում ներկայություն ունեցող մեր գործընկեր երկրների հետ համագործակցությամբ։  Որպես օրինակ՝ նույն ֆրանսիան, ԱՄՆ-ն, Իրանը, որոշակի առումով նաև ՌԴ-ն։ Այսինքն կան հնարավորություններ, որոնք խիստ սահմանափակ են, բայց կարծում եմ, եթե Աստված մի արասցե, բանը հասնի քաղաքացիական  պատերազմի սցենարին, ապա պետք է կիրառել բոլոր հնարավորությունները մեր համայնքին աջակցելու։ Իսկ մինչ այդ պետք է փորձ արվի համահայկական մակարդակում  ձևավորել  լիբանանահայ համայնքին կայուն աջակցության մեխանիզմ։



 

Լիբանան Արմեն Պետրոսյան Մերձավոր Արևելք խմբագրի ընտրանի հարցազրույց Սաուդյան Արաբիա դիվանագիտական հարաբերություններ

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին