f

Անկախ

Խոսքկապ, ձեռք ուզել, աղվես, գլուխ լվա, խոսալա, նստալա, կարմիր խնձոր, դարձ. հարսանեկան ավանդույթներ, որ պահպանվել են այսօր


Աղվես, գլուխ լվա, խոսալա, նստալա, խոսքկապ, ձեռք ուզել, կարմիր խնձոր, դարձ, քառասունք, խնամականչ, մախմուռահան. բառեր, որոնք առաջին հայացքից գուցե անհասկանալի են, գուցե չունեն ոչ մի եզրագիծ, բայց պարզվում է բոլորն էլ կապված են ամուսնության, պսակի արարողության հետ:

Նախկինում յոթ օր ու գիշեր ձգվող հարսանիքներն այսօր անում են մեկ օրում, շատ ավանդույթներ նորաձևության մրցակցությանը չդիմանալով մոռացության են մատնվել, շատերը ձևափոխվել են, կորցրել են բուն իմաստը: Դրանք այսօր հիմնականում պահպանվում են գյուղերում: Սակայն նկատենք, որ ամեն շրջան ավանդույթին տվել է նոր ձև, փոփոխել է անվանումը, բայց ուշադիր ուսումնասիրելիս կնկատենք, որ բովանդակային առումով դրանք գրեթե նույնն են մնացել:

Հայերը միշտ մեծ նշանակություն են տվել նոր ընտանիքի ստեղծմանը, այդ պատճառով էլ բազմաթիվ նախահարսանեկան ու հարսանեկան ավանդույթներ են հորինել ու հետևել դրանց: Մենք պատմելու ենք հարսանեկան ավանդույթների մասին, որոնք դեռ կենդանի են, և որոնց դեռ հետևում են ավանդապահ ընտանիքներում:

Խոսքկապ

Նախկինում տղա-աղջիկ հարաբերությունները սկսվում էին միայն խոսքկապից հետո: Տղան կամ տղայի ընտանիքը ընտրում էր «հարմար» ընտանիքի աղջիկ: Ընտրությունից հետո տղայի հարազատները մի քանի հոգով, հաճախ առանց տղայի, գնում էին աղջկա տուն, որպեսզի խնդրեին աղջկա ձեռքը: Խոսքկապի տղայի հարազատները սովորաբար գնացել են երեկոյան, որպեսզի մերժում ստանալու դեպքում խուսափեն խայտառակությունից։ Աղջկա ընտանիքը՝ որպես կանոն, առաջին խնամախոսության ժամանակ չի տվել համաձայնություն՝ ինչ-որ վայելուչ պատրվակ բերելով։ Այլապես կարող էր թվալ, որ աղջկանից ուզում են շուտ ազատվել։ Այնպես որ, նույնիսկ ամենանախանձելի փեսացուները պետք է մի քանի անգամ փորձեին բախտը: Վերջապես ստանալով ընտանիքի համաձայնությունը՝ կողմերը պայմանավորվել են նշանադրության, հարսանիքի օրվա և հանդիսության այլ մանրամասների մասին։

Այսօր տղան ու աղջիկը կարող են շատ երկար շփվել հենց իրենց ցանկությամբ ու համաձայնությամբ, իսկ ձեռք խնդրելու և խոսքկապի ավանդույթները սահմանափակվում են նշանադրությունից առաջ ծնողների ծանոթությամբ:

Բայց գյուղերում դեռ կան ընտանիքներ, որտեղ աղջիկը կարող է տղայի կողքին ներկայանալ հասարակությանը, միայն երբ աղջկա հայրը կտա իր համաձայնությունը և  կկատարվի խոսքկապի արարողությունը, իսկ այն այսօր կատարվում է հետևյալ ձևով. տղայի ծնողներն իրենց հետ աղջկա տուն են տանում քաղցրավենիք և կոնյակ, եթե աղջիկն ու աղջկա ընտանիքը դրական պատասխան են տալիս, ապա տղայի հարազատները բացում են քաղցրավենիքն ու կոնյակը, աղջկա ընտանիքն էլ իր հերթին է քաղցրավենիք ու կոնյակ բացում, երկու տարբեր շշերից կոնյակները խառնում են իրար ու խոսք են կապում՝ արդեն ծրագրելով հետագա արարողությունները:

Նախկինում ոչ թե կոնյակն էին իրար խառնում, այլ արյունները, տղայի ու աղջկա հայրերը իրենց արյունը միացնում էին ու դառնում խնամիներ: Կոնյակ խմելու արարողությունն այսօր հաճախ կատարվում է նշանադրության ժամանակ, կարելի է ասել երկու արարողություն՝ խոսքկապն ու նշանադրությունը միաձուլել են: Խոսքկապը հայտնի է նաև հարսնախոսություն, նշանախոսություն, նշանտուք, խոսքառում անվանումներով:

Խոսալա

Ավանդապահ շատ ընտանիքներում նշանադրությանը հաջորդում է մեկ այլ արարողություն, որին հաճախ տալիս են խոսալա անվանումը: Գյուղերում այն հայտնի է նաև որպես հավ ուտելու արարողություն: Աղջկա մայրը նշանադրության հաջորդ օրը հավ է եփում, փեսան իր մի քանի ընկերների հետ այցելում է հարսի տուն հավ ուտելու: Նրանք իրենց հետ հարսին նվերներ են բերում, իսկ հարսի ընտանիքը նվերներ է պատրաստում տղայի և նրա ընկերների համար:

Հարսանիք

Նախկինում ուրախությունը սկսվել է հարսանիքի նախօրեին։ Գյուղերում բոլոր ազգականները հավաքվել են հարսնացուի տանը, թխել են տոնական հաց ու գաթա։ Ամբողջ գործընթացը ուղեկցվել է ուրախ երգերով։

Կարևոր էր, որ պատրաստմանը մասնակցեին բացառապես ամուսնացած ու երջանիկ կանայք. նրանց երջանկությունը պետք է փոխանցվեր հարսնացուին։

Լավաշին հատուկ ուշադրություն է դարձվել, քանի որ այն խորհրդանշել է պտղաբերություն։ Հարսանիքի օրը ապագա սկեսուրը, դիմավորելով նորապսակներին, նրանց ուսերին լավաշ է փռել` մաղթելով պտղաբերություն: Նորապսակներին տան շեմին գդալով մեղր են հյուրասիրել, որ նրանց կյանքը մեղրի նման քաղցր լինի։

Թեև այսօր հարսանիքից մեկ օր առաջ հաց չեն թխում, բայց պահպանվել է ուսերին լավաշ գցելու ու մեղր հյուրասիրելու արարողությունը: Շատ ընտանիքներում սկեսուրը հարսին ու փեսային փոքրիկ կուժ է տալիս, որի մեջ ցորեն և քաղցրավենիք է լցված լինում, նորապսակները կուժը կոտրում են տան շեմին, որպեսի առատություն լինի:

Հանդերձանքը

Օրվա հերոսները՝ հարսն ու փեսան, թե այսօր, թե նախկինում փորձել են անթերի տեսք ունենալ:

Նախկինում նորապսակների զգեստները պետք է կարված լինեին լավագույն կտորներից, իսկ զարդերը լինեին ոսկյա կամ արծաթյա՝ կախված ընտանիքի սոցիալական կարգավիճակից։

Նախկինում հայ հարսնացուները ոչ թե սպիտակ, այլ կարմիր զգեստ են կրել: Կնոջ զգեստի կարմիր գույնը խորհրդանշել է կրակ, կիրք։ իսկ ահա փեսացուն թանկարժեք կոստյումի փոխարեն կանաչ կտորից կարված հագուստ է հագել: Տղամարդու հագուստի կանաչ գույնը խորհրդանշել է պտղաբերություն։ Հարսանեկան զգեստը լրացվել է գոտիով և գոգնոցով՝ ամուսնացած կնոջ հագուստի ատրիբուտներով։

Հնում հարսանիքները ուղեկցվել են տարբեր հարսանեկան խաղերով: Այսօր դրանցից պահպանվել է փրկագնի ավանդույթը. հարսնացուի եղբայրը թրով փակում է տան դուռը, և քանի դեռ քավորը չի վճարել հարսնացուի «փրկագինը», թույլ չի տալիս, որ փեսայի հարազատները դուրս գան հարսի տանից: Բայց հարսանիքի ժամանակ միայն հարսի եղբայրը չէ, որ թուր ունի: Փեսայի եղբայրը կամ ազաբը ևս թուր է ունենում ձեռքում պահած, որի վրա քաղցրավենիքներ են շարում, իսկ ծայրին խնձոր են դնում: Հարսանիքի մասնակիցները օրվա ընթացքում փորձում են գողանալ ազաբի թուրը, իսկ վերջինս ամեն գնով աշխատում է դա թույլ չտալ: Ազաբի թուրը խորհրդով ու տեսքով նման է կենաց ծառին:

 

Նախկին սովորությունների համաձայն՝ այսօր էլ հարսի մայրը փեսայի կին հարազատներին բաժանում է գաթաներ, որպեսզի նրանք հարսի տանից քաղցրով հեռանան:

Հարսանիքների ժամանակ նախկինում «աղվես» է եղել: Փեսայի հարազատներից ընտրել են ամենախորամանակ ու ճարպիկ երիտասարդի, ով պետք է հարսանիքի թափորից շուտ հասներ հարսի տուն ու խաբար տաներ, որ փեսայի հարազատները հասնում են, որպես շնորհակալություն՝ հարսի մայրը «աղվեսին» հավ էր տալիս: Որոշ գյուղերում դեռ պահպանվել է այս սովորությունը:

Ըստ հնուց եկած սովորության՝ այսօր շատ ընտանիքներում փեսայի մայրը հարսի տուն չի գնում, չի մասնակցում հայրական տնից հարսին բերելու արարողությանը՝ այդպիսով իրեն բարձր պահելով ու հարսին իր տան շեմին դիմավորելով: Իսկ ահա հարսի մայրը չի գնում փեսայի տուն, գուցե այդպես «պատասխանելով» փեսայի մորը:

Նստալա

Նախկինում սովորություն է եղել, որ հարսանիքի ժամանակ հարսն այնքան է կանգնած մնում, մինչև սկեսուրից որևէ նվեր ստանա, դրանից հետո միայն նստում է իր տեղում: Նվերը, որը եղել է հագուստի կամ զարդի տեսքով, ստացել է նստալա անվանումը: Այսօր չնայած հարսները երկար կանգնած չեն մնում, բայց իրենց նստալան ստանում են սկեսուրից՝ ոսկյա զարդի տեսքով:

Կարմիր խնձոր

Հնում հարսանիքի հաջորդ օրը տան առջև փռել են սավան՝ ի նշան աղջկա անմեղության ապացույցի։ Որպես շնորհակալություն՝ աղջկա մորը նվեր են տվել, իսկ հայրական տուն ուղարկել են կարմիր խնձորներ։ Իսկ ինչու՞ խնձորներ: Քանի որ խնձորը կնոջ, կնոջ մաքրության խորհրդանիշ է եղել:

Կարմիր խնձոր անվանումը ստացած ավանդույթն այսօր էլ պահպանվում է, չնայած դրան դեմ արտահայտվողները գնալով ավելանում են: Հարսանիքի հաջորդ օրը փեսայի մայրը իր մի քանի ամուսնացած կին ազգականների հետ մրգով ու նվերներով լի զամբյուղ է ուղարկում հարսի տուն՝ որպես շնորհակալություն աղջկա անմեղության: Հարսի մայրն էլ հյուրասիրություն է կազմակերպում, որին ներկա են լինում բացառապես ամուսնացած կանայք:

Գլուխլվա

Ըստ ավանդության աղջկա մայրն իրավունք ունի դստերն այցելել հարսանիքից հետո 7-րդ օրը, երբ «գլուխլվայի» ծեսն է եղել։ Այդ օրն էլ աղջկա ընտանիքը բերել է օժիտը։

Իսկ ծեսը կոչվել է գլուխլվա, քանի որ այդ օրը հարսը ենթարկվել է փորձության։ Աղջկան տարել են բաղնիք, նրան լողացրել է ամուսնու տոհմի ամենատարեց կինը։ Վերջինս կարող էր եռացրած կամ շատ սառը ջուր լցնել հարսի գլխին։ Աղջիկը պետք է դիմանար այդ փորձությանը՝ ոչ մի ծպտուն չհանելով, այլապես նրան կարող էին վատ դաստիարակված համարել։ Այսօր այս ծեսը հայտնի է նաև խնամականչ անունով, երբ հարսի հարազատներին՝ խնամիներին առաջին անգամ հրավիրում են փեսայի տուն:

Դարձ

Միայն հարսանիքից 40 օր անց է հարսն իրավունք ստացել գնալ հայրական տուն և մի քանի օր անցկացնել այնտեղ: Աղջկա հայրական տուն գալը անվանել են դարձ: Դարձից հետո մայրը նվերներով աղջկան ճանապարհել է ամուսնու տուն: Դարձն այսօր էլ արդիական է գյուղերում:

հարսանիք ծեսեր ավանդույթներ խմբագրի ընտրանի

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին