f

Անկախ

Մենթոր դպրոցներ Հայաստանում․ օգնություն հեռավոր և սահմանամերձ գյուղերին


Այս ուսումնական տարվանից Հայաստանում նոր հասկացություն է ներմուծվում՝ մենթոր դպրոցներ։ Առաջին անգամ երկրում դրանք կիրականացնեն հեռավար էլեկտրոնային դասավանդում այն երեխաների համար, որոնք ապրում են հեռավոր կամ սահմանամերձ գյուղերում և չունեն  տվյալ առարկաները դասավանդող ուսուցիչներ։  

Կրթության հասանելիությունը ապահովելու համար ընտրվել է 18 մենթոր դպրոց։ Դրանցից մեկը Վանաձորի թիվ 19 Րաֆֆու անվան ավագ  դպրոցն է։

«Մենթոր դպրոցների ընտրության հարցում շատ լուրջ մրցակցային դաշտում ենք եղել։ Հեռավոր գյուղերում առարկայական գիտելիքների դասավանդումն անհրաժեշտ ու պիտանի ծրագիր է, սա կրթության ապագան է՝ և՜ ժամանակի, ռեսուրսների ռացիոնալ օգտագործման տեսանկյունից, և՜ տարածության խոչընդոտները հաղթահարելու համար», — ասում է վանաձորյան դպրոցի տնօրեն Անուշ Եդոյանը։

Մենթորական ցանցում ներգրավված դպրոցներն ապահովելու են 101 դպրոցի առարկայական ուսուցիչների բացը:

Վանաձորի թիվ 19 դպրոցի պատմության և հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Նազիկ Գիշյանն ասում է, որ ինքն էլ է մեծացել է սահմանային գյուղում և գրեթե երբեք չի ունեցել պատմության ուսուցիչ․

«Սա հնարավորություն է կրթության ոլորտի այդ բացը լրացնելու համար։ Այսօր մեր երկրում 100-ից ավելի դպրոցներ կարիք ունեն ուսուցչի, ու այդ նույն դպրոցներն ունեն համակարգիչներով համալրված էլեկտրոնային դասարաններ ու լավ ինտերնետ կապ։ Եվ այդ ինֆորմատիկայի դասասենյակում կարող է հաստատվել կապը մենթոր դպրոցի մասնագետի հետ»։

Դպրոցների աշխարհագրությունն ու հիմնական խնդիրները

Մենթոր դպրոցների ցանկում, որոնք, համագործակցելով իրենց կցագրված դպրոցներին, իրականացնելու են էլեկտրոնային դասեր, ներառված են դպրոցներ Երևանից, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերից։

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանն ասում է, որ ունեն վերապատրաստված մենթոր ուսուցիչներ բնագիտական և հումանիտար առարկաների գծով․

«Մեզ դիմել են Գեղարքունիցի մարզի Ջիլի գյուղից։ Սահմանապահ գյուղ է, չունեն քիմիայի ուսուցիչ, խնդիրը փորձում են լուծել մեր աջակցությամբ։ Մյուս դպրոցը Լոռու մարզի Մեծավան գյուղի դպրոցն է, ֆիզիկայի մասնագետ չունեն։ Դիմել են նաև Անտառավան գյուղից, այստեղ էլ հայոց լեզվի և ռուսերենի մասնագետ չունեն։ Մեր դասաբաշխումը կազմում ենք` հաշվի  առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը»։

Դպրոցի տնօրենի դիտարկմամբ` ծրագիրը խիստ կարևոր է, սական նա դեռ չի շտապում գնահատել դրա արդյունավետությունը․

«Պետք է սպասենք մի փոքր, ամեն ինչ անում ենք հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար, սակայն որոշակի ընթացքից հետո ավելի պարզ կլինի։ Ես այլ խնդրի հետ կապված դիտարկում ունեմ։ Այսօր ուսուցչի աշխատանքը մեծ շուկայում գրավիչ դարձնելու խնդիր ունենք։ Մեծ հաշվով, հատկապես բնագիտական առարկանների մասով, մասնագետները գնալով պակասում են։

Մարտունին մեծ քաղաք է, բայց առաջիկայում տեսանելի է բնագիտական առարկաների կադրային պակասը։ Կա մի սերունդ, որը հիմա աշխատում է, ու սերնդափոխությունը դպրոցներում կարծես թե հարթ չի ընթանալու։ Այսօր անգամ ֆիզիկայի ֆակուլտետն ավարտածները փորձում են այլ աշխատանք գտնել, միայն թե չմտնեն դպրոց», — ասում է Վարդան Ավետիսյանը։

Կապանի թիվ յոթ հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Լիլիթ Բաբայանն էլ նշում է, որ իրենք աշխատելու են Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի և Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի դպրոցների հետ․

«Սարավանում կարիք ունեն ռուսաց լեզվի ուսուցչի, իսկ Խնձորեսկումկենսաբանության մասնագետի։ Նախկինում կարող էր ռուսաց լեզվի ուսուցիչը, օրինակ, պարապել և՜ ռուսերեն, և՜ բնագիտություն։ Այդպես էին լուծում հարցը, ես դա ճիշտ չեմ համարում։ Կապ չունի քո առաջ կրթության ինչ որակով երեխա է նստած, դու պետք  է այդ առարկայից լավագույնս պատրաստված մտնես դասարան։ Երեխան կարող է այսօր վեց է ստանալ, վաղը ութ կամ տասը։ Ուսուցիչը պետք է շատ լավ վարի դասը` անկախ երեխայի պատրաստվածությունից»։

Լիլիթ Բաբայանը երկար տարիներ աշխատել է նաև Կրթության ազգային ինստիտուտում, վերապատրաստող մասնագետ է։  

«Ունենք այդ մեթոդական զինանոցը, պատրաստվածությունը`ժամանակին ընդառաջ քայլելու։ Ուսուցիչներին անընդհատ ծանոթացնում ենք նորություններին», — ասում է նա։

Լիլիթ Բաբայանի խոսքով` գյուղի դպրոցներում մասնագետների խնդիրը միշտ է եղել։ Հաճախ ուսուցիչները պարզապես հրաժարվում են գնալ հեռու գյուղեր՝ տարբեր պատճառներով։ Մասնավորապես, նրանք մատնանշում են ճանապարհի վրա ժամաքանակի կորստի հանգամանքը, տրանսպորտի խնդիրը, գյուղերի հեռավորությունը մարզկենտրոններից։

«Այսօր էլ արդեն ավելացել է անվտանգության խնդիրը։ Օրինակ, Սյունիքի Ծավ գյուղի դպրոց գնալը վտանգավոր է դարձել, անցնում ես հենց սահմանի կողքով, որտեղ ադրբեջանցիներն են։ Ամեն մեկը չէ, որ հոգեբանորեն պատրաստ է այդ ճանապարհը հաղթահարել», — կարծում է Լիլիթ Բաբայանը։

Ինչ կտա ծրագիրը

Վանաձորի ավագ դպրոցը վարելու է ինֆորմատիկայի, քիմիայի, կենսաբանության հեռավար դասեր։ Ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Թորոսյանն ասում է՝ բոլոր մենթորները պետք է ջանք չխնայեն, որ ծրագիրն արդյունավետ լինի․

«Կախված է նրանից, թե ուսուցիչն ինչպես է վերաբերվում իր աշխատանքին, դա կլինի առկա, թե հեռավար ուսուցմամբ, կապ չունի։ Նաև ժամանակն է, որ ավանդականից անցնենք ժամանակակից ուսուցման, մեկտեղենք այդ երկուսը։ Ես դրական եմ վերաբերվում էլեկտրոնային ուսուցմանը»։ 

Նույն դպրոցի մենթոր ուսուցիչներից Նազիկ Գիշյանն էլ համոզված է, որ էլեկտրոնային ուսուցումը չի կարող տալ առկա ուսուցմանը հավասար որակ։ Այնուամենայնիվ, կարծում է, սա հնարավորություն է աշակերտին միայնակ և անօգնական չթողնելու համար։

«Աշխատելու ենք Teams հարթակում։ Ի դեպ, այս հարթակում երեխաները արագ հմտացան, շատ արագ տիրապետեցին գործիքներին։ Ուսոցիչներից էլ մեկ քայլ առաջ են երեխաները։ Թիմզը կրթական հարթակ է՝ ավելի հարմարեցված է, քան զումը, սկայպը, վայբերը, որոնք զուտ հաղորդակցական միջոցներ են։ Այս հարթակը հնարավորություն է տալիս մեր առաջադրանքները ստուգելու, վերահսկելու ուսումնական գործընթացը։

Նույնիսկ նախարարությունից են կարողանում հսկել, թե տվյալ ուսուցիչն այս հարթակում քանի րոպե է անցկացրել, որ ժամին ինչ աշխատանք է կատարել։ Այդքան վերահսկելի է։ Ուսուցիչներն էլ վերապատրաստվել են տարբեր ծրագրերով, տարբեր գործիքակազմով, տիրապետում են դաս տալու պրոցեսին և պատրաստ են իրականացնել իրենց առաջադրանքը», — հավաստիացնում է Նազիկ Գիշյանը։

Գայանե Մկրտչյան, Երևան

Մենթոր դպրոցներ Հայաստանում սահմանամերձ գյուղեր

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին