f

Անկախ

Շատ հայեր չեն հասկանում Հայաստանին սպառնացող վտանգները. իտալացի հայագետ Ֆաթեմե Գաբոարդի


Հայաստան է ժամանել իրանական ծագումով իտալացի հետազոտող, դոկտոր Ֆաթեմե Գաբոարդի Մալեկի Մինոն: Այցի ընթացքում նա ներկայացնում է  իր նոր հրատարակությունը՝ «Երազանքի ճամփորդություն մոռացված մարդկանց պատմության միջով. Անատոլիայի ծպտյալ հայերը» և քննարկում է տվյալ աշխատության՝ ակադեմիական միջավայրում Թուրքիայի ծպտյալ հայերի առաջին ընդգրկուն հետազոտության հայերեն հրատարակության հեռանկարները: Բացի գիտական գործունեությունից, տիկին Գաբոարդին Իտալիայում հայ ժողովրդի պատմության ու մշակույթի եռանդուն տարածող է, հետաքրքիր բանախոս: infoteka24-ը զրուցել է նրա հետ ոչ միայն նրա գրքի բովանդակության ու հետազոտական գործունեության, այլև Հարավային Կովկասում արդի քաղաքական դրության  շուրջ:

- Ֆաթեմե, ուրախ ենք ողջունել ձեզ հայկական հողում: Ձեր գիրքն արդեն երկրորդ անգամ է հրատարակվում, ինչը վկայում է այդ աշխատանքի որակի մասին: Այնուամենայնիվ ինչո՞ւ որոշեցիք այն լույս ընծայել երկրորդ անգամ, մանավանդ որ առաջինը բոլորովին վերջերս էր լույս տեսել…

- Այո, դա հետազոտություն է, որն անում եմ ավելի քան 3,5 տարի: Ես փոխել եմ խմբագրին, հիմա նա ավելի խորացած է հայկական համատեքստում և ավելի է հասկանում Հայաստանի խնդիրները: Եվ հունիսին գիրքը լույս տեսավ նոր խմբագրությամբ: Կորոնավիրուսի բռնկումից հետո մենք սկսեցինք կազմակերպել գրքի շնորհանդեսներ, դասախոսություններ և խորհրդաժողովներ՝ նվիրված դրան: Աշխատությունը հարցազրույցների շարք է Արևելյան Անատոլիայի ծպտյալ հայերի ընտանիքների հետ, որոնք անցկացվել են տեղում: Դա բավական լուրջ հետազոտություն է անգամ կազմակերպելու առումով: Չէ՞ որ այդ մարդկանցից ոչ ոք չի ասում. «Ողջույն, մենք ծպտյալ հայ ենք»: Նրանք թաքցնում են դա հարևաններից, շրջապատից, ներկայանում են որպես քուրդ կամ թուրք: Ստիպված էի գտնել նրանց ընկերներիս, գործընկերներիս օգնությամբ ու բացատրել, տրամադրել անկեղծ զրույցի: Եվ իրականում նրանք շատ շատ են…

- Ինչքա՞ն, ձեր կարծիքով:

- Հրանտ Դինքը մինչև իր սպանությունը խոսում էր միլիոնների մասին, և ես համաձայն եմ դրան: Բայց, իհարկե, ճգրիտ թիվ ասել հիմա հնարավոր չէ: Շատ են, շատ-շատ, իրենք էլ են այդ ասում: Ընդհանրապես բավական հաճախ ես հանդիպում Արևելյան Անատոլիայում և առհասարակ Թուրքիայում  մարդկանց, որոնք ասում են. «Տատս հայ է եղել» կամ «Պապս հայ է»: Ցեղասպանության ժամանակ նրանց այդ նախնիներին, որ դեռ երեխա էին, տեղավորել են թուրք կամ քուրդ ընտանիքներում և դաստիարակել են որպես թուրք կամ քուրդ՝ իմանալով, սակայն, թե ովքեր են իրականում:

- Ընդհանրապես ի՞նչ են պատմում Ձեր զրուցակից ծպտյալ հայերը:

- Նրանք հիմնականում իրենց մասին էին պատմում, հասարակ հայերի կյանքի մասին, որոնք ստիպված են ապրել մի երկրում, որտեղ պետք է պաշտոնական մակարդակում քուրդ կամ թուրք ներկայանան՝ թաքցնելով իրենց լեզուն և կրոնը: Յուրաքանչյուր խոսնակը, յուրաքանչյուր ընտանիքը, անշուշտ, իր պատմությունն ունի: Ես նրանց հավաքել եմ իմ գրքում, ընդ որում, հաճախ ստիպված եմ եղել փոխել զրուցակիցների անունները, որովհետև նրանք խոստովանում էին, որ թեպետ ուրախ են խոսել իրենց ծագման մասին և պատմել իրենց պատմությունը, բայց վախենում են թուրքական իշխանություններից, որոնք կարող են վնասել իրենց: Նրանք վախենում են ոստիկաններից և անգամ բանակի բռնաճնշումներից: Միաժամանակ ինձ հետ այդ մարդիկ շատ բարեհամբույր էին, ինձ վերաբերվում էին ինչպես իրենց դստերը…

- Չե՞ն ուզում հեռանալ Թուրքիայից:

- Ոչ, հիմնականում նրանք չեն մտածում այդ մասին: Ասում են. «Մենք սիրում ենք մեր երկիրը, որովհետև այստեղ ենք մեծացել»: Բացի այդ, շատերը տարեց մարդիկ են: Նրանց զավակներն ապրում են Ստամբուլում կամ ասենք՝ Անկարայում, նույնիսկ ուրիշ երկրներում, իսկ իրենք մնացել են այնտեղ, որտեղ հասակ են առել: Համաձայն եմ՝ դա հոգեկերտվածքի հակասություն է, չափազանց տարօրինակ իրողություն:

- Դուք զրուցել եք հիմնականում տարեց մարդկանց հետ, իսկ ի՞նչ կասեք նրանց երեխաների և թոռների մասինՆո՞ւյնպես իրենց հայ են զգում:

- Այո, հիմնականում՝ այո: Խնդիրն այն է, որ նրանց մեծ մասը հայոց լեզուն չգիտի: Նրանք կուզենային սովերել, բայց դա դժվար է, որովհետև այդ դեպքում անմիջապես ճնշման կենթարկվեն թուրքական իշխանությունների կողմից: Օրինակ՝ Դիարբեքիրում մի քանի տարի առաջ հայկական դպրոց է եղել, որտեղ կարելի էր հայոց լեզու և գրականություն սովորել: Ոստիկանությունը պարբերաբար երևում էր այնտեղ, խանգարում էր ուսումնական գործընթացին, ուրիշ դժվարություններ էր ստեղծում: Մի օրինակ էլ. ես ծանոթ ունեմ Ստամբուլում: Նա սկսեց հայոց լեզու և գրականություն ուսումնասիրել այս ձմեռ: Նա ծպտյալ հայ չէ, նա բացեիբաց իրեն հայ է համարում: Երբ սկսեց ուսումնական դասընթացը, հարևանը ջարդեց նրա ավտոմեքենան ասելով. «Ուզում ես հայ լինել՝ ես կսպանեմ քեզ: Եվ մոռացիր մեր ընկերության մասին»:

- Այսինքն՝ ոչ միայն կառավարությունը, այլև հասարա՞կ մարդիկ են Թուրքիայում ծայրահեղ բացասական տրամադրված հայերի նկատմամբ:

- Այո… Ինձ թվում է, որ խնդիրը պանթյուքիզմի ազդեցությունն է թուրք հասարակության վրա: Ընդ որում, կարող եմ ասել, որ իրավիճակն ավելի ու ավելի է վատանում. օրինակ՝ 3-4 տարի առաջ դեռ այդպես չէր:

- Ինչպիսի՞ն են, ձեր կարծիքով, ծպտյալ հայերի հեռանկարները Թուրքիայում: Նրանք վերջնականապես թուրք կամ քուրդ կդառնա՞ն, թե կարող են պահպանվել որպես հայ:

- Հիմա Թուրքիայում շատ վատ իրավիճակ է առհասարակ քրիստոնյաների համար, ոչ միայն հայ: Պանտթյուրքիզմի քամին շատ ուժեղ է: Կառավարության իսլամացման գիծը նույնպես շատ ուժեղ է: Հիմա ծպտյալ հայերի համար դժվար ժամանակ է: Ներկայումս ես ուրիշ հետազոտություն եմ անում այն հայերի մասին, որոնք Թուրքիայում ապրում են բացահայտ, որպես հայ: Նրանք նույնպես ուժեղ ճնշում են զգում, ինչպես իմ այն հայ ընկերը, որի ավտոմեքենան ջարդեցին: Մինչդեռ նա բացահայտ հայ է, որ պարզապես ցանկանում է սովորել իր լեզուն, որին կարծես մինչև հիմա նորմալ են ընդունել հասարակությունում… Ծպտյալ հայերի համար խոսել իրենց ինքնության, լեզվի և առավել ևս ցանկությունների ու ձգտումների մասին ընդհանրապես վտանգավոր է:

- Այդ խնդիրը, որի մասին գրում եք, որքանո՞վ է ուսումնասիրված Իտալիայում և առհասարակ Եվրոպայում:

_ Փաստացի ոչ մի կերպ: Ավելին, Իտալիայում գրեթե ոչ ոք չի խոսում Հայաստանի ու հայերի մասին: Պատկերավոր լինելու համար ասեմ, որ մեր ԶԼՄ-ները նույնիսկ ջանում են շրջանցել Ադրբեջանի հետ Արցախի և Հայաստանի վերջին պատերազմի թեման:

- Ինչո՞ւ, մի՞թե Իտալիան վախենում է Թուրքիայից ու Ադրբեջանից:

- Դա որոշակի պատճառներ ունի: Իտալիան մի երկիր է, որն ամուր կապված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Նախ՝ Իտալիան շահագրգռված է ադրբեջանական գազի մատակարարմամբ Թուրքիայի տարածքով: Վերջին պատերազմի ընթացքում շատ իտալացի լրագրողներ անգամ ոչ միայն լռում էին, այլև խոսում էին Ադրբեջանի նկատմամբ «հայերի ագրեսիայի» մասին: Այսինքն՝ բացահայտ ստում էին: Երկրորդ՝ Թուրքիայի տարածքում բազմաթիվ իտալական արտադրություններ կան, հիմնականում՝ Ստամբուլի և Բուրսայի շրջանում: Օրինակ՝ «Ֆերերո» ընկերությունը՝ նշանավոր «Նութելլայի» և այլ հրուշակեղենի արտադրողը, մեծ ֆաբիկա ունի Բուրսայի մոտ: Այնտեղ ընկույզի այգիներ կան, էժան աշխատուժ և ամեն ինչ գործերը հաջող վարելու համար: Ավելին, «Ֆիատը» Թուրքիայում ավտոմեքենաներ և դրանց մասեր է արտադրում: Նույնն են անում մի շարք հագուստի իտալական արտադրողներ, նույնիսկ Գուչչին: Անկարայի հետ հարաբերությունները սրվելու դեպքում նրանք միլիոնավոր եվրոներ կկորցնեն, էլ չեմ ասում ադրբեջանական գազի մասին:

Եվ իհարկե, եթե տեղի լրագրողներն ասեն ճշմարտությունն այսօր Հարավային Կովկասում կատարվողի կամ առհասարակ հայկական հարցի մասին, Հռոմը կարող է խնդիրներ ունենալ…

- Ձեր կարծիքով՝ այդ դժվարին իրավիճակում ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու հայ հասարակությունը:

- Լինելով հիմա Հայաստանում ոչ առաջին անգամ, շատ վշտացած եմ հայ հասարակության տրամադրություններից… Այստեղ չեն հասկանում Հայաստանին սպառնացող վտանգները… Ամեն օր տեսնում եմ մարդկանց, որոնք ծիծաղում են, ուտում, խմում, հանգստանում անհոգ ու առանց խղճի խայթի: Եվ ինձ թվում է, որ սա շատ անփույթ վարքագիծ է ադրբեջանա-թուրքական ագրեսիային դեմ-հանդիման և վերջին պատերազմի լույսի ներքո: Մտածում եմ, որ Ադրբեջանը կանգ չի առնի: Համարում եմ, որ հայերը պետք է ավելի խոր ըմբռնեն այն, ինչ տեղի է ունենում: Ադրբեջանցիներն արդեն այստեղ են: Նրանք վերցրել են Լաչինը, և նրանց հաջորդ քայլը Հայաստանի տարածքների օկուպացիան է լինելու: Ադրբեջանի դիրքորոշումը լրիվ ակնհայտ է: Ինձ համար պարզ չէ, թե ինչու հայերը դա չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ…

Օրերս եղա Նորավանքում և կանգ առա անցակետի մոտ՝ թուրքական սահմանից ոչ հեռու: Իմ տաքսիստն այնտեղ պետք վառելիք լցներ, իսկ ես որոշեցի ջուր խմել տեղի սրճարանում: Այնտեղ հանդիպեցի հինգ զինվորի, որոնք ծառայում էին անցակետում, և ես նրանց կարծիքը հարցրի տեղի ունեցողի մասին: Նրանք պատասխանեցին, որ սիրում են իրենց ժողովրդին,, բայց տեսնում են, որ հասարակ մարդիկ նույնիսկ չեն մտածում իրենց գլխին կախված վտանգի մասին: Լսելով իմ տեսակետը՝ տղաներն ասացին, որ համաձայն են ինձ հետ, որովհետև գտնվելով այդտեղ՝ չգիտեն, թե ինչ կլինի հաջորդ ամսին, առավել ևս դրանից հետո: Բայց շատերն ուղղակի աչք են փակում դրա վրա:

Նշեմ, որ այդ անհոգ մարդկանցից ոմանք մտածում են, որ Ռուսաստանը կօգնի իրենց, բայց չեմ կարող համաձայնել դրան: Կարծում եմ՝ Պուտինը, Ալիևը և Էրդողանն առանձնապես չեն տարբերվում իրարից, նրանք շատ թե քիչ նման մտածելակերպ ունեն: Նույնիսկ ռուս խաղաղապահները, որ գտնվում են հիմա Արցախում և Հայաստանում, տեղավորվել են այստեղ՝ ելնելով ստեղծված իրավիճակը վերահսկելու ռուսական շահից, ոչ թե հանուն հայերի պաշտպանության ու Հայաստանի օգնության: Ես բացարձակապես համոզված եմ դրանում:

Եվ վախենում եմ Հայաստանի համար, որ այս իրավիճակում և այսպիսի քաղաքականությամբ նա առաջիկա 30-40 տարում կամ ավելի վաղ պարզապես կանհետանա: Հնարավոր է, որ մնան Երևանն ու Էջմիածինը՝ որպես հիշեցում աշխարհին հնագույն մշակույթի մասին…

- Անաչառ ու անկեղծ կանխատեսում… Իսկ դո՞ւք ինչ ապագա ծրագրեր ունեք:

- Հայերի ուսումնասիրությունը Ստամբուլում: Դա շատ կարևոր է: Ինչպես ասացի, իրավիճակը քաղաքում և առհասարակ Թուրքիայում վերջին 3-4 տարում լրիվ փոխվել է: Իմ հաջորդ գիրքը կլինի այդ մասին…

Զրուցեց Անտոն Եվստրատովը

 

Աշխարհում Իտալիա Թուրքիա

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին