f

Անկախ

Մոր ճերմակ մազերի համար Գոռն էր ներկ գնում. մազերն էլի ճերմակել են, բայց Գոռն էլ չկա...


Կոտայքի մարզի Արամուս գյուղում մի քանի սև ժապավեններ հաջորդում են իրար, դրանցից մեկն էլ 18-ամյա Գոռ Վարդանյանի տան ճանապարհին է:

Առանց անցյալ ժամանակաձևի. հերոսի մասին հարազատներն ու ընկերները խոսում են միայն ներկայով: Նա կա, ապրում է, դեռ պատերազմի ժամանակ է խոստացել, որ նորից զանգելու է մայրիկին, հիմա մայրն ու ընտանիքի մյուս անդմաներն ամեն օր խոստացված զանգին են սպասում, բայց...

Գոռը բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 24-ին: Սկզբում Հորադիզ, հետո Կուբաթլու:

«Ինչքան էլ վատ վիճակում լիներ, երբեք չէր բողոքում, միշտ հարմարվում էր: Ոչինչ չէր պատմում ծառայության մասին, ասում էր՝ ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ կա, հանգիստ է անցնում ծառայությունը: Միայն ուզում էր, որ ժամանակը շուտ անցնի հետ գա, աշխատի, նպատակներն իրականացնի»,-պատմում է Գոռի մայրը՝ Հերմինեն:

Ծառայության մեկնելուց հետո ընտանիքի անդամների հետ վերջին անգամ հանդիպել է օգոստոսին, դրանից հետո պետք է գնային զորավարժությունների: 2 ամիս 3 օր. այսքան էր հասցրել իր նկարագրած հանգիստ պայմաններում ծառայել, երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը:

«Իրենց տարել են Ջաբրայիլ զորավարժությունների, դիրքերում են եղել, երբ պատերազմը սկսվել է: Հենց առաջին հարձակումներն իրենց մոտ են եղել, բայց ամեն անգամ մեզ հետ խոսելիս ասում էր՝ չնեղվեք, մենք շատ հեռու ենք, ձայներն էլ հեռվից ենք լսում: Արագ-արագ խոսում էր ու անջատում, չէինք հասցնում կողքից ինչ-որ ձայն լսել»,-պատմում է Գոռի քույրը՝ Գոհարը:

Մայրն էլ ավելացնում է, որ պատերազմի լուրն առնելուն պես Գոռի հայրն ու հորեղբայրը որպես կամավորներ մեկնել են Արցախ:

«Գնում էին Գոռիս մոտ: Զորամասում զենք ու հագուստ են ստացել ու խնդրել են, որ իրենց տանեն այն դիրքը, որտեղ Գոռն է: Բայց ուրիշ դիրք են տարել, այդպես էլ երեխուն չեն տեսել: Երբ Գոռը իմացավ, որ հայրը Ջաբրայիլում է, շատ անհանգստացավ, ասում էր պապ մի արի, մեզ ասում էր՝ ասեք թող հետ գա, չմնա էդտեղ»: 

Գոռի հայրը՝ Գուրգենը, պայմանագրային զինծառայող է եղել, 2016 թվականին մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին, բայց այդ փաստն էլ չի օգնել, որ որդին չանհանգստանա հոր համար:

«Վերջին անգամ Գոռը զանգեց հոկտեմբերի 2-ին: Հետաքրքրվեց՝ ինչպես ենք, հարցրեց՝ հայրը զանգել է, ասաց իմ մասին չմտածեք, ես լավ եմ, խնդրեցի, որ պինդ մնա, ասեցի չվախենաս, հայրդ հասնում է: Ասաց, որ 2 օր չի կարողանա զանգել, խոստացավ 2 օրից զանգել, էդպես էլ մինչև հիմա չի զանգել»,-զսպված արցունքները սկսում են հոսել որդի կորցրած մոր աչքերից, որոնք արդեն մի քանի ամիս է լցված են անանց կարոտով:

Գոռը զոհվել է հոկտեմբերի 3-ի առավոտյան: 8 հոգով են եղել, հետ նահանջի հրաման են ստացել, բայց Գոռը հրաժարվել է թողնել հրամանատարին ու դիրքը և մինչև վերջ պայքարել է իրեն վստահված հողակտորի համար, գուցե այդ պահին անգիտակցաբար, բայց պայքարել է ընտանիքի ու հայրենքի խաղաղության համար:

«Մինչև վերջ չէի հավատում, որ երեխես զոհվել է, փնտրում էինք նրան ամեն տեղ, մտածում էինք ինչ-որ հիվանդանոցում է, վիրավոր է: Բայց... 103 օր փնտրել ենք, գիշեր-ցերեկ, անդադար: Ասում էին, որ հնարավոր է անցած լինեն Իրանի տարածք, անգամ դեսպանատուն ենք գնացել: Հետո սկսեցինք մահացածների մեջ փնտրել: Հունվարի 15-ին, ԴՆԹ անալիզը հաստատեց, որ զոհվել է»,-իր ասածին չհավատալով պատմում է տիկին Հերմինեն:

Շաբաթներ առաջ լուր տարածվեց՝ «Անհայտ կորած զինվորի հայրը մեքենայով հարվածել է պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել»: Անհայտ կորած զինվորը Գոռն էր: Մեքենան, որով Գոռի հայրը ամիսներ շարունակ որդուց լուր չունենալուց հետո հարվածել է նախարարության դարպասներին, Գոռի ծննդյան նվերն էր:

«Պապան էր առել ծնունդին, ասում էր՝ ամենամեծ նվերս է, շատ լավ էր պահում, ամեն օր լվանում էր, նայում էր, որ սարքին լինի, անգամ նույն մեքենայի փոքրն էր գնել, պահում էր իր մոտ»,-պատմում է քույրը ու լռում:

«Գործը փակվի մեքենան հետ կբերենք»,-լռության միջից լսվում է Գոռի հոր ձայնը:

100 օրից ավելի որդուց լուր չունեցող հայրը պատրաստ կլիներ ավելին անել՝ միայն թե մի լուր իմանար: Մի քանի ամսում Գոռի ծնողները հասցրել են ծերանալ, ճերմակել, հաճախ լռել ու միայն սրտի խորքում գտնել իրենց որդուն ու լուռ զրույցի մեջ մտնել նրա հետ: Հայրը ծխախոտը վառում է ծխախոտի հետևից, ինքը կնոջից է փախցնում հայացքը, կինը՝ իրենից: Հիմա նրանք ապրում են հանուն Գոռի չապրած կյանքի, հանուն իրենց մյուս երեխաների, որոնց անսահման սիրում էր ինքը՝ Գոռը՝ տան մեծ տղան, որ ամեն սեպտեմբերին իր ձեռքով էր նոր հագուստներ գնում քրոջ ու եղբոր համար: Անընդհատ կես կատակ, կես լուրջ կրկնում էր, որ եղբորը՝ Վաչագանին, որ իրենից մի քանի տարով փոքր է, պետք է լավ պահեն, լավ կրթություն տան, որովհետև նա է պահելու իրենց ընտանիքը:

Վաչագանը ամբողջ զրույցի ընթացքում լուռ նայում էր միայն, նրա հայացքում անսահման կարոտ կար, բայց հպարտությունն ավելի շատ էր:  Հերոսի եղբայրը ամբողջ կյանքում կարոտի հետ տանելու է նաև եղբոր սրբացած անունը:

Գոռի ընտանիքի հետ զրույցի ընթացքում ներս է մտնում նրա մանկության ընկերը՝ իր նման նիհար ու բարձրահասակ:

«Միքոս իմ երկրորդ Գոռն է»,-ասում է տիկին Հերմինեն ու ամուր գրկում Միքայելին՝ փորձելով Գոռի կարոտը նրանից առնել,-«Շատ նման են իրար, խելոք, քչախոս: Ամեն անգամ, երբ Միքոն մի բան է ուտում, խնդրում եմ, որ երկրոդն էլ Գոռիս փոխարեն ուտի: Մի քանի օրից էլ Միքոյիս կտանեն բանակ»,-մի քիչ տխրությամբ ավելացնում է ու արագ-արագ քաղցրավենիք լցնում նրա ափսեն:

Իսկ Միքայելը իսկապես քչախոս է, ընկերոջ կորուստը նրան էլ ավելի լռակյաց է դարձրել: Հարցնում եմ՝ ինչ է հիշում Գոռից, ասում է, որ ընկերը կյանքը շատ էր սիրում, հաճախ անգամ գիշերները չէր քնում, որ օրը իզուր չանցներ ու խնդրում է, որ ուրիշները հարցերին պատասխանեն, իսկ ինքը գլուխը կախ լռության մեջ է սկսում հիշել ընկերոջը:

Գոհարն էլ պատմում, որ եղբայրը դեռ 10 տարեկանից աշխատում էր.  «Բանակ զորակոչվելուց առաջ հասցնում էր միաժամանակ երկու տեղ աշխատել, նաև դպրոց էր հաճախում: Սիրում էր աշխատել մեքենաների հետ, որոշել էինք սեփական արհեստանոց բացել, որ բանակից հետ գա, աշխատի: Սիրում էր իր ծախսերն ինքը հոգար: Ուզում էր, որ մաման լավ ապրեր: Հենց գլխին մի հատ սպիտակ մազ էր տեսնում, գնում էր ու իր ձեռքով ներկ էր գնում»,-ասում է ու նայում մոր մազերին, որ ամբողջությամբ ճերմակել են մի քանի ամսում:

Իսկ մայրը, սուրբ մասունքների պես ձեռքում պահած որդու լուսանկարները, ասում է, որ միայն Գոռից հետո է հասկացել, թե որքան կատարյալ ընտանիք են ունեցել.  «Գիտե՞ք, ամեն անգամ ուզում եմ զանգել իր ծառայակից ընկերներին, ուզում եմ հարցնել՝ ինչ են հիշում Գոռիցս, բայց դեռ չեմ կարողանում, ամեն անգամ մտքով զանգում եմ, հարցեր եմ տալիս էդ երեխեքին, բայց իրականում դեռ չեմ զանգել...»,-ասում է ու շարունակում ցույց տալ որդու նկարները, որտեղ միայն ժպիտ ու անսահման բարություն կա:

Այսօր շատ ընտանիքներում Գոռի ու մնացած տղերքի ապրեցնող ժպիտն է պակասում, այն ոչ ոք ու ոչինչ երբեք չի լրացնի...

Գոռ Վարդանյան Արցախի Հանրապետություն հարցազրույց խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին