Վերջերս կայացած Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլում տղամարդկանց՝ 10 կմ ազատ և դասական ոճերում 2-րդ տեղը զբաղեցրեց և արծաթե մեդալակիր դարձավ Թադևոս Պողոսյանը:
Թադևոս Պողոսյանը Հայաստանի առաջնությունից հետո դահուկավազքի հավաքականի հետ Շվեդիայի Ֆալոն քաղաքում մասնակցեց նաև աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Անկախի հետ զրույցում Թադևոս Պողոսյանը խոսում է մրցաշրջանին նախապատրաստվելու, կայացած մեկնարկների և առաջիկա մրցաշարերի մասին:
-Տարվա առաջին մեկնարկը սկսվեց Հայաստանի առաջնությամբ, ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Մրցաշարերին նախապատրաստվում եմ՝ հաշվի առնելով մրցաշրջանի բոլոր մեկնարկները և ոչ թե միայն Հայաստանի առաջնությունը: Ինձ համար կարևոր է, որ ամբողջ մրցաշրջանի կտրվածքով հաջող հանդես գամ, արդյունքներս բարելավեմ:
Հայաստանի առաջնությունն էլ հերթական մրցումներից էր, որին պատրաստվեցի նախատեսված մարզումային պլանով բավական լավ ուղղակի: Նշեմ,սակայն, որ համավարակի պատճառով մրցումների մասնակցեցինք, ինչը թույլ չտվեց հասնել կատարյալ մարզավիճակին:
-Կայացած ստուգատեսում զիջեցիք միայն Միքայել Միքայելյանին. Ձեր ելույթները ինչպե՞ս կգնահատեք:
-Ելույթների և գրանցած արդյունքների մասին դեռ շուտ է խոսել: Մինչ այժմ մասնակցել եմ երկու մեկնարկի եմ: Հույս ունեմ, աստիճանաբար, ավելի բարձր ցուցանիշների հասնել:
Հայաստանում մրցակիցս Միքայել Միքայելյանն է, մյուսները շատ աշխատանք ունեն կատարելու , իսկ աշխարհի լավագույների հետ մրցելու համար շատ հարցեր կան:
Նշեմ, որ Շվեդիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին 84 մասնակցի պայքարում 72-րդ տեղը զբաղեցրի մարզավիճակիս, նախորդ տարի քիչ մեկնարկներ ունենալու պատճառով:
Նշեմ, սակայն, որ նախորդ տարվա համեմատ 100ժամ 1500 կմ ավելացրել եմ. այս աշխատանքը չի կարող իր արդյունքը չտալ:
-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
- Առաջիկայում մասնակցելու ենք Չեխիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին, հետո աշխարհի առաջնությանը՝ Գերմանիայում: Պատասխանատվություն միշտ կա, նույնիսկ արդեն փորձի առումով սովորական դարձած մրցումների ժամանակ: Յուրաքանչյուր հարցի հարկավոր է մեծ պատասխանատվությամբ, նվիրումով մոտենալ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:
Մրցում առ մրցում, մրցաշարից մրցաշար փորձ, գիտելիք ենք ձեռք բերում, մշակում ենք ավելի աևդյունավետ, ճիշտ ու գրագետ մարտավարություն:
Նշեմ, որ իմ միակ նպատակը 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելն է: Քրտնաջան աշխատում եմ ձեռքբերած միավորները պահելու, վարկանիշս բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի ուղեգրի հետ կապված խնդիրներ չառաջանան:
2020-ը դժվարություններով, բարդություններով, անդառնալի կորուստներով տարի էր, ցավոք: Բոլորս պետք է անձնվիրաբար գործենք մեր ոլորտներում՝ այս իրավիճակը շուտ հաղթահարելու համար: Ցանկանում եմ, որ Հայոց աշխարհում խաղաղություն հաստատվի, բոլոր զոհված քաջ մարտիկների հոգիները լույսի մեջ լինեն, իսկ վիրավորները՝ շուտ ապաքինվեն, Աստված պահապան. համբերություն բոլորիս, լավ է լինելու: