f

Անկախ

Վրաստանի համար գուցե շատ ավելի շահեկան լինի հենց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը․ վրացագետ


Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփվել են․ 130 մանդատներից առնվազն 76-ը բաժին կհասնի Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությանը։ «Վրացական երազանքը» ստացել է ընտրողների քվեների 48,1 տոկոսը։ Նրա հիմնական մրցակիցը՝ Միխեիլ Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժումը ստացել է քվեների 27,1 տոկոսը՝ դառնալով խորհրդարանական երկրորդ ուժը։

Ընդհանուր առմամբ խորհրդարանում ներկայացված կլինեն 9 քաղաքական ուժեր։

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասին է «Անկախը» զրուցել վրացագետ Ալիկ Էրոյանցի հետ։

-Պարոն Էրոյանց, «Վրացական երազանք» կուսակցությունն  արդեն երրորդ անգամ խորհրդարանում մեծամասնություն կունենա և կառավարություն կկազմի։ Ընտրությունների նման արդյունքները ի՞նչ են նշանակում Հայաստանի և հայության շահերի տեսանկյունից։

-Եթե քաղաքական մասով դիտարկենք, իրենց համար սա մեծ  հաղթանակ է, քանի որ երրորդ անգամ մնալով իշխանության, իհարկե,  իրենք կկարողանան իրենց նախանշած ծրագրերն ավելի պարտաճանաչ իրականացնել։ Այլ հարց է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները և այդ հնարավորություններն իրենք ինչպես կօգտագործեն։

Եթե համեմատելու լինենք՝  ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» քաղաքական ուժի հաղթանակի պարագայում և  գործող իշխանությունների հաղթանակի պարագայում մեր շահերն ինչպես կբաշխվեին, կարող եմ միանշանակ ասել, որ այդ համեմատության մեջ թերևս մեզ համար շահեկան է  հենց «Վրացական երազանքի» հաղթանակը։

Եթե անդրադառնանք վերջին  ժամանակներում «Միացյալ ազգային շարժման» կուսակցության հիմնադրի,  այժմ էլ հեռակա կարգով  համակարգողի գործունեությանը կամ նրա հայտարարությունների համատեքստին,  պարզ է դառնում, որ վերջինիս պրոադրբեջանական կամ պրոթուրքական դիրքորոշումները որևէ կերպ  չեն կարող համընկնել հայկական շահին։

Այնպես որ այս պարագայում «Վրացական երազանքի»  հաղթանակը թերևս մենք մեր կողմից կարող ենք արձանագրել որպես դրական փաստ։ Այլ հարց է, թե ինչպես հետագայում իրենց քաղաքականությունը կիրականացնեն։ Քաջատեղյակ ենք, որ դեռ 2012-ին գալով իշխանության՝  ձեռնամուխ եղան  հարևանների հետ հավասարակշռված հարաբերություններ զարգացնելու գործընթացին և մինչ այժմ որոշակի գործոնների կամ այլ հանգամանքների բերումով պահպանում են այդ քաղաքականությունը, հուսանք, որ հետագայում ևս կշարունակվի։

 Իհարկե, հաշվի առնելով հայ-վրացական հարաբերությունների մակարդակը, պետք է  հասկանանք, որ ոչ պակաս մարարդակի կամ գուցե ավելի բարձր մակարդակի, այդ թվում և ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ ունեն  Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այնպես որ, այս հարցը  դիտարկելով ընդհանուր առմամբ հայ-վրացական հարաբերությունների համատեքստում,  պետք է հասկանանք, որ գուցե  կան  գծեր,  և ինչ-որ ուղղություններում հարաբերությունների զարգացման, խորացման հնարավորությունները իրենք են սահմանափակում։

-Հաշվի առնելով, որ իշխող քաղաքական ուժը չի փոխվել՝ ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել հայ-վրացական, ինչպես նաև վրաց-թուրքական և վրաց-ադրբեջանական հարաբերություններում։

-Նախ, պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ համավարակի պատճառով  աշխարհում  տիրում է բավականին ծանր  տնտեսական իրավիճակ։ Եթե այդ համատեքստում դիտարկենք, գուցե ոչ այդքան հաճելի լինի մեզ համար լսելը, բայց  տնտեսապես կախված  լինելով Թուրքիայից և Ադրբեջանից, բնականաբար, Վրաստանի համար գուցե շատ ավելի շահեկան լինի հենց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը։ Այլ հարց է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները  հենց իրենց նախանշած քաղաքականության սահմաններում, քանի որ մեզանից էլ շատ մեծ բան է կախված։

Մենք միշտ  դիտարկում ենք իրենց վերաբերմունքը մեզ։ Բայց մենք, մեր իշխանությունները, կառավարությունները, նախկին կլինի, թե ներկա, պետք է մշտապես իրենց ակտիվությամբ ցույց տան, որ իրենք առաջինն են  քայլ անում և ցուցաբերում իրենց պատրաստակամությունը հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու կամ էլ ավելի խորացնելու ուղղությամբ։

-Արցախյան հարցում Վրաստանը պաշտոնապես չեզոք դիրքորոշում է բռնել և հայտարարել, որ իր օդային տարածքը փակ է թե Հայաստան, թե Ադրբեջան մատակարարվող ռազմական բեռների համար։ Հայկական կողմը, սակայն, պարբերաբար ահազանգում է, որ Վրաստանի օդային տարածքով Ադրբեջանին զենք-զինամթերք է մատակարարվում։ Այս առումով հայկական կողմն ազդեցության լծակներ ունի՞ արդյոք և ինչպե՞ս կարող է կանխել նման դրսևորումները։

-Իհարկե, ցանկացած փաստի առկայության պարագայում հայկական կողմը պետք է և պարտավոր է իր համապատասխան արձագանքը և վերաբերմունքը ցույց տալ, իհարկե, միևնույն ժամանակ հաշվի առնելով բոլոր նրբությունները, որոնք կարող են այս կամ այն չափով ոչ ցանկալի իրողություն ստեղծել։

Իհարկե, նորից եմ կրկնում, միայն իրական փաստերի հիման վրա։ Որովհետև նույն խնդիրը կա նաև վրացական տեղեկատվական դաշտում․ իրենց մոտ լուրեր են շրջանառվում,  որ ռուսական զենք է տարանցվում դեպի Հայաստան։

-Պարոն Էրոյանց, ընտրությունների նման ելքն արդյո՞ք սպասելի էր։ Օրինակ, մեկ տարի առաջ  փորձագիտական շրջանակները նշում էին, որ «Վրացական երազանքին» բարդ  կլինի մեծամասնություն ապահովելը, բայց փաստորեն ունեն 48 տոկոս քվե  և 76 մանդատ խորհրդարանում։

-Նախ, առաջին հերթին պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանությունը բոլոր դեպքերում  ավելի շատ հնարավորություններ ունի իր ցանկալի արդյունքը գրանցելու՝ հաշվի առնելով նաև վարչական ռեսուրսը և այն, որ կարող է   իր խոստումների իրականացումը թեկուզ վերջին պահին ակտիվացնել։  Մյուս կողմից պետք է չմոռանանք, որ պանդեմիայի պայմաններում, երբ  շատ  երկրներ ունեցել են և ունեն վարակի տարածման  բավականին բարձր ցուցանիշներ, այդ ողջ շրջանում Վրաստանը բավականին լավ ցուցանիշներ ուներ։  Այս ամենը բերեց նրան, որ մեծ առումով կառավարության նկատմամբ վստահություն ձևավորվեց։  

Մյուս կողմից դեր ունեցավ նաև տեղեկատվական դաշտում քարոզչությունը, որ նախկինների վերադարձը ոչ մի լավ բանի չի բերի, քանի որ անընհատ հիշեցվում էր, թե ինչ սխալներ են գործել նախկինները։

Եվ այժմ ունենք պատկեր, որ իրենք բավականին հաջող անցկացրել են ընտրությունները։ Ընդ որում, Սաակաշվիլիի կուսակցությունն էլ բավականին լավ ցուցանիշներ է արձանագրել, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ իրենց կուսակցությունը բաժանվել է, և մի շարք  քաղաքական գործիչներ  այլ կուսակցություններով են խորհրդարան անցել։ Այնպես որ, ընդհանուր առմամբ, ուժեղ ընդդիմություն է լինելու։

 

Այս թեմայով նաև կարող եք կարդալ․

Արտաքին քաղաքականությունը զգացմունքների վրա չի կառուցվում, այլ շահերի համադրման․ վրացագետ 

 

Ալիկ Էրոյանց խմբագրի ընտրանի

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին