f

Անկախ

Կհաղթի բանականությունը, թե շահը, ցույց կտա ժամանակը․ Անդրանիկ Իսպիրյան


Ներկա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներից Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ առավել հասցեական հայտարարություն է արել Ֆրանսիան։ Էմանուել Մակրոնը հայտարարել է․«Իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որը անկողմնակալություն է պարտադրում մեզ, և դրանով է հիմնավորված իմ զգուշությունը, Թուրքիայի հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ խիստ մտահոգիչ եմ համարում, ուղերձները՝ պատերազմական, որոնք հիմքում ազատում են Ադրբեջանի ձեռքերը՝ վերանվաճելու Ղարաբաղը։ Մենք դա չենք ընդունի» ։

Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է․ «Հայե՜ր, Ֆրանսիան կունենա իր դերակատարումը»:

Մակրոնը նաև նշել է, որ կխոսի իր ռուս և ամերկկացի գործընկերների հետ, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը կհայտարարի արդյունքների մասին։

Մակրոնի հայտարարության նշանակության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների դիրքորոշումների պատճառների մասին է «Անկախը» զրուցել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

-Պարոն Իսպիրյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրներից առայժմ միայն Ֆրանսիայի դիրքորոշումն է  քիչ թե շատ համահունչ իրավիճակին։ Ինչո՞վ է պայմանավորված նման հայտարարությունը Ֆրանսիայի կողմից։

-Մի քանի հանգամանքներով։ Նախ՝ ֆրանս-թուրքական քաղաքական խնդիրներ կան վաղուց, սկսած դեռ 2000-ականներից, երբ  Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունեց։ Իսկ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծից հետո երկու երկրների հարաբերություններն ավելի լարվեցին, Թուրքիան անգամ Ֆրանսիային մեղադրեց Աֆրիկայում ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Լարվածությունն այնուհետև տեղափոխվեց Միջերկրական ծով՝ Հունաստան-Թուրքիա, Հունաստան-Թուրքիա-Կիպրոս հարթությունում։

 Այսինքն ֆրանս-թուրքական լարվածություն արդեն առկա էր, և թուրքիայի այս քայլն էլ, որ հերթական ագրեսիան էր արդեն հայերի նկատմամբ,  անտարբեր չթողեց Ֆրանսիային։ Եվ Ֆրանսիան նաև իր շահերից ելնելով հանդես եկավ այս հայտարարությամբ։

Իհարկե, չպետք է անտեսենք նաև Ֆրանսիայում հայկական լոբբիի, հայկական քաղաքական գործիչների դերակատարումն այս ամենում։

-Իսկ ի՞նչ գործողություններ կարող են հաջորդել հայտարարությանը։

-Ուլտիմատումներ կարող են լինել։ Եթե Թրամփի և Պուտինի հետ բանակցություններն ընթանան ճիշտ հունով, և կողմերը  գան եզրահանգման, որ ագրեսիան սկսել է Ադրբեջանը, կարող են ստիպել Ադրբեջանին դադարեցնել այն հակառակ՝ դեպքում սպառնալով պատժամիջոցներով։ Իսկ Թուրքիային կարող են մեղադրել ագրեսիան  հրահրելու և  ագրեսորին աջակցելու համար։ Չմոռանանք, որ կա նաև Ֆ16-ի խնդիրը, որ Թուրքիան  ՆԱՏՕ-ի անդամ է։ Փաստացի  ՆԱՏՕ-ի անդամ երկրի օդուժին պատկանող կործանիչը Ադրբեջանում մասնակցում է երրորդ երկրի դեմ ռազմական գործողությունների, ավելին, այլ երկրի տարածքում խոցում է օդանավ։ Երկրորդը՝ Թուրքիան ահաբեկիչներ է Սիրիայից ուղարկել Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար։ Այսինքն Թուրքիայի դեմ կան լուրջ մեղադրանքներ։ Իհարկե, թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն Թուրքիայի հետ ունեն շահեր,  հետաքրքրություններ։ Կհաղթի բանականությունը, թե շահը, ցույց կտա ժամանակը։

-ԱՄՆ-ի և Թուրքիայի  հարաբերությունները ևս լարված են։ Ռուսաստանի շահերին էլ է հակասում Թուրքիայի միջամտությունը։ Ինչո՞վ է պայմանավորված այս երկրների պասիվ դիրքորոշումը։

-Համավարակով  պայմանավորված՝  տարածաշրջանում գերտերությունների պասիվացումը, ԱՄՆ-ում մոտեցող նախագահական ընտրությունները։ ԱՄՆ-ն լուրջ խնդիրներ ունեցել է Թուրքիայի  հետ, մինչև իսկ պատժամիջոցներ են սահմանվել, սակայն Թուրքիան կարծես թե գնացել է գործարքի ԱՄՆ-ի հետ և որոշակի «թայմ աութ» է վերցված երկու երկրների հարաբերությունների լարվածությունում։  Եվ Թրամփը չի փորձում  հանուն Հայաստանի ավելի լարել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և  այս պահին հանդես է գալիս ռուսական ազդեցության գոտում, իսկ  դա այնքան էլ ԱՄՆ-ի շահերին չի հակասում։

Նաև  ՆԱՏՕ-ի որևէ երկիր պարզաբանում չի  պահանջում Թուրքիայից, թե ինչ գործ ունի Ֆ16-ը Ադրբեջանում և ինչու է կիրառվում երրրոդ երկրի դեմ։

-Պատճառը կրկին ա՞յն է, որ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտի է համարվում։

-Այո։Եվ  ՆԱՏՕ-ի անդամները նույնպես ունեն պատասանատվություն այս ագրեսիայի կանխման մեջ։

-Ի՞սկ Ռուսաստանի դիրքորոշումը։

-Ռուսաստանը մի փոքր տարբերվում է։ Մենք գիտենք, որ վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը  մեկընդմեջ խախտվում էր Սիրիայում և Լիբիայում քանի որ հակառակ կողմերին են պաշտպանում։  Այժմ Արցախի հետ կապված հետաքրքիր լռություն է պահպանում Ռուսաստանը։ Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարեց, որ իրենց զինվորականները հետևում են և ամեն ինչ արձանագրում են։ Չմոռանանք, որ Պեսկովը թուրքագետ է և լավ հասկանում է տարածաշրջանը։ Նա ոչ միայն  Կրեմլի խոսնակն է, այլ նաև տարածաշրջանային  հարցերում  Պուտինի կարևոր խորհրդատուներից է։ Եվ այս պարագայում նրա հայտարարությունը չպետք է անտեսենք։

-Այսինքն դեռևս իրենց շահերին  վտանգ չեն տեսնում և պարզապես հետևում են։

-Գուցե այդ փաստերն  օգտագործեն իրենց հարաբերություններում։  Թուրքիան արել է քայլեր, որոնք չպետք է աներ, և դրանք կարող են Ռուսաստանի հետ հարաբերություններում նույնիսկ սակարկման առիթ դառնալ։ Սակայն կա իհարկե կարմիր գիծ։ Կարմիր գիծը Թուրքիան փորձում է չանցնել և անել այնքան, որքան իրեն թույլ է տրվել։

-Իսկ ո՞րն է կարմիր գիծը։

-Կարմիր գիծը, հուսով ենք դա տեղի չի ունենա, կլինի այն,  երբ հայկական կողմը սկսի պարտվել, թուրքական և ադրբեջանական ներխուժման ռեալ վտանգ լինի, դա կլինի Ռուսաստանի համար արդեն կարմիր գիծ։

Ֆրանսիա Անդրանիկ Իսպիրյան Արցախ արցախյան պատերազմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Տարածաշրջան հարցազրույց

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին