f

Անկախ

Ինչու Հայաստանը հրաժարվեց Ատոմակայանի արդիականացման ռուսական վարկից


Մեծամորի ատոմակայանն ապահովում է ցանցերին մատակարարվող էլեկտրական էներգիայի մոտ 1/3 մասը։ Ատոմակայանի ռեակտորը նախագծվել է 1960-70-ական թվականներին և կոնկրետ պիտանելիության ժամկետ չի ունեցել: Այն սովետական տարածված Ջրաջրային էներգետիկական ВВЭР-440 ռեակտորների շարքին է պատկանում: Մասնավորապես, Մեծամորում տեղադրվել է այդ շարքի ամենահին՝ ВВЭР-440/230 մոդելի սեյսմակայուն մոդիֆիկացիան, որը ստացել է ВВЭР-440/270 անվանումը:

 

Սակայն ատոմակայանի անվտանգ ու անխափան շահագործման համար անհրաժեշտություն է առաջանում իրականացնել վերազինման աշխատանքներ։ Այդ նպատակով 2015 թվականին ՀՀ և ՌԴ միջև կնքվում է վարկի տրամադրման պայմանագիր, ըստ որի Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 300 մլն ԱՄՆ դոլար գումար, որից 270 մլն ԱՄՆ դոլարը վարկի տեսքով, իսկ 30 մլն ԱՄՆ դոլարը՝ դրամաշնորհի, որը նպատակաուղղված էր Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինմանը։ Պայմանագիրը կնքվել էր 4 տարով, այսինքն մինչև 2019 թվականը։ Վարկի մարման ժամկետը 10 տարի է, որը սկսվելու էր 2020թ․ հունվարի 15-ից` 3% տարեկան հավելվող վճարի պայմաններով վարկի գումարի օգտագործման օրվանից սկսած։

 

Սակայն, 2018 թվականի վերջից և 2019 թվականի ընթացքում ընթացել են բանակցություններ վարկի տրամադրման ժամկետը երկարացնելու շուրջ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիայի ոլորտը համակարգող տեղակալ Հակոբ Վարդանյանը «Սիվիլնեթի» հետ զրույցում նշել է, որ 2018-ի վերջից սկսած՝ որոշակի աշխատանքների կատարման ժամկետը ավելին է եղել, քան պահանջում էր վարկի օգտագործման ժամկետը։ Ըստ նրա, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ առաջացել էր գումարի մեծ մնացորդ, այսինքն աշխատանքները, որ կարող էին 90 տոկոսով ավարտված լինել, 90 տոկոսով վճարումները կատարված լինեին մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը, ուղղակի չեն սկսվել: Ըստ փոխնախարարի՝ վարկի երկարացման նախագծով ժամկետը նախատեսվում էր ձգել մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը, սակայն արդեն ապրիլն էր, և դեռ չկար երկարացված վարկ։

 

Ավելին, առաջարկվող նախագծի հիմնավորման մեջ տեղ էր գտել այն հանգամանքը, որ 2020թ. փետրվարին ՌԴ ֆինանսների նախարարությունը հայկական կողմին ժամկետը երկու տարով երկարաձգելու վերաբերյալ արձանագրություն է ներկայացրել՝ խստացված պայմաններով։ Մասնավորապես՝ արձանագրությամբ առաջարկվում էր, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվի հենց ռուսաստանյան ընկերություններից ձեռքբերումներին։

 

Այդ ամենը հանգեցրեց նրան, որ 2020 թվականի հունիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ  Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից և ծրագրում կիսատ մնացած աշխատանքները շարունակվել սեփական միջոցների հաշվին:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ճշտելու համար, թե վարկի ինչքան մասն է օգտագործվել։ Մեզ պատասխանել էին, որ  2019թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկից օգտագործվել է 173,6 մլն ԱՄՆ դոլար, դրամաշնորհից՝ 19,3 մլն ԱՄՆ դոլար և չի օգտագործվել 96․4 մլն ԱՄՆ դոլար վարկ և 10,7 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ։

 

Նախարարությունից ի պատասխան մեր մյուս հարցին, թե եթե ատոմակայանի վերազինման համար Հայաստանն է տրամադրում գումարը, վերազինման աշատանքները էլի շարունակելու է «Ռոսատո՞մը», նախարարությունից պատասխանել էին, որ համաձայն ՀՀ կառավարության 945-Ա որոշման  (11․06․2020թ․) ծրագիրն իրականացնելու նպատակով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի և «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ի միջև պետք է ստորագրվի ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան շրջանակային համաձայնագիր, որի գինը չի կարող գերազանցել 40.255 մլն դոլար գումարի չափը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ծրագրի իրականացումը պահանջում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կառուցվածքի մեջ մտնող կազմակերպությունների և ազդեցության տիրույթում գտնվող կազմակերպությունների ներգրավում։

 

Հունիսի 11-ի կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով 2020-2022 թվականների ընթացքում Հայաստանի պետական բյուջեից «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով տրամադրել 63 մլրդ 200 մլն դրամ (մոտ՝ 131 մլն ԱՄՆ դոլար) գումարի չափով բյուջետային վարկ, որից  2020 թվականին՝ 18 մլրդ 700 մլն դրամ, 2021 թվականին՝ 31 մլրդ 500 մլն դրամ և 2022 թվականին՝ 13 մլրդ դրամ:

Բյուջետային վարկերը վերադարձելիության, ժամկետայնության, արժեքավորման ու վճարովիության սկզբունքով պետական բյուջեից համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դրամական տեսքով տրվող միջոցներն են: Տրվող բյուջետային վարկի սահմաններում իրականացվելիք աշխատանքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Որպես հավելում նշենք, որ 2021-ին ատոմակայանում մեծ կանգառ է նախատեսված՝ 135-140 օր, որի ժամանակ անվտանգությանը վերաբերող երկու հիմնական և մեծ աշխատանք է կատարվելու՝ ռեակտորի իրանի թրծումը և САОЗ (система аварийного охлаждения защиты реактора - ռեակտորի վթարային սառեցման պաշտպանության համակարգ) համակարգի արդիականացումը: Այդ աշխատանքների պայմանագրերն արդեն կնքված են:

 

Այսպիսով, Ռուսաստանի կողմից տրամադրված վարկից հրաժարվելու հիմնական պատճառը եղել է այն, որ 2018-ի վերջից սկսած՝ որոշակի աշխատանքների կատարման ժամկետը ավելին է եղել, քան պահանջում էր վարկի օգտագործման ժամկետով, ինչի պատճառով աշխատանքները չեն մեկնարկել ու գումարը չի օգտագործվել։ Սակայն վարկի տրամադրման ժամանակահատվածը հետզհետե սպառվել է։ Այնուհետև 2020 թվականի փետրվարին Ռուսաստանն արձանագրություն էր ներկայացրել վարկի ժամկետը երկարաձգելու առաջարկով՝ ներկայացնելով խիստ պահանջներ, ինչն էլ հանգեցրեց ՀՀ կառավարության կողմից վարկից հրաժարվելու որոշմանը։ ՌԴ կողմից առաջադրվող խիստ պահանջներից էր այն, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվի հենց ռուսաստանյան ընկերություններից ձեռքբերումներին։ Սակայն մեր հարցումից պարզ դարձավ, որ ՀՀ կողմից ատոմակայանին տրամադրվող բյուջետային վարկի պարագայում նույնպես ռուսական «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ից են ձեռքբերումներ կատարվելու։

 

Սոնա Մկրտչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Ատոմակայան Ռուսաստան

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին