Եթե յուրաքանչյուր ոք աշխարհում օրական առնվազն 2 բաժակ սուրճ խմեր, ապա դա հարյուրհազարավոր մարդկանց կփրկեր լյարդի մահացու քաղցկեղից: Նման եզրակացության են հանգել ավստրալական գիտնականները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով MedicalXpress-ին:
Հետազոտողները վկայում են, որ 2-3 բաժակ այդ ըմպելիքի օգտագործումը 38 տոկոսով նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, իսկ մահվան վտանգը՝ 46 տոկոսով: Եթե օրական 4 բաժակ կամ ավելի սուրճ խմեն, ապա այդ ցուցանիշները կկազմեն համապատասխանաբար 41 և 71 տոկոս:
Գիտական խումբը վերլուծել է 2016 թ. ընթացքում լյարդի քաղցկեղից մահացության տվյալները: Այդ ընթացքում դրանից մահացել է ավելի քան 240 հազար մարդ: Նրանք նաև ուսումնասիրել են այդ մարդկանց շրջանում սուրճի օգտագործման վիճակագրությունը: Այդ տվյալների հիման վրա ստեղծված մոդելը ցույց է տվել, որ օրական 2 բաժակ սուրճ օգտագործելու դեպքում լյարդի քաղցկեղից կմահանար 452 861-ով պակաս հիվանդ: Եթե հետազոտության մասնակիցները խմեին օրական 4 բաժակ, ապա հնարավոր կլիներ փրկել 723 287 մարդու:
Գիտնականներն ընդգծել են, որ բժշկական հաստատությունները պետք է բնակչության շրջանում խրախուսեն սուրճի ամենօրյա օգտագործումը, որպեսզի պաշտպանվեն մահացու հիվանդությունից: