Ես երեկ հանդիպել եմ շատ լուրջ իրավաբանական խմբի ղեկավարի հետ, ով առաջարկեց մեր անունից այդ հարցով հայց ներկայացնի միանգամից Սահմանադրական դատարան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց բուհ չընդունված դիմորդների ծնողներից մեկը:
«Մարդն ուսումնասիրել է մեր ամբողջ գործունեությունը, ԳԹԿ-ի կողմից կազմակերպած քննական ամբողջ աշխատանքները եւ ասում է, որ իրավական տեսանկյունից դուք հաղթելու եք»,-ասաց նա՝ հավելելով, որ նախարարությունն ու ԳԹԿ-ն պատշաճ չեն ծանուցել համապատասխան կարգի մասին:
Դիմորդի ծնողը վստահեցրեց, որ այդ իրավաբանական խումբը խոստանում է առանց վճարի իրավաբանական աջակցություն ցուցաբերել: Նա այդպես էլ չնշեց, թե ինչ իրավաբանական խմբի մասին է խոսքը:
«Խոստանում են աջակցել, որ մենք կարողանանք վերականգնել մեր երեխաների ուսում ստանալու իրավունքը, որը ոտնահարվել է ԳԹԿ-ի կողմից: Եթե դուք ինձ լիազորում եք, ես վաղվանից կզբաղվեմ այդ աշխատանքով: Անհրաժեշտ կլինի ստորագրություններ հավաքել եւ մենք հայց կներկայացնենք ՍԴ»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, որ բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողներն բողոքի ակցիաներ են անցկացնում: Նրանք նշում են, որ բարձր միավորներ հավաքած դիմորդները չեն ընդունվել բուհ, քանի որ առաջին հայտով լրացված բաժիններում տեղ չի եղել և չի թույլատրվել նույնիսկ մյուս հայտերով ընդունվել: Նրանց առաջարկն է տեղեր ավելացնել բարձր բալեր ստացած դիմորդների համար: