f

Անկախ

Կավը՝ մեծ ուսուցիչ․․․


«Անկախը» շարունակում է «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարը։ Այսօրվա մեր զրուցակիցը «Սաղմոս Կերամիկա» արվեստանոցի համահիմնադիր, կավագործ Անդրանիկ Մանուկյանն է։

-Անդրանիկ, հայտնի է, որ վերջին ամիսներին Ձեր ընկերուհու՝ Անիի հետ միասին «Սաղմոս Կերամիկա» արվեստանոցի հիմքն եք դրել։ Ինչպե՞ս կարողացաք համավարակի դժվարին օրերին ընդունել այդ պատասխանատու որոշումը։     

-Մինչ համավարակն ապագայի հետ կապված բոլորովին այլ ծրագրեր ունեինք։ Ես և Անին, լինելով մանկավարժներ (ես՝ մարզիչ-մանկավարժ, Անին՝ սոցմանկավարժ), ամեն դեպքում որոշել էինք խորացնել մեր գիտելիքները կավագործության ասպարեզում․ սովորում էինք Թումո ստուդիաներում, հասել էինք արդեն գործնական դասերին։ Ցանկանում էինք ավարտելուց անմիջապես հետո ամուսնանալ և տեղափոխվել բնակվելու Տավուշի մարզում։ Ու չնայած համավարակի պատճառով ամեն բան կիսատ մնաց, համարձակվեցինք գնել կավագործության համար անհրաժեշտ սարքավորումներ և հիմնել մեր փոքրիկ բիզնեսն ու աշխատեցնել, զարգացնել։

Բուհ ընդունվելիս իմ մասնագիտությունը ես չեմ ընտրել։ Անգամ չգիտեի, որ նախ պիտի հասկանաս՝ ինչ է պետք նպատակներիդ հասնելու համար, և առհասարակ պիտի նպատակ դնել։ Իսկ ահա կավագործության դեպքում գիտակցում եմ՝ ինքս եմ ընտրությունն արել։ Անին էլ, որպես  հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատող մանկավարժ, սկզբում կավագործությանը մոտեցավ իբրև այդ երեխաների հետ աշխատելու և լավ արդյունքների հասնելու միջոց, այսինքն՝ որպես կավաթերապիա։ Բայց ժամանակի ընթացքում այնքան խորությամբ ուսումնասիրեց ոլորտը, որ շատ հարցերում ինձնից առաջ անցավ։

-Անդրադառնանք «Սաղմոս Կերամիկայի» անվան խորհրդին։

-Մեր արվեստանոցում գրեթե միշտ սաղմոսներ են հնչում, որ հոգևոր հաճելի մթնոլորտ են ստեղծում։ Դա կարող է նաև ուսուցանող նշանակություն ունենալ, հատկապես, երեխաների համար։ Հոգևոր դաստիարակությունն օգնում է ավելի խաղաղ, խորագետ, մարդասեր երեխա մեծացնել։ Ես ինքս էլ ինձ վրա զգացել եմ այդ փոփոխությունը հոգևոր կյանքով ապրելուց հետո։ Եվ հիմա շատ եմ ցանկանում՝ «Սաղմոս Կերամիկայի»  խաղաղությունն ու ներդաշնակությունը, որ մեր հաջողության բանաձևն է, փոխանցվի թե՛ բոլոր սպառողներին, թե՛ մեր ապագա երեխաներին։

-Որտե՞ղ է գտնվում Ձեր արվեստանոցը։

-Այն Արարատի մարզի Դաշտավան գյուղի իմ բնակության վայրին հարակից շինությունում է տեղակայված, բայց ապագայում  նպատակ ունենք նոր արվեստանոց հիմնել Տավուշում։ Լինելով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցներից՝ ես ուսուցչություն եմ արել Տավուշի մարզում և սիրահարվել այդ տարածքի մարդկանց ու բնությանը՝ դեռ տարիներ առաջ որոշելով, որ այդտեղ պիտի ապրեմ։ Անին նույնպես մասնակցում էր վերոնշյալ ծրագրին, որի շրջանակներում էլ ծանոթացել էր հայաստանյան բնաշխարհի գեղեցկությանն ու սիրահարվել՝ կայացնելով գրեթե նույն որոշումը։

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել նոր գործի սկիզբը դնելիս։

-Մասնագիտական տեսանկյունից մենք չկարողացանք կավագործության մեր գործնական դասընթացը լիարժեք ավարտին հասցնել։ Իհարկե, այժմ օնլայն դասեր կան, բայց դրանք չեն փոխարինի գործնական հմտություններին։ Դա առաջին խնդիրն էր։ Երկրորդ՝ կավե արտադրանքի հիմնական սպառողները զբոսաշրջիկներն են, իսկ այս տարի հասկանալի պատճառներով զբոսաշրջիկներ գրեթե չկան։ Սա բավականին մեծ դժվարություններ է առաջացնում բոլոր կավագործների համար։ Բայց մենք այս ամենից չենք հուսահատվում, անգամ ուրախ ենք, որ կարողացանք նման պայմաններում գումար հետ գցել, մարտ ամսին ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումները, և, ամենակարևորը, աշխատել համերաշխության ու խաղաղության մեջ։ Ի դեպ, մենք էլ բոլորի պես շեշտը դրեցինք օնլայն վաճառքի վրա, և, կարծես թե, ստացվում է։ Առաջին վաճառքը կատարել ենք արդեն ապրիլին։

-Ի՞նչ հասկացաք այս կարճատև ընթացքում։

-Ինչ-որ բանից դժգոհելուց առաջ պիտի նայել մեր շուրջն ու տեսնել այն մարդկանց, որոնք թե՛ համավարակից առաջ, թե՛ առավել ևս համավարակի ընթացքում գտնվել և գտնվում են մեզնից ավելի վատ վիճակում։ Եվ չմոռանանք մեր ծնողների, մեր նախնիների անցած ավելի բարդ ճանապարհի մասին․ պետք չէ տրտնջալ կամ դժգոհել, ամեն գնով պիտի պահպանենք մեր սերն ու խաղաղությունը, մեր առջև դնենք նպատակներ և Աստծո օրհնությամբ հասնենք դրանց իրագործմանը։

Կարևոր է նաև ամեն ինչից դաս քաղելու ունակությունը։ Մեր բիզնեսի սկզբնական շրջանի այս դժվարություններն էլ հիանալի դաս էին այն մասին, որ  պիտի ստեղծագործ լինել և հիշել՝ եթե կարողացանք բարդությունների ժամանակ կայանալ, զարգանալ, ապա դրանց հաղթահարումից հետո միանշանակ ամեն ինչ ավելի լավ կստացվի։

-Ոգեշնչման ի՞նչ աղբյուրներ ունեք։

-Ինձ շատ ոգևորում է Անին իր սիրով, համեստությամբ, փոխանցած վստահությամբ։ Նա ոչ միայն կյանքս ավելի հետաքրքիր է դարձրել, այլև իմաստավորել է։  

Ոգևորվում եմ նաև երեխաների և ընկերներիս հաջողություններով։ Իմ ընկերները գաղափարի մարտիկներ են՝ ստեղծող, չտրտնջացող, և նրանք նույնպես աշխատում են ապրել հոգևոր կյանքով։ Պակաս ոգեշնչող չէ բնությունն իր ողջ շքեղությամբ։

-Այն ընթացքում, երբ մեր երկրում արտակարգ դրություն էր հաստատված, և Դուք հնարավորություն չունեիք Անիին տեսնելու, նրա քանդակն էիք արել։ Ինչպե՞ս հաղթահարեցիք միմյանցից հեռու լինելու այդ փուլը։

-Ի դեպ, մենք որոշել էինք՝ երբ տեսնենք միմյանց, քանդելու ենք այն, և այդպես էլ արեցինք։ Ընդհանրապես կավագործության մեջ մի հետաքրքիր պահ կա․ երբ անում ես որևէ աշխատանք ու այն չես հավանում, պիտի կարողանաս կոտրել և փորձել կրկին այնքան ժամանակ, մինչև կստանաս քո ուզածը։

Եթե ինչ-որ մարդ հոգևոր կյանքով է ապրում, վստահաբար, գիտի՝ ինչ է նշանակում դժվարության մեջ պահպանել հոգևոր խաղաղությունը։ Փորձությունները, առօրյա տարատեսակ գործերը հաճախ են մարդուն շեղում հոգևորից։ Մեր հանգստությունը պահպանելու համար այդ օրերին սկսեցինք երեկոյան միասին Աստվածաշունչ ընթերցել, ինչն էլ հենց  վստահաբար օգնեց ուժեղ մնալ։ Այսօր արդեն այդ գեղեցիկ որոշումը աստիճանաբար վերածվում է սովորույթի, որն ամեն գնով փորձում ենք պահպանել։

-«Զգում եք, չէ՞, որ ուզում ենք մեր գույներով լցնել ողջ երկիրը»։ Այսպիսի մի մտքով եք կիսվել «Սաղմոս Կերամիկայի» ՖԲ էջում։ Այդ ի՞նչ գույներով եք ուզում հարստացնել աշխարհը։

-Երբ մարդը մի լավ բան է գտնում, փորձում է դրանով կիսվել իր հարազատների, ընկերների հետ։ Եվ հիմա, երբ մենք գտել ենք այն, չենք ուզում ժլատորեն պահել միայն մեզ համար, այլ ցանկանում ենք բոլորին հասկացնել՝ Աստծո ճանապարհով քայլելը սիրո ու խաղաղության է տանում։ Իհարկե, այդ ընթացքում ավելի հաճախ ես փորձությունների մեջ ընկնում, շեղվում, ճկվում, կորանում, բայց եթե հաստատուն ես Աստծուն հետևելու որոշմանդ մեջ, կրկին կանգնում ես ու հաղթում։ Սա է մեր գտածը, որն օգնում է, հանգստացնում, գունավորում ու գեղեցկացնում կյանքդ։ Ասեմ, որ ծրագրում ենք հետագայում մեր արտադրանքի մեջ շատացնել հենց հոգևոր թեմատիկայով գործերը։ Դա այնպիսի բան է, որ ոչ մեկի չես կարող պարտադրել, բայց կարող ես սիրով հուշել, հրավիրել այդ աշխարհ․ մնացածն արդեն մարդիկ իրենք կորոշեն։

-Ընդհանրապես ի՞նչ իրեր եք պատրաստում։

-Այս պահին ավելի շատ կենտրոնացել ենք զարդերի վրա, որովհետև տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ դրանցով աշխատելն ու առաքելն ավելի հեշտ է։ Պատրաստում ենք նաև սպասք և, ինչու չէ, ամեն բան, ինչ կցանկանան մարդիկ։ Մեծ պահանջարկ ունեն սուրճի ու թեյի բաժակները, որովհետև գրեթե բոլորն ըմպում են սուրճ կամ թեյ և ցանկանում իրենց յուրահատուկ բաժակն ունենալ։

-Ի՞նչ առանձնահատկություններ ունի կավը, ի՞նչ զգացողություններ է փոխանցում։

-Կավը մեծ ուսուցիչ է։ Այն չի սիրում, երբ կավագործն ունենում է բացասական մտքեր։ Կավով աշխատելիս անպայման պիտի հանգիստ հոգեվիճակում լինել։

Շատ կարևոր է, երբ երեխաներն են զբաղվում կավագործությամբ, որովհետև նա մոտենալու է կավին, փորձելու է ինչ-որ բան, չի ստացվելու, հետաքրքրվելու է՝ ինչու, և երբ նրան կբացատրես ու կներկայացնես, որ պետք է շատ հանգիստ լինել, նա  փորձելու է նույն վերաբերմունքն ունենալ և հաջողելու է։ Ու հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտ է փոխանցել երեխային, որ նույն մոտեցմամբ էլ  պիտի մարդկանց հետ լեզու գտնել․ կավն ու մարդը շատ նման են իրար։ Զուր չէ Աստվածաշնչում նշվում, որ մարդը կավից է ստեղծված։

-Ինչու՞ են մարդիկ սիրում ձեռք բերել տարատեսակ կավե իրեր։ 

-Մարդիկ շատ են սիրում ձեռքի աշխատանքներ, որովհետև դրանց մեջ հոգի է դրվում։ Նաև կավն առանձնահատուկ ձգողականություն ունի իր յուրահատուկ բնույթով։ Վարպետը կավի վրա աշխատում է մոտ 15 օր կամ ավելի, որի ընթացքում էլ այն հարստանում է։ Վերջնական արտադրանքը միայն կավ չէ կամ միայն ջնարակ․ այն մարդու ջանքն է՝ մարմնացած կավի տեսքով։

Կավի հնարավորություններն անսահմանափակ են թե՛ երևակայության, թե՛ դիզայնի, թե՛ կիրառելիության տեսանկյունից։ Ես և Անին ցանկանում ենք նաև, բացի առօրյա գործածության իրերից, ստեղծել արվեստի գործեր՝ իրենց ուրույն ասելիքով ու նպատակով։

-Հետաքրքիր է, որ Ձեր անձնական էջում Դուք հաճախակի կիսվում եք այլ կավագործ վարպետների ձեռքի աշխատանքներով։

-Բանը նրանում է, որ ես ոչ մեկի մեջ մրցակից չեմ տեսնում։ Նաև կավն ունի մի յուրահատուկ գիծ, որ ամեն վարպետի հնարավորություն է տալիս իր ոճն ու աշխատանքային նրբություններն ունենալ։  Երկրորդ՝ ինչու՞ մրցենք, եթե կարող ենք համերաշխ ապրել, մեկս մյուսին գնահատել, ուրախանալ միմյանց հաջողություններով։ Ի վերջո, բոլորից էլ կարելի է սովորել։

Նշեմ, որ «Սաղմոս Կերամիկայի» էջին մենք բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստանում՝ գովասանքի և ոգևորության խոսքերով։ Մեզ համար դա մեծ նշանակություն ունի։ Ոչ մի մրցակցություն կամ ֆինանսական հաջողություններ չեն կարող համեմատվել հոգու ստացած ուրախության հետ։ Սովորաբար մարդը մրցում է՝ իր եսի պահանջները  (հպարտություն, հայտնի լինել և այլն) բավարարելու համար։ Իսկ հոգու դաշտում միայն  խաղաղություն ու համերաշխություն է տիրում։ Ուստի մենք ուրախությամբ ենք կիսվում այլ կավագործների աշխատանքներով։  

-Անդրանիկ, ի՞նչ երազանքներ ունեք։

-Այս պահին ամենամեծ երազանքը Տավուշի մարզ տեղափոխվելն է, որի իրագործման համար ես և Անին անում ենք ամեն բան։ Շատ աշխատում ենք, որ կարողանանք ապագա տան և արվեստանոցի համար անհրաժեշտ գումար հավաքել։ Բայց որքան էլ մեծ լինի այս ամենի իրականացման ցանկությունը,  ուզում ենք ոչ մի դեպքում չմոռանալ մեր մարդ լինելու, մարդ մնալու մասին։ Անկախ հետագայում ունենալիք բոլոր հաջողություններից, միշտ պիտի հիշենք՝ մեծագույն հաճույք է ուրիշներին  ուրախություն պատճառելը։

Եվ վերջում մաղթում եմ, որ բոլոր երիտասարդները, նորաստեղծ ընտանիքները ջանասիրորեն փնտրեն ու գտնեն՝ ինչ ասել է սեր և խաղաղություն։  

                                                                                                                                            Արփի Խաչատրյան

 

 

Անդրանիկ Մանուկյան «Սաղմոս Կերամիկա» արվեստանոց նոր կորոնավիրուս

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին