Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում բացել է հանրապետության նոր հյուպատոսությունը այն բանից հետո, երբ նախկին շենքը ավերվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածից։ Այս մասին հայտնում է իրանական SNN հեռուստաալիքը։
«Մենք ուրախ ենք, որ Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի նոր շենքի բացումը տեղի է ունեցել Սիրիայի հարգարժան արտգործնախարարի ներկայությամբ»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Իսրայելի ռազմաօդային ուժերը ապրիլի 1-ին հարվածել են Սիրիայի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին։ Հարձակման արդյունքում ավերվել է հյուպատոսության շենքը, սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանման գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին։