f

Անկախ

Ամենաշատը վախենում եմ, որ Արցախի կարոտով կմնամ. Մետաքսե Ավետիսյան


«Մինչև մենք չփոխվենք, մինչև հայը չհարգի հային, մինչև մեր հույսը մենք չլինենք ու չինքնակազմակերպվենք, մինչև իրոք պետություն ունենալու ցանկություն չունենանք, թեկուզ բոլոր գերտերությունները մեզ սատարեն, ոչինչ չի փոխվի»,- «Անկախի» հետ զրույցում ասում է 42-ամյա Մետաքսե Ավետիսյանը՝ խոսելով հզոր հայկական պետություն ունենալու և Արցախը վերաազատագրելու ապագայի հույսերի մասին: 

«Մինչև հիմա չեմ կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ երբեք չեմ գնա Արցախ:  Ներքուստ հավատում եմ ու համոզված եմ, որ տեսնելու եմ իմ Արցախը, բայց իրականությունը նման նախադրյալներ չի հուշում: Ամենաշատը վախենում եմ, որ Արցախի կարոտով կմնամ, ինչպես սփյուռքահայերը՝ Արևմտյան Հայաստանի»,- ասում է նա:

Մետաքսեն պատմում է՝ նախկինում, երբ Հայոց ցեղասպանության դրվագների մասին էր կարդում, միշտ զարմանում էր, թե ինչպես է բազմահազարանոց  ամբոխը հլու-հնազանդ կոտորածի ճանապարհով անցել ու չի փորձել պայքարել, փրկվել: Բայց Արցախի հայաթափման դժոխքը տեսնելով՝ այլևս ոչ մի բանի վրա չի զարմանում, ավելին, հասկանում է 1915-ի անցուդարձը: 

Մետաքսե Ավետիսյանը ծնվել ու ապրել է Ստեփանակերտում: Մասնագիտությամբ իրավաբան է: 13 տարի աշխատել է Արցախի Կադաստրում՝ շարքային աշխատակցից  հասնելով մինչև տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը: 9 տարի էլ եղել է ԱՀ Կառավարության աշխատակազմի Պետական գույքի կառավարման վարչության Պետական գույքի հաշվառման և կառավարման բաժնի պետը: 

«22 տարի աշխատել եմ պետական համակարգում: Փորձել եմ լինել օրինակելի և օրինապահ, գիտելիքներս փոխանցել համակարգի իմ աշխատակիցներին: Միշտ փորձել եմ կարողություններս ու ներուժս ծառայեցնել  մեր պետականության հզորացմանը, բայց, ցավոք,  չստացվեց»,- ասում է նա: 

Մետաքսեն վստահեցնում է՝ իր ողջ գիտակից կյանքում երբևէ չի մտածել Արցախից բացի այլ վայրում ապրելու մասին: Անգամ բլոկադայի ծանր օրերին իր ապագան միայն Արցախի հետ էր կապում. «Սեպտեմբերի 19-ից  4 օր առաջ սալոն էի գնացել, այնտեղ ասացի՝ հավատում եմ, որ Արցախից  դուրս չեմ գալու: Բայց հետո ստիպված եղա լքել իմ տունն ու հայրենիքը: Խոսքս ինձ համար արժեզրկվել է»: 

Նրա  ամուսինը ծնունդով Երևանից է: Բայց նրանք երբևէ Երևանում ապրելու միտք չեն ունեցել: «Ամուսինս արտերկրում է կրթություն ստացել, քրեագետ-փորձագետ է մասնագիտությամբ: 10 տարի Ռուսաստանում է աշխատել, հետո որոշել, որ պետք է հայրենիք վերադառնա և ապրի հենց Արցախում: 2016-ից բնակություն է հաստատել Արցախում և որպես կամավորական առաջնագիծ գնացել: Ամուսնացել ենք 2016-ի ապրիլի 18-ին»,- ասում է Մետաքսեն՝ հավելելով, որ ամուսիններով իրենց ձեռքերով քարը քարի վրա դնելով 2 տարում իրենց համար փոքրիկ տուն էին  կառուցել՝ ապագայի համար ծրագրելով այն վերածել երկհարկանի առանձնատան: 

«Բլոկադան վեր հանեց մարդկանց և լավ, և վատ կողմերը»

Խոսելով 2020-ի պատերազմի սպասելիության մասին, Մետաքսեն ասում է. «Պատերազմը միշտ էլ սպասելի էր. 90-ականներին հայրս, լինելով ճարտարապետ-նկարիչ, զենքը ձեռքին պայքարել է, եղել է հրամանատար: Իր ջոկատով ծննդյանս օրը Տիգրանակերտն են ազատագրել: Եղբայրս, որ այն ժամանակ 21 տարեկան էր, էլի մասնակցում էր ազատագրական պատերազմին և զոհվեց 92-ին: Մենք գիտեինք, որ պատերազմի վտանգը կա, բայց հավատում էինք, որ հաղթանակած դուրս կգանք: Անգամ 2020-ի  պատերազմից հետո մտածում էի, որ դա մեզ դաս էր, որ 30 տարի մեր ունեցածը չգնահատեցինք ու չպահեցինք, բայց ոտքի կկանգնենք ու  հետ կբերենք կորցրածը: Չէի սպասում, որ այսպես պետք է լիներ»: 

44-օրյա պատերազմի ժամանակ նա  մինչև հոկտեմբերի 30-ը Արցախում էր մնացել՝ համոզված լինելով, որ սահմանին մարտնչող զինվորի թիկունքում պետք է մարդ լինի: «Հոկտեմբերի 30-ին 4 կանանցով ու մեր տարեց ազգականի հետ մեծ դժվարությամբ դուրս ենք եկել Արցախից»,- հիշում է նա՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո մեկ ամիս շոկային վիճակում էր, չէր հավատում տեղի ունեցածին, չէր կարողանում համակերպվել մտքի հետ, որ թշնամին ոտք է դրել Արցախ:

«Դեկտեմբերի 1-ին հետ գնացինք: Գնալն այլընտրանք չուներ: Այո, վախ կար, քանի որ Ստեփանակերտը գրեթե շրջափակված էր: Բայց այդ իրավիճակին էլ հարմարվեցինք: Մտածում էինք, որ շուտով Շուշին,  Հադրութը, Քաշաթաղն ու Շահումյանը  հետ կբերենք: Եվ մինչև սեպտեմբերի 19-ի գիշերը գեթ մեկ վայրկյան չեմ մտածել հեռանալու մասին»,- ասում է նա: 

Խոսելով պարտության պատճառների մասին՝ Մետաքսեն ասում է, որ պարտության ուղին սկսվեց 1994-ից հետո: «Մենք սկսեցինք պարտվել 94-ից հետո, երբ նորմալ պետություն չկառուցեցինք, սկսեցինք թալանել մեր պետությունն ու վատնել ռեսուրսները: Ինձ էլ եմ մեղավոր համարում, որ բավարար պայքար չեմ մղել,- ասում է նա:- 44-օրյայի ժամանակ ահավոր քաոս էր ստեղծված, մեր բոլոր տղամարդիկ՝ եղբայրս, հայրս, ամուսինս, փեսաս, բոլորը սահմանին էին: Այն դիրքերում, որտեղ մարդիկ  «թքել են»  ամեն ինչի վրա ու մինչև վերջ պայքարել,  թշնամին առաջ գալ չի կարողացել: Բայց այն դիրքերում, որտեղ քաոս է տիրել, անգամ տեղեր են եղել, որ հրամանատարները թողել են զինվորներին ու  փախել,  այդ տեղերում պաշտպանությունը ձախողվել է: Չեմ կասկածում, որ եթե ինքնակազմակերպվելու խնդիր դրված լիներ,  թշնամին ոչ մի թիզ առաջ չէր գա: Այն տեղերը, որոնք չպետք է գրավեին, այնքան զավեշտալի ձևով են գրավել: Օրինակ՝ Շուշիում ինքներս մեզ խփել ենք: Երևի այդ ամենը հատուկ է արված եղել»:

Մետաքսեի համոզմամբ՝ այնքան ենք հեռացել Աստծո պատվիրաններից, այնքան ենք փողի գերի դարձել, որ պատժվեցինք: 

«Բլոկադան վեր հանեց մարդկանց և լավ, և վատ կողմերը: Մարդիկ կային, որ իրենց վերջին ունեցածով մյուսների հետ էին կիսվում: Մարդիկ պատրաստ էին, որ իրենց երեխաները սոված մնան, բայց ադրբեջանական ալյուրը չմտնի Արցախ: Բայց դրա կողքին կային մարդիկ, որոնք ռուսների միջոցով ամեն ինչով ապահովված էին, մարդիկ, որոնք կարող էին փռնից հարսանիքի համար տանել հարյուրավոր մարդկանց օրվա հացը,- ասում է Մետաքսեն:- Անգամ այդ պարագայում միասնականություն չկար: Մի երեխան սոված էր դպրոց գնում, մյուսի ծնողը ռուսների միջոցով անգամ Կինդեր էր գնում:  Նման փոքր բաներից է ամեն ինչ սկսվում: Մենք պետության  գիտակցություն  այդպես էլ չունեցանք, 90-ականներից հետո պետություն ասվածը նրա համար էր, որ թալանենք: Շատ մարդիկ կան, որ նվիրված աշխատել են, բայց և աչք են փակել ուրիշների արարքների վրա, եթե անձնապես կոմֆորտ վիճակ է եղել»:

 Մետաքսեն նշում է՝ արցախից տեղահանված մարդիկ այժմ գիտակցում են, որ հերթական անգամ հայրենիք կորցնելու վտանգի առաջ ենք: Բայց պայքարելու ուժ և հավատ այլևս չունեն:  «Մեր մեջ կոտրվել է հավատը առ մարդ, չես հավատում, որ որևէ մեկն իրոք հանուն հայրենիքի է պայքարում, սերուցքն ու կեղտն այլևս  չենք կարողանում տարբերել,- ասում է նա:- Շարքային քաղաքացին իր և իր երեխայի օրվա ապրուստն ապահովելու  խնդրի առաջ է, և այլևս այլ հարցերի մասին մտածել չի կարող: Դա հատուկ է արված»:

«Մարդիկ  մինչև արյան վերջին կաթիլը պահեցին սահմանը»

Հիշելով հայրենազրկումը՝ Մետաքսեն պատմում է, որ ընտանիքով սնունդ էին պահեստավորում՝ պատրաստվելով տևական բլոկադայի: 

«Մտածում էինք, որ ռուսը մեր հաշվին է մնում այնտեղ, չի ուզենա տարածաշրջանից դուրս գալ, մեր  գործոնն էր իրենց այնտեղ պահում, և մինչև վերջին օրը համոզված էինք, որ  մենք կաշխատենք, ռուսներն  էլ մեր մեջքը կպահեն: Բայց ամսի 19-ին տեսանք, որ այդպես չէ,- ասում է նա:- Մեր գյուղը՝ Սարուշենը,  12 զոհ տվեց: Մարդիկ  մինչև արյան վերջին կաթիլը պահեցին սահմանը, որ գյուղացիները կարողանան անտառով փախչել: Մարդիկ կռվում էին՝ գիտակցելով, որ դա  վերջն է, հետևում հարազատներն են, փախչելու տեղ էլ չկար:  Անասելի պայքար ու հերոսություն են ցուցաբերել»: 

Վերհիշելով սեպտեմբերի 19-ի սարսափները՝ Մետաքսեն պատմում է. «Նկուղում էինք, մի բուժքույր եկավ: Կապ չկար, բերնեբերան էր ինֆորմացիան փոխանցվում: Բոլորը նրա «գլխին լցվեցին» մի նորություն իմանալու համար, ոչ մեկ չգիտեր, թե ինչ է կատարվում: Բուժքույրն  ասաց՝ ամեն մեկդ մի ձեռք շոր հավաքեք, գիշերը կարող է տարհանում լինել: Առաջին անգամ այդ ժամանակ հասկացա, որ ստիպված եմ լինելու թողնել իմ տունն ու հայրենիքը: Մենք ամսի 28-ին ենք դուրս եկել: Ահավոր էր: Հրաժեշտ չեմ տվել:  39 ժամ ճանապարհ ենք անցել: Սանտիմետրերով, կիսաքնած առաջ գնալուց ճանապարհն անվերջություն էր թվում, իրականության զգացողությունը կորցրել էի: Վախենում էինք, որ տղամարդկանց կարող են բռնել: Տարբեր լուրեր էին շրջանառվում, որ կարող է մի խմբին  բաց թողնեն, հետո չթողնեն, կատաստրոֆիկ վիճակ էր, պայթյունը, վտանգի զգացողությունը… մտքումս միայն Հակարին անցնելն էր, դա դարձել էր գերնպատակ»:

Հայրենազրկումից հետո Մետաքսեն որոշ ժամանակ արգելափակել է կապի բոլոր միջոցները, խուսափել որևէ կերպ լուրերին ու անցուդարձին տեղեկանալուց: Հրաժարվել է նաև պետական համակարգում աշխատելու առաջարկից. Ասում է՝ նույն կարծրացած համակարգն է, քանի դեռ համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել, ինքն այնտեղ անելիք չունի: Ծանր իրավիճակում մտքերի սթափությունը պահպանելու համար սկսել է ձեռագործ աշխատանքով զբաղվել:  «Ձեռագործությունը պատերազմի հետ է կապված, 90-ականներին 10-11 տարեկան դպրոցական էի, սարուշենում էինք, զոհերով էինք հասկանում, որ պատերազմ է:Տատիկիս և մայրիկիս հետ հելյունով, շյուղերով գործում էինք,  որ սթրեսին դիմանանք: Պատերազմը վերջացավ, դա մոռացության տրվեց: Հաջորդ անգամ ձեռագործությամբ սկսեցի զբաղվել 2020-ի պատերազմին: Հիմա էլ եմ գործում»:,- ասում է նա՝ հավելելով, որ առայժմ սեփական բրենդը ստեղծելու մտադրություն չունի, իր աշխատանքները վաճառում է քրոջ էջի՝ Նախշ Ձեռագործի միջոցով: 

«Դա ինձ դա օգնում է իրականությունից կտրվել, նաև քույրիկիս եմ օգնում»,- ասում է Մետաքսեն՝ հավելելով, որ առկա անորոշության պայմաններում ապագայի մասին մտածել չի կարող: Նա համոզված է՝ հայության փրկությունը միասնական ազգային գաղափարախոսություն ունենալու մեջ է: Բայց մեծագույն հարցն է, թե ինչպես հասնել դրան: «Վախենում եմ, որ հայի ոգին այս հարյուրամյակում չկարողանա գլուխ բարձրացնել ու հաղթի հայի տականքը: Առաջ լավատես էի, հիմա այդ վախը մեծ  է»,- ասում է նա:

 

կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Հասարակություն Արցախ 44-օրյա պատերազմ Ստեփանակերտ հայրենազրկում Պատերազմ Հայաստան արցախցի բռնի տեղահանվածներ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին