«Բաքուն ցանկանում է ուժեղի իրավունքով քամել Հայաստանից առավելագույնը՝ այն ամենը, ինչ կհաջողվի: Ես կարծում եմ, որ Բաքուն ինչ-որ իմաստով ցանկանում է շարունակել: Որոշ նշաններ ցույց են տալիս, որ Ադրբեջանում դեմ չեն դիտարկել Հայաստանի հետագա ապաինքնիշխանացման հարցը՝ պետական իշխանության հատկանիշների նվազագույն պահպանմամբ, իսկ գուցեև նույնիսկ առանց դրանց»,- կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Նովիկովը: «БИЗНЕС Online»-ի հետ հարցազրույցում նա պատմում է այն մասին, թե ինչպես կարող է Ֆրանսիան օգտագործել Հայաստանը որպես Թուրքիայի վրա ճնշման գործիք, ինչու Իլհամ Ալիևն արտահերթ ընտրություններ անցկացրեց, ինչպես նաև վերջինիս երկակի քաղաքականության մասին Ռուսաստանի նկատմամբ:
«Չափազանց սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ Ալիևին մի քանի հակամարտությունների պատանդ են դարձնում»
- Վլադիմիր Վլադիմիրովիչ, օրերս Ադրբեջանում նախագահի ընտրություններ տեղի ունեցան: Համոզիչ հաղթանակ տարավ հանրապետության գործող ղեկավար Իլհամ Ալիևը: Ինչո՞ւ նա կազմակերպեց այդ ընտրությունները: Ցանկանում է բացարձակ լեգիտիմության մանդա՞տ ստանալ: Ինչո՞ւ:
- Սկսենք նրանից, որ նա ուզում է ամրագրել Ադրբեջանն իր նոր սահմաններով, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը: Հաղթելով այդ արտահերթ ընտրություններում՝ նա լեգիտիմացնում է աշխարհաքաղաքական իրականությունը, որում ղարաբաղյան էջը շրջված է, և ինքը հողերը հավաքող է: Սա առաջին հանգամանքը:
Երկրորդ հանգամանքը: Ալիևը հասկանում է, որ Ադրբեջանի շուրջն ամեն ինչ բարդ է: Սկսենք նրանից, որ Հայաստանը փորձում է խաղաղության պայմանագիր կնքելու համար միջնորդության տարբեր ձևաչափեր օգտագործել, այդ թվում և եվրոպական երկրների մասնակցությամբ, իսկ Ադրբեջանը ձգտում է, որ ամեն ինչ արվի առանց միջնորդների: Եվ հասկանալով, որ կարող է բախվել նաև միջազգային ճնշմանը, ադրբեջանցի առաջնորդը նաև ձգտում է իրեն լրացուցիչ լեգիտիմացնել:
Երրորդ հանգամանքը: Չափազանց բարդ իրավիճակ է դասավորվում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ի վերջո, հարցը բնավ էլ փակված չէ: Այո, ղարաբաղյանը կարծես փակված է, բայց դա նույնպես շատ պայմանական է, քանի որ մենք չենք հասկանում, թե ինչ տեղի կունենա Հայաստանում 10-15 տարի հետո: Չեն առաջանա արդյոք այնտեղ ուժեր, որոնք ռևանշ կցանկանան: Ինչպիսի՞ն կլինի այդ ուժերի ռեսուրսային հիմքը, ի՞նչ իրավիճակում կհայտնվի Հայաստանն այն ժամանակ և այլն: Այժմ դրված է խաղաղության պայմանագրի և սահմանների հարցը: Ինչքան հասկանում ենք, այդ սահմանները բավականին վիճելի են: Յուրաքանչյուր կողմն իր պատկերացումներն ունի, թե ինչպես և որտեղով պետք է դրանք անցնեն: Բացի այդ, Իլհամ Հեյդարովիչը 9-րդ կետը տարածաշրջանի բոլոր սահմանների ապաշրջափակման մասին հասկանում է որպես զանգեզուրյան միջանցք գցելու հնարավորություն: Մենք լսել ենք այդ մասին օրերս, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «եթե խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն չկա, ապա կուզենայինք համաձայնագիր կնքել չհարձակվելու մասին մինչև խաղաղության պայմանագրի կնքումը»: Այդպիսով նոր արագընթաց հայ-ադրբեջանական պատերազմի հավանականություն է ծագում, որի կենտրոնը կլինի Հարավային Հայաստանը՝ Սյունիքի մարզը: Եվ այդ իրավիճակում նույնպես Ալիևը կցանկանար լեգիտիմացնել իրեն:
Եվ վերջին հանգամանքը: Նման լրացուցիչ լեգիտիմացումը արտահերթ ընտրությունների միջոցով անհրաժեշտ է իրեն նաև հետևյալ պատճառով: Ներկայիս հակամարտությունը Մերձավոր Արևելքում շատ անհարմար իրավիճակ է ստեղծել Ադրբեջանի համար: Չէ՞ որ նա շատ մոտ հարաբերությունների մեջ է, մի կողմից, Թուրքիայի, մյուս կողմից՝ Իսրայելի հետ: Հասկանալի է, որ ադրբեջանա-իսրայելական բարեկամության պատճառը իրանական հարցն էր: Գազայում առճակատումը սկսվելուց հետո Թուրքիան և Իսրայելը դառնում են միմյանց հակադիր ուժեր, և Ադրբեջանը ստեղծված իրավիճակում ստիպված է խուսանավել նրանց միջև: Ալիևը հասկանում է, որ Ադրբեջանին բարդ ժամանակներ են սպասում՝ կապված արտատարածաշրջանային դեպքերի հետ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի հակամարտության, և այդ իրավիճակում նույնպես ցանկանում է իր համար լրացուցիչ լեգիտիմություն ապահովել:
- Բացի հայկական ուղղությունից, Ադրբեջանի հին-նոր նախագահն ինչ-որ քայլեր կձեռնարկի՞ արտաքին քաղաքականության մեջ:
- Որպեսզի որոշ քայլեր ձեռնարկի ուրիշ ուղղություններով, Ալիևն առաջին հերթին պետք է այժմ փակի հայկական հարցը, ընդ որում, հատկապես իր պայմաններով: Նա շատ է ցանկանում լուծել դա ուժեղի իրավունքով և ոչ որևէ այլ կերպ: Չափազանց սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ Ալիևին մի քանի հակամարտությունների պատանդ են դարձնում: Բացի մերձավորարևելյանից, որտեղ Անկարան իրեն որոշակիորեն դրսևորել է, հակամարտություն կա Թուրքիայի և Ֆրանսիայի միջև Միջերկրական ծովի շելֆի համար: Սրանից էլ, ըստ երևույթին, պարոն Փաշինյանի՝ անվտանգության երաշխավորի ձգտումները՝ ի դեմս Ֆրանսիայի: Այդ ամբողջ քաղաքականությունը շարունակվելու է:
Ռուսաստանի նկատմամբ կլինի երկակի քաղաքականություն, որը Ալիևը բավականին յուրովի արդեն վարում է: Մի կողմից՝ նա շատ ջերմ է Մոսկվայի հետ, մյուս կողմից՝ արդեն գիտենք, որ կիևյան վարչակարգի հետ համագործակցության փաստեր կան, ընդհուպ որոշ տեսակների զենքի մատակարարումը:
- Իսկ Իրանի՞ հետ ինչպես կդասավորվեն հարաբերությունները:
- Դե ինչպես որ մինչև հիմա էին: Իսկ դասավորվում էին բավական բարդ: Իրանում 25-30 տոկոսը ադրբեջանական բնակչություն է: Այսպես ասած, իրանական կառավարության սիրած ազգային փոքրամասնությունը: Ադրբեջանցիներն այնտեղ լուրջ դիրքեր են գրավում պետապարատում, բիզնեսում: Բացի այդ, իրանցիները բնավ չեն ցանկանում, որ իրենց ադրբեջանցիներն աշխույժ շփվեն Ալիևին հպատակ ադրբեջանցիների հետ, որովհետև վախենում են Բաքվի ազդեցությունից: Եթե հիշում եք, 2023 թ. իրանա-ադրբեջանական հարաբերությունները կտրուկ սրվեցին, դրա առիթը Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչությունն էր: Որոշ «խելոք» փորձագետներ նույնիսկ ասում էին, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն անմիջապես պատասխան կտա, բայց իրականում նման բան տեղի չունեցավ: Ղարաբաղի զտումը հանգիստ ընթացավ: Այդուհանդերձ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները լարված են: Այն, որ ժամանակ առ ժամանակ այդ լարվածությանը փոխարինում են որոշ փոխադարձ հաճոյախոսություններ՝ բարձր մակարդակով, ոչինչ չի նշանակում: Չարժի դրան ուշադրություն դարձնել: Միանգամայն ակնհայտ է, որ Իրանը Ադրբեջանում ընկալվում է առնվազն որպես բարդ և ծանր հարևան:
- Ինչպիսի՞ն կլինեն Ալիևի քայլերը երկրի ներսում: Նա ընդդիմություն չունի՞, ինչպես Ղազախստանում, որտեղ անցած շաբաթ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը փոխեց վարչապետին: Ալիևը նո՞ւյնպես կփոխի կառավարությունը՝ ինչ-որ նոր մարդիկ բերելով իշխանություն:
- Ադրբեջանում ընդդիմություն կա, բայց այնտեղ ղազախական իրավիճակ չէ: Ղազախստանում երկկենտրոնություն է եղել՝ էլբասին և նախագահ Տոկաևը, համապատասխանաբար նրանց աշխատակազմերի միջև պայքար է ընթացել: Այնուհետև տեղի ունեցավ 2022 թ. հունվարյան ողբերգությունը, որի հետևանքով Նուրսուլթան Նազարբաևին և նրա շրջապատին հեռացրին իշխանությունից: Ադրբեջանի իրավիճակը սկզբունքորեն տարբեր է: Մոտավորապես 2010-ականներից սկսած՝ Իլհամ Հեյդարովիչը իրար հետևից իշխանությունից հեռացրեց իր հոր մարդկանց և խաղադրույքը դրեց իր կնոջ՝ Մեհրիբան Փաշաևայի ընտանիքին մերձավոր երիտասարդ տեխնոկրատների վրա: Այսինքն՝ այնտեղ հարցը լուծված է: Եթե որոշ տեղափոխություններ էլ տեղի ունենան, ապա զուտ տեխնիկական կլինեն՝ կապված բուն Ալիևի շրջապատում որոշ կլանային, խիստ ոչ թափանցիկ գործընթացների հետ: Ուստի զուգահեռը Ղազախստանի հետ, իմ կարծիքով, տեղին չէ:
«Եթե դա տեղի ունենա, ապա ՀԱՊԿ-ն պարտավոր է միջամտել»
- Հրապարակումներ են եղել այն մասին, որ Ռուսաստանին առաջարկում են մասնակցել Թուրքիա տանող զանգեզուրյան տրանսպորտային միջանցքին: Դա մեզ պե՞տք է:
- Ադրբեջանի տարածքը համընկնում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման հետ, որը տանում է Իրան: Ներկայիս պատժամիջոցների և մնացած ամեն ինչի իրավիճակում մենք շատ շահագրգռված ենք այդ միջանցքով:
Ինչ վերաբերում է նրան, ինչի մասին հարցնում եք, ապա դա մասնակցություն է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը՝ նախատեսված 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով, որի համաձայն, ինչպես հիշում եք, նախատեսվում էր տրանսպորտային միջանցքի բացում Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով: Համաձայն այդ փաստաթղթի՝ այդ ամենն ապահովում էր Ռուսաստանի ԴԱԾ-ի սահմանապահ ծառայությունը: Այդ առումով որոշ ճանապարհների բացումը, ավելի ճիշտ՝ որոշ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանում արդեն մեր ստանձնած պարտավորությունն է: Այլ հարց է, որ պարոն Ալիևը ցանկանում է յուրովի մեկնաբանել հայտարարության այդ կետը և խոսում է այսպես կոչված զանգեզուրյան միջանցքի մասին: Այսինքն՝ փաստացի արտատարածքային միջանցքի մասին, որում զուտ ադրբեջանական ազդեցություն է լինելու և որը պետք է անցնի Հայաստանի տարածքով: Այն, որ նա դրա հետ մեկտեղ փորձում է, օգտվելով Ռուսաստանի և Հայաստանի ներկայիս ղեկավարության տարաձայնություններից, ավելի շատ ներքաշել մեր երկիրը և դարձնել այդ գործում իր դաշնակիցը, նույնպես հասկանալի է:
- Եվ ի՞նչ հեռանկարներ ունի այդ պատմությունը:
- Թե ինչին մենք կմասնակցենք, առանձին հարց է: Բայց այն, որ Ալիևը կսկսի ճնշել՝ պահանջելով ոչ միայն ապաշրջափակել ինչ-որ տարածք, այլև Հայաստանի տարածքով միջանցք բացել, հավանաբար ռազմական ճանապարհով, ապա դա 100 տոկոսով է: Ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության վրա, որ արվել է օրերս և որում ասվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիներին և դեսպանության աշխատակիցներին խորհուրդ չի տրվում երկրի հարավում, մասնավորապես՝ Սյունիքի մարզում այցելել և անցնել թվարկված բնակելի կետերով: Բացի այդ, նրանց խորհուրդ չի տրվում մեկնել Երասխ, որը գտնվում է Սյունիքի և Երևանի միջև: Եթե ադրբեջանցիները կարողանան ռազմական ճանապարհով ճանապարհ բացել Երասխի շրջանում, ապա կվերանա Հայաստանի հարավ ռազմական զենքի տեղափոխման հնարավորությունը:
- Եթե այդ պատերազմը սկսվի, ապա ինչպե՞ս կարձագանքի ՀԱՊԿ-ն, որի անդամ է հանդիսանում Հայաստանը:
- Եթե դա տեղի ունենա, ապա ՀԱՊԿ-ն պարտավոր է միջամտել: Բայց մենք ձեզ հետ հասկանում ենք, որ այդ հարցի կապակցությամբ ՀԱՊԿ-ում կոնսենսուս ձեռք չի բերվել:
- Իսկ ինչպե՞ս են կատարվելու պայմանագրերը: Թե՞ դրանք չեղյալ են դառնալու:
- Եթե պատերազմ լինի և ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի կողմից որևէ օգնություն չլինի, ապա դա լուրջ պատրվակ կդառնա Հայաստանի ներկայիս ղեկավարության համար լրիվ խզելու հարաբերությունները ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և հետխորհրդային տարածքի այլ միավորող կառույցների հետ:
- Ի՞նչ եք կարծում, մենք ՀԱՊԿ-ից առանձին միջամտելո՞ւ ենք նման ճգնաժամային իրավիճակում: Մենք, ի վերջո, ռազմաբազա ունենք Գյումրիում, մենք անմիջական դաշնակիցներ ենք:
- Ես չգիտեմ, թե ինչպես կվարվեն այդ իրավիճակում նախագահ Վլադիմիր Պուտինն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ռուսաստանի՝ որպես անվտանգության երաշխավորներից մեկի վրա որոշակի պարտավորություններ կան: Դրանք կան և թույլ են տալիս մեզ միջամտել այդ իրավիճակին: Հասկանալի է, որ դրանք թույլ չէին տալիս մեզ միջամտել ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ Ղարաբաղը Հայաստանի մաս չի համարվում: Ղարաբաղը ինքնահռչակ պետություն էր՝ Հայաստանի հովանու տակ: Այստեղ իրավիճակն ուրիշ է: Ավելին ես չգիտեմ: Բայց եթե նման միջամտություն չլինի, ապա կրկնում եմ, Հայաստանի ներկայիս ղեկավարության համար ծանրակշիռ պատրվակ կհայտնվի Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համար:
- Իսկ ինչպե՞ս կարձագանքեն ամերիկացիները, ֆրանսիացիները: Նրանք ինչ-որ կերպ կխառնվե՞ն:
- Ես կարծում եմ, որ կարող է կրկնվել 1920 թվականի իրավիճակը, երբ Վուդրո Վիլսոնը և ֆրանսիացիները, մի կողմից, բորբոքում էին Հայաստանի առաջին Հանրապետության առաջնորդների ախորժակը, մյուս կողմից, երբ դա իրապես պահանջվեց, չեկան օգնության: Այլ հարց է, որ նույն Ֆրանսիան կարող է օգտագործել Հայաստանը որպես գործիք Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Եթե մենք իրար հետ չենք կարողանում բաժանել նավթագազային շելֆը Միջերկրական ծովում, ուրեմն ստացեք մեզնից հարվածը Հայաստանով: Բայց թե որքանով ամուր ու իրականանալի կլինեն նման երաշխիքները, առանձին հարց է:
- Իսկ Իրա՞նն ինչպես կարձագանքի, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա:
- Եթե իրանը հասկանա, որ իրավիճակը շատ հեռուն է գնացել, ապա կփորձի միջամտել:
- Բայց Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է: Այդ դեպքում արդյոք Իրանի և Թուրքիայի անմիջական բախում չի առաջանա՞:
- Դա կարող է իրոք Իրանի և Թուրքիայի բախման պատճառ դառնալ: Հարցը դարձյալ այն է, թե ամեն ինչ որքան հեռու կգնա:
- Հայաստանի ղեկավարությունն ինչո՞վ է ավելի շատ շահագրգռված. որպեսզի դա իրոք հեռուն գնա և կոնֆլիկտին միջամտեն հզոր ու տարբեր արտաքին կողմե՞ր, թե՞ հակառակը, որպեսզի ամեն ինչ արագ գցի ու հարցը փակի:
- Հայաստանի ղեկավարությունը փաստացի գցեց Ղարաբաղը: Սյունիքի հարցում ես այդքան կտրուկ չէի լինի, թե նա պատրաստ է այն գցել: Այլ հարց է, որ որոշ երաշխիքների դիմաց, որոնցից այլև ոչինչ չի բխում, ներկայիս ղեկավարությունը սկսել է լայնամասշտաբ գործողություն հայկական ինքնության վերաձևակերպելու ուղղությամբ: Հասկանալի է, որ Ղարաբաղը միանշանակ երևույթ չէր: Վերջին մեկուկես-երկու տասնամյակներին հայերի մի զգալի մասը ղարաբաղյան հարցը շատ հակասական էր ընկալում ու գիտակցում: Հայ հասարակության մի մասը, հիմնականում երևանյանը, դա բեռ էր համարում: Բայց ես չեմ կարծում, որ որպես բեռ է ընկալվում Սյունիքը: Երկրի Սահմանադրությունը վերաշարադրելու փորձերը ինչ-որ նոր իրողությունների անվան տակ՝ հանելով դրանից Ղարաբաղի հիշատակումը, զինանշանից Արարատը հանելու մտադրությունը, էլի ինչ-որ հանգամանքներ, դժվար թե խանդավառություն առաջացնեն հայ բնակչության մեջ: Արդեն իսկ այժմ հստակ է, որ Թուրքիայի հետ հաշտության ճանապարհին «ապաղարաբաղացման» հաջորդ քայլը կարող է լինել Հայոց ցեղասպանության հայեցակարգից հրաժարվելու պահանջը: Ըստ ամենայնի, Փաշինյանն ուզում է նման հաշտություն, բայց այդ դեպքում Թուրքիան ուժեղի իրավունքով կպահանջի, որ Հայաստանը ջնջի ցեղասպանության թեման իր պատմագրությունից, այլևս այն չարծարծի և առաջ չտանի միջազգային ասպարեզում:
«Եկեք ազնվորեն խոսենք. այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, էթնիկ զտում է»
- Ի՞նչ եղան Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչները, որոնք լքեցին իրենց տները: Բոլորն էլ Հայաստանո՞ւմ են, թե նաև ուրիշ տեղ:
- Նրանք Հայաստանում են: Այլ վայրերում նրանց տարածման քանակական տվյալներ ես չեմ տեսել: Առայժմ, ինչպես հասկանում եմ, նրանց հիմնական ապաստանը Հայաստանն է: Այլ հարց է, որ այնտեղ արդեն աներևույթ պայքար է սկսվում: Ղարաբաղյան նախկին ղեկավարությունն ասել է, որ կպահպանի ղարաբաղյան պետականության ինստիտուտները վտարանդիության մեջ, իսկ Հայաստանի ղեկավարությունը դա չի ուզում: Եվ այդ հարցի շուրջը պայքար է ընթանում:
- Հայաստանի ընդդիմությունն ինչ-որ կերպ օգտագործո՞ւմ է այդ մարդկանց իշխանության համար իր պայքարում:
- Նախ՝ հայկական ընդդիմությունը պառակտված է հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև: Երկրորդ՝ ինչպես ցույց տվեցին 2021, 2022 և 2023 թթ. իրադարձությունները, այդ ընդդիմությունը չի կարող ոտքի հանել ժողովրդին որևէ նշանակալի ընդվզման համար: Երրորդ՝ սոցիալական դեպրեսիան հայ հասարակության մեջ այնպիսին է, որ նա ինքնրույն ոտքի չի ելնի և չի ըմբոստանա: Եկեք ազնվորեն խոսենք. այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, էթնիկ զտում է: Բայց հայ հասարակությունը ո՛չ ուժ ունի հիմա, ո՛չ ռեսուրսներ ռևանշի համար:
- Ի՞նչ տրամադրություններ են հայկական բանակում: Դարձյալ անկումային հոգեվիճա՞կ: Նրանք պատրա՞ստ են կռվել, ռազմական հեղաշրջում կատարել, թե՞ դա հիմա ամորֆ կառույց է:
- Ես նորից հղում կանեմ 2021 թվականի իրադարձություններին: Այն ժամանակ՝ փետրվարին, բանակի վերնախավը վերջնագիր ներկայացրեց երկրի վարչապետին: Ինչո՞վ ավարտվեց դա: Այդ վերջնագիրը մի անի օրում հալվեց: Վարչապետը հեռացրեց գլխավոր շտաբի պետին: Խոսում էին, թե զինվորականներն իրենց կուսակցությունը կստեղծեն և կմասնակցեն 2021 թ. արտահերթ ընտրություններին, բայց նման բան տեղի չունեցավ: Այդ առումով հայկական բանակը շատ տարբեր է թուրքականից: Ինչպես հիշում եք, Թուրքիայում տասնամյակներ շարունակ, Քեմալ Աթաթուրքից հետո, բանակը իրոք սոցիալ-կաստայական ինստիտուտ էր, որը երբեմն իր կարգերն էր թելադրում պետությանը: Այստեղ դա տեղի չունեցավ:
- «Մենք պետք է հասկանանք, թե ում հետ պետք է զարգացնենք ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցությունը: Նախկինում նման հարց չի եղել, ինչպես նաև բարդություններ՝ կապված հայեցակարգի հետ: Անցյալում Հայաստանի հարաբերությունները պաշտպանության ոլորտում 97 տոկոսով կապված են եղել Ռուսաստանի հետ: Այժմ դա չի կարող լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,- ասել է Փաշինյանը: Ի՞նչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների մասին է խոսքը:
- Բանն այն է, որ հայկական էլիտայում, ասենք նաև Անդրկովկասի մյուս էլիտաներում այժմ ընդհանուր առմամբ տիրում է հետևյալ տրամադրությունը. Ռուսաստանն այժմ չափից ավելի է զբաղված Ուկրաինայում և մեր տարածաշրջանի համար ճար չունի: Այդ իրավիճակում, այսպես ասենք, յուրաքանչյուրն անում է այն, ինչ ուզում է և ինչ կարող է: Ես չեմ պնդում, որ դա օբյեկտիվ է: Չեմ միանում նման տեսակետին: Բայց դա այնտեղ գերակշռող է դառնում: Եվ այդ անդրկովկասյան եռյակից յուրաքանչյուրն ինչ ուզում, այն էլ անում է: Ադրբեջանն իրեն ուժեղ է զգում, լուծում է ղարաբաղյան հարցը: Վրաստանը ջանում է օգտվել ստեղծված հնարավորություններից: Պարզ ասած, ինչ-որ աշխարհին բացվող օդանցք դառնալ պատժամիջոցների պայմաններում: Հայաստանի ղեկավարությունը ջանում է այդ թեզի օգնությամբ հիմնավորել Ռուսաստանից առավելագույն հեռավորություն պահելու փորձերը:
- Փաշինյանի այդ արտահայտությանը հետևո՞ւմ են ինչ-որ գործնական քայլեր, թե՞ դա ինչ-որ քաղաքական զոնդավորում էր, զանգվածներին նետված հատուկ տեղեկատվություն:
- Նման նետումները զանգվածներին միշտ արվում են որոշ քաղաքական քայլերից առաջ: Միանգամայն ակնհայտ է, որ սկսած մոտավորապես 2022 թ. վերջից՝ հայկական ղեկավարությունն ամբողջ ուժով փորձում է կոնֆլիկտի հրահրել Մոսկվային նրա դուռը շրխկացնելու և հարաբերությունները խղելու նպատակով:
- Մարիա Զախարովան այդ բոլոր հայտարարությունների կապակցությամբ ասում է, որ մենք, միևնույն է, մնում ենք բարեկամական և դաշնակից պետություններ: Այսինքն՝ մեզ քշում են, իսկ մենք մնո՞ւմ ենք:
- Մոսկվան շահագրգռված է Հայաստանով՝ որպես բարեկամով ու դաշնակցով և ջանում է ամեն կերպ պահպանել այդ դիրքը:
- Փաշինյանը մի քանի առաջարկություններ է արել Բաքվին խաղաղության պայմանագիրը կնքելու համար, բայց Ալիևը չի ընդունում դրանք: Ինչո՞ւ:
- Բաքուն ցանկանում է ուժեղի իրավունքով քամել Հայաստանից առավելագույնը՝ այն ամենը, ինչ կհաջողվի: Կարծում եմ, որ Բաքուն ինչ-որ իմաստով ցանկանում է ավելի հեռուն գնալ: Որոշ նշաններ ցույց են տալիս, որ Ադրբեջանում դեմ չեն դիտարկել Հայաստանի ապաինքնիշխանացման հարցը՝ պետական իշխանության հատկանիշների նվազագույն պահպանմամբ, գուցեև նույնիսկ առանց դրանց: Օրինակ՝ ի՞նչ կարիք կա հրապարակայնորեն հայկական քաղաքների անունները հնչեցնել ադրբեջանական տարբերակով, ներառյալ՝ Երևանը կամ Սևանա լիճը: Ինչո՞ւ հրապարակայնորեն ասել, թե դրանք մեր բնիկ հողերն են: Ինչո՞ւ Ադրբեջանի փախստականների կոմիտեն վերանվանել Արևմտյան Ադրբեջանի փախստականների կոմիտե, ինչպես նաև Հայաստանի տարածքների զգալի մասն անվանել Արևմտյան Ադրբեջան: Նման բաները հենց այնպես չեն արվում: Պարոն Փաշինյանը, ըստ երևույթին, արդեն հասկանում է, որ ինքն այնքան էլ խելոք մարդ չէր՝ որոշելով, որ կարող է լուծել Ադրբեջանի հետ խնդիրները Արցախը հանձնելով, և հիմա ամեն կերպ փորձում է դա շտկել: Ահա այդ գործընթացի էությունը:
- Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է լրիվ յուրացնե՞լ Հայաստանը ինչ-որ տեսքով:
- Կարծում եմ՝ առնվազն պոկել նրա հողերի զգալի մասը: Ամեն ինչ տանում է 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրի ինչ-որ նոր խմբագրմանը: Ադրբեջանն այն ժամանակ արդեն խորհրդայնացված էր, սկսվում է հայ-թուրքական պատերազմը, և վերջին պահին, որպեսզի չհանձնվեն բոլշևիկներին, իսկ ուրիշ մեկին հանձնվելու տարբերակ էլ չկար, Հայաստանի առաջին Հանրապետության խելոքները փաստացի համաձայնում են զիջել տարածքների մեծ մասը իրենց տարածքում օտարերկրյա զորքերի ներկայության և Հայաստանի ապառազմականացման դիմաց: Ներկայիս իրավիճակը դա շատ է հիշեցնում:
- Այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի Փաշինյանի ճակատագիրը: Նա կփախչի՞ Հայաստանից, եթե դա տեղի ունենա Հայաստանի հետ: Նրան հենց հայերը կնզովեն դրանից հետո:
- Նրանք սկզբում նրան ձեռքերի վրա էին տանում: Եկեք նկատենք, որ երբ նա իշխանության էր գնում, ոչինչ չասաց ղարաբաղյան հարցի մասին: Ավելին, հայտարարեց, որ բանակցային գործընթացը սկսում է զրոյից: Դրանով նա զրոյացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր մշակումները, ներառյալ Մադրիդյան սկզբունքները և նորացված Մադրիդյան սկզբունքները, ինչպես նաև այն ամենը, ինչ պատրաստվել էր 2012 թ. Կազանում ստորագրման համար: Մեր ինչի՞ն է պետք գուշակել, թե ինչ կլինի Փաշինյանի հետ: Նրա ճակատագիրը նույնիսկ ոչ միայն երկրորդական, այլև, ես կասեի, տասներորդական է այն ողբերգության ու այն աղետների համեմատ, որոնք տեղի կունենան Անդրկովկասում այն սցենարի իրականացման դեպքում, որի մասին խոսեցինք:
«Պարոն Էրդողանը մի շահագրգռություն ունի. որպեսզի Ռուսաստանը ոչ թե պարզապես թուլանա, այլ թուլանա այնքան, որ հայտնվի իրենից կախվածության վիճակում»
- Ի՞նչ է տեղի ունենում Վրաստանում: Դուք արդեն ասացիք, որ նա ցանկանում է դառնալ աշխարհին բացվող հակապատժամիջոցների օդանցք: Նրանք վերջերս իրենց մոտ բռնեցին ուկրաինացի ահաբեկչի, որը ցանկանում էր մտնել մեզ մոտ, և ողջ ցանցը բացահայտեցին: Մեծ աղմուկով խոսեցին այդ մասին: Ինչո՞ւ: Դա Ռուսաստանին ընդառաջ քա՞յլ է:
- Վրաստանի այդ վարքագծի երկու վարկած կա: Առաջինը հանգում է նրան, որ մենք նրանց 2008 թ. խփեցինք, նրանք դա հիշում են և հիմա իրենց խելոք են դրսևորում: Նրանց միջոցով մեզ պատժամիջոցների տակ ընկած շատ ապրանքներ են հասնում, մեզանից՝ մեր նավթը և ոչ միայն: Երկրորդ վարկածն այն է, թե ինչ լավն են մեր հավատակից վրացիները, չեն ցանկանում գնալ «եվրոպական սոդոմ» և ձգվում են դեպի մեզ: Ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը: Բացարձակ պաղարյուն հաշվարկ է: Պարոն Իվանիշվիլին ջանում է հավասարակշռություն պահել Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի միջև: Եվ այդ կապակցությամբ ես հատկապես ուշադրություն կհրավիրեի ՉԺՀ-ի հետ Վրաստանի ամրապնդվող հարաբերությունների վրա: Օրինակ՝ նախօրեին վարչապետի քաղաքական փոխատեղման վրա, երբ Ղարիբաշվիլու փոխարեն դրեցին Կաբախիձեին: Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը դրանից մի քանի օր առաջ Չինաստանում էր, ուր նրանց ընդունեցին ամենաբարձր մակարդակով, այդ թվում և Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային համագործակցության բաժնում: Հարց է առաջանում. իսկ ի՞նչ է, «Վրացական երազանք» կուսակցությունը գաղափարապես համահո՞ւնչ է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը: Մեղմ ասած, ոչ: Իսկ հիմա ուշադրություն. ո՞վ է գլխավորել այդ պատվիրակությունը: Իշխող կուսակցության առաջնորդ և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Կաբախիձեն, որն արդեն դարձավ վարչապետ: Ո՞րն էր Վրաստանի կառավարությունում ամենակարևոր հրաժարականը, ո՞ր միակ նախարարին են փոխում: Պաշտպանության նախարարին: Ո՞վ դարձավ պաշտպանության նախարար: Խորհրդարանի փոխխոսնակ Իրակլի Չիկովանին: Նա նույնպես եղել է Չինաստանում այդ պատվիրակության կազմում: Այսինքն՝ մենք կարող ենք տեսնել, որ Իվանիշվիլին, որպես Վրաստանի ստվերային կառավարիչ, ըստ երևույթին, սկսել է Չինաստանի հետ կապեր հաստատել, հաղորդակցվել և հետագայում էլ համակարգել որոշ նշանակումներ:
- Այսինքն՝ ՉԺՀ-ն ակտիվ թափանցում է Վրաստա՞ն: Իսկ ի՞նչ շահեր ունի:
- Քանի որ Չինաստանը հետաքրքրված է ամեն տեսակ տրանսպորտա-լոգիստական համակարգերով, կարծում եմ, որ ուշադրությունը առաջին հերթին կապված է դրանց հետ: Հիշեցնեմ, որ մի Նիկո Նիկոլաձե կար՝ 1918-1921 թթ. առաջին Վրացական Հանրապետության հիմնադիրներից մեկը: Ահա պարոն Նիկոլաձեն, երբ 1918 թ. Վրաստան եկան գերմանացիները և օգնեցին առաջին հանրապետության կայացմանը, ջանասիրաբար առաջարկում էր ժամանակի կայզերական կառավարությանը մի տարբերակ, որով իր երկիրը կարող էր օղակ դառնալ Գերմանիայի և Չինաստանի միջև երկար լոգիստական ճանապարհին:
- Եթե հետաքրքրությունն իսկապես կապված է լոգիստիկայի հետ, ապա Ռուսաստանը նույնպես լինելու է այդ միասնական տրանսպորտային միջանցքում, թե՞ Վրաստանն ու Չինաստանը ցանկանում են շրջանցել մեզ:
- Բանն էլ հենց այդ է, որ տվյալ իրավիճակում Վրաստանը ձգտում է ձեռք գցել այն ապրանքահոսքերը, որոնք մինչև պատժամիջոցները անցնում էին Ռուսաստանով:
- Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, ուր Վլադիմիր Պուտինը վերջին պահին որոշեց չմեկնել, ինչպե՞ս են դասավորվելու:
- Կարծում եմ՝ դրանք առայժմ կդասավորվեն այնպես, ինչպես կան: Թուրքիան մեզ համար, իհարկե, շատ խնդրահարույց է, բայց և այնպես հարևան է: Նա երկիմաստ է վարվելու: Մի կողմից՝ որոշ բարեկամական քայլեր ցույց կտա Ռուսաստանին ընդառաջ, մյուս կողմից՝ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի համար: Երբ ասում են, որ Էրդողանը մեր լավ բարեկամն է, ես դրան չէի համաձայնի: Ներեցեք, բայց այդ լավ բարեկամը շահագրգռված է Ուկրաինա որոշակի համակարգերի սպառազինություն և զինամթերք մատակարարել:
- Էրդողանը դեպքերի զարգացման ո՞ր տարբերակով է շահագրգռված. որ մե՞նք հաղթենք, թե՞ Ուկրաինան:
- Կարծում եմ՝ պարոն Էրդողանը մի շահ ունի, որ Ռուսաստանը նշանակալիորեն ոչ թե պարզապես թուլանա, այլ թուլանա այնքան, որ հայտնվի իրենից կախվածության մեջ: Ենթադրում եմ, որ դա ինչ-որ չափով նաև Իվանիշվիլու շահագրգռությունն է:
- Ի՞նչ կախվածություն նկատի ունեք: Նա ցանկանում է ինչ-որ տարածքնե՞ր, թե՞ ուրիշ բան:
- Նա ցանկանում է, որ թուլանա ռուսական ազդեցությունը Անդրկովկասում և մեծանա թուրքական ազդեցությունը: Նա ցանկանում է Ռուսաստանի համար դառնալ աշխարհին բացվող օդանցք, որը մե՛կ բացի, մե՛կ փակի՝ պայմանավորված քաղաքական կոնյունկտուրայով: Մեզնից որոշ զիջումնե՞ր են պետք, կփակի օդանցքը և կսկսի սակարկությունը: Ստացա՞վ ուզածը, կբացի: Իվանիշվիլին, Թուրքիայի և Վրաստանի չափերի ու ներուժի ամենայն տարբերությամբ հանդերձ, նույն բանն է ցանկանում:
Վադիմ Բոնդայր