f

Անկախ

Երբ գիտության մեջ ես, շարժման մեջ ես. Լուսինե Համբարյան 


«Լավ իմանալ հայերենը նշանակում է մոտ լինել քո արմատներին ու ինքդ քեզ ավելի լավ ճանաչել»,-«Անկախի» հետ զրույցում  ասում է հայերենի մասնագետ, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Լուսինե Համբարյանը՝ մեկնաբանելով հայագիտության ոլորտում մասնագիտության ընտրությունը: Որպես հայերենի մասնագետ նա շեշտում է՝ հայերենը կատարյալին մոտ լեզու է, որն ունի մեծ պատմություն և բազում առանձնահատկություններ: «Մենք կարողանում ենք մեր բոլոր էմոցիաներն արտահայտել հայերենում, սա քիչ լեզուներ կարող են իրենց թույլ տալ: Օրինակ՝  հարցական նշանը հայերենում կարող ենք տեղափոխել ըստ մեր էմոցիաների, ինչը ևս ոչ բոլոր լեզուներին է բնորոշ: Գրական հայերենում ցանկացած արտաբերվող հնչյուն իր գրային նշանն ունի: Հատկապես այս հանգամանքը շատ է զարմացնում օտարերկրացիներին և հայրենադարձներին, որոնք հայերեն են սովորում»,- ասում է նա: 

Լուսինեն պատմում է, որ դպրոցում հավասարապես սիրում էր թե՛ բնագիտական, թե՛ հայագիտական ուղղությունները: Բայց ի վերջո դիմեց ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ: «Առաջնորդվեցի նրանով, թե որն է ինձ ավելի հոգեհարազատ: Շատ էի սիրում կարդալ, ստեղծագործել:  Ընտանիքն էլ դեր ունեցավ. հայրս գրող, երգահան, երգիչ է, ակտիվ ստեղծագործական գործունեությամբ է զբաղվում, մայրս էլ աշխատում է գրադարանում»,- պատմում է Լուսինե Համբարյանը: 

Ավարտելուց հետո Լուսինեն ընտրեց գիտության ուղին: Իր ընտրության երկու հիմնավորում է ներկայացնում: «Գիտությունն  աշխարհը բացահայտելու միջոց է: Ճիշտ է, երբեք  չենք կարող ամբողջությամբ բացահայտել: Բայց այդ բացահայտողների շարքում լինելը  շատ գրավիչ է,- ասում է նա: - Առանց վարանելու գիտության ուղին ընտրեցի, քանի որ ես սիրում եմ բացահայտումներ անել, գտնել մարդկանց հուզող «ինչու»-ների պատասխանը»: Խոսելով հայերենի որպես գիտություն գրավչության մասին՝ Համբարյանն ասում է, որ այն հնարավորություն է տալիս հասկանալ տարբեր ժամանակահատվածներում ապրած հայերի մտածողությունը, կենսամակարդակը, գիտության զարգացվածության աստիճանը: «Օրինակ՝ դարձվածքների միջոցով հնարավոր է հասկանալ կոնկրետ ժամանակահատվածում ապրած մարդկանց պատկերացումները»,- ասում է նա: 

Գիտության ուղին ընտրելու մյուս հիմնավորումը պրակտիկայի և տեսության համատեղումն է:«Երբ գիտության մեջ ես, շարժման մեջ ես:  Գիտելիքի պրակտիկ կիրառումն առանց գիտության ինձ համար առանց հիմք է, եթե հեռանաս գիտությունից, ինչ-որ պահի կդառնաս ժամանակավրեպ: Առանց հիմքի աշխատելը չի կարող որակ ապահովել, գիտությունը և պրակտիկ կիրառությունը պետք է կողք կողքի լինեն: Չեմ բացառում, որ ինչ-որ տարիքից գիտությանն ավելի մեծ տեղ տամ՝ մասամբ հեռանալով պրակտիկ դաշտից»,- ասում է նա՝ ընդգծելով, որ որևէ պարագայում իրեն գիտությունից դուրս չի պատկերացնում: 

Անդրադառնալով հարցին՝ արդյոք գիտության և հատկապես հայագիտության ոլորտում սուղ ֆինանսավորումը խոչընդոտող գործոն չեն, Համբարյանը պատասխանում է. «Գիտությունը սիրելով եմ ընտրել իմ ուղին,  բայց նաև միշտ հասկացել եմ, որ այս ոլորտում աշխատավարձը ցածր է: Այդ պատճառով էլ միշտ մի քանի աշխատանքով եմ զբաղվել՝ կոմպենսացնելու գիտության ոլորտի ցածր վարձատրությունը: Բայց դա խանգարել և խանգարում է, որ գիտության ոլորտում անեմ այն, ինչ ուզում եմ, որ ողջ ներուժս ու ժամանակս հատկացնեմ գիտությանը: Արդյունքում քո ուզածից քիչ ես զբաղվում գիտությամբ»: Երիտասարդ գիտաշխատողը  համոզված է՝ եթե գիտության ոլորտում ֆինանսավորման հարցը լուծվի, գիտաշխատողները կկարողանան իրենց  ողջ ներուժը ծառայեցնել գիտությանը և շատ ավելի լավ ցուցանիշներ արձանագրել:  «Հիմա հատկապես երիտասարդները փորձում են գումար աշխատել, քանի որ ունեն հոգսեր: Արդյունքում գիտությունը դառնում է սիրելի զբաղմունք, որից պարզապես չեն ուզում և պատրաստ չեն հրաժարվել»,- ասում է նա:

Լուսինեն հայոց լեզվի ոլորտում երկու ուղղությամբ է հետազոտություններ իրականացնում՝ ուսումնասիրում է տարածության, ժամանակի և քանակի ընկալումները հայերենում, երկրորդը՝ մշակում է մեթոդաբանություն և  ուսումնական նյութեր հայերենը օտարախոսներին սովորեցնելու համար, արդեն իսկ ստեղծել է համապատասխան կրթական ծրագիր, որով դասավանդում է «Բիգ Մայնդ»  ուսումնական կենտրոնում: 

Խոսելով հայագիտության գրավչությունից՝ Լուսինեն ասում է, որ հայերենն  աշխարհի հնագույն լեզուներից է, հետևաբար հայերենի ուսումնասիրությունը չի կարող տեղային, լոկալ գիտություն լինել, ինչպես այդպիսին չէ սանսկրիտի կամ հին հունարենի ուսումնասիրությունը: «Ցանկացած լեզվաբան, եթե ուզում է որոշակի լեզվական երևույթներ հասկանալ, ցանկալի է ուսումնասիրի նաև հայերենը»,- ասում է նա՝ հավելելով, որ հայագիտական ուղղությունների  տեղային համարելն է խանգարում, որ դրանք մեծ գրավչություն ունենան: 

«Այստեղ խնդիրն այն է, որ մենք քիչ ենք միջազգայնացնում հայերենը, եթե կարողանանք մի քիչ ավելի ցույց տալ հայերենի պատմությունը միջազգային գիտության մեջ, ինչ-որ պահի այդ խնդիրը կլուծվի, մենք քիչ ենք դրսում հայերենը ներկայացնում: Մենք ունենք շատ գրքեր, գիտական մեծ ժառանգություն, բայց դրանք քիչ են երևում միջազգային ասպարեզում: Բայց հիմա միտումների փոփոխություն կա, գիտաշխատողները ձգտում են մասնակցել միջազգային գիտաժողովների, միջազգային պարբերականներում հրատարակվել»,- ասում է Համբարյանը՝ հավելելով, որ միջազգայնացման առումով հայաստանյան գիտաշխատողները որոշակի աջակցության կարիք ունեն: 

«Ժամանակ է պետք, որ հասկանանք, թե ինչը կարող ենք միջազգայնացնել, և ինչպես է աշխատում այդ համակարգը, պարզապես փորձի պակաս ունենք: Լուծում կարող է լինել,  եթե գիտաշխատողներին վերապատրաստեն՝  ներկայացնելով, թե ինչպես աշխատել  միջազգային ոլորտի պարբերականների հետ: Մեկ այլ տարբերակ է, որ պետությունն ինքը որոշակի կոնտակտի դուրս գա միջազգային գիտական կենտրոնների հետ, կնքի համագործակցության պայմանագրեր: Լուծում է նաև, եթե պետության աջակցությամբ մենք ունենանք հայագիտական ամսագիր, որը միջազգային գրախոսվող կլինի և գրավիչ կլինի նաև դրսի հայագետների համար, որոնք կձգտեն տպագրվել այդ ամսագրում: Հայերենը միջազգայնացնելը, սակայն, պետք է պատճառ չդառնա, որ հայերենը՝ որպես գիտության լեզու այլևս չկիրառվի․ այսինքն՝ պետք է հավասարապես կարևորվեն տեղում ստեղծվող հայալեզու գիտական աշխատությունները, հետազոտությունները և միջազգային հանրությանը ներկայացվող հայերենի մասին գիտական հոդվածները և ուսումնասիրությունները»:

Լուսինե Համբարյանը շեշտում է, որ գիտության ոլորտում որոշ դրական փոփոխություններ կան, աստիճանաբար նկատվում է պետական հոգածության մեծացում:  Նա ընդգծում է՝  աշխատավարձերի առումով արդեն փոփոխություններ կան, ինչը համեմատաբար գրավիչ կդարձնի գիտությունը երիտասարդների համար: Նա հուսով է, որ քայլ առ քայլ մյուս խնդիրներին էլ լուծում կգտնվի: «Ես հիմա ավելի շատ եմ զգում, որ փորձում են տեսնել հասարակությունում առկա խնդիրները և գիտությունն  ավելի հանրօգուտ դարձնել, գիտությունը մոտեցնել հասարակությանը: Սա ինձ համար դրական փոփոխություն է»,- ասում է նա:

 

գիտություն հայագիտություն խմբագրի ընտրանի գիտության ֆինանսավորում հայոց լեզու Հայաստան Լուսինե Համբարյան  Կինը և գիտությունը

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին