f

Անկախ

Փաշինյանը քանդում է հայոց հիշողության ու պատմության հիմքերը. ВЗГЛЯД Деловая газета


Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները, ներառյալ Նիկոլ Փաշինյանը, հրապարակորեն ցանկություն են հայտնում հանել մի շարք պետական խորհրդանիշներ, որոնք պատկերում են ողջ հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները: Ի՞նչը դուր չի գալիս պաշտոնական Երևանին, և ինչո՞ւ հայկական խորհրդանիշների արմատական վերանայումը նշանակություն ունի, ի թիվս այլոց, նաև Ռուսաստանի համար:

Առաջարկում են փոխել Հայաստանի պետական խորհրդանիշները. օրհներգը պետք է ավելի շատ առնչություն ունենա հայկական երաժշտության հետ, իսկ զինանշանից պետք է հանել առյուծի պատկերը, նա շատ նման է սմայլիկի: Այդ մասին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Իմ կարծիքով՝ մենք պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը: Առնվազն Հայաստանը չի կարող  լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, իսկ առյուծը չի կարող սմայլիկի նման լինել»,- նշել է խորհրդարանի խոսնակը: Բացի այդ, Սիմոնյանին դուր չի գալիս զինանշանում թրի վրայի շղթան:

ԱԺ-ի ղեկավարը նաև մեկնաբանել է հանրապետության օրհներգը: Նրա խոսքով՝ երաժշտությունն ու խոսքերը պետք է «ավելի հայկական» դառնան: Նա ներկայիս երաժշտությունը բնորոշեց որպես օտարածին պետության համար:

Այս ամենն առաջին հայացքից կա՛մ տարօրինակ կատակ է թվում, կա՛մ խոսնակի՝ ավելորդ աշխատանքի գյուտարարություն իր ստորադասների համար: Առհասարակ աշխարհում ընդունված չէ պետական խորհրդանիշները փոխել՝ պայմանավորված պահի կոնյունկտուրայով կամ ժամանակավորապես իշխանություն ստացած քաղաքական գործիչների գեղագիտական ճաշակով: Պետական խորհրդանիշների փոփոխության սկզբունքային դեպքերը սովորաբար կապված են լինում ողջ պետության արմատական վերակառուցման հետ: Օրինակ՝ Ռուսաստանում խորհրդային խորհրդանիշների հայտնվելը կայսերականի տեղում 1918 թ. հետո կամ հանրապետական դրոշն ու օրհներգը (Մարսելյոզը) Ֆրանսիայում թագավորի տապալվելուց հետո:

Զինանշանի կամ օրհներգի ինչ-որ մանրուքներ ուղղելն ինքնին տարօրինակ գաղափար է, թեպետ երբեմն կոսմետիկ շտկումները կարևոր են գաղափարախոսական տեսանկյունից: Օրինակ՝ Ստալինի անվան անհետացումը խորհրդային օրհներգում Խրուշչովի բարեփոխումներից հետո: Պետական խորհրդանիշները միշտ էլ արտացոլում են պետության կամ ազգի պատմական ժառանգականության գիծը: Առանց անցյալի հենարանի և առանց դրա գաղափարական գնահատականի՝ չի լինում որևէ պետություն կամ ազգ, և պետական խորհրդանիշները կոչված են դրա ցայտուն ցուցադրմանն ու ամրագրմանը [ընդգծումը մերն է խմբ]:

Եվ Հայաստանի դեպքում էլ Ալեն Սիմոնյանը խոսում է ոչ թե գեղագիտական բնույթի կոսմետիկ ուղղումների մասին, այլ Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական ժառանգության իրական վերափոխման մասին: Եվ դա պատահական քմահաճություն չէ, այլ իշխող կուսակցության հստակ գիծ: Սիմոնյանը փաստացի բառացիորեն կրկնում է իր շեֆի և ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը:

«Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա. Նոյյան տապանը՝ Արարատ սարի վրա, Հայաստանի չորս հարստությունների զինանշանները: Եվ վերջերս, երբ նայում եմ այդ զինանշանին,  հարց է ծագում, թե  այդ պատկերը, որը մեզնից յուրաքանչյուրի համար սրբություն է, 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, դա ինչի՞ մասին է։ Արարատ սարի վրա Նոյյան տապանն է, իսկ ՀՀ այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է։ Առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում…»,- ասել է վարչապետ Փաշինյանը անցած տարվա ամռանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Նրա խոսքով՝ խնդիրը վերաբերում է ինչ-որ «պատմական և իրական Հայաստանի երկվությանը»: «Մեր բանավեճը հետևյալի մասին է. իրական Հայաստանը պետք է ծառայի պատմական Հայաստանի՞ն, թե՞ պատմական Հայաստանը պետք է ծառայի իրական Հայաստանին: Սա այն քաղաքական և դարակազմիկ հարցն է, որի պատասխանը մենք պետք է տանք»,- ասել է նա: Փաշինյանը նաև հարց է տվել՝ «մտածել ենք արդյոք մենք, թե ինչպես է այդ պատկերը կապված յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր երեխայի, ծնողների հետ Հայաստանում» և «ինչ է ասում այն ապագայի մասին»:

Ի՞նչ է այս ամենը նշանակում գործնականում:

Հերալդիկան [նիշագիտություն, զինանշանագիտություն – խմբ.] քիմիայի նման ճշգրիտ և բարդ գիտություն է, որում կարևոր են խորհրդանիշներն ու համադրությունները: Հայաստանի զինանշանի կապակցությամբ հերալդիկայի գիտության տեսանկյունից միշտ էլ հարցեր են եղել: Այն բազմիցս ուղղել ու մաքրել են` չմտցնելով, սակայն, սկզբունքային ու պատմա-քաղաքական փոփոխություններ:

Հայաստանի զինանշանը ներկայացնում է վահան, որի վրա տեղադրված են անկախ Հայաստանի չորս արքայատոհմերի՝ Արտաշիսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների պատմական զինանշանները: Զինանշանի կենտրոնում Արարատի պատկերն է, վերևում՝ Նոյյան տապանը: Լեռան ստորոտում՝ ալիքներ, որոնք իրականում ոչ թե համաշխարհային ջրհեղեղի ջրերն են, ինչպես անգրագիտորեն ենթադրում է Ալեն Սիմոնյանը, այլ Սևանա լիճը: Առյուծը և արծիվը, որոնք պահում են վահանը (վահանաբռնիչներ), կենդանական աշխարհի տիրակալներն են և մարմնավորում են իմաստություն, հպարտություն, տոկունություն և առաքինություն: Հարյուրամյակների ընթացքում նրանք եղել են թագավորական տոհմերի խորհրդանիշները: Զինանշանի ներքևում հինգ կարևոր տարրեր կան: Կտրված շղթան խորհրդանշում է ազատություն և անկախություն, սուրը՝ ազգի իշխանությունն ու ուժը, ցորենի հասկերը՝ հայության աշխատասեր խառնվածքը, ճյուղը՝ հայ ժողովրդի մտավոր ու մշակութային ժառանգությունը: Եռագույն ժապավենը նշանակում է Հայաստանի դրոշը:

Հերալդիկայի խախտումներն այս զինանշանում բավական շատ են, և դրանք քննարկման առարկա են դարձել 1992-ից ի վեր: Օրինակ՝ արքայատոհմերի խորհրդանիշները պտտվել են առանցքի շուրջը և ստացել անբնական տեսք ու դիրք: Կենտրոնական վահանը Արարատով ու Նոյյան տապանով ներկված է հերալդիկայի բոլոր կանոնների խախտմամբ՝ արծաթը ոսկու վրա (չի կարելի մետաղը մետաղի վրա): Կարգախոսի ժապավենն առհասարակ դատարկ է մնացել, քանի որ կարգախոս այդպես էլ չեն հորինել:

Առանձին հարցեր կան առյուծի և արծվի «դեմքի արտահայտության» վերաբերյալ: Սկզբում նրանց երախն ու կտուցը բաց են եղել, որոնցից դուրս են ցցվել առյուծի ժանիքները և արծվի լեզուն: Դա նրանց գիշատիչ տեսք է տվել: Զինանշանի ներկայիս տարբերակում կենդանիների երախն ու կտուցը փակել են, իսկ  ժանիքն ու լեզուն՝ պոկել: Հայաստանում շատերը չընդունեցին այդ փոփոխությունը, քանի որ համարում էին, որ նման տեսքը վահանաբռնիչներին հնազանդություն ու պարտություն է հաղորդում: Դա Արարատ սարի հետ, որը պահանջվում է հետ նվաճել Թուրքիայից, չի համադրվում, քանզի հաշտվել այդ կորստի հետ անկարելի է:

Բացի այդ, առյուծն իրոք կարծես ժպտում է, ինչն էլ բազմաթիվ կատակների տեղիք է տվել, այդ թվում և սմայլիկի հետ համեմատության: Նաև ուղղումների հետևանքով թրի սուր մասն անհետացել է, ինչի հետևանքով կոտրված տեսք ունի, իսկ դա արդեն իշխանության և ուժի խորհրդանիշ չէ, այլ ճիշտ հակառակը:

Սակայն ընդհանուր առամամբ, այդ բոլոր հերալդիկ թերություններով հանդերձ, Հայաստանի գործող զինանշանը խորհրդանշում է ժամանակակից պետության ժառանգորդությունը հայոց պատմական թագավորություններին, ցույց է տալիս կորցրած տարածքները (Արարատ) և հայ ազգի տևական ու մերթընդմերթ հերոսական ճակատագիրը:

Այս ամենով հանդերձ՝ ի սկզբանե այդ զինանշանի նախնական էսքիզը եղել է Ռուսական կայսրության շքանշանինը: 1780 թ. հայ հասարակական-քաղաքական շրջանակները՝ Հովհաննես Լազարյանի (Իվան Լազարև) և Հովսեփ Արղության-Երկայնաբազուկի (Իոսիֆ Արգուտինսկի) գլխավորությամբ, օսմանյան լծից Հայաստանի ազատագրման նախագիծ են մշակել՝ «Կերպ դաշնադրութեան ի մէջ երկուց ազգաց` Ռուսաց և Հայոց»: Այդ պայմանագիրը նախատեսում էր Ռուսաստանի և Եկատերինա Մեծ կայսրուհու պրոտեկտորատ համայն Հայաստանի վրա, ներառյալ՝ Կիլիկիան, այսինքն՝ մինչև Միջերկրական ծով, ինչը լիովին համադրվում էր Եկատերինայի և Պոտյոմկինի նշանավոր, բայց չիրականացած «Հունական նախագծի» հետ:

Շատ առումներով այդ շքանաշանը, այնուհետև զինանշանը պատճենում էին արդեն գոյություն ունեցող վրացական զինանշանը (Գեորգիևյան դաշնագրից հետո), որը պսակված էր ռուսական թագով և շրջանակված Անդրեյ Պերվոզվանովի շքանշանի ժապավենով (այդ շքանաշանը Եկատերինան շնորհել է վրացական վերջին թագավոր Իրակլիին):

Այնուհետև դրան ավելացրին զուտ հայկական խորհրդանիշներ՝ Արարատ, Նոյյան տապան, Սևան և եռագույն ժապավեն: Այսինքն՝ այդ զինանշանը, բացի ազգային միասնության, հայկական հողերի ընդհանության և դրանց պատմական ժառանգության  ամրագրումից, խորհրդանշում է նաև հայ-ռուսական բարեկամությունը:

XIX դարի առաջին կեսին Ռուսական կայսրության կազմում գտնվող Հայկական մարզի (որ հետագայում մասնատվեց գուբերնիաների) զինանշանն ընդհանուր առմամբ կրկնում էր այդ հայեցակարգը: 1920 թ. Հայաստանի Հանրապետության զինանշանը փաստացի գրեթե նույնն է, բացառությամբ որոշ դրվագների:

Փաշինյանի տրամաբանությունը հասկանալի է. այդ բոլոր խորհրդանիշներն այլևս աղերսներ չունեն իրականության հետ: Խոսքը «այստեղ այլևս առյուծ չի ապրում» կարգի ակնառու հիմարությունների մասին չէ, այլ հայ հասարակության գաղափարական հարացույցի արմատական փոփոխության և պատմության վերաշարադրման (վերաիմաստավորման) մասին: Հայաստանի ընթացիկ ղեկավարների տեսակետով՝ ժամանակակից Հայաստանը հավասար չէ պատմական Հայաստանին և ոչ մի կերպ չի ժառանգում այն:

Բացի այդ, դեռևս գործող զինանշանն այնուամենայնիվ դեռևս Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ բարեկամության պատմական խորհրդանիշ է: Փաշինյանի և նրա շրջապատի համար դա այժմեական չէ և նույնիսկ վնասակար է համարվում:

Երկրորդ՝ Արարատի պատկերը՝ որպես հայ ազգի գլխավոր խորհրդանիշ, նշանակում է տարածքային պահանջներ Թուրքիային, չէ՞ որ լեռը գտնվում է թուրքական տարածքում: Փաշինյանն ամեն կերպ ջանում է խուսափել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կոնֆլիկտի ակնարկից անգամ: Իսկ Արարատի առկայությունը զինանշանում հարևանի տարածքի հավակնությունների պաշտոնական ամրագրում է նշանակում:

Այսպիսով, Փաշինյանն առաջարկում է խորհրդանշական մակարդակում վերացնել «հին» Հայաստանի հետ պատմական ժառանգականությունը: Նա «զրոյացնում» է իր երկրի հազարամյա պատմությունը և առաջարկում է Հայաստանի պատմությունը հաշվել բացառապես 1991 թվականից՝ եվրոպական սկզբունքների շեշտադրմամբ: Այսինքն՝ ժամանակակից Հայաստանը մի տեսակ նոր կազմավորում է՝ ձերբազատված պատմական հավակնություններից և ծանր ժառանգությունից: Իսկ այդ դեպքում պետք չեն և՛ Ղարաբաղը, և՛ Արարատը, և՛ Նոյյան տապանը, և՛ արծիվները առյուծների հետ, և՛ հին թագավորական տոհմերի զինանշանները [ընդգծումը մերն է-խմբ]: Շատ նման է բոլշևիկների հրաժարմանը բոլոր կայսերական խորհրդանիշներից հազարամյա ռուսական պետության լիակատար վերաձևակերպման նպատակով: Նոր զինանշանը  պետք է նշանակի երկրի նոր որակ, որը չպետք է որևէ ընդհանուր բան ունենա պատմական Հայաստանի հետ:

Մոտավորապես նույն իրավիճակն է՝ կապված օրհներգի հետ, որում Փաշինյանն առաջարկում է հանել վերջին քառյակը, իսկ Սիմոնյանն առաջարկում է առհասարակ այն փոխել նոր օրհներգով՝ «ավելի հայկականով»: Այդ քառյակում խոսվում է «զոհվելու» և «մահվան» մասին, ինքնազոհողության պատրաստակամության մասին, իսկ դա չի համապատասխանում ժամանակակից փիլիսոփայական և հոգեբանական հովերին: Հրաժարումը հանուն Հայրենիքի և ազգի ինքնազոհողությունից շատ արդիական է, բայց ոչ մի կերպ չի համադրվում հայ ազգի պատմական ճակատագրի հետ, որը բազմիցս է թե՛ անհատական, թե՛ հավաքական ինքնազոհողության օրինակներ է  ցույց տվել:

Այսու Փաշինյանի և նրա շրջապատի՝ Հայաստանի պետական խորհրդանիշները փոխելու ձգտումը ինչ-որ տարօրինակ քմահաճություն չէ, այլ գիտակցված ջանքեր՝ ուղղված սեփական պետության պատմական հիշողության ոչնչացմանը: Հայերի ազգային գիտակցության և անգամ խառնվածքի վերաձևում: Այդ քաղաքական խմբում հեռուն գնացող նպատակներ են երևում, որոնց թվում Ղարաբաղի հանձնումը կարող է ամենասոսկալի ողբերգություն չերևալ: Կարելի է նաև հայոց այբուբենը փոխարինել լատինականով, այդպես հնարավոր կլինի վերջնականապես փակել հազարամյակների պատմությունն ու մշակույթը:

Եվգենի Կրուտիկով

Աղբյուրը՝ ВЗГЛЯД Деловая газета

 

 

 

 

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան զինանշան օրհներգ Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին