f

Անկախ

Արմեն Մելիքբեկյան․ Այդ պաշտոնում միայն ինձ եմ տեսնում, իսկ եթե տեսնեի Արաս Օզբիլիզին, կաջակցեի նրան


Անձամբ Հենրիխ Մխիթարյանից Արաս Օզբիլիզին հրապարակային աջակցություն որեւէ տեղ չեմ տեսել, չեմ լսել: Այդ մասին հայտարարում է Արասը: Որեւէ մեկին չեմ սպառնացել ազատել աշխատանքից՝ Օզբիլիզին աջակցելու համար: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Դեկտեմբերի 23-ին ՀՖՖ-ն կընտրի նոր նախագահ: Պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզը:

Պարոն Մելիքբեկյան, ինչպե՞ս եք տրամադրված առաջիկա ընտրություններին:

Աշխատանքային տրամադրությամբ եմ մոտենում ընտրությանը: Մեզ համար ժողովը միայն ընտրությունը չի, որովհետեւ ժողովին ներկայացվելու է հաշվետվություն, ֆինանսական, ընթացիկ հարցեր կան, հաջորդ տարվա բյուջե եւ այլն, նոր անդամներին ընդգրկելու գործընթաց: Այնպես որ, մենք պատրաստվում ենք ժողովին իր ամբողջությամբ, այլ ոչ միայն ընտրությանը: Տրամադրվածությունը աշխատանքային, նորմալ: 

4 տարի առաջ անցումային փուլ էր եւ բավականին բարդ շրջան էր: Եթե հիշում եք, բացի հիմնական հարցերից, մի շարք այլ հարցեր էլ էին քննարկվում ժողովին: Հիմա կարծում եմ՝ մենք կարողացել ենք համակարգել ֆեդերացիայի աշխատանքը եւ ժողովին խնդիրներ չեմ տեսնում:

Ինչո՞ւ որոշեցիք երկրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում:

Գիտեք, որ քառամյա ժամկետ ունեի, որն ավարտվում է դեկտեմբերի 23-ին: Հասկանալի է, որ 4 տարվա ընթացքում ամբողջական ծրագիրը չէինք կարող իրականացնել, ռազմավարության, որն իմ ծրագրի հիմքն է, դեռ մի մասն է արված: Հաշվի առնելով, որ եղել է կորոնավիրուսի համավարակ, պատերազմ, աշխարհքաղաքական արտաքին գործոններ, որոնք ազդել են ընդհանուր իրավիճակի վրա, 4 տարվա մի մասն անցել է ճգնաժամային կառավարման պայմաններում: Մենք կարողացել ենք սերմերը ցանել, որը պետք է հավաքենք:

Գալիք երեք տարիները մեզ հարկավոր են, որպեսզի տեսնենք, թե ինչ ենք արել եւ շարունակենք այդ գործընթացը, մեր ռազմավարությունն ավարտին հասցնենք:

Կարող եմ ասել, որ բավականաչափ գոհացուցիչ աշխատանք կա: Ամենակարեւորն այն է, որ մեր ցանած սերմերը շատերի համար դեռ չեն երեւում, բայց մենք տեսնում ենք: Ծավալային աշխատանք է կատարվել եւ այն պետք է շարունակվի, որոշակի արդյունքներ մենք պետք է տեսնենք մինչեւ 2026 թվականը:

Դուք նշել եք, որ առաջադրվելուց առաջ երկար եք մտածել:  Ինչո՞ւ էիք տատանվում:

Երկար մտածելը ոչ թե նրա համար էր, որ ես կասկածում էի մեր անելիքների վրա, այլ ինչ հնարավորություններ ունի հայկական ֆուտբոլի զարգացումը եւ ինչ աջակցություն ենք ստանալու մեր գործընկերներից: Հասկացանք, որ մեր գործընկերներն ամբողջապես դրական են գնահատում մեր աշխատանքը, իսկ մեզ համար շատ կարեւոր է ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի գնահատականը, որոնց հետ մենք աշխատում ենք: Նրանք տեսնում են զարգացումը հայկական ֆուտբոլում բոլոր առումներով: Դրանից հետո ես հասկացա, որ պետք է առաջադրվեմ:

Այսինքն՝ կասկածի պահեր եղե՞լ են:

Ոչ թե կասկածել եմ, այլ ես ինքս ինձ համար գնահատել եմ ընթացքը․ ի՞նչ ենք արել, ո՞ւր ենք գնում, ինչպե՞ս ենք մենք հարաբերվում մեր գործընկերների հետ: Ոչ թե մի օր արթնացել եմ եւ ասել եմ՝ ես շարունակում եմ ղեկավարել, այլ գնահատել եմ ընթացքը, որը շատ կարեւոր է:

Օրերս ներկայացրեցիք ֆեդերացիայի 4 տարվա աշխատանքը, ձեռքբերումները, արված գործերը: Ի՞նչ ձախողում ունեցաք այս 4 տարիների ընթացքում: Որո՞նք եք համարում Ձեր աշխատանքում ձախողումներ:

Իմ ներկայացրած 4 տարվա աշխատանքում միայն դրականից չեմ խոսել, ընդգծել եմ նաեւ խնդիրները: Ոչ թե ձախողում, այլ կարող եմ ասել, որ որոշ հարցերում արդյունքի այդքան արագ չենք հասել, որքան կցանկանայինք եւ դեռ պրոցեսում ենք: Մանրամասն խոսել եմ մանկապատանեկան ֆուտբոլից, պատանեկան հավաքականի խնդիրներից: Մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ: Հիմա էլ, այս օրերին Երևանում են շատ կարեւոր գործընկներներ, որոնք սեմինարներ են անցկացնում ակումբների, ֆեդերացիայի աշխատանքի համար: Օրինակ, մենք ունենք մեր տեսակետը, այն է՝ փոխել մոտեցումները մանկապատանեկան ֆուտբոլում հենց ակումբներում, որպեսզի նրանք ոչ թե սիրուն գրված ծրագիր ունենան, այլ նաեւ գործողությունների ծրագիր լինի:

Ո՞րն եք համարում Ձեր ձախողումը Ձեր աշխատանքում:

Ես ցանկացել եմ ավելի արագ անել, ավելի մեծ ծավալի ենթակառուցվածքների աշխատանք ներդնել: Մեր փոքր դաշտերի ծրագիրն, օրինակ շատ ավելի դանդաղ ընթացք ստացավ: Հիմա ավելի շատ դաշտեր պետք է ունենայինք, բայց մեկ տարի չենք կարողացել շինարարություն անել կորոնավիրուսի, պատերազմի պատճառով: Կանգնեցվել է պրոցեսը:

Նույնը կասեմ մանկապատանեկան, կանանց ֆուտբոլի մասին: Երբ դու պետք է աշխատանքներ կատարես, որպեսզի աճ գրանցես, դա չի ստացվում, որովհետեւ ամեն ինչ կանգնած է: Ձախողվել ենք, թե ոչ, պարզ կդառնա, երբ հասնենք մեր կողմից գրված ռազմավարության վերջնաժամկետին: Մեր ռազմավարությունում գրված նպատակն է՝ Հայաստանի հավաքականը խաղա խոշոր մրցաշարում: Սա իր խնդիրներն ունի, մեզ չի հաջողվել, բայց սա ոչ թե ձախողում է, այլ օբյետիվ փաստ, որ մենք պայքարում էինք երկու անգամ, չստացվեց վերջում:

Պետք է գնահատենք՝ ուզում էինք 10 հազար երեխա ունենալ մանկապատանեկան ֆուտբոլում, արդեն ունենք այդքան կազմակերպված խաղացող երեխաներ: Ռազմավարության այս կետը կատարվել է մինչեւ 2025 թվականը: Ուզում էինք ինչ-որ քանակությամբ աղջիկներ ունենալ, այժմ ունենք դրա 70 տոկոսը, ուրեմն 30 տոկոսը չի կատարվել, պետք է կատարվի:  Նստում հաշվում եւ գնահատում ենք: Ձախողում եւ չձախողում դրանով կարելի է պայմանավորել: Ռազմավարության բազմաթիվ կետերի առումով կամ մոտ ենք կատարմանը, կամ արդեն կատարել ենք: Կան կետեր, որտեղ խնդիրներ կան, պետք է վերանայենք` ինչու չստացվեց, օբյեկտիվ էին այդ պատճառները, թե ոչ:

Ինքնաքննադա՞տ եք:

Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Այդ հարցին պետք է պատասխանեն մարդիկ, որոնք աշխատում են ինձ հետ: Ինձ թվում է՝ այո:

Եղե՞լ է, երբ ինքներդ Ձեզ խոստովանեք, որ այս-ինչ հարցում սխալվեցիք:

Իսկ լինո՞ւմ են անսխալական մարդիկ:

Այսինքն՝ եղել են...

Ուղղակի կասեմ, որ հատկապես նման աշխատանքում հնարավոր չի անսխալ լինել: Կարեւորը, թե ինչպես ես աշխատում սխալների ուղղման վրա: Մեզ մոտ շատ լավ թիմ է հավաքվել, թիմային աշխատանք է: Շատերն են քննադատ իրենց աշխատանքի նկատմամբ: Մենք այդ հարցերի մասին անընդհատ խոսում ենք:

Անկեղծ ասեմ՝ քննադատությունը ներսում շատ ավելի կոնստրուկտիվ է, դրական եւ ավելի ճիշտ տեղային, ինչն ավելի մեծ հնարավորություն է տալիս լուծելու, քան այն քննադատությունը, որը գալիս է դրսից: Ես կուզեի, որ դրսից եկող քննադատությունը որակյալ լիներ, բայց այն մարդիկ, որոնք ուզում են մի բան փոխել, առաջարկներ են անում, ոչ թե ուղղակի հանդես են գալիս քննադատությամբ: Իրենք ամպագոռգոռ չեն խոսում դրսում: Իրենք, բազմաթիվ ակումբներ գալիս են ֆեդերացիա, այդ ֆորմատը կա եւ բարձրացնում են խնդիրները, ստանում լուծումներ:

Ինչպե՞ս եք գնահատում վերընտրվելու հավանականությունը եւ ինչո՞ւ պետք է ֆեդերացիայի անդամները նորից ձայն տան Ձեզ:

Որովհետեւ կարծում եմ, որ անդամների մեծամասնությունը տեսնում է այդ աշխատանքը: 4 տարվա ընթացքում մենք անընդհատ շփման մեջ ենք բոլորի հետ: Շատ քիչ բացառությություններ կան: Մեկի հետ քիչ ենք շփվում, մեկի հետ՝ շատ, բայց բոլոր անդամները կարող են գալ ֆեդերացիա, բարձրացնել իրենց հարցերը, ստանալ պատասխանները: Գրեթե բոլոր անդամների հետ անընդհատ, մշտական երկխոսության մեջ ենք:

Կան կարծիքներ, որ Ձեզ աջակցում է Հայաստանի իշխանությունը: Ի՞նչ կասեք այդ մասին, ի՞նչ հարաբերությունների մեջ եք իշխանության հետ:

Որտե՞ղ: Որտե՞ղ եք տեսնում, ինչպե՞ս է աջակցում... Ուրեմն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, որն ունի անդամներ: Այո, կառավարության հետ ֆեդերացիան ունի աշխատանքային հարաբերություններ, ընդհանուր ծրագրեր ենք իրականացնում: Շատ դրական միտումներ կան, որովհետեւ տարիների ընթացքում կառավարությունը չի աջակցել ֆեդերացիային ենթակառուցվածքների առումով: Հիմա այդ աջակցությունը սկսել է եւ, իմ կարծիքով, շարունակվելու է: Հնարավոր չէ նման խոշոր հասարակական կազմակերպությունը չաշխատի կառավարության հետ: Իհարկե, պետք է աշխատենք, իհարկե այդ աշխատանքը պետք է անընդհատ լինի եւ այդ գործընթացը գնում է: Հենց հիմա, ասել եմ, մենք ընդհանուր ծրագրեր ունենք, որոնց շուրջ աշխատում ենք կառավարության տարբեր մարմինների հետ:

Ամեն դեպքում կան այդ կարծիքները, ի՞նչ միտում ունեն: Կառավարության միջամտությունը ընտրական գործընթացին արգելված է ՖԻՖԱ-ի եւ ՈՒեՖԱ-ի կողմից...

Ես այդ խոսակցությունները չեմ մեկնաբանում, որովհետեւ ինձ համար դրանք անհիմն են: Ես չգիտեմ՝ ինչպես է կառավարությունն աջակցում, բացի այն, որ կառավարությունը աշխատում է ՀՖՖ-ի հետ, այլ ոչ ինձ հետ, եւ դա նորմալ գործընթաց է: Ով էլ լինի նախագահը, կարծում եմ, ճիշտ է, որ ֆուտբոլի ֆեդերացիան եւ կառավարությունը միմյանց աջակցեն, որովհետեւ դրանով բազմաթիվ հարցերի լուծում ավելի արագ է լինում:

Ձեր թեկնածությունը բազմաթիվ քննադատությունների առիթ ստեղծեց: Ինչո՞ւ ֆուտբոլային հասարակության մի մասը չի ցանկանում Ձեզ տեսնել այդ պաշտոնում:

Ի՞նչ է նշանակում ֆուտբոլային հանրություն, ո՞վ է քննադատում: Այն քննադատությունը, որը ես լսում եմ, ցավում եմ դրա համար: Օրինակ, քննադատում են ԲԿՄԱ-ի նախագիծը, մինչդեռ այդ նախագիծը ֆեդերացիայի, կառավարության եւ Պաշտպանության նախարարության լավագույն ձեռքբերումներից է: Այս նախագիծը տալիս է որակյալ ֆուտբոլիստներ, նրանք գնում են արտասահմանում են սկսում խաղալ: ԲԿՄԱ-ի դպրոցն անցած արդեն մի քանի ֆուտբոլիստ խաղում  է արտասահմանյան առաջնություններում: Այն մարդիկ, որոնք իրականում ամբողջ օրը ֆուտբոլում են, նրանց համար էլ այս քննադատությունն աբսուրդային է: Եթե անդրադառնանք քննադատության, ես սա քննադատություն չեմ անվանի: Շատ հաճախ դա կեղծիք է, սուտ է եւ աղավաղված փաստեր:

Դուք որակեցիք քննադատությունները: Ո՞րն է  անորակ քննադատությունը, որը Ձեր խոսքով, գալիս է դրսից:

Այնքան կեղծիք է եղել այս օրերին, որ եթե սկսենք դրանց հատ-հատ անդրադառնալ, մեր զրույցը ժամեր կտեւի: Մի պարզ օրինակ բերեմ. ակումբների նախագահներից մեկը ասուլիս էր տալիս: Մեծ էկրանի վրա մի թիվ հրապարակեց մեծ տառերով գրված 70 միլիոն եվրո, որն իբրեւ թե մենք ստացել ենք միջազգային կառույցներից: Իմ հասկանալով, նա միջազգային կառույցներ ասելով նկատի ունի ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն, որովհետեւ այլ կառույցներից մենք գումար չենք ստանում: Ուրեմն, միայն այդ օրինակը խոսում է այն մասին, որ կամ մարդը փաստերի կոպիտ մանիպուլյացիա է անում, կամ ստում է, կամ չի հասկանում, թե ինչ է ասում:

Փաստացի, ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ից վերջին 4 տարվա ընթացքում ստացել է մոտավորապես 28,5 միլիոն եվրո: Բոլոր ակումբները իրենց եվրագավաթային մասնակցությունից եւ համերաշխության վճարներից միասին ստացել են 22 միլիոն եվրո: Սրանք բոլորը փաստեր են, որոնք հրապարակված են: Հնչեցվել է 70 միլիոն եվրո թիվը: Մենք ստացել ենք 28,5 միլիոն եվրո ՈւԵՖԱ-ից, 22 միլիոն ակումբները: ՖԻՖԱ-ից մենք ստացել ենք մի փոքր ավել, քան 7 միլիոն դոլար: Այսինքն՝ ընդհանուր առմամբ ՀՖՖ-ի ստացված գումարները չի գերազանցել 35 միլիոնը, մինչդեռ ակումբները միասին ՈՒԵՖԱ-ից ստացել են 22 միլիոն: Եվ այդ ակումբի նախագահը, որը ստացել է միլիոնավոր եվրոներ, իր ստացածի մասին չի խոսում: Նա ՈՒԵՖԱ-ից  ստացել է ավելի քան 6 միլիոն եվրո գումար, բայց գեթ մեկ դաշտ չի սարքել: Մենք ստացել ենք մեր 28,5 միլիոնը եւ սարքել ենք ոչ միայն ստադիոններ, նաեւ լուսավորություններ ենք դրել, փոքր դաշտեր ենք սարքել, բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, բացի այդ ապահովել ենք 12 հավաքականի գործունեություն: Այդ 70 միլիոն ազդեցիկ թիվը էկրանի վրա գրում են, մինչդեռ ընդամենը պետք էր վերցնել մեր ամենամյա հաշվետվությունները, որոնք բաց, թափանցիկ հրապարակել ենք ժողովներին ամեն տարի եւ տեսնել, թե ինչքան գումար է ստացել ՀՖՖ միջազգային կառույցներից:

Այդ դեպքում որտեղի՞ց 70 միլիոն եվրո թիվը:

Չգիտեմ: Պետք է հարցնեք իրենից: Ինձ էլ է հետաքրքիր: Օդից գումար է: Եթե դա ձեւավորվել է ՀՖՖ-ի ընդհանուր բյուջեից, անգամ այդ դեպքում 70 միլիոն եվրո չի ստացվում, իսկ մեր բյուջեն ձեւավորվում է նաեւ մարկեթինգից, կոմերցիոն գործունեությունից, տոմսերի վաճառքից եւ այլն, որոնք ՈՒԵՖԱ-ից եւ ՖԻՖԱ-ից ստացած գումարներ չեն: Անգամ այդ դեպքում 70 միլիոն եվրո չի ստացվում: Այդ թիվն ընդհանրապես անպատկերացնելի է: Ի դեպ, եթե մենք ստանայինք 70 միլիոն, շատ ուրախ կլինեինք, որովհետեւ գումարից ոչ ոք չի հրաժարվում, այն ծառայում է ֆուտբոլին: Ամեն ինչ կա բաց աղբյուրներում, բայց մարդկանց հետաքրքիր չի, նրանց հետաքրքրում է մանիպուլացնել, ստել, որովհետեւ ազդեցիկ է դա, երբ էկրանի վրա գրում ես 70 միլիոն եվրո:

Ձեր թեկնածությանը դեմ է «Փյունիկը»: Ի՞նչ խնդիր ունեք այս ակումբի հետ: Ֆեդերացիա - «Փյունիկ» հակամարտությունն ինչի՞ց է սկսվել:

Անկեղծ ասած, 2022 թվականի կեսերից սկսած ակումբի կողմից ֆեդերացիայի հասցեին հնչեցրած ստերի տարափին անգամ չեմ ցանկանում անդրադառնալ: Ցանկություն չունեմ մեկնաբանել: Մեկ անգամ մեր գլխավոր քարտուղարը մեծ հարցազրույց տվեց, որտեղ բացատրեց, որ փողերն այդպես չեն ձեւավորվում, ինչ է նշանակում փողերի ձեւավորում եւ այլն: Դա երեւի չհամոզեց իրենց: Այն ստերը, որոնք Արթուր Սողոմոնյանը եւ ոչ միայն նա, «Փյունիկը» խոսում է, երբեմն շոկային են: Նախ ԲԿՄԱ-ի մասին. ասում է՝ ԲԿՄԱ-ի ընդամենը 3 ֆուտբոլիստ է խաղում առաջին փուլից: Նա ընդհանրապես չի պատկերացնում առաջին փուլն ինչպես է ձեւավորվում, ինչ է եղել: Մեկ օրինակով փորձեմ սահմանափակվել:

Անընդհատ խոսում էին, որ ԲԿՄԱ-ի առաջին զորակոչից 9 ֆուտբոլիստ այլեւս չեն խաղում: Ես էլ էի ուզում հասկանալ՝ որ 9 ֆուտբոլիստ մասին է խոսքը. ես փնտրում էի եւ չէի կարողանում գտնել նրանց, որոնք այլեւս չեն խաղում: Հետո 9 ֆուտբոլիստի անունները հրապարակվեց մամուլում, իմ հասկանալով համագործակցությամբ. անուն չեմ ցանկանում հնչեցնել, թե ում կողմից: Ցավալիորեն այդ 9 ֆուտբոլիստի ցանկում կար անուն, որը երբեք ԲԿՄԱ չի զորակոչվել, կարիերան ավարտել  է առողջական խնդիրների պատճառով եւ մեզ հետ ընդհանրապես կապ չունի: Ցավալիորեն այդ 9-հոգանոց ցուցակում կար ֆուտբոլիստի անունը, որը մահացել է: Մենք շատ նրբանկատ ենք գտնվել եւ չենք խոսել այդ մասին, հաշվի առնելով այդ երեխայի ծնողների եւ ընտանիքի առկայությունը: Այդ տղան մահացել է 44-օրյա պատերազմից տուն վերադառնալիս, վթարի է ենթարկվել: Այո, նա զորակոչվել էր ԲԿՄԱ:

Մի քանի ֆուտբոլիստի հետ դադարեցրել ենք պայմանագիրը եւ ուղարկել ենք բանակ, քանի որ չէին համապատասխանել մեր պահանջներին: Նրանք դա էլ չգիտեն: Նման դեպքեր շատ են եղել, լինում են ընթացքում, երբ մարզչական խումբը որոշում է, որ այլ ֆուտբոլիստներ պետք է վերցնել, որոնք ավելի ուժեղ ենք: Չեն գալիս հարցնում, բա այդ ֆուտբոլիստներն ինչ եղան, մենք էլ բացատրենք, որ մեծ մասը ծառայության են գնացել, չեն խաղում:

Սա շատ ծանր մեղադրանք էր: Մամուլը արտատպեց: Հետո օրիգինալում այդ երկու ազգանունը վերացավ, որոնցից մեկը մահացած երեխայի անունն էր, բայց մնացած արտատպած նյութերում անունները նույնությամբ մնացին: Այդ 9 հոգու մեջ կար 2001 թվականների սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը՝ Արսեն Գյուլամբարյանը: Ի դեպ, նա «Փյունիկի» սան է, այնտեղից էր զորակոչվել: Նա ծանրագույն վնասվածք ուներ, որի պատճառով նա չի կարողանում շարունակել իր կարիերան: Այնտեղ կային անուններ, որոնք խաղում են մինչեւ հիմա: Կային 2-3 անուն, որոնք, այո, ավարտել են կարիերան, բայց ավարտել էին իրենց ակումբներ վերադառնալուց հետո: Այսպիսի մանիպուլյացիաներ են արվում:

Արթուր Սողոմոնյանը շատ կոնկրետ ասաց, որ առաջին զորակոչից ընդամենը 3 ֆուտբոլիստ խաղում է իրենց թիմերի հիմնական կազմերում: Միայն մեկ փաստ ասեմ եւ ավարտենք այս թեման: Առաջին զորակոչից երկու ֆուտբոլիստ արդեն խաղում է արտասահմանում՝ Ժիրայր Շաղոյանը եւ Նարեկ Գրիգորյանը: Առնվազն 5 ֆուտբոլիստ այսօր «Ուրարտու» ակումբում է: Այդ 5-ից 4-ը տարբեր ժամանակներում գոնե մեկ անգամ հրավիրվել են ազգային հավաքական: Խոսքը Փիլոյանի, Ղազարյանի, Աղասարյանի, Մկրտչյանի մասին է: Արման Ներսիսյանը, որը ԲԿՄԱ-ի դարպասապահն է, հրավիրվել է ազգային հավաքական: Այսինքն՝ ես արդեն բազմաթիվ անուններ տվեցի եւ պարզ է, որ այդ թիվը երեքը չի:

Ինչո՞ւ «Փյունիկին» զրկեցիք խաղադաշտից:

Մենք ասել ենք, որ ակումբին բազմաթիվ անգամ զգուշացրել ենք խուսափել ստերից եւ կեղծիքներից, բայց քանի որ անընդհատ շարունակվել է, այդ պատճառով ուղղակի դադարեցրել ենք համագործակցությունը: Դուք պատկերացնում եք մի իրավիճակ, երբ որեւէ երկրում իրեն թոփ համարող թիմը ֆեդերացիայից խաղադաշտ է ուզում: Բոլոր թոփ ակումբներն իրենք են կառուցում խաղադաշտ կամ ունենում են խաղադաշտ: Երբ Արթուր Սողոմոնյանն ասում է՝ ես ոչինչ չունեի եւ տեղ չունեմ կառուցելու, մի փաստ ասեմ.  Դիլիջանի քաղաքային ստադիոնն իրենն էր: Իրեն տվել էին անհատույց օգտագործման հիմունքներով եւ նա պետք է վերակառուցեր ստադիոնը: Այս տարի ինձ դիմեցին անհատ ներդրողներ եւ Դիլիջանի համայնքապետարանը: Նրանք համատեղ հետ են վերցրել ստադիոնը: Ոչինչ չի արվել այդ ստադիոնում: Հիմա այլ ներդրողներ ֆեդերացիային խնդրել են, որպեսզի օգնենք վերակառուցման աշխատանքներում եւ այնտեղ խաղեր անցկացվեն: Ուրեմն Արթուր Սողոմոնյանն ուներ տարածք, որտեղ կարող էր կառուցել ինչ ուզում է, բայց դա չի արել: Այն, ինչ ես ասում եմ, փաստեր են: Բացի այդ, «Փյունիկն» ունի իր սեփական մարզադպրոցը, որն, ի դեպ, Սողոմոնյանը չի կառուցել, բայց այնտեղ հնարավոր էր գոնե մեկ խաղադաշտ կառուցել, մինչդեռ մինչ օրս ոչինչ չի արվել:    

Ֆեդերացիայի խնդիրը ակումբի՞, թե՞ ակումբի սեփականատիրոջ հետ է:

Ես Արթուր Սողոմոնյանի կամ հայկական ֆուտբոլում որեւէ մեկի հետ անձնական խնդիրներ ունենալ չեմ կարող, որովհետեւ ես հասկանում եմ, որ իմ պաշտոնը չի ենթադրում մարդկանց հետ անձնական խնդիրներ ունենալ: ՀՖՖ-ի հետ շատերը կարող են չհամաձայնել, համաձայնել, հարցեր բարձրացնել, բայց բոլորը մուտք են ունեցել ֆեդերացիա: Այստեղ բազմաթիվ անգամ Արթուր Սողոմոյանն է եղել, Ջեւան Չելոյանցը, Բագրատ Նավոյանը, բոլոր նախագահները եղել են: Երբ հարց են ունենում, ֆեդերացիայի դռները բաց են: Գալիս ենք, քննարկում ենք: Ոչ մի անձնական հարց որեւէ մեկի հետ չունեմ եւ չեմ կարող ունենալ: Բոլոր հարցերը ֆուտբոլային հարթությունում են եւ կապված են հայկական ֆուտբոլին մարդկանց վերաբերմունքի հետ:

«Ուրարտու» ակումբի նախագահ Ջեւան Չելոյանցի խոսքով, Դուք իրավունք չունեք լինել ֆեդերացիայի նախագահ: Ըստ նրա Դուք հատել եք կարմիր գիծը: Ինչի՞ մասին է խոսքը:

Անկեղծ ասեմ, երբեւէ, բացարձակ, Ջեւան Չելոյանցն ինձ հետ զրույցներում ոչ մի կարմիր գծի մասին չի խոսել: Վերջին երկու ամսում հանդիպել ենք երկու անգամ: Մեկ անգամ ֆեդերացիա է եկել 3 հարցի պարզաբանմամբ, որոնց մասին ենք խոսել եւ մեկ անգամ էլ Ռիգայում, եկել էր աջակցեր ազգային հավաքականին, սրճել ենք միասին, բայց դարձյալ ոչ մի խնդրի մասին չի խոսել: Թե հետո ինչ է եղել,  ես չգիտեմ եւ չեմ կարող ասել: Անկեղծ ասած Ջեւան Չելոյանցի  կիսատ մտքերը չեմ պատրաստվում պարզաբանել:

Ես չեմ ուզում մտածել այն մասին, թե ինչու «Ուրարտուն» փոխեց իր դիրքորոշումը: Դա «Ուրարտուի» հարցն է:  «Ուրարտուի» հետ մշտապես եղել են աշխատանքային հարաբերություններ, ինչպես բոլոր թիմերի հետ, այդ թվում, ինչպես «Փյունիկի» հետ մինչեւ հիմա: Այո, մենք անձամբ Արթուր Սողոմոնյանի հետ չենք շփվել, չնայած նրան, որ ես իրեն հրավիրել եմ շփման 2022 թվականի աշնանը «Բազելի» խաղի ժամանակ: Ես այցելել էի ստադիոն, խնդրեցի, ասացի՝ եկեք միասին ֆուտբոլը դիտենք, խոսենք խնդիրներից: Նույնիսկ ասացի, եթե «Բազելի» նախագահը ներկա է, թող ինքն էլ գա: Արթուր Սողոմոնյանը չեկավ խոսելու: Դրանից հետո շփում չի եղել, իսկ մինչ այդ եղել է մշտապես: Նորից կրկնեմ, ոչ մի դեպքում անձնական խնդիր չեմ ունեցել որեւէ մեկի հետ:

Ձեզ մեղադրում են ոչ թափանցիկ կառավարման մեջ: Ֆեդերացիայի աշխատանքը թափանցի՞կ է:

Մարդիկ, որոնք ասում են՝ ֆեդերացիան թափանցիկ չէ, ոչ մի փաստ դրա համար չունեն: Ժողովներին բոլոր հաշվետվությունները ներկայացվել եւ ներկայացվելու են: Չգիտեմ՝ ինչ թափանցիկության մասին է խոսքը: Օրինակ, բոլոր ֆինանսական հոսքերն են ներկայացվելու, թե ինչ վրա են ծախսվել՝ ազգային հավաքականների վրա, ենթակառուցվածքների կառուցման վրա եւ այլն: Թափանցիկությունը դա է, երբ դու հաշվետու ես: Մենք հաշվետու ենք: Չկա որեւէ կետ, որը ոչ թափանցիկ է: Որն է ոչ թափանցիկը, չգիտեմ: Իրոք, մի քիչ աբսուրդային իրավիճակ է ստեղծվում: Երբեմն ես փորձում եմ հասկանալ քննադատությունները եւ չեմ հասկանում, որովհետեւ մարդիկ միայն օդի մեջ ասում են եւ ոչ մի փաստ չեն բերում:

Ձեր մրցակիցը հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզն է: Ի՞նչ կասեք նրա թեկնածության մասին:

Ասել եմ եւ շարունակում եմ պնդել, որ շատ հարգում եմ Արաս Օզբիլիզին, որպես ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի խաղացող: Ես ինքս երկրպագել եմ նրան: Նրա մասին ասելու շատ բան չունեմ, բացի այն, որ նրա նկատմամբ որպես ֆուտբոլիստի շատ դրական վերաբերմունք եմ ունեցել, շփվել եմ նրա հետ մինչեւ վերջերս, երբ նա դեռ խաղում էր:

Տեսնո՞ւմ եք նրան ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Եթե ես առաջադրվել եմ, անկեղծ ասած՝ այդ պաշտոնում միայն ինձ եմ տեսնում: Եթե տեսնեի Արաս Օզբիլիզին, կաջակցեի նրան:

Միայն Ձեզ եք տեսնո՞ւմ:

Միայն չէ, բայց եթե առաջադրվել եմ, ուրեմն ես պայքարում եմ, որպեսզի ես ինձ տեսնեմ այդ պաշտոնում:

Արաս Օզբիլիզին շատերն են աջակցում, մասնավորապես Հայաստանի հավաքականի նախկին եւ ներկա խաղացողները, սոցիալական ցանցերում փոստեր եւ մեկնաբանություններ անում...

Կան բազմաթիվ նախկին եւ ներկա ֆուտբոլիստներ, որոնք ինձ են աջակցում, բայց հրապարակումներ չեն անում: Յուրաքանչյուր մարդ ուրույն է կառուցում իր PR արշավը: Իմ ընտրությունն է՝ երբեւէ շատ չխոսել: Ոչ մի խնդիր դրանում չեմ տեսնում, որ նրան աջակցում են: Ինչ-որ մեկը կարող է Արաս Օզբիլիզին աջակցել, բավական շատ մարդիկ ինձ են աջակցում: Նորմալ պրոցես է:

Արազ Օզբիլիսի խոսքով՝ ֆեդերացիան զբաղված է իր լայքերը հաշվելով:

Ֆեդերացիան դրանով զբաղված չի: Ընդհանրապես չեմ սիրում ոչ նյութեր, ոչ լայքեր հաշվել եւ դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Ես կենտրոնացած եմ հաշվետվության, անելիքների եւ պրոցեսի վրա: Բացի այդ, ես ամենօրյա աշխատանք ունեմ եւ ոչ մի ժամանակ չունեմ հաշվել ինչ-որ լայքեր:

Օզբիլիզը նշեց նաեւ, որ իրեն աջակցելու, լայքեր եւ մեկնաբանություններ անելու համար ֆեդերացիայում աշխատող նախկին ֆուտբոլիստներին եղել են աշխատանքից ազատվելու սպառնալիքներով զանգեր: Ի՞նչ ճնշումների մասին է խոսքը:

Ուրեմն, ոչ ես, ոչ որեւէ ղեկավար, ոչ փոխնախագահ, ոչ գլխավոր քարտուղար, երբեւէ ոչ մի ֆուտբոլիստի չենք զանգել եւ նման առաջարկներ չենք արել: Ես սա պնդում եմ: Նման բան չի եղել: Ես չգիտեմ, որտեղից է Արաս Օզբիլիզն այդպիսի տեղեկություն հայտնում: Թե ինչ է կատարվում ֆեդերացիայից դուրս, տեղյակ չեմ, չգիտեմ, թե ինչ խոսակցություններ կարող են եղած լինել: Ես բացարձակապես չեմ թողնում մի մարդու տպավորություն, որը կարող է որեւէ մեկին զանգել եւ սպառնալ՝ աշխատանքից ազատելով: Ես որեւէ մեկին չեմ սպառնացել ազատել աշխատանքից: Վստահ եմ նաեւ, որ դա չեն արել մյուս ղեկավարները, որոնք պատասխանատու են ֆեդերացիայի աշխատանքի համար՝ փոխնախագահը եւ գլխավոր քարտուղարը: Ցանկանում եմ տեսնել այն մարդուն, որը կգա եւ կասի, այս երեք մարդիկ, որոնք ղեկավարում են ֆեդերացիան, ինչ-որ մեկին զանգել են եւ սպառնացել, որ կազատեն աշխատանքից:

Արաս Օզբիլիսի այս հայտարարության մասին նոր տեղեկացա՞ք, թե՞ կարդացել էիք հարցազրույցը:

Անկեղծ՝ լրահոսի ընթացքին ամբողջությամբ չեմ կարողանում հետեւել: Փաստեր եմ ուզում: Թող ասեն՝ Մելիքբեկյանը զանգել է այս-ինչ մարդուն եւ ասել է քեզ կազատեմ: Խնդրում եմ, ես ուզում եմ նման բան լսել, որ որեւէ մեկին զանգել եմ կամ իմ անունից ինչ-որ մեկը զանգել է: Ուզում եմ տեսնել այն մարդուն, ում զանգել են: Ես բացառում եմ, որ երեք ղեկավարներից, որոնք կարող են ազատել մարդկանց, որեւէ մեկին զանգել եւ սպառնացել է:

Արաս Օզբիլիզին աջակցում է Հենրիխ Մխիթարյանը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ:

Անձամբ Մխիթարյանից ես հրապարակային աջակցություն որեւէ տեղ չեմ տեսել, չեմ լսել: Այդ մասին հայտարարում է Արասը: Օրինակ՝ տեսա, որ Լեւոն Արոնյանն աջակցում է Արաս Օզբիլիզին: Նման հրապարակային հայտարարություն Հենրիխ Մխիթարյանից չեմ լսել: Քանի դեռ չեմ լսել, ոչինչ ասել չեմ կարող:

Պարոն Մելիքբեկյան, ո՞րն է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականից հեռանալու հիմնավոր պատճառը։

Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ բարձրակարգ ֆուտբոլիստ է: Բազմիցս ասել եմ, որ նա անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Նա որոշել է ավարտել կարիերան հավաքականում: Նա իր որոշման մասին հրապարակել է տեքստ: Եթե ուզում եք, որ այդ տեքստից դուրս այլ բան ասեմ, անկեղծ չունեմ ոչինչ ասելու: Ես շատ հարգում եմ Հենրիխ Մխիթարյանին եւ չեմ կարծում, որ ասելիք ունենար, չէր ասի: Մենք միշտ ասել ենք, որ այն պահին, երբ նա ցանկանա վերդառնալ հավաքական, դռները միշտ բաց են նրա առջեւ: Այս հարցը բազմաթիվ անգամ չարչրկվել է: Բոլոր պատասխաններն արդեն տրվել է:

Որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ պետք է ունենաք չէ՞ Ձեր կարծիքը։ Ո՞րն է նրա հեռանալու պատճառն՝ ըստ Ձեզ:

Ոչ, չպետք է ունենամ իմ անձնական կարծիքը, որովհետեւ, եթե ես հայտնեմ իմ անձնական կարծիքը, դա Հենրիխ Մխիթարյանի գրածը ի չիք կանի: Նա գրել է՝ ինչու է հեռանում ազգային հավաքականից: Այս թեմայի շուրջ մի շարք մանիպուլյացիաներ եղան մամուլում, գրեցին նաեւ որ ֆեդերացիան հրաժեշտի խաղ կկազմակերպի: Մենք չենք կազմակերպի հրաժեշտի խաղ, քանի դեռ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է իր պրոֆեսիոնալ կարիերան: Երբ կավարտի կարիերան, անկախ նրանից, թե ով կլինի ֆեդերացիայի նախագահն, այդ հրաժեշտի խաղը պարտադիր կկազմակերպվի: Անընդհատ մանիպուլացվում է այս թեման: Հենրիխն ասել է, թե ինչու է հեռանում հավաքականից, ես իմ խոսքն եմ ասել եւ շատ անկեղծ եմ եղել: Կարծում եմ՝ նա նույնպես անկեղծ է եղել իր խոսքում:

Նրա վերադարձը հնարավո՞ր է, դիտարկո՞ւմ եք:

Ես չեմ կարող ասել դրա մասին: Նա պետք է ասի: Մենք միշտ պատրաստ ենք ընդունել Հենրիխ Մխիթարյանին ազգային հավաքական:

Ինչո՞վ է տարբերվում Ռուբեն Հայրապետյանի ֆեդերացիան Արմեն Մելիքբեկյանի ֆեդերացիայից:

Հարցերին, որոնց պետք է տամ շատ սուբյեկտիվ պատասխան, չեմ կարող տալ եւ չեմ ցանկանում խոսել այս մասին: Այդ գնահատականը պետք է լինի դրսից, մարդիկ պետք է գնահատեն տարբերությունը: Ես շատ վաղուց եմ աշխատել Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած ֆեդերացիայում՝ 2005-2008 թվականին, բայց շատ տարիներ են անցել: Ես ֆեդերացիա վերադարձել եմ 2018 թվականի վերջին: Այս հարցի պատասխանը թող տան մարդիկ, որոնք կողքից նայում են եւ հասկանում, թե ինչով է տարբերվում, թող ակումբները պատասխանեն: Ես այդ հարցին անկեղծ՝ չեմ կարող պատասխանել:

Ի՞նչ կմաղթեք Արաս Օզբիլիզին:

Արաս Օզբիլիզին իր հետագա կարիերայում, չգիտեմ՝ ինչ կարիերա կընտրի եւ, ինչպես կստացվի, միշտ հաջողություն եմ մաղթում:

Եթե Դուք չընտրվեք, ի՞նչ եք անելու հետո:

Եկեք եթե-ներով չխոսենք: Ընտրությունից հետո նորից կպատասխանեմ ձեր հարցերին, արդեն առանց եթե-ների:

Լուսինե Շահբազյան

Արմեն Մելիքբեկյան ՀՖՖ Հայաստան հարցազրույց Սպորտ

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին