Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակը և խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, առաջին հերթին գազի մատակարարումները։
Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ-Հանդանովիչը հոկտեմբերի վերջին ասել է, որ նոյեմբերի առաջին շաբաթներին պատրաստ կլինի Բուլղարիայի և Սերբիայի միջև միացնող գազատարը (փոխկապակցիչ), որը թույլ կտա Բալկանյան և թուրքական հոսքերով ռուսական գազին զուգահեռ գազ ստանալ նաեւ Ադրբեջանից և Հունաստանի LNG տերմինալներից:
«Լավ զրույց նախարար Բայրամովի հետ Սերբիայի և Ադրբեջանի միջև բացառիկ երկկողմ և ավանդաբար բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման շուրջ, ներառյալ շարունակական համագործակցությունը ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող կարևոր ենթակառուցվածքային նախագծերում», - գրել է Սերբիայի ղեկավարը սոցիալական ցանցերում:
«Ես նրան մանրամասն տեղեկացրել եմ Կոսովոյում և Մետոխիայում տիրող իրավիճակի մասին և շնորհակալություն եմ հայտնել Կոսովոյի միակողմանիորեն հռչակված անկախությունը չճանաչելու հարցում Ադրբեջանի Հանրապետության միանշանակ դիրքորոշման համար»,- նշել է Սերբիայի ղեկավարը։
Հանդիպումից հետո Վուչիչի վարչակազմը մեջբերել է նրա խոսքերը, որ միացնող գազամուղի անցկացմամբ Սերբիան «դառնում է Հարավային գազային միջանցքի մաս, և Ադրբեջանից գազ գնելու պայմանագիրը կօգնի ապահովել նրա էներգետիկ անվտանգությունը»։
Փետրվարի 1-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը բացել են Բուլղարիայի տարածքում միացնող գազատարի շինարարությունը՝ դիվերսիֆիկացնելու համար կապույտ վառելիքի մատակարարումները Ադրբեջանից, Հունաստանից և Ռուսաստանին այլընտրանքային այլ աղբյուրներից։
Նախատեսվում է, որ Նիշ-Դիմիտրովգրադ փոխկապակցիչը, որը սերբական կողմից 109 կիլոմետր երկարություն ունի, Բելգրադին կարժենա մոտ 90 միլիոն եվրո, որից 49,6 միլիոնը ԵՄ սուբսիդիաներն են, իսկ Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել է 25 միլիոն եվրո վարկ։ Ծրագրի համաձայն՝ գազատարի թողունակությունը կկազմի տարեկան ավելի քան 1,8 մլրդ խմ գազ։ Սերբիայի իշխանությունները նախապես հայտարարել էին 2023 թվականին Ադրբեջանից Բուլղարիայի հետ կապող գազատարով տարեկան 1,4 միլիարդ խորանարդ մետր ծավալով գնումների մասին:
Ներկայումս Հունգարիային բնական գազի ամենամեծ մատակարարը և Սերբիայի միակ մատակարարը ռուսական «Գազպրոմն» է։