f

Անկախ

Արցախի հայաթափման հարցում Ադրբեջանի հաջողելը նաև հիմք հանդիսացավ Իսրայելի համար, որ նման գործողության իրականացնի Գազայում. արաբագետ


Մեկ ամիս առաջ ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայելի բնակավայրերի վրա հարձակմամբ սկսվեց իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացման հերթական փուլը: Իսրայելը նպատակ է հռչակել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը: Այդ նպատակով արդեն մեկ ամիս է օդային, ապա նաև ցամաքային ռազմագործողություններ են տեղի ունենում Գազայի հատվածում, հարվածների թիրախում են նաև խաղաղ բնակիչները: Պաղեստինյան կողմից զոհերի թիվը հասել է գրեթե 10 հազարի, որի կեսը երեխաներ են: Աշխարհը սակայն, զգուշորեն հետևում է տեղի ունեցողին՝ չմիջամտելով: 

Որքանո՞վ է իրագործելի Իսրայելի սահմանած նպատակի իրագործումը, ինչո՞ւ է աշխարհը լուռ հետևում խաղաղ բնակչության, այդ թվում երեխաների զոհվելուն, և ի՞նչ զարգացումներ են հնարավոր. այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, ամփոփելով արդեն մեկ ամիս տևող ռազմական գործողությունները՝  ի՞նչ և ինչո՞ւ է տեղի ունենում: 

-Իրականում մենք ականատեսն ենք փոփոխվող աշխարհակարգի պայմաններում նախորդ աշխարհակարգից մնացած հերթական լրջագույն հիմնախնդրի ոչ լեգիտիմ՝  ուժի կիրառման միջոցով լուծման փորձին: Իսրայելն, օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհակարգ  է փոխվում, և աշխարհում փաստացի իրավակարգը չի գործում, գլոբալ խաղացողների միջև առկա է լուրջ հակամարտություն, փորձում է  ձևավորվելիք աշխարհակարգում միջազգային օրակարգից դուրս թողնել պաղեստինյան հիմնախնդիրը:

Այն, ինչ ներկայում  ցանկանում է իրականացնել Իսրայելը Գազայի հատվածում, նույնն է, ինչ արեց Ադրբեջանն Արցախում: Այսինքն ցանկանում է  էթնիկ զտում իրականացնել, որպեսզի Գազայի հատվածը վերցնի իր  վերահսկողության տակ, եթե  չստացվի, ապա գոնե Գազայում ձևավորվի այնպիսի վարչակարգ, որն ամբողջովին  վերահսկելի կլինի Իսրայելի համար,  և Պաղեստին պետության ստեղծման հարցն ընդհանրապես  դուրս կմնա  միջազգային հարաբերությունների օրակարգից:

 Իսրայելի նպատակը սա է: Նա նախ օդային, ապա ցամաքային գործողությամբ քայլ առ քայլ իրականացնում է Գազայի  հատվածում վերահսկողություն սահմանելու գործընթաց:

-Կարո՞ղ ենք ասել, որ Իսրայելի  համար մոտիվացնող օրինակ ծառայեց Արցախում տեղի ունեցածը, և Ադրբեջանի անպատիժ մնալն այդ ամենի արդյունքում:

-Վստահաբար այդպես է: Նաև Ադրբեջանի հաջողելը  հիմք հանդիսացավ Իսրայելի համար, որ  նման գործողության իրականացնի Գազայում: 

-Մեկ ամիս առաջ, երբ ՀԱՄԱՍ-ը  հարձակվել էր ու առաջին օրն  Իսրայելին զգալի կորուստներ էր պատճառել, ողջ աշխարհը քննարկում էր, թե ինչպես է դա հնարավոր է եղել, ինչու է ձախողվել Իսրայելի հետախուզությունը: Մեկ ամիս անց կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ երկրի հատուկ ծառայությունները տեղյակ են եղել ՀԱՄԱՍ-ի ծրագրերից, պարզապես չեն կանխել, որպեսզի գործելու ազատություն ստանան: 

-Ես վստահ եմ, որ հենց այդպես էլ եղել է: Իսրայելի հատուկ ծառայությունները, շատ լավ իմանալով, թե ինչ է սպասվում, նպատակային կերպով որևէ կանխարգելիչ գործողություն  չեն իրականացրել: Չի բացառվում անգամ, որ իսրայելական հատուկ ծառայություններն են ՀԱՄԱՍ-ին  նման բնույթի գործողություն խորհուրդ տվել իրականացնել, որպեսզի դրա հետևանքները հետո կարողանան օգտագործել պաղեստինցիների դեմ: Գազայի հարևանությամբ գտնվող անտառում անցկացվող երաժշտական փառատոնի մասնակիցների դեմ գրոհը մեծագույն սխալ էր.  ավելի քան 30 երկրների քաղաքացիներ են զոհվել կամ գերևարվել ՀԱՄԱՍ-ի կողմից: Դա խաղաղ բնակչության դեմ գործողություն էր, որն այլ կերպ, քան ահաբեկչական հարձակում, չի  կարելի բնորոշել: Իսկ Իսրայելին  հենց դա էր պետք, որպեսզի ցույց տար աշխարհին,  որ ՀԱՄԱՍ-ը  հերթական անգամ ահաբեկչական գործողություն է իրականացրել, և իր գործողությունները հակաահաբեկչական, կանխարգելիչ բնույթի  են: 

-Իսկ արաբական աշխարհի անգործությունն ինչո՞վ է պայմանավորված, արդյոք նո՞ւյն գործոնով, ինչ սկզբում նշեցիք: 

-Պաղեստինյան հիմնախնդիրը կանգնել է ամբողջ աշխարհի կոկորդին, այդ թվում և արաբական, մուսուլմանական աշխարհի: Իհարկե, արաբական երկրները կցանկանային, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի թիվ 181 բանաձևը կյանքի կոչվեր լիարժեքորեն, այսինքն Իսրայել պետության կողքին ձևավորվեր նաև Պաղեստին պետությունը: Բայց դրա իրագործման առաջին խոչընդոտողները եղել են հենց արաբական երկրները, միայն 1967-ից հետո է Իսրայելը դարձել Պաղեստին պետության ձևավորման խոչընդոտը: 

Այս հիմնախնդիրը տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմների, ահաբեկչական հարձակումների, տարաբնույթ գործողությունների պատճառ է եղել, որը մշտապես ապակայունացրել է տարածաշրջանը,  եղել արաբական երկրների ու Իսրայելի,  արաբական երկրների և ԱՄՆ-ի միջև խնդիրների պատճառը: Հետևաբար տարածաշրջանի բոլոր երկրներին ձեռնտու է, որ  նոր աշխարհակարգում պաղեստինյան հիմանխնդիրը չլինի:  Իսրայելը փորձում է իր սցենարով դա  իրականացնել: Արաբական երկրները, ինչպես եղել գոնե նախորդ դարի 70-ականներից ի վեր, քայլեր են ձեռնարկում հիմնականում քաղաքական, դիվանագիտական մակարդակում: Եվ հիմա էլ  արաբական երկրները նույն գործելաոճն են որդեգրել. ձգտում են դիվանագիտության միջոցով դադարեցնել պատերազմը և տեղափոխել դիվանագիտական հարթություն: Բայց բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ  ոչ դիվանագիտական, ոչ քաղաքական գործիքակազմով Իսրայելին կանգնենցնել հնարավոր չի լինի, իսկ ավելին, ինչպես արդեն նշեցի, պատրաստ չեն անելու: 

Մի կարևոր հանգամանք կցանկանամ մատնանշել՝ այնպես չէ, որ արաբական բոլոր երկրները կիսում են ՀԱՄԱՍ-ի գաղափարախոսությունը կամ ցանկանում են տեսնել նրա  հաղթանակն  Իսրայելի դեմ, քանի որ այս ծայրահեղական գաղափարախոսությունը կարող է սպառնալ արաբական երկրներից յուրաքանչյուրին, եթե այն նման հաջողություն արձանագրի, ինչպիսին Իսրայելի դեմ հաղթանակն է: Դրանով է նաև պայմանավորված, որ բավականաչափ զգուշավոր են ՀԱՄԱՍ-ի գործողությունների անգամ գնահատման հարցում: 

-Իսկ Իսրայելի սահմանած նպատակը՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն իրատեսական համարո՞ւմ եք:

-Սա այն հարցն է, որի պատասխանը որևէ մեկը չի կարող տալ, քանի որ մենք գործ ունենք ոչ թե կայուն աշխարհակարգի պայմաններում տեղի ունեցող ռազմական կոնֆլիկտի հետ, այլ տոտալ անկայունության պայմաններում ռազմագործողության: Այսինքն դրա հստակ հանգուցալուծումը կանխատեսելը կնշանակի կանխատեսել, թե ինչպես է ավարտվելու նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը:

Կարող եմ ասել, որ Իսրայելը հնարավորինս փորձելու է գնալ իր նպատակի հետևից: Կհաջողի, թե ոչ, ժամանակը ցույց կտա, որովհետև կան տարբեր անկանխատեսելի գործոններ՝ Իրանն ի վերջո կմիջամտի՞, թե՞ ոչ, պատերազմը կվերածվի՞ ավելի լայն՝ տարածաշրջանային պատերազմի, թե՞ ոչ:

Մի կարևոր հանգամանք ևս. ՀԱՄԱՍ-ը  միայն կազմակերպություն չէ, այն նաև գաղափարախոսություն է, որը տասնամյակներ շարունակ եղել է Գազայի հատվածում ազատագրական պայքարի հիմքում, այսինքն ցանկացած պաղեստինցի երեխա, հատկապես տղա երեխա, դաստիարակվել է ՀԱՄԱՍ-ի  գաղափարախոսության ոգով: Հետևաբար, անգամ եթե  ֆորմալ առումով հնարավոր լինի արմատախիլ անել այդ կազմակերպությունը,  այդ գաղափարախոսությունն  արմատախիլ անելն անհնարին է լինելու: Բնականաբար  օբյեկտիվ հարց է առաջացնում՝ արդյոք այս կազմակերպության ոչնչացումից  հետո նոր նմանատիպ կառույց չի ձևավորվի, որը գուցե շատ ավելի արմատական դիրքերից հանդես կգա Իսրայել պետության դեմ:

-Ներկա պահին որքանո՞վ է հավանական, որ պատերազմը լոկալ բնույթից կվերաճի տարածաշրջանայինի:

-Ներկա դրությամբ հավանականությունը շատ քիչ է: Դրան կարող է հանգեցնել, եթե Իրանը շատ ավելի լայն ներգրավվածություն ունենա այս հակամարտությանը: Բայց Իրանն ամեն կերպ փորձում է խուսափել դրանից՝ լավ հասկանալով, որ իր հակառակորդները ցանկանում են իրեն ներքաշել պատերազմի մեջ: Սա կարևոր գործոն է:  Բայց քանի որ աշխարհը գտնվում է տոտալ անկանխատեսելիության  փուլում, այս գործընթացն էլ կարող է դուրս գալ վերահսկողությունից: Այսինքն՝ չի կարելի բացառել, որ ինչ-որ պահի Իրանը կցանկանա մտնել պատերազմի մեջ, եթե օրինակ՝ պաղեստինյան հիմնախնդրից բացի Իսրայելը և նրա դաշնակիցները փորձեն լուծել նաև Իրանի խնդիրը: 

Բայց ներկա իրավիճակում, ինչպես արդեն նշեցի, Իրանը հնարավորինս փորձում է խուսափել պատերազմից: 


 

Արմեն Պետրոսյան Արցախ էթնիկ զտումներ պաղեստինա-իսրայելական հակամարտություն Ադրբեջան հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին