f

Անկախ

«Մենք չենք ուզում, որ թեստերը հեշտ լինեն, մենք ընդամենը պահանջում ենք, որ դրանք լինեն մեր աշխատանքային գործառույթներին համապատասխան». մանկավարժ


Կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների աշխատավարձը կհաշվարկվի 200 հազար դրամ դրույքաչափով, նրանք, սակայն, չեն ստանա հավելավճար: Համատեղությամբ աշխատող մանկավարժների դրույքաչափի փոփոխություն և հավելավճարի հատկացում կլինի նաև համատեղությամբ աշխատանքի վայրում: Երկու ատեստավորումների արդյունքում ցուցանիշների 15 տոկոս աճ ունեցած, ինչպես նաև 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները մեկ տարվա ընթացքում վերաատեստավորվելու հնարավորություն կստանան: Մինչդեռ նախկին կարգի համաձայն՝ 2-րդ տարին ատեստավորման դրական շեմը չհաղթահարելու դեպքում ուսուցիչը զրկվում էր դասավանդելու իրավունքից: 

Նման փոփոխություններ է նախատեսում ԿԳՄՍՆ-ն ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում: Փոփոխությունների նախագիծը հանրային քննարկման փուլում է: 

  Նախագծի մշակման նպատակը, ըստ ԿԳՄՍՆ-ի,  գործող կարգում կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերի և խնդիրների հստակեցումն է ու որոշ դրույթների վերանայման արդյունքում  միջոցառման ավելի կանոնակարգված կազմակերպումը:

«Մասնավորապես, վերջին 3 տարիների ընթացքում միջոցառման կազմակերպման արդյունքում իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ ուսուցչին ներկայացվող թեստերը որքան էլ որ մասնագետի ակադեմիական գիտելիքն ստուգելուն է նպատակաուղղված, որը բխում է    Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներից, այնուամենայնիվ, դրանք բարդ, աշխատատար, գերլարում և ուշադրություն պահանջող թեստեր են, որոնք հեշտ ու դյուրին դարձնելը սկզբունքորեն նպատակահարմար չէ»,- ասված է փաստաթղթի հիմնավորման մեջ:

Ինչպե՞ս են ուսուցիչներն ընկալում առաջարկվող փոփոխությունները և ինչ դրական հետևանքներ են սպասվում դրանց  կիրարկման արդյունքում: Հարցերի պատասխանն «Անկախը» ստացել է «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող Շողեր Բաբայանից:

Նրա կարծիքով՝ փոփոխությունների նախաձեռնությունը պայմանավորված է ատեստավորման այս տարվա արդյունքներով. շատ բողոքարկումներ են եղել, գրեթե բոլոր առարկայական թեստերն ունեցել են սխալներ: «ԳԹԿ-ն իր գործառույթների իրականացման առումով բացթողում ունի: Այդ հարցով դիմեցինք վարչապետին, բայց մեզ ուղղորդեցին դիմել ԳԹԿ: Մինչդեռ սկզբում մենք ԳԹԿ էինք դիմել, անհեթեթ պատասխան ստացել, նոր միայն դիմել ավելի բարձր ատյան»,- ասում է Բաբայանը: 

Նրա  համոզմամբ՝ ԿԳՄՍՆ փաստումը, որ թեստերը բարդ են, աշխատատար և գերլարում պահանջող, ինքնախոստովանանք է: Միայն թե դրա համար պատասխան է տալիս ոչ թե գործընթացի կազմակերպիչը, այլ ուսուցիչն իր աշխատավարձով և  հեղինակությամբ: Անդրադառնալով նախարարության պնդմանը, թե նպատակահարմար չէ թեստերը հեշտացնելը, Բաբայանն ասում է, որ որևէ մեկը չի էլ պահանջում թեստերը հեշտացնել: «Մենք չենք ուզում, որ թեստերը հեշտ ու դյուրին լինեն, մենք ընդամենը պահանջում ենք, որ դրանք լինեն մեր աշխատանքային գործառույթներին համապատասխան: Ատեստավորման թեստերը ներկայում  հիմա չեն համապատասխանում մեր գործառույթներին»,- ասում է  նա: Որպես օրինակ նշում է, որ մաթեմատիկայից նույն թեման կարող է տարբեր բարդությամբ մատուցվել՝ կախված դպրոցական մակարդակից: «Եթե ուսուցիչն աշխատում է մի  մակարդակում, նրանից մի քանի մակարդակ բարձր գիտելիքներ պահանջելն ընդամենը ծուղակ է, որ չկարողանա հաղթահարել սահմանված շեմը: Սա ակադեմիական գիտելիքների ստուգում չէ: Իրենք  շատ լավ հասկանում են այս ամենը,- ասում է նա:- Մեզ պետք չէ, որ հեշտացնենք թեստերը: Ուսուցչին տվեք իր դասավանդման մակարդակի ամենաբարդ առաջադրանքները: Ոչ թե հիմնական դպրոցի ուսուցչին տվեք բուհի առաջադրանքներ և ըստ այդմ որոշեք՝ իր պաշտոնին համապատասխանում է, թե ոչ: Եթե թեստի արդյունքներով եք որոշում ուսուցիչը համապատասխանում է իր պաշտոնին, թե ոչ, ապա պարտավոր եք  այդ թեստերը կազմել ուսուցչի  գործառույթներին համապատասխան»:

Բաբայանը նաև շեշտում է, որ հիմնական  և ավագ դպրոցների տարանջատմամբ պայմանավորված՝ արդեն 10 տարի հիմնական դպրոցի ուսուցիչը չի ստանում ավագ դպրոցի դասագրքեր, իր աշխատանքում չի կիրառում ավագ դպրոցի թեմաները. «Ինչպե՞ս կարելի է այդ մարդուց պահանջել, որ նույն արագությամբ լուծի այդ առաջադրանքները, ինչ ավագ դպրոցի ուսուցիչը: Սա հստակ ծուղակ է»:

Անդրադառնալով նախագծով առաջարկվող փոփոխություններին՝ Բաբայանն ասում է, որ դրանք ընդամենը պատռվածքները կարկատելու փորձեր են, որոնք արդյունավետ լինել չեն կարող: 

«Ո՞վ և ինչպե՞ս է որոշել ցուցանիշների 15 տոկոս աճի սահմանաչափը: Կա՞ որևէ ուսումնասիրություն, թեստերի բարդությո՞ւնն են հաշվի առել, ի՞նչ չափանիշներով են 15 տոկոսը որոշել,- ասում է նա:- Մենք ասում ենք՝ մի արեք անհաղթահարելի ինչ-որ մի բան, հետո փորձեք շեմն իջեցնել: Մեզ համար էլ է վիրավորական այդ շեմի իջեցումը: Ինչո՞ւ պետք է այդպես լինի, ինչո՞ւ չպետք է կազմվեն մեր աշխատանքին վերաբերող թեստեր, որ մենք էլ հստակ իմանանք ՝ քանի տոկոսով ենք  տիրապետում մեր աշխատանքին: Թող ցուցանիշները բարձր լինեին, իրենք էլ շեմն անընդհատ բարձրացնեին, ոչ թե ստիպված իջեցնեին: Դրել են մի թեստ, որ ուսուցիչների մեծ մասը չի կարող  3 ժամում հաղթահարել, եթե կրկնուսուցմամբ չի զբաղվում: Ի՞նչ է,  ուզում են, որ բոլորս կրկնուսուցմա՞մբ զբաղվենք»:

Բաբայանն ասում է, որ արդարացի կլինի, եթե բոլոր ուսուցիչների դրույքաչափը 2.0 գործակցով հաշվարկվի: «Մենք առաջարկում ենք բոլորի գործակիցը դարձնել 2.0՝ չդիտարկելով գնաճը, շուկան,  սոցիալական արդարությունը: Պարզապես, եթե նայում ենք դպրոցում մյուս հաստիքների գործակիցները, տրամաբանական է մեր առաջարկածը՝ փոխտնօերնի գործակիցը 2.17 է, ջոկատավարինը՝ 1.54: 2.0-ն այդ միջակայքում է: Բայց իրենք ականջալուր չեն մեր առաջարկներին, որ ուսուցիչներին տանեն դեպի կամավոր ատեստավորում»:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք կամավոր ատեստավորման համար շտեմարաններ լինելու են՝ Բաբայանն ասում է, որ այդ հարցի վերաբերյալ հակասական տեղեկություններ են ստացել պաշտոնական աղբյուրներից. «Մարտին դիմել ենք, փոխնախարար Սվաջյանն ասել է, որ  շտեմարանների քննարկում անգամ չի եղել: ԳԹԿ-ից ևս  ուսուցիչներին ասել են, որ նման գործընթաց չկա: Բայց նախարարը օնլայն տիրույթում մեզ ասել է, որ շտեմարանների մշակումն ընթացքի մեջ է: Կառավարությունն այս տարվա սեպտեմբերին պատասխանել է , որ այս տարվա հունվարից շտեմարանների ստեղծման մեկնարկը տրվել է: Կարծում եմ՝ գործընթացը կա, պարզապես գաղտնի էր պահվում, որ ուսուցիչները ակտիվ դիմեն այս տարվա ատեստավորմանը մասնակցելու համար»:

Ասում է՝ շտեմարանների հրապարակումից հետո ուսուցիչներին ժամանակ պետք է տրվի, որ ուսումնասիրեն, դուրս բերեն խնդիրները, սխալները և բացթողումները, պաշարների շտեմարանը կատարելագործվի,  որից հետո արդեն կկազմակերպվի ատեստավորումը՝  կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով թեստերը ավտոմատ կերպով ձևավորելով տեղում՝ առկա բազայից:  

Ամփոփելով ատեստավորման գործընթացի երեք տարիները՝ Բաբայանն ասում է. «Մենք մեր առաջարկներով գործընթացը կարգի բերելու տեղերը հատ-հատ ներկայացրել ենք: Բայց  փորձում են գործընթացը իրենց մշակած նախնական  փաթեթով առաջ տանել: Իսկ  այդպես չի ստացվում, սա չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, միշտ խնդիրներ են ի հայտ գալու և ստիպված են լինելու կտոր-կտոր  կարկատել պատռվածքները: Եթե չեն ուզում այսպես լինի, պետք է մի պահ շունչ քաշեն, վերլուծեն  բոլոր խնդիրներն ու առաջարկները և այս ռեֆորմին նոր շունչ տան»: 

 

Շողեր Բաբայան Հայաստանի ուսուցիչների միություն խմբագրի ընտրանի կամավոր ատեստավորում ԿԳՄՍՆ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին