f

Անկախ

Սա համարձակ և իրենց ուժերին վստահ մանկավարժների «գլխատում» է. ուսուցիչը՝ ատեստավորման մասին


«Կերպարվեստ» առարկայից այս տարի առարկայական գիտելիքների ստուգման կամավոր ատեստավորմանը մասնակցել է հայտագրված 88 ուսուցիչներից 65-ը: Նրանցից 38-ը կամ մասնակիցների 58 տոկոսը չեն հաղթահարել 60 տոկոսի շեմը: Նրանց մի մասը երկրորդ անգամ էր կամավոր ատեստավորում անցնում: Իսկ գործող կարգի համաձայն՝ երկրորդ անգամ ատեստավորումից 60 տոկոսի շեմը չհաղթահարած ուսուցիչներն այլևս չեն կարող դասավանդել դպրոցում: Արդյունքում, եթե ԿԳՄՍՆ-ն կիրառի այդ կարգը, ուսումնական տարվա ընթացքում բազմաթիվ դպրոցներ կմնան առանց համապատասխան մասնագետների: 

Ինչո՞ւ ատեստավորմանը մասնակցող ուսուցիչների կեսից ավելին չեն կարողացել հաղթահարել 60 միավորի շեմը: «Անկախի» հետ զրույցում ուսուցիչները պնդել են, որ պատճառը չափազանց բարդ, ոչ հստակ կամ երկիմաստ հարցերով  ու «Կերպարվեստ» առարկայի հետ կապ չունեցող թեստերն են: 

57-ամյա Ռուզան Պետրոսյանը շուրջ 34  տարվա մանկավարժական փորձ ունի: Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի (ներկայիս ՀՊՄՀ)  «Նկարչություն, գծագրություն և ձեռքի աշխատանք» ֆակուլտետի շրջանավարտն իր ողջ կյանքն է նվիրել մանկավարժությանը՝ կրթելով հազարավոր երեխաների հանրակրթական դպրոցում, վերջին տարիներին նաև իր  հիմնադրած Լ. Ներսիսյանի անվան արվեստի կենտրոնում: Նրա սաները հայաստանյան հեղինակավոր բուհերի ուսանողներ ու շրջանավարտներ են: Տիկին Պետրոսյանը, սակայն, կարող է զրկվել դասավանդելու հնարավորությունից, քանի որ չի հաղթահարել կամավոր ատեստավորման պահանջվող շեմը: 

Խոսելով կամավոր ատեստավորմանը մասնակցելու դրդապատճառների մասին՝ տիկին Պետրոսյանն ասում է, որ վստահ էր իր մասնագիտական գիտելիքների վրա և ցանկանում էր օգտվել ավելի բարձր վարձատրվելու հնարավորությունից: «Բայց ես, ինչպես և շատ ուսուցիչներ, չգիտեի, որ ատեստավորմանը մասնակցելով կարող եմ զրկվել իմ աշխատանքից: Այդ մասին մեզ տեղյակ չէին պահել»,- ասում է նա: 

Ասում է՝ նախորդ տարի ատեստավորման օրը վատ ինքնազգացողություն է ունեցել, բարձր ճնշման պատճառով չի կարողացել անգամ թեստն ամբողջությամբ աչքի անցկացնել, և շուտ դուրս է եկել քննասենյակից: Այս ամռանը մասնակցել է ԿԳՄՍՆ կողմից կազմակերպված երկշաբաթյա վերապատրաստմանը, որը կոչված էր նախորդ տարի կամավոր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչներին օգնելու, որ թարմացնեն գիտելիքները և պատրաստ լինեն ատեստավորման երկրորդ փուլին: «ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Լեմս Ներսիսյանի ղեկավարմամբ 15 օր վերապատրաստվել ենք ՀՄՊՀ-ում, վերջում քննություն ենք հանձնել՝ գործնական, տեսական և գիտական, բոլորից գերազանց եմ ստացել: Վերապատրաստման վերջում նա հպարտությամբ ասաց, որ բոլորս վստահաբար կհաղթահարենք ատեստավորման պահանջվող շեմը,  դեռ մի բան էլ ավելին: Բայց վերջում պարզվեց, որ ատեստավորման թեստերը վերապատրաստման հետ բոլորովին կապ չունեին»,- ասում է Պետրոսյանը: Նա շեշտում է՝ պետական բյուջեից ԿԳՄՍՆ-ն միջոցներ է ուղղել ուսուցիչների վերապատրաստմանը, ուսուցիչներն  այդ նպատակով հատկացրել են իրենց հանգստի երկու շաբաթը, որպեսզի վերջում ատեստավորումը վերապատրաստման բովանդակության հետ որևէ կապ չունենար: 

«Ես 52.9 միավոր եմ հավաքել: Որախ եմ, որ այս տարիքում կարողացել եմ այդքանն էլ հավաքել: Թեստերում հարցերը արվեստի տեսությունից էին, կերպարվեստի մասին հարցեր գրեթե չկային: Կերպարվեստի ուսուցչին քննել են արվեստի տեսության, անգամ ոչ արվեստի պատմության մասին հարցերով»,- ասում է նա: Վստահեցնում է՝ հարցերն առարկայական ծրագրից դուրս են եղել.  «34  տարի միայն կերպարվեստ եմ դասավանդել: Անգամ եթե որևէ բան չիմանայի, այդքան տարիների դասավանդման ընթացքում կսովորեի»: Խոսելով թեստերի մասին՝ Պետրոսյանն ասում է, որ դրանցում հարցերը ձևակերպված էին հնարավորինս ոչ հստակ, երկիմաստ: Շեշտում է՝ անգամ  հարցերից երեքի  պահանջը չի հասկացել, դիմել է կազմակերպիչներին, որ հստակեցնեն՝ ինչ է ուսուցչից պահանջվում այդ հարցերով, մերժել են՝ ասելով, որ մեկնաբանելու, բացատրելու իրավունք չունեն: 

Անդրադառնալով հարցերի բովանդակությանը՝ ասում է, որ կային պարզունակ հարցեր, որոնք կարդալիս մտածում էր, որ հումոր է, չի կարող նման հարց լինել, և կային արվեստի տեսությանն առնչվող բարդագույն հարցեր: «Օրինակ՝ հարց կար, թե որոնք են ծիածանի գույները: Այս հարցի պատասխանը գիտեն անգամ դպրոցականները: Երբ երեխաներին թանգարան ենք տանում, մոտեցնում ենք աշխատանքներին, սկսում ենք գույներից ու ժանրերից,  գունային մոտեցումներից, տաք ու սառը գույներից պատմել,- ասում է նա:- Մի կարևոր դիտարկում էլ անեմ՝ ուսուցիչը ոչ թե պետք է իմանա, թե որ արձանը որ թանգարանում է գտնվում, այլ պետք է կարողանա երեխաներին բացատրել արձանների տիպաբանությունը, ինչպես և ինչ նյութից են պատրաստում, ինչպես են նկարում և այլն»:

Պետրոսյանի համոզմամբ՝ ատեստավորման թեստերը 60 տոկոսի չափով պետք է ստուգեն ուսուցչի մասնագիտական գիտելիքները, 40 տոկոսի չափով մանկավարժական կարողություններն ու հմտությունները: Իսկ կերպարվեստի պարագայում հարցերի միայն 3-5 տոկոսը պետք է վերաբերեն արվեստի տեսությանը, գերակշիռ մասը հենց կերպարվեստից պետք է լինեն: 

Պետրոսյանը վիճարկում է նաև գիտելիքների ստուգման մոտեցումը: Շշետում է՝ ՀՊՄՀ-ն պետական բուհ է, մանկավարժի որակավորումը շնորհվում է պետության կողմից, բայց այդ նույն պետությունը չի հավատում իր իսկ շնորհած որակավորմանը, եթե փորձում է ուսուցչի գիտելիքները ստուգել նաև ատեստավորմամբ: 

Հարցին, թե ինչպես է հնարավոր բարելավել ատեստավորման գործընթացը՝ Պետրոսյանը պատասխանում է՝ հարկավոր է նախ շտեմարաններ կազմել յուրաքանչյուր առարկայի համար, ուսուցիչներին ժամանակ տալ, որ պատրաստվեն, վերապատրաստումներ կազմակերպել, որից հետո միայն ատեստավորումն իրականացնել՝ սկզբում կամավոր, ապա նոր պարտադիր հիմունքներով: «Այս ամենը որպես հիմնասյուն սահմանված էր, պարզապես չեն արել»,- ասում է  նա: 

Նա նաև առաջարկում է ուսուցիչներին ատեստավորելուց առաջ դասալսումներ իրականացնել, վեր հանել խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ուղղորդումներ տալ մանկավարժներին՝ մատնանշելով մեթոդաբանություն, գրականություն: Եթե ուսուցիչն այդքանից հետո իր աշխատանքի որակը չլավացնի, նոր միայն սահմանել ատեստավորման անհրաժեշտությունը: Այլապես իրականացման ներկա գործիքակազմով ուսուցիչների կամավոր ատեստավորման նպատակը, նրա խոսքով,  ոչ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելն է, ոչ էլ կրթության որակը բարելավելը:«Սա մանկավարժների «գլխատում» էր: Ովքե՞ր են առաջին անգամ մասնակցում դեռևս անհայտ գործընթացին, իհարկե, այն մասնագետները, որոնք վստահ են իրենց ուժերին, որոնք խիզախ են»,- ասում է նա: 

Պետրոսյանը նաև ուշադրություն է հրավիրում կոռուպցիոն ռիսկերի մասին շրջանառվող խոսակցությունների վրա, որոնք էլ ավելի են խաթարում ուսուցիչների վստահությունը տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Ասում է՝ թեստավորումն այնպես էր կազմակերպած, որ կեղծելը, ցանկության դեպքում, խնդիր չէր լինի: «Ծուխն առանց կրակի չի լինում: Կան լուրեր, որ գնվում են թեստերի պատասխանները: Մարդ կա  իմ միջավայրում, որ որպես մանկավարժ, մասնագետ թույլ է, բայց հաղթահարել է շեմը, ինչպե՞ս հասկանամ սա»:  

Պետրոսյանը նշում է՝ դեռևս չգիտի՝ շարունակելու է դասավանդել դպրոցում, թե ոչ. ԿԳՄՍՆ-ն դեռևս չի հստակեցրել այս հարցը: Սակայն համոզված է՝ պայքարելու է դասավանդելու իր իրավունքի համար, անգամ դատական ատյանում: «Պաշտպանելու եմ իմ մանկավարժական տիտղոսը և իմ ամբողջ կյանքի իմաստը: Մանկավարժությունն ինձ համար ապրելու միջոց է՝ օդ ու ջրի պես, ու չեմ կարող դա զիջել: Մենք երեխաներին սովորեցնում ենք պայքարել ճշմարտության համար, հիմա հերթը մերն է, որ օրինակ ծառայենք մեր աշակերտներին»,- ասում է  նա՝ հավելելով, որ մի քանի տասնյակ ուսուցիչներով դիմում են գրել ԿԳՄՍ նախարարին և սպասում են պատասխանին՝ հասկանալու իրենց հետագա քայլերը: 

Խոսելով ատեստավորման թողած բարոյահոգեբանական հետևանքների մասին՝ ասում է.  «Արդեն երկու ամիս է, չեմ կարողանում կենտրոնանալ, ոնց որ 10 տարի աշխատած լինեմ առանց արձակուրդի: Պատկերացնո՞ւմ եք ինչ բարեյահոգեբանական վիճակի մեջ պետք է լինի ուսուցիչը, երբ մտնում է դասարան և գիտի՝ ինչպես է ինքը կրթում, բայց  իր աշակերտի դիմաց կանգնած է անզոր.  ինչ-որ մի ատեստավորման պատճառով ինքը բարոյազրկվել է որպես մանկավարժ»: Նա նաև վստահեցնում է՝ թե ինքը, թե  մյուս մանկավարժները նախորդ տասնամյակներին  տարբեր դժվարություններ են հաղթահարել, լավ ու վատ ժամանակներ են տեսել, բայց չեն կոտրվել: Այս փորձությունն էլ կհաղթահարեն: 

 

ատեստավորում կամավոր ատեստավորում ԿԳՄՍՆ ուսուցիչ մանկավարժ դպրոց հանրակրթություն խմբագրի ընտրանի

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին