f

Անկախ

Հեղինակավոր աստղագետների և միջազգային ուսանողների հանդիպման վայրը՝ Բյուրականի աստղադիտարան


«Այս դպրոցում ստացած գիտելիքներս ինձ կօգնեն հետագա հետազոտական աշխատանքներում: Համոզված եմ՝  այդ գիտելիքներն ինձ կծառայեն նաև իմ գիտական ատենախոսությունը պաշտպանելիս,  կօգնեն, որ նոր համագործակցություններ գտնեմ աշխարհում, երկարաժամկետ կամ կարճաժամկետ նախագծերում ներգրավվեմ»,-  «Անկախի» հետ զրույցում 27 ամյա Ատիլխան Նոդյարովն  այնպես է ներկայացնում ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում անցկացված Աստղագիտական միջազգային դպրոցի արդյունքներն իր տեսանկյունից: Ատիլխանը Ղազախստանի Ալ-Ֆարաբի ազգային  համալսարանի ասպիրանտ է: Նա համոզված է՝ ամառային դպրոցը մեծ փորձ է յուրաքանչյուր մասնակցի համար՝ թե հետազոտական աշխատանքի, թե կարիերայի առումով:

26-ամյա Յուսեֆ Բայուլին Թունիսից ասում է, որ դպրոցում  ձեռք է բերել ամբողջական պատկերացում ժամանակակից աստղաֆիզիկական հետազոտությունների մեթոդոլոգիաների մասին, ինչպես նաև գործնական հմտություններ, որոնք կիրառելու է աստղաֆիզիկոսի իր ապագա կարիերան կառուցելիս: Իսկ դպրոցի շրջանակներում ձեռք բերված ծանոթությունները  հեղինակավոր մասնագետների հետ հետագա համագործակցությունների հնարավորությունների հիմք կարող են  դառնալ:

Բայուլին աստղագետ է, որն  աշխատում է որպես ամպային տեխնոլոգիաների ճարտարագետ: Համոզված է՝ Բյուրականի աստղադիտարանում ստացած գիտելիքները ծառայեցնելու է ամպային այնպիսի  տեխնոլոգիաների մշակմանը, որոնք կծառայեն համաշխարհային  աստղագիտական հանրությանը և աստղագիտության ոլորտի մարտահարավերների լուծմանը:

Բոյուլին կարևորում է նաև Բյուրականի աստղադիտակներով դիտումներ իրականացնելու հնարավորությունը: «2,6 մ դասական աստղադիտակի և 1 մ Շմիդտի աստղադիտակի հետ գործնական աշխատելը եզակի հնարավորություն էր իմ կիրառական  հմտությունները զարգացնելու  առումով»,- ասում է նա: 

Իրանից 33-ամյա Մինա  Ալիզադեն էլ, որը Զանջանի համալսարանի ասպիրանտ է և աստղագիտության ուսուցիչ,   ամառային դպրոցի մասին տեղեկացել է իր գիտական ղեկավարից: Իր գիտական ատենախոսության շրջանակում նա ուսումնասիրում է M33 գալակտիկան և դրանցում աստղերի ձևավորումը:

«Ամառային դպրոցին մասնակցելու իմ նպատակն է կատարելագործել իմ գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև գտնել գործընկերներ, որոնց հետ կարող եմ համագործակցել՝ հասնելու ընդհանուր նպատակներին:  Բազմաթիվ այլ ամառային դպրոցների եմ մասնակցել: Եվ կարող եմ ասել, որ  այս դպրոցը լավագույններից էր»,- ասում է նա՝ հավելելով, որ դասերից լուսանկարներ ու տեսանյութեր է պատրաստել, որոնցով կիսվելու է իր համալսարանական ընկերների և  աշակերտների հետ։

«Բացի այդ, այստեղ ուսուցանված գործնական մեթոդները շատ օգտակար էին և կարող են կիրառվել իմ թեզում»,- ասում է նա:

Ներկայացված վկայությունները  ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)  անցկացված տարածաշրջանային 3-րդ և միջտարածաշրջանային 1-ին աստղագիտական ամառային դպրոցի մասնակիցներինն են: Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի (Հայաստան) և Արաբական աշխարհի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի համատեղ կազմակերպած ամառային  դպրոցին մասնակցել են 34 երիտասարդ աստղագետներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Հորդանանից, Թունիսից և Թուրքիայից։ 

Ամառային դպրոցի տեղական կազմկոմիտեի համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի գիտական քարտուղար Նաիրա Ազատյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ երկու տարին մեկ կազմակերպվող դպրոցի  նպատակն է ոչ միայն տեղացի ու միջազգային ուսանողներին ներկայացնել  Բյուրականի աստղադիտարանը որպես հեղինակավոր գիտական կենտրոն, այլ նաև նպաստել, որ շփվեն ոլորտի ուսանողներն ու հեղինակավոր մասնագետները, կապեր ստեղծվեն, տեղի ունենա փորձի փոխանակում:

«Բյուրականի աստղադիտարանը ամառային դպրոցի շրջանակներում դառնում է աստղագիտության ոլորտի առաջավոր մասնագետներին և ուսանողներին մեկ տեղում միավորող, կապող օղակ,- ասում է Ազատյանը:- Այսպիսով մենք մեր արդյունքներն ենք ի ցույց դնում, ապացուցում, որ ոչնչով հետ չենք մնում աստղագիտության ոլորտում:  Կարճ՝ մեր երկրի ու աստղադիտարանի հեղինակությունն ենք ամրապնդում աստղագիտական դպրոցի միջոցով»։ 

Ազատյանը շեշտում է՝ ընտրել են կարևոր, բայց ընդհանուր թեմաներ, որպեսզի հետաքրքրի աստղագետների լայն զանգվածներին, և  ամեն մասնակից կարողանա իր համար կիրառելի գիտելիք տանել դպրոցից: 

«Այս տարի դպրոցի մասնակիցները ոչ միայն դիտումներ են իրականացրել մեր դիտակների վրա, այլ նաև սովորել են, թե ինչպես իրենց գիտական արդյունքը ձևակերպեն որպես հոդված և հրապարակեն բարձր հեղինակություն ունեցող ամսագրերում:  Ես կասեի, որ գիտության մեջ ամենակարևորն է, երբ կարողանում ես քո արդյունքները տպագրել բարձր ռեյտինգ ունեցող ամսագրերում։ Այսինքն մենք սովորեցնում ենք ոչ միայն գիտական  արդյունքներ արձանագրել դիտումների միջոցով, մշակել տվյալները, վերլուծել բազաներում առկա տվյալները,  այլ նաև դրանք վերածել հոդվածների»,- ասում է Ազատյանը։ 

Ամառային դպրոցի մասնակիցների համար դասախոսություններ են կարդացել Astronomy & Astrophysics (A&A) հեղինակավոր ամսագրի մասնագետները՝ ներկայացնելով, թե ինչպես պետք է նյութը մատուցել, որ հետաքրիր լինի, որ  հղում անեն այդ հոդվածին: 

«Չիլիում գործող ALMA  ռադիոդիտակները աստղագիտության մեջ ամենաառաջադեմ տեխնիկաներից մեկն են: Մենք այդ դիտակների վրա աշխատող մասնագետների էինք  հրավիրել, որ ներսի մարդուց  ուսանողներն  իմանան ամենավերջին ինֆորմացիան այդ դիտակների մասին: Այս տարվա թեմատիկ առանձնահատկությունը դա էր»,- ասում է Ազատյանը:

Ամփոփելով՝ Ազատյանը նշում է, որ դպրոցի շրջանակներում երբեմն ուսանողները կարողանում են իրենց համար գիտական ղեկավար գտնել աշխարհի առաջատար գիտական կենտրոններից, ստեղծվում են համագործակցություններ, այդ թվում և Բյուրականի աստղադիտարանի հետ: «Մեր մասնակիցներն այնքան գոհ են հեռանում, որ պատահում է՝ հետագայում կրկին են դիմում մասնակցելու համար»,- ասում է նա:

Նշենք՝ դպրոցի կազմակերպիչներն ու հովանավորներն էին ԲԱ-ն, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը, Արաբական աշխարհի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Եվրոպական «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» (Astronomy & Astrophysics, A&A) հանդեսը, Եվրոպական հարավային աստղադիտարանը, EDP Sciences հրատարակչությունը։

 

Լուսանկարը՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից

 

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան ամառային դպրոց խմբագրի ընտրանի գիտություն աստղագիտություն

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին