Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին նախագիծն ընդգրկվել է հոկտեմբերի 3-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստերի օրակարգ. օրերս ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:
Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998-ին, երբ հիմնադրվել է Միջազգային քրեական դատարանը: Սակայն հիմանդիր փաստաթուղթը՝ Հռոմի ստատուտն, այդպես էլ չի վարերացրել, ավելին, 2004-ին ՀՀ սահմանադրական դատանանն այն հակասահմանադրական էր ճանաչել: 2023-ի մարտին, սակայն, ՀՀ սահմանադրական դատարանը, ևս մեկ անգամ քննելով հարցը, համարել է, որ այն չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: Հայկական կողմը Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մտադրությունը հիմնավորում է Ադրբեջանին իր ռազմական հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու ձգտմամբ: Իրավունքի ոլորտի մասնագետները, սակայն, շեշտում են, որ Ադրբեջանը Միջազգային քրեական դատարանի անդամ չէ և անգամ մտադրություն չունի վավերացնել Հռոմի ստատուտը, հետևաբար այս ատյանն անարդյունավետ է Ադրբեջանին պատասխանատվության կանչելու գործում:
Փոխարենն այս քայլը դիտարկվում է որպես հակառուսականության դրսևորում. Միջազգային քրեական դատարանն այս տարվա մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել: Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պարտավոր են ձերբակալել ՌԴ նախագահին, եթե նա գտնվի իրենց երկրի տարածքում: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը Հռոմի ստատուտը վավերցանելու Հայաստանի մտադրությունը բնորոշել է որպես «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի նկատմամբ:
Ո՞րն է Հռոմի կանոնադրությունը վավերացնելու բուն նպատակը: Ի՞նչ հաշվարկներ կան այդ որոշման հիմքում. այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ:
-Պարոն Սուրենյանց, ո՞րն է Հռոմի ստատուտը վավերացնելու բուն նպատակը: Ինչո՞ւ հիմա:
-Իրավունքի դաշտ չեմ մտնի, կտամ քաղաքական գնահատական: Այն պաշտոնական հռչակումները, որ իշխանություններն անում են, Հռոմի ստատուտը, միարժեք, այդ խնդիրները լուծել չի կարող: Նախ՝ հիմա աշխարհում միջազգային իրավունքի ճգնաժամ է: Այս պայմաններում ասել, որ ինչ-որ միջազգային դատարան, ինչ-որ ստատուտ քեզ պաշտպանելու է, մոլորություն է: Հակառակ դեպքում, օրինակ՝ 8 ամիս առաջ Լաչինի միջանցքը բացված կլիներ Հաագայի դատարանի որոշումից հետո, մենք էլ այս փորձանքի մեջ չէինք ընկնի:
Երկրորդը, եթե նույնիսկ միջազգային իրավունքի ճգնաժամ չլիներ, չնայած դա ակնհայտ կա, քանի որ Ադրբեջանը Հռոմի ստատուտը չի վավերացրել, նրա վրա այդ դատարանի իրավազորությունը շատ սահմանափակ է : Այն արդյունքը, որ իշխանությունները հռչակում են, ունենալ չենք կարող:
Սա ակնհայտորեն արվում է հակառուսական կամպանիայի շրջանակներում, որը հրահրված է իշխանությունների կողմից: Եվ այս գործընթացը Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես ծայրահեղ թշնամական քայլ: Հետևաբար պետք է սպասել շատ կոշտ հակազդեցության Ռուսաստանի կողմից:
Հակիրճ՝ արկածախնդրություն է առանց արտաքին աջակցության Ռուսաստանի հետ բաց հակադրության մեջ մտնելը:
-Իսկ այդ արտաքին աջակցությունը Հայաստանը չունի՞:
-Իհարկե, չունենք: Տեսե՞լ եք արևմտյան որևէ երկիր, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Հայաստանի համար: Ես գեղեցիկ հայտարարություններ եմ լսել, լսել եմ պոստֆակտում արձանագրումներ և նույնիսկ ֆինանսական աջակցություն, օրինակ՝ Արցախի մեր հայրենակիցների համար, բայց որևէ հայտարարություն չեմ լսել, որը ենթադրում է, որ Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն պատրաստ են պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգության համար: Նրանք նույնիսկ ճանապարհն են ցույց տալիս: Անկախության օրվա առթիվ Բայդենի՝ Փաշինյանին հղված շնորհավորական ուղերձում ուղիղ ասվում է՝ ուզում ես անվտանգություն, հարևաններիդ հետ խաղաղություն հաստատիր: Ավելի ուղիղ ասել, որ մեզ վրա հույս չդնես, ուղղակի հնարավոր չէ:
Մի արձանագրում անեմ՝ Ռուսաստանը լավ բարեկամ չէ, բայց սարսափելի թշնամի է: Եթե մենք քայլեր ենք անում, հետևանքները պետք է հաշվարկենք:
-Ձեր կարծիքով՝ մեր իշխանական վերնախավն արդյոք հաշվարկե՞լ է հակառուսական գործողությունների հնարավոր հետևանքները: Ի՞նչ է սպասվում:
-Ոչ: Իհարկե, ոչ: Շատ լուրջ անվտանգային, տնտեսական խնդիրների դեմ կառնենք: Չթվարկեմ այդ ցանկը: Ցանկացած մարդ, առանց իմ թվարկելու, ինքնուրույն կարող է պատկերացնել, թե ինչ խնդիրներ կարող է Ռուսաստանը ստեղծել մեզ համար:
Նիկոլ Փաշինյանն ի՞նչն է հաշվարկել, որ սա էլ հաշվարկի: Նա իր ողջ քաղաքականությունը կառուցում է ինչ-որ թշնամու կերպար ստեղծելու, հետո այդ թշնամու դեմ հերոսաբար պայքարելու վրա: Անկախ նրանից՝ այդ թշնամին երկրի սահմաններից ներս, թե դուրս է: Հիմա կստացվի, կստացվի: Չի ստացվի, մի օր կճողոպրի Հայաստանից՝ երկիրը թողնելով ավերակների վերածված:
-Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում:
-Այս պահին մենք անտագոնիստական հարաբերություններ ունենք: Հետո, երբ նոր իշխանություններ գան, կկարողանա՞նք արդյոք հարաբերությունները շտկել, ժամանակը ցույց կտա: Անգամ իշխանափոխության պարագայում հարաբերությունները վերականգնելը շատ դժվար է լինելու, որովհետև փոխադարձ այնքան նստվածք է մնալու մեր հասարակության մոտ, ռուսների մոտ, շատ դժվար է լինելու հարաբերությունները հին մակարդակին բերելը:
-Զրույցի սկզբում Դուք էլ շեշտեցիք, որ Ադրբեջանը չի վավերացրել Հռոմի ստատուտը և այս հարթակն անարդյունավետ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցում: Այս խնդիրը բարձրաձայնում են նաև իրավունքի ոլորտի մասնագետները: Մինչդեռ ոչ միայն հանրային մակարդակում, այլ նաև ԱԺ-ում իշխանություններն այդ շեշտադրությամբ են փաստաթուղթն առաջ մղում: Ո՞րն է տրամաբանությունը:
- Այս նույն խումբը չորս տարի առաջ ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ: Իրենց հայտարարություններին լրջություն տալը և քննարկելը, թե ինչի հիմա վրա են նման բան հայտարարել, անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն մի փնտրեք մի տեղում, որտեղ անբարոյականություն է և տգիտություն:
-Ձեր կարծիքով՝ Հռոմի ստատուտը կվավերացվի՞ ՀՀ ԱԺ-ի կողմից:
-Այո, վավերացնելու են, որովհետև ողջախոհությունն այս իշխանությանը վաղուց լքել է: