Նոր ուսումնական տարին հանրակրթության ոլորտում մեկնարկում է կամավոր ատեստավորման շուրջ վեճերով. մանկավարժական միավորումները պայքարում են ատեստավորման գործընթացը փոփոխելու և ուսուցիչների աշխատավարձերի համընդհանուր բարձրացման համար: Այս ուսումնական տարվանից կիրառվելու են նաև հանրակրթության պետական չափորոշիչները՝ այդ թվում նախագծային ուսուցումը, առանց թվանշանի, նկարագրողական գնահատումը և այլն:
Ի՞նչ խնդիրներով ենք սկսում նոր ուսումնական տարին և ի՞նչ սպասելիքներ ունենք հանրակրթության համակարգից. այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:
-Պարոն Խաչատրյան, ի՞նչ խնդիրներով ենք մեկնարկում նոր ուսումնական տարին:
-Ավելի քան 25 տարի աշխատում եմ կրթության ոլորտում և առանց չափազանցության կարող եմ ասել, որ սա Հայաստանի Հանրապետության դպրոցների համար ամենաբարդ ու ծանր տարին է լինելու: Ինչո՞ւ: Նախ՝ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ուսումնական տարին մեկնարկում ենք առանց դասագրքերի. 5-րդ և 7-րդ դասարաններում որոշ առարկաներից դասագրքեր չեն լինելու: Սա արդեն ահազանգ է: 21-րդ դարում առանց դասագրքի անգամ շատ աֆրիկյան երկրներում ուսումնական տարի չեն սկսում:
Իմ տեղեկություններով՝ Տավուշում փորձարկված նյութերով ուսուցիչները մի տարի պետք է դասավանդեն, մինչև կլինեն նոր դասագրքեր: Եթե հանկարծ 1-2 ամսում չհայտարարվի նոր մրցույթ ավելի բարելավված պայմաններով, մենք մյուս տարի էլ խնդիր կունենանք:
Նախարարությունը ստիպված եղավ հետաձգել 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը, որովհետև ոչ թե 1-3 դասագիրք չէր լինելու, այլ գուցե 10 առարկայից չէր լինելու. 23 անուն դասագքրի համար կարծեմ 13 հայտ էր եղել: Սա արդեն մեծ ձախողում է: Պատճառն այն է, որ մոտավորապես 4 տարի չափորոշիչ, չափորոշչի լրամշակում, փորձարկում արվեց, իսկ դասագրքերի խնդիրը արհամարհվեց: Թողեցին վերջին ամիսներին. միայն դեկտեմբերին հայտարարվեց մրցույթ, որի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվեց: Դասագրքերի համար նախատեսված գումարն էլ ծիծաղելի էր: Պետությունը դասագրքի համար, որ 5 տարի օգտագործվելու է, հատկացնում է 6 մլն դրամ, երբ դա տիտանական աշխատանք է, իսկ ահա Սնուփ Դոգի 2 ժամանոց համերգի համար 6 մլն դոլար: Այդ համե՞րգն է ռազմավարական, թե՞ 5 տարի շարունակ հարյուր հազարավոր աշակերտների կողմից օգտագործվող դասագքրերը: Ինչո՞ւ ենք դասագրքին տալիս 6 մլն դրամ, իսկ համերգին 6 մլն դոլար, այդ համե՞րգն է մեր երկրի զարգացումն ապահովելու, թե՞ դասագիքրը, որը կարևոր դեր ունի կրթության մեջ:
Չափորոշիչների փորձարկումն էլ անհասկանալի էր, ոչ ոք չիմացավ, թե ինչ պարզվեց այդ փորձարկմամբ: Մարդիկ դասագիրք են գրել առանց իմանալու, թե չափորոշիչների փորձարկման ընթացքում ինչ է պարզվել, ինչ խնդիրներ են ի հայտ եկել: Հասկանալի է, որ մրցույթ է, բայց ցանկալի է, որ հեղինակային խմբերն իրազեկված լինեին այդ չափորոշիչների փորձարկումներից:
Մյուս խնդիրը ուսուցիչների պառակտվածությունն է: Մենք հիմա Հայաստանում ունենք ուսուցիչների աննախադեպ պառակտվածություն: Ի՞նչն է նրանց պառակտել: Նախ՝ կամավոր ատեստավորումը, որի արդյունքում ուսուցիչներին սկսեցին դասակարգել: Եղան ուսուցիչներ, որոնք հաղթողներ են և ստանում են բարձր աշխատավարձ, և ուսուցիչներ, որոնք «լուզերներ» են, որոնք սեպտեմբերին գուցե աշխատանք կկորցնեն, քանի որ կտրվել են, և ունենք ուսուցիչների մի մեծ բանակ, որոնք բացարձակապես անտարբեր են կամավոր ատեստավորմանը կամ չեն ընդունում դա:
Մյուս պառակտող գործոնը դարձավ բնագիտամաթեմատիկական ուղղությունների ուսուցիչներին տրվող հավելավճարը: Քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, ինֆորմատիկա դասավանդող ուսուցիչները ստանալու են հավելավճար: Հատկապես մաթեմատիկայի ուսուցիչները զայրացած են, քանի որ համարում են՝ եթե այդ հավելավճարը ԲՏՃՄ առարկաների համար է, ինչու է վերջին Մ տառով առարկան՝ մաթեմատիկան, անտեսված: Այսօր Հայաստանում ունենք մոտ 4 հազար մաթեմատիկայի ուսուցիչ, և այդ մարդիկ ասում են՝ բա մենք ինչո՞ւ այդ հավելավճարը չենք ստանում: Էլ չեմ խոսում մյուս ուսուցիչների մասին, որոնք արդարացիորեն հարցնում են, օրինակ՝ հայոց լեզուն, հայոց պատմությունը, անգլերենը կարևոր առարկաներ չե՞ն:
Երրորդ խնդիրը միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներն են: Երբ 2018-ին նրանց 5 տարի ժամանակ տրվեց, ճիշտ կլիներ, որ օրինակ՝ 2020-ին նրանց հավաքեին ու հարցնեին՝ հարգելի ուսուցիչներ, դուք ի՞նչ եք անում, ինչի՞ կարիք ունեք: Շատ հեշտ է ասել՝ նրանք օրենքի պահանջը չեն կատարել, բարձրագույն կրթություն չեն ստացել, թող դուրս մնան համակարգից: Գուցե այդ մարդիկ ֆինանսական խնդիր ունեն: Ունենք ուսուցիչներ, որ 40 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Այդ աշխատավարձով ինչպե՞ս պետք է բարձրագույն կրթություն ստանային: Գուցե նախարարությունն այդ մարդկանց համար անվճար կրթություն պետք է ապահովեր կամ զեղչեր տրամադրեր: Բայց նախարարությունը ոչ մի բան չի արել, վերջին պահին որպես լավություն ասում է՝ կարող եք ատեստավորվել, եթե ուզում եք աշխատել դպրոցում: Սա շատ ուսուցիչների ու տնօրենների է կոտրում, քանի որ հեռացողների մեջ կան որակյալ ուսուցիչներ:
Չորրորդ խնդիրը՝ այս տարվանից 5-րդ և 7-րդ դասարաններում հայ եկեղեցու պատմություն չի դասավանդվելու և այդ առարկաների ուսուցիչները ժամաքանակի խնդիր կունենան:
-Այս տարի փորձարկվելու է նաև նախագծային ուսուցումը, որը գիտենք, աշխատատար և ֆինանսատար է: Ձեր կարծիքով՝ ի՞նչ արդյունք կունենանք:
-Այո, նախագծային ուսուցումը փորձարկվելու է 7-րդ և 9-րդ դասարաններում:
Ֆինանսավորում կլինի, բայց ենթադրում եմ՝ չի լինի այնքան, որը կխրախուսի ուսուցիչներին որակով անել այդ գործը: Նախագծային ուսուցումը բավականին ժամանակատար է, և հաճախ դա պետք է անել դասերից հետո: Մենք գիտենք, որ մեր ուսուցիչների մի մասը կրկնուսույց է կամ այլ աշխատանք ունի և դասերի ավարտից հետո շտապում է գնալ տուն՝ մյուս աշխատանքներով զբաղվելու: Ուսուցիչ կա, որ 20 դիմորդի հետ է պարապում, չենք կարող ասել՝ այդ եկամուտդ մի կողմ դիր և դասերից հետո 1-2 ժամ հավելյալ աշխատիր: Իմ կարծիքով՝ ունենալու ենք այն, ինչ ունեցանք բուհերում կուրսային և դիպլոմային աշխատանքների պարագայում. լինելու են աշխատանքներ շուկայում, որոնք վաճառվելու են, պատրաստի տրվելու են, և աշակերտները դրանք ներկայացնելու են որպես իրենց նախագիծ:
Անհստակություններ էլ կան: Եթե դասարանի բոլոր աշակերտները նույն ուսուցչի մոտ նախագծային աշխատանք ուզենան անել, ինչպե՞ս է ուսուցիչը 30 աշակերտի հետ աշխատելու: Եթե մի երեխան ուզենա 2-3 նախագիծ անել, արդյոք դա ֆինանսավորվելո՞ւ է: Իմ կանխատեսումն այն է՝ եթե դա նորմալ չֆինանսավորվի, ուսուցիչները սա բավականին դժկամությամբ են անելու, քանի որ սա, ըստ էության, արտադասարանական աշխատանք է: Խնդիր է լինելու նաև երեխաների հետ, որոնք տարբեր խմբակների են հաճախում, և նրանց համար էլ դասերից հետո մնալը խնդիր է: Լուրջ կազմակերպչական խնդիրներ են ի հայտ գալու, երբ ներդրվի: Թղթի վրա գրելը հեշտ է:
-Իսկ առանց թվանշանի, նկարագրողական գնահատմանը որքանո՞վ են պատրաստ ծնողը, աշակերտը, ուսուցիչը
-Դասվարների ժամային ծանրաբեռնվածությունը նվազելու է, դրույքը 18 ժամ է կազմելու: Բայց փոխարենը տասնյակ աշակերտների մի քանի առարկաներից ձևավորող գնահատում պետք է իրականացնեն, ինչը բավականին աշխատատար է: Մի խնդիր եմ տեսնում. ինչ էլ գրեն այդ ուսուցիչները, ծնողները վերջում գալու են ասեն՝ հիմա իմ երեխան ի՞նչ է ստանում: Մի բան է, երբ նկարագրում եք, թե ինչն է լավ կամ վատ անում, ինչը հաճախ ծնողը չի էլ հասկանում, ծնողի մոտ միշտ այդ հարցը լինելու է՝ իմ երեխան, որ այսքան բանը կարողանում է լավ անել, այսքանն էլ վատ, դրա արդյունքում լա՞վ սովորող է, հարվածայի՞ն է, թե՞ վատ սովորող: Ինչ-որ մի չափում ամեն դեպքում պետք է: Թվանշանը կողմնորոշիչ է ծնողի համար: Ուստի կարծում եմ՝ շատ ծնողներ առաջարկելու են այլ չափման միավոր կիրառել, որ իրենք հասկանան, թե ինչպիսի սովորող է իրենց երեխան:
Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կկառավարվի այս պրոցեսը, արդյոք նախարարությունն իր ողջ աշխատակազմով պատրա՞ստ է կառավարելի ձևով այս պրոցեսները իրականացնել, թե՞ լինելու է քաոս, պահանջելու են տեղերում գործ անել կամ մեղադրելու են ուսուցիչներին ու տնօրեններին թերացումների համար: Եթե լավ կառավարվի այս ամեն ինչը, լավ կլինի:
-Ասացիք, որ աննախադեպ պառակտված է ուսուցչական համայնքը: Արդյոք դա միտումնավոր քաղաքականությո՞ւն է, թե՞ վատ կառավարման հետևանք:
-Ես որևէ փաստ չունեմ այդպիսի բան պնդելու, որ միտումնավոր է: Սա կրթության մեջ կոչվում է նեոլիբերալ քաղաքականություն, երբ մարդկանց դնում են մրցակցության մեջ: Հիմա նախարարությունը որոշել է՝ ով առարկային լավ է տիրապետում, ինքը շատ պետք է վարձատրվի: Բայց գիտության տեսանկյունից սա սխալ է, կրթության մեջ չկա մի բաղադրիչ, որը մյուս բաղադրիչների հանդեպ առավելություն ունի: Չկա ապացույց, որ հենց առարկայի իմացությունն է ամենակարևորը: Գիտնականներն ընդունում են, որ շատ կարևոր է առարկայի իմացությունը, բայց կան նաև այլ բաներ՝ ուսուցչի բնավորությունը, արժեքային համակարգը, մեթոդաբանությունը, ազատ ժամանակը:
Կարծում եմ՝ մեր պետությունը նույն կերպ պետք է խրախուսի այն ուսուցիչներին, որոնք դպրոցում կոնֆլիկտներ են լուծում կամ կանխարգելում, օգնում են բացահայտել և բացառել բռնության դեպքերը: Նման ուսուցիչներին ինչո՞ւ չենք խրախուսում: Եթե այն դեպքում ընդամենը առարկայի գիտելիք է, այս պարագայում մարդու կյանքի հարց է: Եթե մենք ուսուցիչներին խրախուսենք ծնողների, ընտանիքների հետ խելացի աշխատելու համար, որ խնդիր նկատելու դեպքում միջամտեն, կանխարգելեն, ուսուցիչները դա կարող են անել: Նույն թմրամոլությունը վերցնենք, հիմա շատ է խոսվում դրա տարածվածության մասին, ուսուցիչն ու դասղեկը կարող են այդ ամենը վաղ բացահայտել, օգնել ծնողին, բայց մենք դրա համար ուսուցչին չենք խրախուսում: Ինձ համար այդ գործառույթն ավելի կարևոր է՝ կյանքը փրկելը, ապագա ձախողումներից փրկելը, քան օրինակ՝ քիմիայի գիտելիքների քանակը: Ավելի լավ է ուսուցիչը մի քիչ քիչ առարկայական գիտելիք տա աշակերտին, բայց ընտանիքին օգուտ տա:
-Ուսումնական տարվա խնդիրներն արդյոք այսքանով սահմանափակվո՞ւմ են:
-Սրանք խնդիրների մի մասն էին միայն: Լրջագույն խնդիր ենք ունենալու տնօրենների հետ կապված, քանի որ երկու ղեկավարի համակարգն է ներդրվելու: Դպրոցի տնօրենների ծրագրերը մեծ մասամբ չեն հաստատվում, բազմաթիվ դպրոցներ ամիսներով մնալու են առանց տնօրեն, ինչը բերելու է նրան, որ հոգնեն և այլևս չուզենան տնօրեն լինել: Խնդիրները շատ-շատ են, մենք ընդամենը մի քանիսը թվարկեցինք:
-Հաշվի առնելով թվարկված խնդիրները՝ ի՞նչ սպասել այս ուսումնական տարվանից:
-Նոր չափորոշչի ներդրումը ուղեկցվում է մի քանի հարակից ցնցումներով: Մեր դպրոցն այնքան երերուն վիճակում է, որ միանգամից այդքան ցնցում մեկ տարվա ընթացքում չպիտի անեինք, այդքան փոփոխությանը դիմանալու համար մենք պետք է ունենանք ուժեղ դպրոց: Չի կարելի երերուն հիմքերի վրա գտնվող կրթական համակարգում միանգամից այդքան փոփոխություն անել: Մենք պետք է զգույշ լինենք, մեր կրթական համակարգն այնքան տոկուն չէ, որ կարողանա այդքան ցնցումների դիմանալ:
Լինելու են դպրոցներ, որոնք սեպտեմբերին կորցնելու են մի քանի ուսուցիչ միջին մասնագիտական կրթությամբ, գուցե կլինեն նաև կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներ: Եթե մարզային, գյուղական դպրոցը մի քանի ուսուցիչ կորցնի ուսումնական տարվա սկզբին, ինչպե՞ս է նոր ուսուցիչ գտնելու: Բացի այդ, իրենց կամքով էլ շատ ուսուցիչներ դուրս են գալիս, ամեն դպրոցից տարեկան 1-2 ուսուցիչ է հեռանում: Ամեն տարի նախարարությունը պետք է ոչ միայն ուսուցիչների թվի բնական նվազումը փակի, այլև այս գործընթացների արդյունքում առաջացած բացերը, քանի որ հաջորդ տարի էլ կլինեն մասնագետներ, որոնք, օրինակ՝ չեն հաղթահարի ատեստավորումը և դուրս կմնան դպրոցից:
-Պարոն Խաչատրյան, ֆիլտրեցինք, մասնագետների մի մասին դուրս թողեցինք: Այդքան ռեսուրս ունե՞նք՝ փոխարինելու հեռացող ուսուցիչներին:
-Չգիտեմ, դիմորդ էլ չունենք, դա է խնդիրը: Առաջիկա տարիներին խնդիրը շատ սուր չի լինի, քանի որ մեր երկրում դեռևս կան մարդիկ, որոնք նախորդ տարիներին են ավարտել, համակարգում չեն աշխատել, բայց կուզենան աշխատել: Դրա հաշվին մի փոքր կմեղմվի վիճակը, բայց 5-6 տարի հետո շատ սուր խնդիր կլինի: