f

Անկախ

«Լավ է սոված մեռնենք, քան նրանց բերած ալյուրը վերցնենք»․ Ելենա Շահնազարյան


Թշնամուց մոտ ութ հարյուր մետր հեռավորության վրա ապրող թաղավարդցիները բազմիցս են ենթարկվել հոգեբանական ճնշումների, ամեն առավոտյան արթնանալով թշնամու մուղամի ներքո, նրանց սպառնալիքները շրջանցել և շարունակել հպարտորեն կրել արցախցու՝ հավերժ պայքարելու և չծնկելու ճակատագիրը։ Հերոս թաղավարդցիներն այսօր ավելի ծանր պայմաններում են ապրում հուսահատված են, անորոշությունն ու անելանելի վիճակը խեղդում են նրանց, բայց անսասան են՝ չեն խոնարհվելու թշնամու առաջ, չեն ընդունելու նրանց ուղարկած կեղծ օգնությունը։ Ոչինչ պետք չէ թաղավարդցիներին՝ ոչ աշխարհից, ոչ թշնամուց։ Միայն թե թողնեն ապրեն սեփական հողում, և հենց իրենք շունչ տան հողին։

Մեր զրուցակիցը՝ Ելենա Շահնազարյանը, պատերազմից առաջ ամուսնու հետ գյուղում խանութ է կառուցել։ Ասում է՝ ունեին հնարավորություն և ամեն ինչ արել են սեփական ուժերով՝ քարն ու ցեխն իրար տալով։ Բայց պատերազմի հետևանքով խանութը հիմնովին ավերվել է․ չորս արկ է ընկել խանութի վրա՝ հողին հավասարեցնելով այն։ Պատերազմից հետո այն վերակառուցել են՝ նորից սեփական ուժերով։

2022 թվականի մայիսի 10-ին են բացել խանութը։ Գյուղի մանկապարտեզի և խանութի մոտակայքում է։ Ելենան ասում է, որ կարկանդակ, խմորեղեն էր պատրաստում և դրանք էլ վաճառում։ Արդեն պետք է ամեն ինչ լավ ընթանար, բայց նենգ թշնամին Արցախը շրջափակում է։ Բլոկադայի պատճառով խանութն արդեն հունիսի վերջին փակվում է։

‹‹Բլոկադայի ժամանակ սկզբնական շրջանում էլ էր շատ դժվար բենզին չունեինք՝ քաղաք գնալու և այնտեղից ապրանք բերելու։ Ամուսինս էլ դիրքերից իջնում էր, ու տանը ոչինչ չկար սնվելու համար››,-‹‹Անկախի›› հետ զրույցում անկեղծանում է Ելենան։

Ելենայի ամուսինն ու ամուսնու եղբայրն Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից են։ Բազմազավակ ընտանիքի փոքրը վեց տարեկան է, և շատ հաճախ նրա համար շաքարավազ չգտնելու պատճառով են ծնողները ծանր ապրումներ ունենում։

‹‹Վերջին շաքարավազը հունիսի 10-ին եմ վաճառել, դրանից հետո՝ սուրճը, թեյն ու շոկոլադը։ Չենք պատկերացրել, որ կյանքի ճանապարհը լրիվությամբ կփակվի, որ գոնե անհրաժեշտ մթերքը ժամանակին պահեստավորեինք։ Փոքրս այնքան է լացում քաղցր թեյի համար։ Մի քանի անգամ թանկ գնով կարողացել եմ ձեռք բերել ՝ 2500 դրամ››,-շարունակում է նա։

Ելենայի խոսքով՝ ձավարեղենը մինչև սեպտեմբերի կեսը կհերիքի, դրա մասին հոգացել են։ Բայց հետագա միջոցների մասին վախենում է անգամ մտածել։

‹‹Ամբողջ ժողովուրդը սոված է մնացել։ Մեր մշակած լոլիկն ու կարտոֆիլն ենք ուտում։ Մի քիչ պահեստավորել եմ, բայց չորս երեխաներիս զրկել դրանցից էլ չի ստացվում››,-ասում է նա։

Գյուղում ոռոգման ջրի խնդիր ունեն, աղբյուրն էլ շատ հեռու է։ Ջրամբարները չորանում են։ Առավոտյան կարճ ժամանակով ջրերը միացնում են, և գյուղացիները չեն հասցնում բոլոր տարաները լցնել։ Լույսերը հաճախ են անջատում, ոչ ճաշ պատրաստել են հասցնում, ոչ՝ ուրիշ գործեր։ Ձմռան համար փայտ են անտառից հավաքել, բայց մեքենան փչացել է ու մնացել այնտեղ։ Հիմա մտածում են այնտեղից այն դուրս բերելու մասին։

Բարի ու հոգատար է Ելենան։ Հիշում է՝ ամուսինը մի օր եկել և խնդրել է կնոջը զինվորի համար տորթ պատրաստել։ Լավ հիշում է այդ օրը․ Հայաստանից էր զինվորը, տորթի հետ մոմեր էլ է դրել, փորձել է տոն դարձնել այդ օրը նրա համար։

‹‹Շուտով նոր ուսումնական տարին կսկսվի, ի՞նչ եմ առավոտյան տալու երեխաներիս ուտելու, որ գնան դպրոց։ Չեմ հասցրել գնել գրենական պիտույքներ։ Եղածն էլ շատ թանկ էր։ Կոշիկների մեկ զույգն արժե քսան հազար դրամ, բայց չորս երեխաներիս այդ գնով ինչպե՞ս գնեմ։ Մի կերպ Ստեփանակերտ էինք հասել, երեխաս խանութում մի պահ կանգնել ու ասում էր՝ սոված եմ››,-հուզված ասում է նա։

Ելենան անզորությունից խենթանում է և չգիտի, թե հետո ինչպես է հոգալու իր չորս երեխաների տարրական կենսական կարիքները։ Ասում է՝ կարևորն ամուսինը ողջ վերադարձել է պատերազմից, բայց զրույցից զգացվում է՝ մայրական խորն անհանգստությունն ու անկարողությունը մատնում են իրեն։ Անմարդկային, անմեկնելի տառապանքների միջով է անցնում իր չորս զավակների հետ։ Ամուսինը դիրքերում է լինում, ինքն ամեն գիշեր երեխաների հետ հացի հերթերում է անցկացնում։ Հաճախ դատարկ է վերադառնում։ Երբեմն տուն է գալիս, մի քիչ քնում, հետո կեսգիշերն անց՝ ժամը 02:00-ին, արթնանում և նորից շտապում է հացի հետևից՝ երբեմն տուն վերադառնալով մեկ հաց ձեռքին։ Հիմա էլ հացը կտրոնով են ձեռք բերում, իսկ ալյուրի սղության պատճառով արդեն յուրաքանչյուր ընտանիքին մեկ հաց են տրամադրում։

Ելենան պատմում է, որ մեծ դժվարությամբ մեքենա են գտել և քաղաք գնացել քարտից գումար կանխիկացնելու, բայց չի ստացվել։ Ամեն օր նոր դժվարություններ, նոր խնդիրներ, ու հուսահատությունն է պարուրում նրան։ Չի հավատում, որ մի օր այս մղձավանջը կվերջանա, և իրենք կվերադառնան բնականոն կյանքին։

Գյուղից շատ մոտ է թշնամին։ Հերոս թաղավարդցիները միշտ տեսնում են նրանց, անգամ նրանց կողմից կառուցված թունելների քանակն էլ գիտեն։ Ելենան ասում է՝ լավ է մուղամ լսեն, քան այսպես ապրեն։ Սա էլ ուրիշ ձևով իրենց հոգեբանորեն ճնշելու, կոտրելու միջոց է։ Ճիշտ է՝ երեխաները մեկ-մեկ մուղամից վախենում էին, բայց հետո իրենց մեջ ուժ են գտել դա էլ հաղթահարելու։

Իմ այն հարցին, թե ծայրահեղ ծանր պայմաններում սիպված կլինե՞ն ընդունել թշնամու կեղծ մարդասիրական օգնությունը, Ելենան պատասխանում է՝ լավ է սոված մնանք, քան նրանց բերած ալյուրը վերցնենք։

«Համարեք, որ մենք այս դեպքում մահացած ենք, եթե մենք թույլ տանք այդ ալյուրը գա հասնի այստեղ։ Վաղն էլ նրանք են գալու հասնեն մեր տները»,-ասում է նա։

Կդիմանան՝ ինչքան որ պետք է, բայց այս ամենին լուծում տալ է պետք։

Հասմիկ Հակոբյան

 

Ելենա Շահնազարյան Արցախի շրջափակում Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին