Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից օգոստոսի 12-ին 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն՝ բուժման, և բուժումից հետո՝ Արցախ՝ վերադարձին:
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում»,-ասվում է հաղորդագրության մեջ: