f

Անկախ

Տանգո երեքո՞վ. կկարողանա՞ Թուրքիան բարեկամական հարաբերություններ պահպանել և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ


Ընտրություններում հաղթանակից հետո Էրդողանն Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման փորձեր է անում. մտադրություն են հայտնել վերսկսել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները, չեն խոչընդոտի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մյուս կողմից խոսվում է թուրք-ուկրաինական ռազմական և քաղաքական համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին, «Ազով» գումարտակի 5 ղեկավարներին, հակառակ ՌԴ հետ պայմանավորվածության, Ուկրաինային են արտահանձնել:  ՌԴ հետ հարաբերություններում ցորենի գործարքը շարունակելու շուրջ տարաձայնություններ կան, զգալիորեն նվազել է ՌԴ-ից Թուրքիա ապրանքների ներմուծումը, վերջերս էլ Թուրքիան հայտարարեց, որ 2025-ին ՌԴ-ն պետք է հեռանա Արցախից: Միևնույն ժամանակ, Էրդողանը հայտարարում է, որ ՌԴ-ի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունեն, և խոսվում է երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում մի շարք ոլորտներում համագործակցության պայմանագրեր ստորագրելու հնարավորության մասին: 

Ի՞նչ զարգացումներ են հնարավոր ռուս-թուրքական հարաբերություններում, հնարավո՞ր են բարեկամական հարաբերություններ և' Ռուսաստանի, և' Արևմուտքի հետ, ի՞նչ հնարավորություններ և մարտահրավերներ են ստեղծվում ՀՀ շահերի տեսանկյունից ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման պարագայում: Այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանի հետ:

-Հաշվի առնելով ընթացիկ իրողությունները՝ ի՞նչ և ինչո՞ւ է տեղի ունենում ռուս-թուրքական հարաբերություններում: 

-Ռուս-թուրքական հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում թևակոխել են մի շրջան, որը մասնագետները բնութագրում են որպես համագործակցություն և մերձակցություն, քանի որ այս երկրների շահերը մի շարք կարևորագույն ոլորտներում և խնդիրների շուրջ հակասում են միմյանց,  բայց, միևնույն ժամանակ, այլ հարցերի շուրջ նրանք ունեն շատ խորը համընկնող շահեր: Թերևս հարցի պատասխանը, թե այդ հարաբերությունները կլինեն ավելի շատ համագործակցող, թե հակամարտող, կախված է տակտիկական նկատառումներից, այսինքն` այդ երկու երկրների կառավարող էլիտաների  ավելի կարճաժամկետ նպատակներից և առաջնահերթություններից: 

Բայց  երկու ծայրահեղություններն էլ անիրագործելի են. դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են իրենց հակասություններն ամբողջովին մի կողմ դնել և դառնալ  դաշնակիցներ,  ինչպես և անհնար է պատկերացնել, որ կզոհեն մի շարք առաջնահերթություններ՝ թևակոխելու  ամբողջովին հակամարտային հարաբերությունների տիրույթ: 

Հետևաբար, այն դրական միտումները, որոնք եղել են այդ հարաբերություններում վերջին տարիների ընթացքում, պայմանավորված են եղել ավելի կարճաժամկետ, տակտիկական առաջնահերթությունների այդ պահին կարևորմամբ, իսկ եթե եղել են կոնֆլիկտային, ինչն այդքան էլ շատ չի եղել վերջին տարիներին, պայմանավորված են եղել երկու պետությունների կողմից կարմիր գծերին մոտենալով: 

- Արդյո՞ք ականատեսն ենք երկու երկրների «բարեկամական հարաբերությունների» շրջանի ավարտին: 

-Ես կխուսափեի նման կատեգորիկ բնութագրումից: Որոշ նեգատիվ նշանները, որ տեսնում ենք հարաբերություններում, բավարար չեն դրանք տեղափոխելու  հակամարտային պարադիգմայի մեջ: Այո, կան նշաններ, որոնք պայմանավորված են կարճաժամկետ առաջնահերթությունների փոփոխությամբ: Մինչև արցախյան երկրորդ պատերազմը այդ հարաբերություններում ավելի մեծ լծակներ ունեցող կողմը եղել է Ռուսաստանը, նրա ձեռքում են  եղել այդ հարաբերությունները բարեկամական կամ հակամարտային հուն տանելու լծակները: Մինչդեռ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ու դրանից հետո  այդ  լծակները գտնվում են Թուրքիայի ձեռքում, և Ռուսաստանը  դարձել այդ հարաբերություններից կախված կողմը: Բայց Թուրքիան ոչ թե նպատակ ունենի  հեռացնել Ռուսաստանին,  պատժել, կամ զիջումներ պահանջել, այլ նման կոնֆլիկտայնությունը Ռուսաստանի հետ պայմանավորված է Թուրքիայի այլ առաջնահերթություններով. այն է՝ գոնե փոքր-ինչ բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ: Դա իր հերթին պայմանավորված է Թուրքիայի տնտեսական շատ ծանր վիճակով և ռազմատեխնիկական ոլորտը թարմացնելու կարիքով: Դրանից է   բխում Ռուսաստանի հետ հարաբերություններում ներկա «սառեցման» միտումը: Բայց դեռևս նշանները նախնական են՝  թե Թուրքիայի նշանները, թե Ռուսաստանի արձագանքը, թե այն՝  արդյոք Արևմուտքում կա  քաղաքական  ցանկություն բավարարելու Թուրքիայի ակնկալիքները:  Այս անհայտների պարզաջրումից հետո միայն  պարզ կլինի՝  արդյոք նոր պարադիգմա՞ են մտնում ռուս-թուրքական հարաբերությունները, թե՞ շարունակվելու է վերջին տարիների իներցիան: 

-Որքանո՞վ են ճիշտ պնդումները, որ այս փուլում Պուտինն Էրդողանի կարիքն ավելի շատ ունի, քան Էրդողանը՝ Պուտինի: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր այս պարագայում: 

-Կարող ենք մի քանի ոլորտներում դիտարկել, թե որ կողմն է մյուսից ավելի կախված: 

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Թուրքիան շատ ավելի կարևոր ու ազդեցիկ խաղացող դարձավ տարածաշրջանում, քան մինչ այդ էր: Եվ այդ իրողության հետ Ռուսաստանը պետք է հաշվի նստեր: Հարց է՝ Ռուսաստանը կարո՞ղ էր դրան հակադարձել և ուզո՞ւմ  էր արդյոք հակադարձել:

Ներկայում  թուրքական զորքերն, իրավական տարբեր ֆորմատներով, բայց փաստացի ներգրավված են  Ադրբեջանում, որը, լինելով ԱՊՀ անդամ և Ռուսաստանի հետ սահման կիսող  հարևան, արդեն իր տարածքում  ունի ՆԱՏՕ անդամ պետության զորքեր: Գիտենք, որ սա Ռուսաստանի համար կարմիր գիծ է: Չենք խոսում Արևելյան Եվրոպայի որևէ պետության մասին, որը մոտ է Ռուսաստանի սահմաններին, այլ ԱՊՀ անդամ, նախկին ԽՍՀՄ հանրապետություն, որը սահմանակից է Ռուսաստանին: 

Դիտարկենք տնտեսական ոլորտը: Եթե տարիներ առաջ կարող էինք խոսել ավելի շատ փոխշահավետ համագործակցության մասին Ռուսաստանի և Թուրքիայի միջև, մի ոլորտում լծակները Ռուսաստանի ձեռքում էին, մի այլ ոլորտում՝ Թուրքիայի, կար բալանս, ապա հիմա Ռուսաստանի միջազգային տնտեսական և քաղաքական մեկուսացման պայմաններում Թուրքիան օդ ու ջրի պես հարկավոր է ռուսական տնտեսությանը: Թուրքիայից Ռուսաստան արտահանումները, որոնց մի մասը պատժամիջոցները շրջանցող արտահանումներն են, գնալով աճում են՝  հասնելով դեռևս երբևէ չնշմարված սահմանների: Սա անհրաժեշտություն է Ռուսաստանի համար: Բնավ Ռուսաստանի շահերից չի բխում  տնտեսական առաջնահերությունները հարաբերություններում զիջել Թուրքիային, բայց այլ ալտերնատիվներ չունի: Սա տարածվում է բազմաթիվ ոլորտների վրա՝ ինչպես սպառողական ապրանքների, այնպես էլ որոշ տեխնոլոգիաների, որոնք խիստ անհրաժեշտ են Ռուսաստանի տնտեսությունը և ֆինանսական համակարգը կենդանի պահելու համար: Իհարկե, Թուրքիան ևս գերշահագրգռված է սրա մեջ, քանի որ իր տնտեսությունը գտնվում է ցավալի վիճակում, որն ավելի է սրվել երկրոշարժից հետո: Բայց այն կարիքները, որ ունի Թուրքիան՝ և ֆինանսական, և տնտեսական, շատ ավելի մեծ են, քան  օգուտները, որ կարող է ստանալ Ռուսաստան վերաարտահանումից:  Այսինքն՝ ինչքան էլ կարևոր լինի այս միջոցը Թուրքիայի տնտեսության համար, այն խիստ անբավարար է: Միակ տնտեսական և ֆինանսական  լուրջ փրկօղակը, որ Թուրքիան կարող է ակնկալել, Արևմուտքն է ԱՄՆ  գլխավորությամբ: Թուրքիան  կարիք ունի լուրջ ներդրումների: Եթե մինչև պատերազմը Ռուսաստանը կարող էր զգալի դերակատարում ունենալ,  օրինակ՝  ատոմակայանի  կառուցման կամ փոքր ձեռնարկությունների և փոխադարձ առևտրի միջոցով, ապա պատերազմից հետո Ռուսաստանն ինքն  ունի նման ներդրումների կարիք, և դժվար է պատկերացնել, որ ռուսական տնտեսական բլոկը կարող է այն փրկօղակը տրամադրել Թուրքիային, որի կարիքը նա ունի: 

Հետևաբար՝  Թուրքիան  ներկայում ավելի մեծ անհրաժեշտություն է Ռուսաստանի համար, քան Ռուսաստանը՝  Թուրքիայի:

-Հնարավոր համարո՞ւմ եք Թուրքիայի կողմից Արևմուտքի և ՌԴ հետ հավասարապես բարեկամական հարաբերությունների և համագործակցության պահպանումը ներկա աշխարհաքաղաքական պայմաններում: 

-Թերևս շատ պետությունների համար այս հարցի պատասխանը ոչ է: Բայց եթե տեսականորեն կա որևէ բացառություն, ապա Թուրքիան դրա լավագույն օրինակը կարող է լինել՝ պայմանավորված մի շարք գործոններով: Նախ՝ դա Թուրքիայի աշխարհագրական դիրքն է: Լինելով Միջերկրականում կարևոր դերակատար, լինելով Արևմուտքի համար մուտք Մերձավոր Արևելք, ինչպես նաև ավելի հեռավոր մուտք Հարավայն Կովկաս և Կենտրոնական Ասիա, Թուրքիայի աշխարհագրական կշիռն իրեն տարբերում է որևէ այլ կամայական երկրից,  օրինակ՝ Չեխիայից կամ Վրաստանից: Սա մի գործոն է, որը լայնացնում է Թուրքիայի անկախ քաղաքականության տիրույթը: Երկրորդը Թուրքիայի կարևոր և հետաքրքիր դիրքն է աշխարհաքաղաքական ռազմական կոնֆիգուրացիայի մեջ: Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, լինելով այդ դաշինքի ամենամեծ ռազմական պոտենցիալ ունեցող երկրներից մեկը, թերևս ամենասերտ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մեջ է Ռուսաստանի հետ, համագործակցության նման  մակարդակ ՆԱՏՕ-ի որևէ այլ երկիր թերևս չունի: Թուրքիան ունի մանևրունակության շատ ավելի լայն տիրույթ, քան ՆԱՏՕ մյուս անդամ երկրները, որոնք չեն կարող իրենց նման բաներ թույլ տալ: 

Ամփոփելով՝  այդ մանևրունակության տիրույթը գնալով նեղանալու է, այն պայմանները չեն միջազգային հարաբերություններում, ինչ այն ժամանակ, երբ Թուրքիան Ռուսաստանից С400-ներ էր գնում: Արևմուտքից Թուրքիայի առջև դրված պահանջները գնալով խստանալու են, հատկապես այն պարագայում, երբ Թուրքիան ինքն ունի ակնկալիքներ Արևմուտքից:  Եթե ակնկալիքներ չունենար, ապա թերևս  կկարողանար շարունակել իր այս ճոճանակի քաղաքականությունը: Բայց  տնտեսական կախվածությունը և կարիքները Թուրքիային դրդելու են շատ թակել արևմտյան մայրաքաղաքների և հատկապես Վաշինգտոնի դուռը, իսկ այդ պարագայում մյուս կողմից  ևս պահանջներ են դրվելու Թուրքիայի առաջ, որոնք,  բնականաբար, դեմ են գնալու ռուս-թուրքական հարաբերություններում մերձեցման միտումներին: 

-Այսպես կոչված ցորենի գործարքի շուրջ ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Կկարողանա՞ Էրդողանը 1 տարով երկարաձգել գործարքը: Կկարողանա՞ արդյոք Ռուսաստանը հասնել իր պահանջների իրագործմանը: 

-Ռուսաստանը շատ վճռական է թվում գործարքի չեղարկման և չերկարաձգման հարցում: Նախկինում հաջողվել է  գործարքը երկարաձգել առանց ՌԴ առաջադրած  պայմանները կատարելու: Բայց այս անգամ չի ստացվում, ինչը փաստում է, որ այդ նախապայմանններն իրոք կարևոր են Ռուսաստանի  համար: Բացի այդ,  գործարքի չեղարկումից անմիջապես հետո Ռուսաստանն անցավ ուկրաինական նավահանգիստների, մասնավորապես Օդեսայի արտահանող ենթակառուցվածքների զանգվածային  ոչնչացման գործողություններին, որը ևս վկայում է՝  այս անգամ  հացահատիկի և պարարտանյութի արտահամումը չշարունակելու մտադրությունը շատ ավելի լուրջ է, քանի նախկինում: Այստեղ նաև կա Թուրքիայի գործոնը: Եթե նախորդ պայմանավորվածությունների ժամանակ այն ավելի չեզոք  կամ արդար միջնորդ էր համարվում, ապա վերջին ամիսների զարգացումների ֆոնին ավելի պակաս է նման վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ: Սա պայմանավորված է Ազովի հրամանատարների արտահանձնմամբ Ուկրաինային, որը  գերիների փոխանակման շրջանակում Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում էր:

Մյուս կողմից՝ Թուրքիայի մերձեցման փորձերն են Արևմուտքի հետ: Սրանք նշաններ են, որոնք Մոսկվայում միանշանակ չեն ընդունվում: Մինչև իսկ ՌԴ Դաշնային խորհրդի  պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում հնչել է  տեսակետ Թուրքիային Ռուսաստանի ոչ բարեկամական պետությունների ցուցակում ներառելու մասին: Սա շատ նախնական նշան է, բայց հաճախ Ռուսաստանի քաղաքական համակարգն իր առաջին նշաններն ուղարկում է հենց օրենսդիր մարմնի ներկայացուցիչների շուրթերով: 

Եվս մեկ նշան, որ ցույց է տալիս, որ Ռուսաստանը շահագրգռված չէ գործարքի շարունակությամբ, այն է, որ Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի ընթացքում ՌԴ-ն իր վրա պարտավորություն վերցրեց ամենակարիքավոր պետություններին անհատույց հացահատիկով ապահովելու: Այդ պետություններն էին հենց այն գլխավոր փաստարկներից մեկը, որ հացահատիկային գործարքը պետք է շարունակվի:  Ռուսաստանն այսպիսով ցույց է տալիս, որ պատրաստ է այդ երկրներին աջակցել, քանի դեռ իր պայմաններն Արևմուտքի կողմից չեն կատարվում: 

Ամփոփելով՝ քիչ է հավանականությունը, որ գործարքը մոտ ապագայում կվերականգնվի: Չի բացառվում, որ ապագայում որոշ փոխզիջումների հաշվին կամ, պայմանավորված ռազմական գործողությունների ընթացքով, որոշակի փոխություններով, բայց ոչ իր նախկին տեսքով, կվերականգնվի: Այս հարցում ավելի շատ պատասխաններ կկարողանանք ունենալ Էրդողան-Պուտին հանդիպումից հետո, որի մասին օրեր առաջ հայտարարեց էրդողանի աշխատակազմը: 

-Խոսենք թուրքական կողմի՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու հայտարարության մասին: Եթե 2020-ից հետո Հարավային Կովկասում  գոնե թվացյալ համագործակցում էին ՌԴ-ն և Թուրքիան, ապա այժմ բացահայտ մրցակիցներ են: ՌԴ-ն բավարար պոտենցիալ և ցանկություն ունի՞ պայքարելու Հարավային Կովկասում ներկայությունը պահպանելու համար: Ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր մեր տարածաշրջանում: 

-Արցախյան 2-րդ պատերազմի տեղի ունենալն ինքնին, առավել ևս պատերազմի արդյունքները,  միանշանակ դեմ են Ռուսաստանի շահերին, եթե փորձենք միջազգային հարաբերությունների ռեալիզմի տեսանկյունից վերլուծել տեղի ունեցածը: Այդպիսով ծագեց թուրքական ներկայությունը Ադրբեջանում, Ռուսաստանը կորցրեց իր մոնոպոլիան կոնֆլիկտի կառավարման հարցում, գլխավոր միջնորդի դերը և ձեռնտու բանակցային ֆորմատը: Եթե մինչ այդ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Ռուսաստանն ընկալվում էր որպես առաջնային և կարևոր միջնորդ, ապա Թուրքիան բնավ ցանկություն չունի Ռուսաստանի հետ  հավասար  կառավարել կամ միջնորդ հանդես գալ կոնֆլիկտում, այստեղ ավելի մրցակցային բնույթի  հարաբերությունների հետ գործ ունենք: Կարող ենք թվարկել ևս մի քանի նման գործոններ, որոնք Ռուսաստանին դրեցին ավելի վատ պայմաններում, քան նա  ուներ պատերազմից առաջ: Կարող ենք նաև փորձել թվարկել մի քանի այլ գործոններ, որոնք հօգուտ Ռուսաստանի ի հայտ եկան պատերազմից հետո, հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների տիրույթում: Բայց վերը թվարկածներն ավելի առաջային բնույթ ունեն: Եվ հարց կարող ենք տալ, որի պատասխանը կարող ենք ստանալ միայն Ռուսաստանում ռազմավարական բնույթի որոշում կայացնողներից՝ արդյոք Ռուսաստանը հաշվարկե՞լ էր իրողությունների նման ելքը  և ինչպե՞ս է կատարում իր առաջնահերթությունների դասակարգումը: Ինչպես նշեցի, եթե  միջազգային հարաբերությունների ռեալիզմի տեսանկյունից նայենք, Ռուսաստանը տուժեց: Բայց եթե որոշում կայացնողներն  առաջնորդվում են այլ արժեքներով կամ ավելի կարևորում են հարաբերությունների այլ մակարդակներ, այլ աշխարհագրություններ և այլ ռեգիոններ, քան սա, ապա այս զիջումները կարող են ընդունելի լինել: 

Խաղաղապահների տեղակայումը Արցախում որպես առավելություն դիտարկելը ևս  կասկածելի է ռուս-թուրք-ադրբեջանական հարաբերություններում, քանի որ նրանց տեղակայմանը կցված ժամկետը  կախվածության լծակում փոխում է կախվածի և կախվողի տեղերը: Եթե մանդատը, որը չկա, լիներ անժամկետ, ապա Ադրբեջանը և Թուրքիան շահագրգռված կլինեին Ռուսաստանի հետ վարել այնպիսի բանակցություններ, որ նրանց տեղակայումը առավելություն տար Ադրբեջանին: Բայց քանի որ նրանց տեղակայումը կախված է ժամկետից, իսկ ժամկետի երկարաձգումը կախված է Ադրբեջանից, ապա այս պարագայում Ռուսաստանն է, որ պետք է փորձի այնպիսի պայմաններ առաջարկել Ադրբեջանին, որ իր տեղակայումը, որը ենթադրենք բխում է իր շահերից, երկարաձգվի: Բայց պատերազմի ավարտից անմիջապես հետո  ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան անընդհատ շեշտում են, որ խաղաղապահների տեղակայումը ժամանակավոր է,  և ոչ 10 տարով, ինչպես նշված է պայմանագրում, այլ 5 տարով, որից հետո կարիք կա կողմերի համաձայնության դրա երկարաձգման համար, ինչը ավելի խոցելի է դարձնում Ռուսաստանի դիքերը Արցախում և Հարավային Կովկասում: Այն դժգոհությունները, որ հայկական կողմն ունի ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունից, բխում են սրանից: Եթե նման կաշկանդվածություն չունենար զորախումբը, ապա ավելի ազատ կկարողանար իրագործել իր առջև դրված խնդիրները: Բայց եթե այդ զորախումբը փորձի ուժով բացել Լաչինի միջանցքը կամ ընդդիմանար  ադրբեջանական առաջխաղացումներին Արցախի տարածքում, ապա անմիջապես  Բաքվի կողմից Անկարայի աջակցությամբ ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախից դուրս բերելու պահանջ կդրվեր: 

 -Տեղի ունեցող զարգացումներն ի՞նչ նշանակություն ունեն ՀՀ շահերի տեսանկյունից: Եվ ի՞նչ հնարավորություններ կամ մարտահրավերներ են ստեղծում մեզ համար: 

Եթե տեսականորեն կարող է լինել ռուս-թուրքական հարաբերությունների սրում, ապա դա նաև նշանակելու է, առնվազն Թուրքիայի ցանկությունների մակարդակում, թուրք-արևմտյան հարաբերությունների բարելավում: Ինչպես տեսանք արցախյան երկրորդ պատերազմում և դրանից հետո, Ռուսաստանը չի կարող ամբողջովին ինքնուրույն մեկուսացնել թուրքական սպառնալիքը մեր տարածաշրջանում, որը հակադարձ է հայկական շահերին: Մինչդեռ Արևմուտքը, ինչպես արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այնպես էլ նրանից հետո կարևոր գործոն է եղել թուրքական ագրեսիվ ամբիցիաների զսպման համար: Հետևաբար, Արևմուտքի լիբերալ, բազմակողմ կառույցներում Թուրքիայի խորը ինտեգրումը, Արևմուտքի և Թուրքիայի միջև ռազմավարական հարաբերությունների խորացումը գործոն է Թուրքիայի ագրեսիվ ամբիցիաների զսպման համար:  Այն չի կարող ամբողջությամբ դրանք չեզոքացնել, բազմաթիվ են դեպքերը, երբ անգամ իմ նշած դրական հարաբերությունների պայմաններում Թուրքիան ապակառուցողական է գործել, ինչպես հիմա, բայց համենայնդեպս դա  ևս մեկ գործոն է իր ամբիցիաների զսպման առումով:

Ռուսաստանի հանգամանքը ներկա իրավիճակում մի փոքր այլ է: Դժվար է պարզ գնահատականներ տալ Ռուսաստանի կարողություններին և ցանկություններին, քանի որ շատ ճգնաժամային իրավիճակում է գտնվում  այդ երկիրը թե տնտեսական, թե ռազմական կարողությունների, թե քաղաքական ցանկությունների սահմանների առումով: 

Նրա կարողությունները սահմանափակված են մեր տարածաշրջանում խաղալու այն դերը, որ երբևէ խաղացել է, և ցանկությունների հարցում արժեքները այլ են, քանի որ այս ճգնաժամային իրավիճակում գործելով՝  ստիպված է ուժերի կենտրոնացում կատարել քաղաքական, տնտեսական և անվտանգային այլ ուղղություններով: Հետևաբար, Ռուսաստանի քաղաքականությունը մեր տարածաշրջանում առաջին հերթին սահմանափակված է իր կարողությունների պատճառով, հետո միայն ռուս-թուրքական հարաբերությունների պարադիգմայով, որտեղ էլ դժվար է լավատեսական կանխատեսումներ անել կամ ակնակլքիներ ունենալ Ռուսաստանից, քանի որ ինչպես արդեն նշեցի, Ռուսաստանն է, որ ներկայում ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան հակառակը:

 

ռուս-թուրքական հարաբերություններ Թուրքիա Ռուսաստան Ադրբեջան Հայաստան Ռուս խաղաղապահներ Արևմուտք հարցազրույց խմբագրի ընտրանի Տարածաշրջան Մերձավոր Արևելք Հարավային Կովկաս պատժամիջոցներ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին