f

Անկախ

Հայերը չպետք է վանեն օտարներին և միաժամանակ բողոքեն, որ «ոչ ոք չի մտահոգվում մեր մասին»


Որպես թերթի հրատարակիչ, ես հաճախ եմ ստանում ենթադրյալ փաստացի «լուրեր», սակայն որոշակի ստուգումներից հետո պարզում եմ, որ դրանց մեծ մասը բամբասանք է: 

 

Բամբասանքի տարածման վառ օրինակ եղավ անցյալ շաբաթ, երբ իսրայելցի ճանապարհորդ բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը եկավ Լոս Անջելես: Նրա այցը որոշ հայերի կողմից բամբասանքների և ատելության խոսքի տեղիք տվեց։

 

Նրանց համար, որոնք ծանոթ չեն Լապշինին. նա մի քանի անգամ այցելել է Հայաստան, իսկ 2011 և 2012 թվականներին մեկնել է Արցախ։ Ադրբեջանը նրան ներառել է «սև ցուցակում»՝ նրա այցն Արցախ համարելով անօրինական: Այնուհետև, 2016 թվականին նախագահ Ալիևը խնդրել էր Բելառուսին՝ ձերբակալել և արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Երկու ամիս Բելառուսի բանտում մնալուց հետո, 2017 թվականի փետրվարի 7-ին նախագահ Ալիևի անձնական ինքնաթիռով Լապշինին տեղփոխել են Բաքու, որտեղ նա ենթարկվել է կեղծ դատավարության և դատապարտվել երեք տարվա ազատազրկման։ 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Լապշինը բանտախցում հարձակման է ենթարկվել չորս դիմակավորված ադրբեջանցի գործակալների կողմից, որոնք կոտրել են նրա ծնոտը, կողոսկրերը և ձեռքը՝ մասամբ անդամալույծ դարձնելով նրան։ Նա երեք օր անցկացրել է Բաքվի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որից հետո Ալիևը նրան ներում է շնորհել և վտարել Իսրայել, որտեղ նա ևս երկու շաբաթ անցկացրել է հիվանդանոցում։ Ադրբեջանցի պաշտոնյաները կեղծորեն պնդել են, որ Լապշինը փորձել է ինքնասպան լինել, ինչը նա կտրականապես հերքել է։ Մի քանի անկախ բժիշկ-փորձագետներ հաստատել են, որ Բաքվում Լապշինի դեմ մահափորձ է կատարվել։

 

Բանտից ազատ արձակվելուց ի վեր Լապշինը շրջել է տասնյակ երկրներում՝ բացահայտելով Ադրբեջանի բռնապետական վարչակարգը և մարդու իրավունքների խախտումները սեփական քաղաքացիների և հայերի նկատմամբ Արցախում։

 

Հակառակ անհիմն լուրերի, որ Լապշինը Իսրայելի գործակալ է, նա մեծ բախում է ունեցել Իսրայելի իշխանությունների հետ, որոնք բազմիցս նախազգուշացրել են նրան, որ եթե հասկանում է, թե ինչն է լավ իր ու իր ընտանիքի համար, պետք է դադարեցնի քննադատել Ադրբեջանին։ Իսրայելի պաշտոնյաները Ադրբեջանին բնութագրել են որպես «Իսրայելի դաշնակից» և ասել նրան, որ նրա գործողությունները հակասում են Իսրայելի շահերին: Նույն բացասական ուղերձը տրվել է Լապշինին, երբ նա հանդիպել է ամերիկյան հրեական կազմակերպությունների հետ։ Իսրայելը նաև նախազգուշացրել է Լապշինին, որ Իսրայելի քաղաքացիություն չի տրվի իր մոլդովացի կնոջը, քանի դեռ նա չի դադարեցրել վատաբանել Ադրբեջանին։

 

Լապշինը ներկայումս շրջագայում է Կանադայում, Միացյալ Նահանգներում և Մեքսիկայում, որտեղ հանդիպումներ է ունենում իրավապաշտպան կազմակերպությունների և պետական պաշտոնյաների հետ՝ բացահայտելու Ադրբեջանի մարդու իրավունքների  կոպիտ խախտումները և պաշտպանելու արցախահայության շահերը։

 

Այս տեղեկատվության իմ աղբյուրը ոչ Լապշինն է, ոչ էլ նրա քննադատները։ Գոյություն ունի երկու պաշտոնական փաստաթուղթ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի, որոնք անկախ կերպով քննարկել են ինչպես Լապշինի, այնպես էլ Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը։

 

2018 թվականին Լապշինն Ադրբեջանի դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դատարանը 2021 թվականին 32 էջանոց որոշմամբ հավաստի է համարել, որ Ադրբեջանը փորձել է սպանել նրան և պարտավորեցրել է Ադրբեջանին Լապշինին վճարել 30 հազար եվրո փոխհատուցում, ինչը Ադրբեջանը հրաժարվել է անել:

 

2022 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 10 էջանոց զեկույցում ընդունել է, որ Բելառուսը խախտել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի մի քանի հոդվածներ՝ ձերբակալելով և արտահանձնելով Լապշինին Ադրբեջանին՝ այդպիսով վտանգի ենթարկելով նրա կյանքը։

 

Ահա մի քանի հետաքրքիր փաստ «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից․

 

Ադրբեջանի կառավարությունը Եվրադատարանին կեղծորեն ասել է, որ Լապշինը երկու նամակ է գրել Բաքվի հիվանդանոցից՝ իբր շնորհակալություն հայտնելով նախագահ Ալիևին՝ ներում շնորհելու համար և հայտարարել, որ բանտապահները փրկել են իր կյանքը։ Լապշինը հերքել է, որ ինքն է գրել այս նամակները։ Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ Ադրբեջանի պնդումներին «հատկապես դժվար է հավատալ՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք դիմողը [Լապշինը]  ուներ իր թևի հետ կապված»։ Այնուամենայնիվ, կան որոշ հայեր, որոնք ավելի շուտ հավատում են Ադրբեջանի ստերին և կեղծ նամակներին, քան Եվրոպական դատարանի վճռին, որ պատճառ չկա կասկածելու Լապշինի խոսքին: Դատարանը նաև «հավանական» է համարել Լապշինի այն պնդումը, որ Բաքվի բանտախցում նրան սպանելու փորձ է եղել։

 

Ադրբեջանցի դատավոր Լատիֆ Հուսեյնովը, որը «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով նշանակված յոթ դատավորների թվում էր, հրաժարվել է մասնակցել։ Նրան փոխարինել է մեկ այլ ադրբեջանցի դատավոր՝ Ջեյհուն Կարաչաևը, որը մնացած դատավորների հետ միաձայն կողմ է քվեարկել «2-րդ հոդվածի խախտում հայտնաբերելու օգտին», որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի «Կյանքի իրավունքն է»:

 

Եզրափակելով, նրանք, ովքեր առանց որևէ ապացույցի մեղադրում են Լապշինին լրտեսության մեջ, վանում են իրենց աջակցած ազգությամբ ոչ հային, որը վտանգել է իր կյանքը՝ պաշտպանելով արցախահայության իրավունքները։ Սա հակասում է հայերի մշտական բողոքներին, թե աշխարհում ոչ ոք մտահոգված չէ Հայաստանի ու Արցախի ծանր իրավիճակով:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Ալեքսանդր Լապշին Հարութ Սասունյան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին