f

Անկախ

ԱՆՄՈՌԱՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ


Շատերի կյանքում են լինում ճակատագրական պահեր, ճակատագրական հանդիպումներ, ճակատագրական մարդիկ... Ինձ համար ճակատագրական եղավ անվանի հայերենագետ, մատենագետ, պատմաբան Ռաֆայել Իշխանյանի հետ հանդիպումը: 1980-ականների սկզբներին, կարդալով նրա հոդվածները, ապա մոտիկից ծանոթանալով անվանի հայագետի հետ, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի երիտասարդ ճարտարագետս հանկարծ ավելի համոզվեցի, որ մեծ սխալ եմ գործել մասնագիտությանս ընտրության հարցում և ճակատագրի կամոք շրջվեցի դեպի հայագիտություն:

Սկսեցի կլանված կարդալ հայոց լեզվին, հայ ազգագրությանը, բանահյուսությանը, բարբառագիտությանը վերաբերող գրեթե ողջ հիմնարար գրականությունը, հրապարակել գիտական, գիտահանրամատչելի, հրապարակախոսական հոդվածներ, նույնիսկ սկսեցի առաջին բանաստեղծություններս գրել... Եվ այս ամենի «մեղավորը» զարմացած մանկան մաքրամաքուր հայացքով, հրեշտականման այդ մարդն էր՝ անվանի գիտնական և ազնիվ մտավորական Ռաֆայել Իշխանյանը... Թեև նախքան նրան հանդիպելը, լինելով Մարո Մուրադյանի ղեկավարած «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր կազմի անդամներից, բանահավաքչական աշխատանքներ էի կատարում, լրագրողական հույզերով էի ներշնչվում՝ կարդալով Մարգո Ղուկասյանի հայրենաշունչ հրապարակագրությունները, այնուամենայնիվ հենց այս հանդիպումը ինձ համար բախտորոշ եղավ... Ես միշտ զարմանում էի, որ մեծաթիվ բարեկամներ ունեցող Ռաֆայել Իշխանյանը նաև գրեթե ոխերիմ թշնամիներ ուներ, որոնք նրան մեղադրում էին այլատյացության, մասնավորապես ռուսատյացության մեջ: Սակայն առաջին իսկ անգամ լինելով նրա տանը, տեսնելով Լև Տոլստոյի ոսկետառ 22-հատորյակը՝ խնամքով դասավորված նրա հարուստ գրադարանի ամենապատվավոր տեղում, առավել քան համոզվեցի, որ իր հայրենիքն ու լեզուն անսահմանորեն սիրող մտավորականը, որ այնքան լավ գիտեր նաև ռուս գրականություն, պաշտում էր Պուշկինին, Լերմոնտովին, բնօրինակով արտասանում էր նույնիսկ վրացի և ադրբեջանցի գրողների ստեղծագործություններից, չէր կարող այլատյաց լինել...

«Գիլգամեշը», Խումբաբան և... խատուտիկը

Ճարտարապետների տունը լեփ-լեցուն էր: Ռաֆայել Իշխանյանին հրավիրել էին հայերենի ծագմանը և հայոց պատմության հնագույն շրջանին նվիրված դասախոսություն կարդալու, իսկ «Ակունքին»՝ հնագույն ժողովրդական երգերով հանդես գալու: Կարդալով գիտնականի՝ հատկապես հայերի և հնդեվրոպացի-արիների նախահայրենիքին նվիրված «Գարունի» վերջին հրապարակումները՝ ակունքցիներս ոգևորվել էինք հաճելի հանդիպման կապակցությամբ, և ես առիթը բաց չթողեցի ծանոթանալու սիրված գիտնականի հետ:

Դասախոսությունից հետո և համերգից առաջ մոտեցա նրան, ասացի, որ իմ մայրենի բարբառում մի հետաքրքիր հնագույն փոխառություն եմ նկատել. խատուտիկ ծաղիկը, որ բարբառով «խմբաբա» է կոչվում, հավանաբար շումերական «Գիլգամեշ» դյուցազներգության հերոսներից մեկի՝ Խումբաբա հրեշի անունն է կրում: Իսկույն պայծառացավ. – Իհարկե, դա անկասկած շումերական կամ աքքադական փոխառություն է, մանավանդ, որ խատուտիկի անունը գրեթե բոլոր բարբառներում հրեշի հետ է կապվում...

Տեսնո՞ւմ եք որքան հին շերտեր ունի հայերենը: Այնուհետև, իմանալով, որ ծնունդով Նախիջևանի վերջին հայաբնակ մեծ գյուղից եմ, հետաքրքրվեց օրեցօր իսպառ հայաթափվող Նախիջևանի ճակատագրով: Առաջարկեցի աշնանը միասին մեկնել Նախիջևան: Առաջարկս ընդունվեց, թեև մեկնեցինք ավելի ուշ՝ 1984-ի նոյեմբերին:

Ճանապարհին

Ազնաբերդ մեկնեցինք երեքով. մեզ միացավ ընկերս՝ այն ժամանակ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բաժնի վարիչ Հովհաննես Զաքարյանը, որ Ռաֆայել Իշխանյանի ուսանողն էր եղել: Գյուղ հասնելու համար կտրում-անցնում ենք Երևան Նախիջևան խճուղու մեծ մասը, ապա Ղվրախ կոչվող գյուղի կողքով թեքվում ձախ, անցնում ադրբեջանաբնակ գյուղերի շարանն ամփոփող Ղարաբաղլար գյուղով:

Ռաֆայել Իշխանյանի ուշադրությունը գրավում է գյուղի երկայնքով ձգվող ցեխաշեն տների խղճուկ պատերին ու ցանկապատերին, նույնիսկ մարագներին, գոմերին ու աթարի դեզերին փակցված միևնույն մակագրությունը:

Ին՞չ է գրված,– հետաքրքրությամբ հարցնում է նա:

– «Լենին քյուչասի»՝ «Լենինի փողոց»:

Մի լավ զվարճանում ենք ադրբեջանցիների «առաջնորդասիրության» բուռն դրսևորման վրա:

 

 Նորահայտ բարեկամական կապ

Ռաֆայել Իշխանյանը շատ հավանեց Ազնաբերդը: Հիացավ նրա հինավուրց այգիներով, ընկուզենիներով ու նշենիներով, սառնորակ Նշաղբյուրի ջրով, Սուրբ Գրիգոր եկեղեցու՝ Հովնաթանյանների ձեռքով արված որմնանկարներով...

– Ո՞ւր էր, թե Արևմտյան Հայաստանի բոլոր բնակավայրերը թեկուզ այսպես՝ օտարի իշխանության տակ, պահպանված լինեին:

Իմ հայրական տանը ծանոթացավ 85-ամյա տատիս հետ, որ հորեղբորս ընտանիքի հետ էր ապրում և մեր կողմերի ավանդական տարազի պարզեցված տարբերակն էր կրում: Ուշադրությունը գրավեց տատիս հնավանդ Թեբուր անունը, ասացի, որ բարբառով փետուր է նշանակում: Ամենազարմանալին կատարվեց երեկոյան՝ թեյի շուրջ զրույցի ժամանակ. պարզվեց, որ մենք բավական մերձավոր խնամիական կապ ունենք Իշխանյանների հետ. տատիս եղբոր դուստրը ամուսնացած է Ռաֆայել Իշխանյանի տիկնոջ՝ Բյուրակնի քեռորդու հետ:

Ադրբեջանցիները «ճիշտ» են...

Նախիջևան քաղաքում Ռաֆայել Իշխանյանին ցույց եմ տալիս հայկական արդեն միակ՝ Սուրբ Գևորգ եկեղեցին, որ ոչ ավել, ոչ պակաս՝ մարզադպրոց է դարձել, Մոմինե խաթունի պարսկական դամբարանը, որի շինարարությունը ադրբեջանցիներն իրենց «ազգային շինարարական հանճարին» են վերագրում, դամբարանի շուրջը տեղակայված բացօթյա «թանգարանում» ցուցադրված հայկական խոյաձև տապանաքարերը՝ ամբողջովին քերված կամ աղճատված հայերեն արձանագրություններով, Նախիջևանի պատմության թանգարանը, որի սրահներից մեկում ցուցադրված հայկական եկեղեցիներն ու խաչքարերը չարաբաստիկ «աղվանական» պիտակն են կրում...

– Է՛, ի՞նչ ասեմ, Արտա՛կ ջան, սրանք էլ երևի մեղք չունեն. նվեր են ստացել՝ պիտի ասեն Ազնաբերդ իրենցն է, բա ի՞նչ պիտի անեն... Հո չե՞ն ասի՝ սրանք մերը չեն...

Անսպասելի «ծանոթություն»

Մեծոփ գյուղում ենք: Պատմական Շահապունիք գավառի երբեմնի ծաղկուն այս բնակավայրում, որ նաև իմ երկու նախատատերի ծննդավայրն է, այլևս հայ չկա, անունն էլ օտարահունչ Բադամլու է դարձել: Ռաֆայել Իշխանյանը ջուր է խմում աման-չաման լվացող ադրբեջանուհու տված բաժակով, «բաջուն» իր լեզվով շնորհակալություն հայտնում և շրջվում դեպի կողքին կանգնած հինգ-վեց տարեկան մանչուկը.

– Անունդ ի՞նչ է,– դարձյալ ադրբեջաներեն հարցնում է պրոֆեսորը: – Ռափայիլ...– անսպասելի պատասխանում է տղան:

Զարմանալին այն էր, որ հինկտակարանյան այդ անունը ադրբեջանցիները հազվադեպ են կրում, սակայն Ռաֆայել Իշխանյանին «հաջողվեց» առաջին իսկ ծանոթության ժամանակ հանդիպել իրեն անվանակից փոքրիկ ադրբեջանցուն:

Անհարկի խուճապ

Իմ հայրական տան բակում հորեղբայրս ուլ է մորթում՝ պատվավոր հյուրին մեր ավանդական «խորովով» հյուրասիրելու համար:

– Մեղք չի՞, ինչո՞ւ եք մորթում,– անկեղծորեն խղճահարվում է Իշխանյանը (նա, ի դեպ, սակավապետ էր և մսեղեն գրեթե չէր օգտագործում), ապա բարձրանում տան հակառակ կողմը, որտեղ այգին է և քիչ հեռու՝ զուգարանը:

– Հովի՛կ, երևի արդեն կես ժամից ավելի է անցել, բայց ընկեր Իշխանյանը զուգարանից դուրս չի գալիս,– անհանգստացած դիմում եմ ընկերոջս՝ Հովհաննես Զաքարյանին:

– Շատ էր հաբեր օգտագործում, հանկարծ վատացած չլինի՞... Երկուսով գնում ենք զուգարանի կողմը և հերթով կանչում.

– Ընկե՛ր Իշխանյան... Ընկե՛ր Իշխանյան... Ոչ մի ձայն: Բառացիորեն խուճապի մեջ ենք: Միմյանց համոզում ենք դուռը բացել. վերջապես մեկս բաց է անում, և ի՛նչ ենք տեսնում... Այնտեղ ոչ ոք չկա... Իսկույն հայացքս վեր եմ բարձրացնում և տեսնում Սևեր կոչվող բլուրներից պատանեկան խանդավառությամբ իջնող պրոֆեսորին. նա ընդամենը որոշել է միայնակ բարձրանալ լեռնակներից մեկը և գագաթից տեսնել Ազնաբերդի երեք ձորերի մեջ փռված համայնապատկերը...

Երկնքից երեք... նարինջ ընկավ

Մի օր հանրային գրադարանից դուրս գալուն պես՝ դիմացի կրպակում նարինջ տեսանք: Խորհրդային շրջանում օրը ցերեկով խանութում անդրօվկիանոսյան նման բարիք տեսնելն անգամ (այն էլ առանց հերթի) հրաշքի նման մի բան էր:

Ռաֆայել Իշխանյանը իսկույն դրամ հանեց և նարինջ գնեց, մտածեցի՝ երևի տան համար: Այնինչ հենց փողոցում անմիջականորեն նարինջներից երեքն ինձ տվեց՝ առաջարկելով ուտել, մյուս երեքն էլ սկսեց կեղևահան անել և ուտելով ճանապարհը շարունակել: Ես իմ բաժին նարինջները պահեցի, հետս տարա «Ակունքի» փորձին և բաժանեցի անվանի հայագետին գրեթե պաշտող ակունքցիներին՝ հպարտությամբ ասելով, թե ով է հյուրասիրել:

Մուսաների աթոռը

Իմ առաջին հոդվածները հրապարակվելուց ամիսներ առաջ մի զարմանալի երազ էի տեսել. մի խորհրդավոր մարդ ինձ ուղեկցեց անծանոթ մի սենյակ և, նստեցնելով գրասեղանի մոտ դրված բազկաթոռին, ասաց, որ այդ աթոռին ժամանակին նստել է... Պարույր Սևակը: Ընդամենը մի քանի ամիս անց՝ ամռան մի օր հրատարակչության շենքի միջանցքում հանդիպում եմ պրոֆեսոր Իշխանյանին: Պարզվում է, որ երկուսս էլ հանրային գրադարան գնալու մտադրություն ունենք:

Առաջարկում է մի քանի րոպեով հրատարակչությունում տեսնել ընկերոջը, ապա միասին գրադարան գնալ: Սենյակում, որտեղ ներս ենք մտնում, միայն մի ազատ աթոռ և մի հնամաշ բազկաթոռ կա: Իշխանյանը, նստելով աթոռին, ինձ առաջարկում է բազկաթոռը և նստելուց հետո ասում.

– Գիտե՞ս ժամանակին ով է նստել այդ աթոռին... ինքը՝ Եղիշե Չարենցը:

Իսկույն հիշում եմ իմ զարմանահրաշ երազը և սկսում կասկածել՝ արդյո՞ք երազումս հանդիպած խորհրդավոր մարդը հենց Ռաֆայել Իշխանյանը չէր:

Ազգային գրադարանում

93-ի ցուրտ և մռայլ ձմռան օրերից մի օր ազգային գրադարան գնացի (տնօրենն արդեն Ռաֆայել Իշխանյանն էր)՝ իմ առաջին գրքի՝ «Ալ խնձորիկի» օրինակներից մի քանիսը գրադարանին նվիրելու:

Պայմանավորված ժամին սպասում էի ընդունարանի նախասենյակում: Ներս մտավ մի անծանոթի հետ, փոխադարձ ջերմ ողջույնից հետո խնդրեց սպասել մի քանի րոպե և հյուրի հետ աշխատասենյակ մտավ: Տեսնելով սիրելի ուսուցչիս խիստ գունատ դեմքն ու բեկված քայլվածքը՝ հուզվեցի. ակնհայտորեն հիվանդությունը շատ էր խորացել... Հետո աշխատասենյակ հրավիրեց, զրուցեցինք, հիշեցինք Նախիջևանն ու Ազնաբերդը, որ արդեն հայաթափվել էր...

Մակագրությամբ նվիրեց «Դասական ուղղագրութեան կանոնները»՝ «Ի յիշատակ այն գեղեցիկ օրերի...»:

Վերջին հանդիպումը

1995-ի փետրվարի 2-ն էր: Արդեն գիտեի, որ Ռաֆայել Իշխանյանի առողջական վիճակը շատ է վատացել: Որոշել էի մոտակա օրերին անպայման այցելել: Այդ մտքերով մետրո մտնելուն պես իմ ընկերներից Հովհաննես Զաքարյանին և «Լեզվագետ» կենտրոնի տնօրեն Վաչագան Սարգսյանին տեսա: Առաջարկեցին իրենց միանալ. զարմանալիորեն պարզվեց, որ հիվանդանոց են գնում՝ Ռաֆայել Իշխանյանին տեսնելու:

Իմիջիայլոց, երեքս էլ ծնվել ենք նույն թվականի մայիսին՝ Ավարայրի 1500-ամյակի օրերին և անկախ մեր կրթությունից (Հովհաննեսն ավարտել է պետական համալսարանի բանասիրական, Վաչագանը՝ մաթեմատիկայի, ես՝ ճարտարագիտականի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետները) երեքս էլ առանձնահատուկ խանդավառությամբ հայագիտությանն ու հայերենագիտությանն ենք նվիրվել և Ռաֆայել Իշխանյանին համարում ենք մեր համար մեկ ուսուցիչը: Ուրիշ կարծիք լինել չէր կարող, և միասին գնացինք հանրապետական հիվանդանոց՝ այն հիվանդասենյակը, որտեղ, ցավոք, արդեն անհույս վիճակում էր գտնվում ուսուցչապետը: Հիվանդասենյակում նրան ծանր վիճակում տեսանք, արդեն նույնիսկ դժվարությամբ էր շնչում: Տիկին Բյուրակն Չերազ Անդրեասյանը նրա մոտ էր: Մեզ տեսնելով՝ մի պահ կարծես պայծառացավ, սակայն անմիջապես հիվանդության ծանր կնիքը կրկին դրոշմվեց դեմքին:

– Տղանե՛ր ջան, շատ վատ եմ արդեն, գրեթե չեմ կարողանում խոսել... Եթե ուզում եք հաղորդակցվել, խնդրում եմ՝ «թարգմանչի» միջոցով..

.– Եվ ցույց տվեց տիկին Բյուրակնին... Մեր կարճատև հանդիպումից ուղիղ երեք օր անց Ռաֆայել Իշխանյանը հեռացավ այս աշխարհից: Նրանից լսած վերջին նախադասությունն էր՝ «Տեսնենք Աստված ինչպես կորոշի...»:

Ինչ-որ ավետարանական խորհուրդ կար այդ հանդիպման մեջ՝ երևի խաչելության կամ նորածին Փրկչի մահճին այցելող երեք հովիվների, երեք մոգերի դրվագները հիշեցնող խորհրդավոր մի բան...

Ռաֆայել Իշխանյան հիշողություններ Արտակ Վարդանյան Նախիջևան Ազգային գրադարան խմբագրի ընտրանի Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին